Ադրբեջան. Սոցիալական Խնդիրներից՝ Քաղաքական Խնդիրներին

By Asbarez | Friday, 29 January 2016

 

0129azerbaijan

 

 

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

 

 

Ժամանակն է վերադարձնել պարտքերը համաշխարհային շուկայում նաւթի գների կտրուկ անկման եւ, որպէս հետեւանք, Ադրբեջանում նաւթադոլարային եկամուտների կրճատման հետ կապուած՝ տնտեսութիւնն այստեղ զգալի յետընթաց ապրեց, ինչը բերեց դոլարի նկատմամբ ազգային արտարժոյթի՝ մանաթի նշանակալի արժէզրկման:

Մի պետութիւնում, որի բիւջէն գլխաւորապէս ձեւաւորւում է ի հաշիւ նաւթի վաճառքից ստացուած եկամուտների, գործընթացներն սկսեցին զարգանալ ձնագնդի սկզբունքով: Հակառակ իշխանութիւնների առոյգ եւ հանդարտեցնող յայտարարութիւններին՝ իրար յետեւից սկսեցին փակուել առեւտրի եւ սպասարկման կէտերը, պարէնային մթերքների գները վեր թռան, աճեց գործազրկութիւնը, ինչը հանրագումարում յանգեցրեց սոցիալական լարուածութեան աճի: Ադրբեջանական լրահոսները լի են այս կամ այն շրջանում բնակչութեան բողոքի ցոյցերի վերաբերեալ հաղորդագրութիւններով, որոնք խստօրէն ճնշւում են պետական պատժիչ մեքենայի կողմից: Հարկ է, սակայն, նշել, որ տնտեսական ճգնաժամն ի յայտ բերեց ոչ միայն սոցիալական, այլեւ քաղաքական խնդիրներ: Օրերս <<Տիրաս>> տեղեկատուական գործակալութիւնը տարածեց հաղորդագրութիւն, որի համաձայն Ադրբեջանում տնտեսական ճգնաժամի խորապատկերին սկսեցին թափ ստանալ նախկինում իշխանութեան նկատմամբ չափաւոր ընդդիմադիր կեցուածք ունեցող ազգային շարժումները: Կենտրոնական իշխանութեան թուլացումը հող է ստեղծում փոքր ժողովուրդների էթնիկ (ցեղային-Խմբ.) ինքնագիտակցութեան աճի համար, եւ նրանք այժմ վերածւում են իրական ուժի՝ ընդունակ արագացնելու Ադրբեջանի փլուզման գործընթացը: Մասնաւորապէս, հաղորդւում է, որ Աստարա եւ æալիլաբադ թալիշական քաղաքներում մի քանի օր շարունակւում էին տարերային յուզումները: Իշխանութիւնը փաստօրէն անցել է տեղի ակտիւիստների ձեռքը, ու թէեւ Բաքուն այդ շրջանում ձեւականօրէն դեռ պահպանում է վերահսկողութիւնը, իրականում դէպքերն այնտեղ զարգանում են Ադրբեջանի իշխանութիւնների կամքից անկախ: Չի բացառւում, որ էթնիկ եւ սոցիալական դժգոհութեան պատճառով յուզումների ալիքը կը տարածուի եւ թալիշներով բնակեցուած միւս շրջաններում: Թալիշական շարժման ակտիւացումը պատահական համարել չի կարելի: Ադրբեջանի աւտոխտոն (բնիկ) ժողովուրդների հիմնախնդիրը միշտ էլ գոյութիւն է ունեցել, սակայն ադրբեջանական իշխանութիւնների կողմից մղուել է խորքերը, ինչի համար օգտագործւում էին ինչպէս ռեպրեսիւ (ճնշիչ-Խմբ.) միջոցներ, այնպէս էլ ասիմիլիացիոն (ձուլումի-Խմբ.) քաղաքականութիւն՝ ուղղուած թալիշների, աւարցիների, լեզգիների, ուդիների, ցախուրների ոչնչացմանը: Արհեստականօրէն ստեղծուած պետական կազմաւորումը, որը 20րդ դարասկզբին աշխարհի քաղաքական քարտէզի վրայ յայտնուել է Անդրկովկասում Թուրքիայի ռազմական էքսպանսիայի (տարածման-Խմբ.) արդիւնքում, չէր կարող հաշտուել հազարամեակներ շարունակ տարածաշրջանում ապրող բնիկ ժողովուրդների գոյութեան իսկ փաստի հետ: Այն լկտիաբար իւրացնում էր վերջիններիս պատմական բնակեցման տարածքները, պատմութիւնն ու մշակոյթը, պատմական ու մշակութային գործիչներին, պատմութեան եւ ճարտարապետութեան յուշարձանները: Էլ ինչի՞ մասին կարող է խօսք լինել, եթէ անգամ <<Ադրբեջան>> անուանումը <<փոխառել է>> Իրանից՝ հեռանկարում նրա նկատմամբ տարածքային յաւակնութիւններ ներկայացնելու նպատակով, ինչն արդէն տեղ է գտել