By Asbarez | Sunday, 17 April 2016

ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ
Կամաւորը շարքայինը չէ: Կամաւորի երեք տեսակ կայ՝ նախկին ազատամարտիկ, ազատամարտիկ դառնալ ցանկացող եւ սելֆիդային: Նախկին ազատամարտիկն արդէն հերոս է՝ սահմանին կանգնած 18 տարեկան շարքայինի պէս: Նախկին ազատամարտիկը կրկնակի հերոս է, քանի որ գնացել է կրկին կանգնելու սահմանին, այս անգամ՝ արդէն 18 տարեկան շարքայինի կողքին, որ օգնի: Օգնել բառն այստեղ կարեւոր է: Օգնելը երեխայի փոխարէն նրա դասերն անելը չէ, օգնելը երեխային յուշելն է, գօտեպնդելն է, խորհուրդ տալն է, բայց դաս անելը, սահման պահելը երեխայի՛ գործն է, մեր երեխաների, որոնք վաղուց արդէն երեխայ չեն, քանի որ տղերք են դարձել: Նախկին ազատամարտիկները գիտեն այս մասին, գիտեն եւ չեն խանգարում, օգնում են, օգնո՛ւմ:
Ազատամարտիկ դառնալ ցանկացողներն այլեւս այս ամէնին չդիմացողներն են: Նրանք չեն գնացել՝ օգնելու, գնացել են՝ անելու: Գնացել են՝ մեր շարքային տղերքին երկրորդ գիծ հանելու, իրենք էլ՝ առաջին գիծ դուրս գալու: Գնացել են՝ մեր տղերքի տեղը մեր տղերքի գործն անելու: Բայց նրանք ազնիւ մարդիկ են, նրանք պարզապէս չեն ուզում, որ 18 տարեկանները վտանգի ենթարկուեն, նրանք պարզապէս բաց են թողել այն պատմական պահը, չեն նկատել այն նուրբ անցումը, երբ մեր սահմանին կանգնած երեխեքը տղերք են դարձել, բանակում են ծառայում, բանակ ունենք՝ ամենաուժեղը:
Ազատամարտիկ դառնալ ցանկացողները սելֆիդային չեն: Այ, սրանք խնդիր են: Նրանք սահման են գնացել, որ բոլորն իմանան, որ իրենք սահման են գնացել: Նրանց խնդիրը տղերքին օգնելը չէ, ազատամարտիկ դառնալը չէ, նրանց խնդիրը սելֆի՛ն է, նրանք սելֆիդային են: Բոլոր յաղթանակները նրանցն են, ոչ մի պարտութիւն նրանցը չէ: Բոլոր մեդալները նրանցն են, քանի որ միայն նրանք են երեւում, քանի որ միայն նրանց մտքով է անցնում գնալ սահման եւ նկարուել: Սահմանին միայն նրանք են նկարուելու ժամանակ ունենում, այդքա՛ն պարապ են նրանք: Նրանք զբաղուած են թալանով, թշնամու գիւղերն ու բնակավայրերը չեն թալանում, սակայն ոչ էլ նրանց մարտական յենակէտերը, նրանք թալանում են մեր տղերք դարձած երեխեքից նրանց յաղթանակը, սեփականաշնորհում են, գողութիւն են անում բանակից՝ մեր բանակից: Նրանք հէնց դրա համար են գնացել, նրանք բանակին օգնելու համար չեն գնացել: Նրանց նպատակը թալանն է, եւ նրանց… պարգեւատրում են, մեդալով, սիրուն-սիրուն, պսպղան-փայլուն, խոշոր-կլոր, ոսկեայ կամ ոսկեջրած: Իբր յաղթողը նրանք են:
Մի՛ խլէք մեր տղերքից նրանց յաղթանակը, գողութիւն մի՛ արէք մեր բանակում, մի՛ թալանէք այն ձեր՝ 80ականներում մնացած իբր ուղեղով: Մենք հօ գիտենք, թէ ովքե՛ր են յաղթել, իսկ յաղթողները չեն խօսում, պատերազմում յաղթողները՝ առաւել եւս, որովհետեւ պատերազմում յաղթող չի լինում, ով պատերազմում եղել է, գիտի, որ չի լինում: Ով էլ չի եղել, կուրծքը դէմ է տալիս, թշնամուն չէ, որ փակի հայրենիք տանող ճանապարհները, հրամանատարներին, որ մեդալ ստանայ, եւ ստանում է, եւ կրում է, եւ մեդալը յայտնւում է սխալ կրծքերին, բայց ծանօթ կրծքերին:
comments
Կոչ Հայութեան ու Հայրենիքի Իշխանութեան
Ժամանակաւոր Պարտութիւններու Էջը Փակած Ենք
Քաջութեամբ ու Վճռականութեամբ Պիտի Դիմակայենք Մեր Դէմ Ծառացած Մարտահրաւէրները
Australia Live By Armenia Media: Տոքթ. Ստեփան Քրքեաշարեան
Խմբագրական. 1918-2024՝ Սրբազան Պայքարը Կը Շարունակուի
Տէր Ենք Մեր 108 Ամեայ Յանձնառութեան
Զօրակցութեան յայտարարութիւն Ազատ Արցախի Հանրապետութեան
Ազգի ու հայրենիքի մերօրեայ վիճակը օրհասական է, յեղափոխական կամք պէտք է