<<Մենք ունենք իրաւունք խորը հիասթափութիւն ապրելու թէ՛ մեր դաշնակիցներից, թէ՛ միջազգային կառոյցներից>>

By Asbarez | Sunday, 17 April 2016


<<ԹԵՐԹ>>Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀՅԴ ԳԵՐԳՈՅՆ ՄԱՐՄՆԻ ԱՆԴԱՄ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆԻ ՀԵՏ

 

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամաւոր Լիլիթ Գալստեանը Tert.am–-ի հետ զրոյցում անդրադառնալով ապրիլեան պատերազմին՝ ասում է, որ անկախ ներքաղաքական օրակարգի, գաղափարական, գաղափարախօսական տարաձայնութիւններից, մենք արձանագրեցինք բացառիկ համախմբուածութիւն: Այլ կերպ լինել չէր կարող: Խօսելով միջազգային աջակցութեան մասին՝ նա նշում է, որ <<մեզ չեն կարող բաւարարել Ռուսաստանի ամենաբարձր մակարդակից հնչող ցինիկ պատասխանները>>, եթէ Ադրբեջանը զէնքը մեզանից չգնի, ապա ուրիշ պետութիւնից կը գնի: Ըստ Լիլիթ Գալստեանի՝ իրաւունք ունենք հիասթափութիւն ապրելու թէ՛ ՀՀ դաշնակիցներից, թէ՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հանգուցալուծմամբ լիազօրուած միջազգային կառոյցներից:

 

<<ԹԵՐԹ>>- Հայաստանում հպարտօրէն արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղում ծաւալուած քառօրեայ պատերազմը համախմբեց ողջ ժողովրդին, քաղաքական ուժերին: Ընդդիմութիւնը մի կողմ թողեց իր տարակարծութիւնները իշխանութիւնների հետ: Ընդհուպ հանդիպեցին Սերժ Սարգսեանն ու Լեւոն Տէր Պետրոսեանը: Ի՞նչ փոփոխութիւնների յանգեցրեց քառօրեայ պատերազմը:

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ- Ճիշդ նկատեցիք: Քառօրեայ այս պատերազմը, իսկ ես հակուած եմ մտածելու, որ այն դեռ շարունակւում է, շատ բան փոխեց Հայաստանում. մենք արժեւորուելու, վերաարժեւորելու լուրջ առիթ ունենք: Աներկբայ է՝ ունեցանք ազգային համախոհութեան, ազգային միասնութեան բաղձալի մի մակարդակ, որակապէս նոր պատկերի առաջ կանգնեցինք՝ խիստ փափաքելի, խիստ գնահատելի: Կարծում եմ, որ այդ օրերին ցանկացած պետութեան նախագահ պիտի նախանձէր մեր երկրի նախագահին՝ նման քաղաքացիական, ազգային համախմբուածութեան որակների համար: Ցանկացած մարդ պիտի նախանձէր մեզ ու ցանկութիւն ունենար լինելու Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի, որովհետեւ ոգեղէնականութեան, համոզուածութեան, աննահանջութեան ֆենոմենալ որակ գրանցուեց: Հէնց սա է մեր իսկական տեսակը: Ժամանակին շատ ենք մեզ թերագնահատել, բարոյական, հոգեբանական պարտութիւններ ենք ունեցել, բայց մեր իսկական <<մենք>>ը ճիշդ այդպիսին է:

 

<<ԹԵՐԹ>>- Քաղաքական ընկալումների առումով ի՞նչ դասեր պէտք է քաղենք:

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ- Անկախ ներքաղաքական օրակարգի, գաղափարական,  գաղափարախօսական տարաձայնութիւններից, մենք արձանագրեցինք բացառիկ համախմբուածութիւն: Այլ կերպ լինել չէր կարող: Երբ լուրջ սպառնալիք կայ մեր զոյգ պետականութիւնների՝ Հայաստանի եւ Ղարաբաղի ազգային անվտանգութեանը, քաղաքական բոլոր ուժերը պիտի կողմ թողնէին իրենց ներքին անհամաձայնութիւնները, դառնային միակամ արտաքին մարտահրաւէրի շուրջ, որովհետեւ ի վերջոյ մեր ազգային անվտանգութեան խնդիրն է: Այս պատերազմը բոլորովին էլ Լեռնային Ղարաբաղի սահմաններում չէր սկսւում եւ աւարտւում: Ճիշդ էր մեր հաւաքական գիտակցումը՝ իւրաքանչիւրիս տունն իսկապէս սկսւում է Լեռնային Ղարաբաղի առաջնագծի խրամատից:

