By Asbarez | Wednesday, 20 April 2016
ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Ղարաբաղեան քառօրեայ պատերազմից յետոյ, ՌԴն նոր աշխուժութիւն է հաղորդել ԼՂ հիմնահարցի կարգաւորման գործընթացին: Ապրիլի 15ին, ՌԴ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Սերգէյ Լաւրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ կայացած հեռախօսազրոյցում քննարկել է նաեւ ԼՂ հիմնահարցը: Ապրիլի 2ից սկսած, Լաւրովն ու Քերին արդէն երկրորդ անգամ են շօշափում այս հարցը: Ապրիլի 19ին Լաւրովը պատրաստւում է ԼՂ հարցը քննարկել նաեւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոյի հետ:
Ռուսաստանի այս նախաձեռնողականութեան մէջ հարկ է ուշադրութիւն դարձնել երկու հանգամանքի: Առաջին՝ Մոսկուան փաստացի իր վրայ է վերցրել հակամարտութեան գօտում յարաբերական հրադադարի պահպանման պատասխանատուութիւնը: Դա ստիպում է Մոսկուային նաեւ գործնական քայլեր կատարել բուն հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացը վերսկսելու ուղղութեամբ: Յարաբերական խաղաղութեան <<երաշխաւորի>> դեր ստանձնելը եւ յատկապէս՝ Ադրբեջանին ԵՏՄ եւ ՀԱՊԿ ներքաշելու հեռահար նպատակները, Մոսկուային դրդում են փաստացի միայնա՛կ իրականացնել միջնորդական առաքելութիւնը՝ երկրորդ պլան (մակարդակ-Խմբ.) մղելով ԵԱՀԿ Մինսկի խմբակ։
Երկրորդ՝ չնայած այդ հանգամանքին, Վաշինգտոնի եւ Փարիզի հետ ներկայիս կոնսուլտացիոն (խորհրդակցական-Խմբ.) դիւանագիտութեամբ Մոսկուան հասկանալի է դարձնում, որ չի պատրաստւում գործել ի հեճուկս ՄԽի: Դա նշանակում է, որ Մոսկուան փորձում է գտնել այնպիսի լուծումներ, որոնք, յամենայնդէպս, չեն յարուցի Արեւմուտքի լուրջ դիմադրութիւնը: Պատահական պէտք չէ համարել ֆրանսիացի իր գործընկերոջ հետ Սերգէյ Լաւրովի հանդիպման մասին՝ Ռուսաստանի ԱԳՆի հաղորդագրութեան մէջ արուող ձեւակերպումը. <<ԼՂում տեղի ունեցած բռնութեան ալիքի առնչութեամբ կը քննարկուեն յետագայ քայլերը, որոնք պէտք է համաձայնեցնեն երկու երկրների արտգործնախարարութիւնները՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ>>:
Չի բացառւում, որ Լաւրովը ՄԽ միւս համանախագահող երկրների իր գործընկերների հետ քննարկում է այն նոր առաջարկները, որոնք ներկայացրել է կողմերին, քառօրեայ պատերազմից յետոյ, գուցէ նաեւ՝ առաջ, եւ որոնց մասին նա ակնարկեց նաեւ Բաքու կատարած իր վերջին այցի ժամանակ: Թէ Մոսկուան ինչ որ նոր գործընթաց այնուամենայնիւ նախապատրաստում է՝ վկայում է այն փաստը, որ Լաւրովի՝ Բաքու, իսկ ՄԽ համանախագահների տարածաշրջան այցելութիւններից յետոյ, նեարդային սպասողական վիճակ է ստեղծուել, եւ աշխոյժ դիւանագիտական գործընթացներ տեղի չեն ունենում: Բացի դրանից, <<Խազար>> հեռուստաընկերութեանը տուած հարցազրոյցում, Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը յայտարարել է, թէ հնարաւոր է, որ առաջիկայ օրերին բանակցութիւնների ինտենսիւ (թէժ-Խմբ.) փուլ սկսուի: Հարցն այն է՝ ինչպիսի՞ն է լինելու այդ նոր շրջափուլը, եւ ի՞նչ խնդիրներ են փորձելու լուծել կողմերը:
Ինքնին այն փաստը, որ գործընթացը տեղափոխւում է դիւանագիտութեան, բանակցութիւնների հարթութիւն, կարեւոր է՝ սահմանին յարաբերական կայունութիւնը վերադարձնելու առումով: Բանակցութիւնների այլընտրանքը բացառապէս պատերազմն է, քանի որ Ադրբեջանն ապրիլեան իր սադրանքով հասկացրեց, որ բացարձակապէս չի համակերպուելու հակամարտութեան սառեցման փորձերի հետ: Եւ գործընթացին թափ հաղորդելու, տեղից շարժելու առումով՝ Բաքուի պատերազմական սադրանքը, անշուշտ, արդիւնքներ տուեց: Դրան զուգահեռ, սակայն, Բաքուն, ըստ էութեան՝ տապալեց ոչ միայն կարգաւորման գործընթացը ՄԽ ձեւաչափից հանելու, այլ նաեւ բանակցութիւններից դուրս գալու իր քաղաքականութիւնը, եւ հիմա ստիպուած է նորից նստել բանակցութիւնների սեղանի շուրջ: Այդ պատերազմը թէ՛ Բաքուին, եւ թէ Երեւանին հասկանալի դարձրին, որ կողմերը պատրաստ չեն