By Asbarez | Friday, 22 April 2016
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
<<Ես Հայաստանն Եմ, Ինձ Սպաննել Հնարաւոր Չէ…>>
Պարոյր Սեւակ
Ցեղասպանութեան ընդունմանը նուիրուած պայքարի տարբեր ծալքերում հայ ժողովուրդը շօշափելի յաջողութիւն արձանագրեց 2015 թուականին: Ապրիլի 24ին 160 հազար ցուցարարներ մի քանի ժամ շարունակ, հազարագոյն պաստառներով, հայրենասիրական կոչերով, Թուրքիայի ապազգային քաղաքականութիւնը պախարակող թռուցիկներով, կէսօրուայ բարկ արեւի տակ քայլեցին ողջ Լոս Անջելեսով մէկ, կատակ բան չէ՝ 160 հազար: Այո, այդքան հայորդի բողոքի ցոյցով ողողեց Լոս Անջելեսի Ուիլշըր պողոտան՝ իր մէջ առնելով Թուրքիայի հիւպատոսութեան շէնքը:
Ճիշդ է, տարիների ընթացքում մեր պայքարի հոլովոյթի մէջ առկայ են գնահատանքի արժանի բազմաթիւ այլ ձեռքբերումներ եւս, սակայն մեր երազների վերջնական նպատակակէտին հասնելու ուղին դեռ քարքարոտ է, դժուարանցելի:
Մեզ հետ միասին խօսում են նաեւ օտարները, գրում Մեծ Եղեռնի մասին: Գաղտնիք չէ. իրականում, շատ անգամ նրանք դա անում են իրենց թաքուն հաշիւների համար, սիրաշահում մեզ՝ դեռեւս է՜ն գլխից դիւրահաւատ մեր ազգին, գառան միամտութեամբ ու հնուց եկած աւանդոյթներով կրթուած, <<մէկ ապտակով չբաւարարուող>> եւ միւս այտը թշնամուն դէմ տուող հային:
Եւ որքա՜ն խաբուեցինք օտարի քաղցր-մաղցր խօսքերից ու խոստումներից: Եւ ահա, խնդրե՛մ, հիմա էլ են մեզ խաբում: Ժամանակին նշանաւոր ռուս ընդդիմադիր, իսկ ներկայիս Ժողովրդավարական կուսակցութեան ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին դարձեալ փորձ է անում սիրաշահել հայերին.
<<Թուրքերը քոչուորներ էին,- ասում է նա (միանգամայն իրաւացի, չես վիճի), նրանց հայրենիքը Միջին Ասիայի մէջ է, Թաշքենտում: Նրանք պէտք է վերադառնան այնտեղ եւ Անատոլիան թողնեն հայերին, քիւրտերին եւ յոյներին: Շուտով հայերը կ՛ոգեկոչեն ոչ թէ Հայոց Ցեղասպանութեան տարելիցը, այլ կը տօնեն Արեւմտեան Հայաստանի ազատագրումը…>>։
Ապշեցուցիչ յայտարարութիւն, որ թւում է կարելի է ասել <<տաք գլուխ>> վիճակում:
Ժամանակին ռուս այլախոհի ոգեւորիչ արտայայտութեան տպաւորութեան տակ, մեր սիրելի եւ բանիմաց քաղաքագէտ Յարութ Սասունեանն էլ հայ ժողովրդի երազն ու փափաքն է բարձրաձայնում.