Մենք պէտք է ամէն ինչ անենք, մասնաւորապէս՝ քաղաքական պատասխանատուութիւն կրող բոլոր ուժերը, յատկապէս՝ իշխանութիւնները, գնահատելու այս դրական էներգիան եւ այն ուղղելու յատկապէս Հայաստանի ներքաղաքական օրակարգին: Իսկ որ մենք Հայաստանում բազմաթիւ խնդիրներ ունենք, որոնք էլ աւելի ջրի երես դուրս եկան վերջին տասը օրերի ընթացքում, աներկբայ է: Պէտք է կարողանալ քաղաքական, քաղաքացիական իմաստնութիւն դրսեւորել՝ առաջնահերթութիւնների գնահատման իմաստով: Այսօր առաջնահերթութիւնը մեր սահմանի զինուորն է: 18ամեայ հայ զինուորն ապացուցեց, որ ինքն է պետութիւն պահողը, նա կարողացաւ անթարթ նայել թուրքի աչքերին ու չնահանջել: Մենք իրենց պարտք ենք, եւ այդ պարտքը պէտք է դրդի բոլորիս լաւ Հայաստան ունենալու: Անկեղծ եմ ասում, ինձ երբեք չի մխիթարում մեր մէկ զոհի դիմաց իրենց տասը կամ հազար զոհը, որովհետեւ ինձ համար մեր տղաների արեան ամէն կաթիլն է թանկ: Թուրքը ներում չունի… Մենք կարճատեւ յաղթանակ արձանագրեցինք, բայց պատերազմը շարունակւում է: Մենակ ուժեղների հետ են խօսում: Իսկ ուժեղների հետ խօսելու մեծ դիւանագիտական, քաղաքական դաշտ է բացուել: Մեր երկրի նախագահն, աւելի ուժեղ պիտի լինի, շատ աւելի համոզիչ պիտի լինի, երբ ունենայ հանրային յենարան: Բացառութեամբ վերջին տասը օրերի, հանրային յենարանը, ցաւօք, սոցիալական, տնտեսական  եւ համատարած անարդարութեան պատճառով երերուն է, սա խոցելի է դարձնում բանակցային գործընթացներում մեր դիրքերը: Այս տասը օրերի արժեւորման մէջ ի թիւս կարեւոր այն ձեռքբերումների, որի անունն է ազգային համախոհութիւն, ինչը բացառիկ ռեսուրս է պետութեան համար, մենք նաեւ քաղաքական վարքագիծը սրբագրելու մարտահրաւէրի առջեւ ենք: Մեր իշխանութիւնները պիտի ապացուցեն, որ արժանի են մեր քաղաքացուն: Այսպիսի թիկունք չեն պահում…

 

<<ԹԵՐԹ>>- Խօսեցիք այն մասին, որ ներքին աննախադէպ համախմբուածութիւն կայ, բայց միւս կողմից արտաքին համախմբուածութիւնը, կարծես, բացակայում է: Իր ելոյթում Սերժ Սարգսեանն էլ նշեց, որ մենք համախոհներ արտաքին դաշտում չունենք ու երբեք էլ չենք ունեցել: Արդեօք հնարաւո՞ր է պայքարել արտաքին մարտահրաւէրի դէմ, երբ չկայ արտաքին աջակցութիւն, բայց կայ ներքին միասնականութիւն:

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ- Ճիշդ է ապացուցուեց, որ մեր հիմնական դաշնակիցը մենք ենք, բայց ես ամբողջութեամբ չէի հերքի, որ դաշնակիցներ չունենք: Երէկուայ Եւրոպական խորհրդարանի լիագումար նիստում տասնեակ պատգամաւորների հայանպաստ ե-լոյթները վկայ: Պարզապէս եկել է պահը մեր արտաքին քաղաքականութիւնը գնահատելու, արժեւորելու, հարցեր տալու: Ինչպէ՞ս է լինում, որ մենք մեզ շարունակ խոցուած ենք զգում, մենակ ենք զգում, մեր դաշնակիցների խոստումները դրժուած ենք տեսնում, մեր համաձայնագրերը՝ չաշխատող, մեր զինուորին մենակ ենք թողնում… Սիրտս մեղաւորութիւնից ցաւում է, խրամատների այն պատկերները, որ մենք տեսնում ենք՝ պահածոների տուփերով անվտանգութեան միջոցառումները կամ հանգստի ժամին բետոնի վրայ պառկած զինուորին… Մեղաւորութեամբ եմ ասում, բայց այդ ինչպէ՞ս է լինում, որ առաջին գծում յայտնուած տղերքը, որ երկիր պահող են, մեզ պահողներն են, սոցիալապէս անապահով ընտանիքներից են, ինչպէ՞ս է լինում, որ յայտնւում ենք ժամկէտանց զինամթերքի յոյսին, ինչպէ՞ս է լինում, որ բարձրաստիճան սպաները փողոցներում շքեղ մեքենաներով են պտտւում, երբ զինուորի զէնքը… Սրանք լուրջ հարցեր են, սրանց պատասխանները պիտի պահանջենք, մեր քաղաքացին պիտի ներքին հարցերում պահանջատէր դառնայ: Այդ հոգեփոխութիւնը, որ մենք ունեցանք այս տասը օրերին, քաղաքացու նոր որակներ էլ կը կերտի: Ամէն դէպքում ուզում եմ շեշտել, որ մենք ենք մեր հիմնական դաշնակիցը:

 

<<ԹԵՐԹ>>- ՀՀ իշխանութիւնները պահանջում են Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպէս բանակցային կողմ: Շատերն այս հարցի մեղաւորութիւնը կապում են երկրորդ նախագահի պաշտօնավարման հետ, երբ կոալիցիա էր նաեւ Դաշնակցութիւնը, որովհետեւ հէնց այդ ժամանակ ԼՂն դուրս մնաց բանակցային գործընթացից: Հնարաւոր կը լինի՞ ուղղել սխալը, ԼՂն վերադարձնել բանակցութիւնների սեղանին:

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ- Այո, Լեռնային Ղարաբաղը պիտի դառնայ բանակցութիւնների մաս: Դժ-ուար է Հայաստանում, ԼՂում գտնել մէկին, ով այս կարծիքին չէ: Օրեր առաջ, երկրի նախագահը ԵԱՀԿ անդամ պետութիւնների դեսպանների հետ այս մասին խօսեց, խօսեց նաեւ ԼՂ նախագահ Բակօ Սահակեանը՝ ասելով, որ հակամարտութեան լուծման ճանապարհին բանակցային գործընթացը շատ աւելի խոցելի կը լինի, եթէ այնտեղ ԼՂն մասնակից չլինի:

Վերջին պատերազմը մեր դիւանագիտական գործիքակազմում մարտավարական ընթացքներում լուրջ խմբագրումների դուռ է բացել: Մենք պէտք է մեր հանդէպ շատ աւելի պահանջկոտ, շատ աւելի խիստ ու յամառ լինենք, որ հնարաւորինս շահեկան դուրս գանք:

Սերժ Սարգսեանի վերահաստատումը, որ Հայաստանը ԼՂ անվտանգութեան երաշխաւորն է ու կնքելու է ռազմական փոխօգնութեան մասին համաձայնագիր, կարծում եմ, կարեւոր քայլերից մէկն էր՝ ԼՂն բանակցային գործընթաց վերադարձնելու: Սա Հայաստանի կողմից, ԼՂՀն ճանաչելու ճանապարհին կարեւոր քայլ է: Այս պահին ԼՂն չճանաչելու մէկ քայլ ետ պահելը բանակցային գործընթացը չխոչընդոտելու մարտավարութեան շարքից է:

Այո, Դաշնակցութիւնը Մադրիդեան սկզբունքների քննարկման ժամանակ կոալիցիայի մաս էր, բայց առաջին իսկ օրուանից ՀՅԴն պնդել է, փորձել ենք բոլոր հնարաւոր տարբերակները, խողովակները օգտագործել՝ թէ՛ ներսում, թէ՛ դրսում, որ ԼՂն վերադարձնեն բանակցային գործընթաց: Այնպէս որ մենք երբեք հաշտ չենք եղել, երբեք չենք համակերպուել դրա հետ:

Ցաւօք, մեր արտաքին քաղաքականութիւնը կը դժուարանամ արդիւնաւէտ գնահատել: Իզուր չէ, որ այս օրերին շատ շատերն են դիւանագիտական ճիգերը ոչ դրական գնահատում:

 

<<ԹԵՐԹ>>- Համաձա՞յն էք, որ պէտք չէ ամէն ինչ արդարացնել միջազգային հանրութեան անգործութեամբ: Նկատի ունեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ հասցէական յայտարարութիւնները նաեւ Ռուսաստանի Դաշնութեան վարքագիծը՝ որպէս ռազմավարական գործընկերոջ:

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ- Մեզ վաղուց չի բաւարարում երկակի ստանդարտների քաղաքականութիւնը: Մեզ չեն կարող բաւարարել Ռուսաստանի ամենաբարձր մակարդակից հնչող ցինիկ պատասխանները, եթէ Ադրբեջանը զէնքը մեզանից չգնի, ապա ուրիշ պետութիւնից կը գնի: Սա մեղմ ասած՝ ոչ բարոյական է:

Այդ նոյն Ռուսաստանը, երբ Իրանի դէմ պատժամիջոցներ էին կիրառում, հարկադրուած էր դադարեցնել զինամթերքի մատակարարումը, թէեւ Իրանը դաշնակից պետութիւն էր: Դաշնակցի անվտանգութեան պահին բիզնեսը մղել առաջին գիծ իսկապէս ցինիկ է, եթէ ոչ՝ անբարոյական: Մեր պէս նուիրուած դաշնակից Ռուսաստանը չունի, մենք այդ մասին ապացուցելու կարիք էլ չունենք, բայց բարեկամութիւնը փոխադարձ պիտի լինի: Ցաւօք, վերջին օրերի անհասկացողութիւնը, երկակի ստանդարտների վարքագիծը, ԵՏՄ համաժողովը Հայաստանում չանցկացնելը, ես բարեկամական երկրների քայլ չեմ համարում: Շատ միջազգային կառոյցների մանդատ ու գործառոյթներ, ինչպէս ՀԱՊԿ, ԵՏՄ, պէտք է գնահատենք, մեր անդամակցութիւնը պէտք է արժեւորենք: Եթէ չպէտք է աշխատի ՀԱՊԿը, էլ ինչո՞ւ ենք մենք այնտեղ, ինչո՞ւ ենք մենք ստորագրել այդ համաձայնագրերը: Յետոյ ո՞վ ասաց, որ դաշնակիցները լինում են ամբողջ կեանքի համար ու միայն մէկն են լինում: <<Կամ-կամ>>ի ընտրութիւնը, որ դրուեց Հայաստանի առաջ,  փաստեց, որ այդքան էլ արդիւնաւէտ չէ: Ռուսաստանը ինքը պէտք է շահագրգռուած լինի համագործակցութեամբ, որովհետեւ իր միջազգային դերակատարութիւնը բարձրացնելու խնդիր ունի:

Ինձ համար տարօրինակ է, խորը հարցականի տակ է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը: Մենք այդքան պնդում ենք, որ միակ միջազգային մանդատը Մինսկի միջնորդական խմբի մանդատն է, բայց պարզւում է, որ յայտարարում են, որ լիազօրուած չեն ճշդելու, թէ ով է նախայարձակ եղել: Սա ծիծաղելի է: Ինչպէս պէտք է միջնորդական առաքելութիւն իրականացնես, երբ պատճառների, առիթների ամբողջ փաթեթին չես տիրապետում:

Այնպէս որ, մենք ունենք իրաւունք խորը հիասթափութիւն ապրելու թէ՛ մեր դաշնակիցներից, թէ՛ միջազգային կառոյցներից, որոնք լիազօրուած են զբաղուելու խնդրի հանգուցալուծմամբ:

 


comments