երկարատեւ հիւծիչ պատերազմի, որը չափազանց ծանր հետեւանքներ է ունենում թէ՛ ռեսուրսատարութեան եւ թէ՛ մարդկային մեծ կորուստների առումով: Թէեւ այդ պատերազմում հայկական կողմը, զուտ ռազմական առումով՝ յաղթանակ չտարաւ, սակայն նաեւ Ադրբեջանը չլուծեց բանակցային առաւելութիւն ստանալու խնդիրը: Չնայած դրան, Ադրբեջանը հիմա էլ շարունակում է խախտել կրակի դադարեցման մասին Մոսկուայում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները՝ հայկական դիրքերի արկակոծման եւ նորանոր յարձակումներ իրականացնելու միջոցով: Նրա կողմից նոր յարձակման վտանգը, ի հարկէ, մնում է: Որովհետեւ չի բացառւում, որ Բաքուն կարող է մինչեւ բուն բանակցութիւններն սկսելը՝ դիրքային առաւելութիւն ստանալու, միաժամանակ պատերազմով կոնֆլիկտին (հակամարտութեան-Խմբ.) վերջակէտ դնելու նախորդ անյաջող փորձից Ալիեւի եւ հէնց բանակի դէմքը փրկելու նպատակով՝ նոր արկածախնդրութեան գնալու որոշում կայացնի: Բայց Բաքուն չի կարող հաշուի չառնել, որ հայկական կողմը հիմա յարձակմանը դիմակայելու համար շատ աւելի պատրաստուած է եւ նոր սադրանքի դէպքում արդէն կարող է անցնել հակայարձակման, ինչի հետեւանքով Ադրբեջանն ինքը տարածքային կորուստներ կ՛ունենայ: Այսինքն՝ կրկին պատերազմին կամ դրա իմիտացիային (ընդօրինակման-Խմբ.) գնալն Ալիեւի համար հսկայական ռիսկեր (վտանգներ-Խմբ.) է պարունակում: Մինչդեռ սահմանը կառավարելի լարուածութեան տակ պահելու մարտավարութեամբ, Բաքուն կը փորձի հասնել նրան, որ Մոսկուայի հովանու ներքոյ մեկնարկելիք բանակցութիւնները, այնուամենայնիւ, ընթանան <<Տարածքներ՝ խաղաղութեան դիմաց>> բանաձեւի շրջանակում:
Հայկական կողմը հիմա ձգտելու է, դա թոյլ չտալով հասնել նրան, որ գոնէ բանակցութիւնների առանցքը լինի <<Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց>> սկզբունքը: Դա՛ է պատճառը, որ Երեւանը շարունակում է պնդել, որ պատրաստ է բանակցել բացառապէս, այսպէս կոչուած՝ <<կազանեան փաստաթղթի>> շուրջ, փորձելով տապալել ԼՂ կարգավիճակի հարցը լղոզելուն միտուած բոլոր նոր նախաձեռնութիւնները:
Այս նպատակն այսօր արտայայտել է ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանը: ԵԱՀԿ գործող գերմանական նախագահութեան՝ Հարաւային Կովկասի հարցերով յատուկ ներկայացուցիչ դեսպան Գիւնտեր Բեխլերի հետ հանդիպման ժամանակ Նալբանդեանը նշել է. <<Ադրբեջանական կողմից չեն դադարում բանակցային գործընթացի շուրջ շահարկումները: Մինչդեռ համանախագահ երկրների առաջարկները յայտնի են եւ յստակ ձեւակերպուած, այդ թւում՝ եռանախագահ երկրների ղեկավարների հինգ յայտնի յայտարարութիւններում, որոնց անկիւնաքարն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրականացումը: Հայաստանը բազմիցս յայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցութիւնները՝ դրանց հիման վրայ>>:
Այլ կերպ ասած՝ հասկանալով, որ բանակցային նոր շրջափուլը կարող է վճռորոշ լինել ԼՂ կարգաւորման գործընթացում բեկում մտցնելու իմաստով՝ Բաքուն եւ Երեւանն իսկական դիւանագիտական-քարոզչական ճակատամարտ են սկսել այդ երկու իրարամերժ մօտեցումները բանակցութիւնների հիմք դարձնելու շուրջ: Ամէն ինչ կախուած կը լինի նրանից, թէ Մոսկուան ՄԽ միւս համանախագահող երկրների հետ քննարկումներից յետոյ կարգաւորման ի՞նչ տարբերակ կամ մադրիդեան սկզբունքների ինչպիսի՞ նոր մոդիֆիկացիա (փոփոխութիւններ-Խմբ.) կը դնի բանակցութիւնների սեղանին:
comments
Կոչ Հայութեան ու Հայրենիքի Իշխանութեան
Ժամանակաւոր Պարտութիւններու Էջը Փակած Ենք
Քաջութեամբ ու Վճռականութեամբ Պիտի Դիմակայենք Մեր Դէմ Ծառացած Մարտահրաւէրները
Australia Live By Armenia Media: Տոքթ. Ստեփան Քրքեաշարեան
Խմբագրական. 1918-2024՝ Սրբազան Պայքարը Կը Շարունակուի
Տէր Ենք Մեր 108 Ամեայ Յանձնառութեան
Զօրակցութեան յայտարարութիւն Ազատ Արցախի Հանրապետութեան
Ազգի ու հայրենիքի մերօրեայ վիճակը օրհասական է, յեղափոխական կամք պէտք է