մեր օրերում: Ռուս յայտնի գեներալ Դենիկինը միանգամայն դիպուկ է բնութագրել Ադրբեջանին՝ այն անուանելով լաթակտոր վերմակ: Թերեւս որոշակի օրինաչափութիւն կայ այն բանում, որ արհեստականօրէն ստեղծուած պետական կազմաւորումը գոյութեան իրաւունք չունի: Վաղ թէ ուշ՝ այն պէտք է ներսից փլուզուի, մանաւանդ եթէ իր գոյութիւնը պահպանելու համար գործի է դնում պատժիչ միջոցներ: Այդպիսին է եւ Ադրբեջանը՝ իր ոչ երկար պատմութեան ընթացքում: Թալիշ-Մուղանական Հանրապետութեան դառը փորձը դրա վառ վկայութիւնն է: Կարիք չկայ այստեղ եւ հիմա ներկայացնելու իր համար օտար էթնոսների ոչնչացմանն ուղղուած՝ Ադրբեջանի նողկալի զինանոցը, քանի որ Արցախն իր մաշկի վրայ զգացել է ռասիստական (ցեղապաշտական-Խմբ.) այդ քաղաքականութեան ողջ <<հմայքը>>: Արցախցիների բնական արձագանգը, որը թելադրուած էր ազգային ինքնութեան պահպանման, եւ պարզապէս ինքնապաշտպանութեան բնազդով, դարձաւ Ղարաբաղեան շարժումը, որի տրամաբանական շարունակութիւնը ԼՂՀ անկախութեան հռչակումն էր: Այսօր գործնականում նոյն խնդիրը ծառացած է թալիշների, լեզգիների, աւարների, ցախուրների, ուդիների, ռուտուլների առաջ, որոնց ազգային իրաւունքներն ամենակոպիտ կերպով խախտւում են Ադրբեջանի իշխանութիւնների կողմից: Քանի որ թուրքական եկուոր էթնոսի կողմից Ադրբեջանի բնիկ ժողովուրդների խտրականութեան, ազգային փոքրամասնութիւնների հանդէպ անհանդուրժողականութեան խնդիրը պահպանւում է: Յիշեցնենք, որ 2011թ. վերջին հրապարակուել է <<Ադրբեջանի բնիկ ժողովուրդների հասարակական կազմակերպութիւնների եւ առաջնորդների ուղերձը հանրապետութիւնում ապրող ազգակիցներին>>, որի հեղինակները, ներկայացնելով ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների իսկական վիճակը, բաւականին կոշտ քննադատութեան էին ենթարկում Բաքուի իշխանութիւններին՝ ասիմիլիացիոն քաղաքականութիւն վարելու համար: Սակայն այդ ժամանակ այս նախաձեռնութիւնն ինչ-ինչ պատճառներով զարգացում չգտաւ: Այսօր Ադրբեջանում բոլորովին այլ իրավիճակ է ստեղծուել, որի հետեւանքով թուլանում է նախագահ Ալիեւի իշխանութիւնը: Դա նախադրեալներ է ստեղծում բնիկ ժողովուրդների կողմից յանուն իրենց ազգային իրաւունքների պայքարի ակտիւացման, այս կամ այն իրատեսական ձեւով անկախութեան հասնելու համար, ինչի նպատակով էլ պէտք է ինքնակազմակերպուել եւ համախմբուել: Ուրիշ այլընտրանք Ադրբեջանում չկայ, որ  համաձայն իր սահմանադրութեան, միատարր պետութիւն է, որտեղ այլազգիների նկատմամբ տիտղոսային ազգի գերակայութեան գաղափարը բացարձակացւում է: Ուստի դժուար է պատկերացնել, որ Ադրբեջանի իշխանութիւնները մեր արծարծած թեմայի իրադարձութիւնների համապատասխան զարգացման պարագայում կը համաձայնեն գոնէ իրենց արհեստական տարածքի ֆեդերալացմանը (դաշնակցային դարձնելու-Խմբ.): Քիչ հաւանական է, եթէ չասենք ընդհանրապէս անհնար, որ Ադրբեջանը գնայ ազգային փոքրամասնութիւնների իրաւական կարգավիճակի բարձրացման, քանի որ դա չի ներգծւում բնիկ ժողովուրդների պատմական բնակեցման վայրերի թուրքացման նրա դոկտրինայի (վարդապետութեան-Խմբ.) մէջ: Իսկ դա նշանակում է, որ քսանհինգամեայ վաղեմութեան պատմութիւնը կարող է կրկնուել՝ այժմ արդէն նրա ողջ տարածքում: Քանզի ալիեւեան բռնապետական վարչակազմը, թէեւ որոշ ժամանակ կարողանայ էլ պահպանուել, բայց, ի վերջոյ, ի զօրու չի լինի զսպելու ազատութեան ու պատուի տենչանքը, որն այսօր արդէն դարձեալ բոցավառուել է ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչների սրտերում:

 


comments