<<Թուրքիա պէտք է վերադարձնէ մեր անհատական եւ համայնքային բոլոր կալուածները եւ ամէնէն կարեւորը՝ մեր պատմական հողերը՝ Արեւմտեան Հայաստանը…>>։
Իրականութեան մէջ, իւրաքանչիւր հայորդի կ՛ոգեւորուէր բազմահազար ունկնդիրների ներկայութեամբ հայ ժողովրդին պանծացնող ռուս դիւանագէտի նման արտայայտութեան համար: Սակայն, հենց նոյն օրերին, Թուրքիայում, իշխանաւորը հաւաքուած բազմութեան առջեւ ելոյթ ունենալիս երախտագիտութիւն է յայտնում իր նախնիներին, որոնք <<հայերը այս հողերէն վտարեցին, փրցուցին եւ նետեցին…>>:
Դէ, եկէք կողք-կողքի դնենք իրարամերժ, հակոտնեայ այս երկու արտայայտութիւնները: Առաջինի դէպքում, Ժիրինովսկու ասածը ինչպէս ասում են <<օդի մէջ կրակոց է>>, վայրկեանական ոգեւորութեան արդիւնք, իսկ երկրորդը՝ պետական մտածողութեան արդիւնքում պետականօրէն մտածուած, հաւատարմագրուած բանաւոր փաստաթուղթ: Իսկ ի՞նչ է մնում մեզ անել՝ արդէն սովորական դարձած, լաւագոյնս կազմակեպուած քայլարշաւնե՞ր կազմակերպել ողջ հողագնդի վրայ…
Հա, այո՛, քայլենք, էլի, նորից քայլենք աշխարհով մէկ, Սինգապուրից մինչեւ Անգլիա, Սիդնէյից մինչեւ Արգենտինա, է՜, վե՞րջը… սրա վերջը չկայ: Սակայն ասել չէ, թէ մենք էլ չենք քայլելու, քայլելու ենք՝ պաստառների վրայ փոխելով սովորական դարձած <<Մենք ժառանգներն ենք 1915ի հայերի Ցեղասպանութեան>>, <<Թուրքը պիտի ընդունի հայերի Ցեղասպանութիւնը>> կոչերը՝ հետեւեալ բառակապակցութիւններով. <<Մեր հողերը>>, <<Մեր պահանջատիրութիւնը անժամանցելի է>>, <<Մեր դատի վերջնական յաղթանակ>>, <<Թուրք՝ վերադարձրու մեր ինչքն ու հարստութիւնը>>:
Յիսուն տարուայ <<քայլարշաւի>> արդիւնքից յետոյ, կարծում եմ, բաւ է, որպէսզի մենք այսօր համոզուածութեամբ ասենք, որ մենք, չնայած գնահատելի ձեռքբերումներին, տեղքայլի մէջ ենք: Բաւական միամիտ պիտի լինել հաւատալու համար, որ թուրքը կ՛ընդունի Ցեղասպանութիւնը: Բայց աշխարհը հօ գիտի՞ 20րդ դարի առաջին Ցեղասպանութեան մասին, ինքն էլ գիտի, բայց իր եզային համառութիւնն ու ի ծնէ բութ լինելը նրան թոյլ չեն տալիս դուրս գալու անասունի պատեանից:
Եթէ մինչեւ 1965 թուականը Եղեռնի յիշատակը պահելու եւ սերունդներին փոխանցելու առաջադրանքը ընկած էր Սփիւռքի ուսերին, այդ թուականից յետոյ Հայաստանի ժողովրդի <<աչքը բացուեց>>: Նա, մինչ այդ, մօտաւոր պատկերացում ունէր միայն 1915ի հայերի կոտորածի մասին՝ էն էլ մեծահասակներից ու <<ախպարներից>> լսելով: Այդ յետոյ էր, որ նա իմացաւ, լսեց ու կարդաց Եղեռնի մասին: Իմացաւ, որ մի երկրորդ Հայաստան էլ կայ, եւ որ Արարատը այդ հողի վրայ է:
Դրա համար էլ մենք պահում ենք քսանչորսի խորհուրդը: Սակայն այսօր, միջազգային քաղաքական խմորումների լոյսի տակ, մենք պարտաւոր ենք վերանայել մեր պայքարի ձեւերն ու հնարաւորութիւնները, եւ, ամենակարեւորը՝ հայ ազգի նիւթական հնարաւորութիւնները:
Դժբախտաբար, մենք ռոմանտիկ, երազային (ա՛յ, մե՛նք ենք ռոմանտիկ ու երազկոտ) դարում չենք ապրում եւ լաւ էլ հասկանում ենք, որ ամէն ինչ, նոյնիսկ միջազգային չափանիշի հարցեր, շատ անգամ լուծւում են դրամի միջոցով:
Ի՞նչ իմանաս, գուցէ մի օր, մի ժամանակ, հաշտութեան նպատակային ինչ որ ձեւեր գտնուեն մեր երկու երկրների միջեւ (առանց որեւէ երրորդ երկրի միջամտութեան), թէկուզ <<դրամ խաղացնելով>>, սակայն դա տեղի կ՛ունենայ այն ժամանակ, երբ կը բաւարարուեն մեր օրինական պահանջները իրաւական գետնի վրայ:
Հերիք է, բաւ է անընդհատ ջարդից ու կոտորածից խօսել, բաւական է լաց լինել մեր հարազատների անթաղ մեռելների վրայ: Արդէն 100 տարի թուրքը <<տէր>> է դարձել մեր նահատակների շէներին, բնակավայրերին, եկեղեցիներին, տներին եւ առօք-փառօք վայելում է մեր ժողովրդի ստեղծած հարստութիւնն ու բարիքները:
Այո, թուրքը վայելում է հայի ստեղծածը, որովհետեւ ինքը ընդունակ չէ որեւէ բան յօրինելու, ստեղծելու: Նա միայն սովոր է թալանելու, փախցնելու: Եթէ պատահում է ուժը չի պատում՝ պատրաստ է սողալ, քծնել, ամէն ստորութեան դիմել՝ իր ուզածին հասնելու համար:
Իրենից ուժեղի մօտ թուրքը պատրաստ է նրա ոտքերը լուանալ: Ստորաքարշութիւնը նրա արեան մէջ է: Իսկ այն, ինչ արեան մէջ է՝ հնարաւոր չէ դուրս հանել:
Այսօր 4-5 միլիոն թուրք լուանում է գերմանացու ոտքերը, այն ազգի, որի մեղսակցութեամբ ու հովանաւորութեամբ, հարիւր տարի առաջ կոտորեց մի ամբողջ ժողովուրդ: Սակայն, աշխարհին հանճարներ պարգեւած գերման ժողովուրդը <<խելքի եկաւ>> ու համարձակութիւն ունեցաւ ընդունելու հրեայ ժողովրդին բնաջնջելու իր հրեշաւոր մտադրութեան փաստը: Եւ որպէս գործած մեղքի հատուցում՝ միլիարդաւոր դոլարներով տարիներ շարունակ փորձում է սիրաշահել հրեայ ժողովրդի սիրտը:
Սովորիր, էլի՛, սովորիր քո տիրոջից, մի քիչ մօտեցիր մարդկութեանը, այ անխիղճ, անաստուած: Ներողութիւն խնդրիր քո գործած չարիքների համար: Հայը մեծահոգի է, կը ների, բայց չի մոռանայ…
Էս ո՞ւմ եմ ասում, որպէսզի ներողութիւն խնդրի: Ճիշդ է ասուած. <<Ներողութիւն խնդրելը մեծ ազգերին է տրուած>>: Ախր դու մեծ էլ չես, է՜, շատ ես: Իսկ շատը որակի չափանիշ չէ: Ինչպէս Սեւակը կ՛ասեր. <<Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում>>: Իսկ հայը մեծ է, մեծ՝ իր մեծերով, իր խելքով, իր գիտութեամբ, դարերի իր պատմութեամբ, իր մշակոյթով:
Ես հասկանում եմ, դու մեծեր չես ունեցել, որ լսես նրանց ձայնը: Հլա նայիր քո պատմութեանը, նայիր, թէ ո՛վ է ստեղծել քո երկիրը, այն դարձրել արուեստի, գիտութեան, ճարտարապետութեան երկիր: Ի՜նչ ասպարէզ որ ուզես, հայն է ստեղծել:
Ամբողջ աշխարհը գիտի, որ Թուրքական Հանրապետութիւնը ստեղծուել է հայերի ունեցուածքի վրայ: Ո՞ւր են մեր հարստութիւնները, մեր վանքերն ու եկեղեցիները: Դուք ոչ միայն ոչնչացրիք մի ամբողջ ժողովուրդ, այլեւ տէր դարձաք նրա գիտութեանն ու մշակոյթին:
Դրանք պիտի ետ վերադարձնել: Հիմա ժամանակն է պայքարի: Մենք պիտի վերադարձնենք մեր շէներն ու բարեբեր հողերը, որպէսզի այդ հողերի վրայ նոր շունչով, հայի կենարար արիւնով ներկուած հողերի վրայ նոր թափով, նոր ծլարձակումներով բոցավառուի մեր արուեստն ու մշակոյթը:
Մեր մեծ <<եղբօր>>՝ Ռուսաստանի վրայ էլ յոյս դնել չի լինի: Նա մեր սահմանները պահում է միայն ու միայն իր շահերի համար: Ի՜նչ Սեւրի դաշնագիր, ի՜նչ ռուս-թուրքական համաձայնագրի բեկանում: Ո՞վ պիտի լուծի այդ հարցերը: Մենք, միայն մենք, առաջին հերթին՝ մեր փողերով:
Երբ Հայաստանը փորձում է Ռուսաստանին համոզել, որ վերջինս չեղեալ նկատի 1921ին Մոսկուայում կնքած, Հայաստանի համար չափաղանց անբարենպաստ ռուս-թուրքական պայմանագիրը, Ռուսիոյ արտաքին գործերի նախարարութիւնը անհնար է համարում բեկանել յիշեալ պայմանագիրը:
Ի զուր չի ասել հայ մեծանուն գրող ու թատերագիր Գաբրիէլ Սունդուկեանը. <<Գելի վիզը ընդուր ա հաստ, որ իր գործերը իրա ձեռով ա անում…>>:
Մինչ մենք զբաղուած ենք մեր ազգի ցաւոտ հարցերը <<լուծելով>>, այնտեղ թուրքը լկտիութեան ու անբարոյ արարքի նորանոր ձեւերով, առաջ է տանում իր արեան մէջ բուն դրած՝ թալանի ու կողոպուտի գործնթացը:
Ըստ Պոլսոյ <<Մարմարա>> օրաթերթի՝ Թուրքիայում, ըստ նոր օրէնքի, թոյլատրւում է որեւէ թուրք անհատի գանձ որոնել Եղեռնի տարիներին հայերին պատկանող տներում: Պայմանով, որ գանձ գտնողը պարտաւոր է գանձի կէսը տալ կառավարութեանը՝ որպէս փայատերի: Կարճ ասած՝ գողը գողին փայատէր:
<<Գանձախոյզները,- գրում է <<Մարմարա>>ն,- որոնք կը քննեն Հայոց պատրիարքարանի արձանագրութիւնները, կ՛երթան նախկին հայաբնակ վայրերը ու քարտէսներով ճշդուած այդ շրջաններուն մէջ ամէն միջոցի կը դիմեն, որպէսզի գանձ գտնեն հողին տակ>>:
Չէ, ո՛չ, թուրքը չի փոխուի: Նա նոյն գողն ու աւազակն է, թալանողը, լլկողն ու ոճրագործը: Երէկ հայն էր, այսօր քուրդը: Արդէն երեւում է. քրդերի նկատմամբ եղած սոսկալի հալածանքը մի նոր եղեռնի դուռ է բացում կարծես: Եւ աշխարհն էլ, ինչպէս ժամանակին մեր նկատմամբ, անտարբեր հայեացքով նայում է քրդերի կոտորածին:
Քրդերի դէմ մղուած ցեղապաշտական պատերազմը պիտի արթուն պահի մեր այնտեղի հայերին, իսլամացած, կիսահայ, կէս քուրդ զանգուածներին: Ճիշդ է, ժամանակին քուրդը այնքան էլ <<բարի պտուղ>> չի եղել մեզ համար, սակայն այսօր իրավիճակն այնպիսին է, որ մենք պարտաւորուած ենք պաշտպանել նրան, մանաւանդ, որ նա <<մեր սրտից>> է խօսում, Քուրդիստանի բանուորական կուսակցութիւնը փորձում է ներկայացուցիչ ունենալ Մոսկուայում: Աւելին. Թուրքիայի իսլամացած հայերը կամաց-կամաց վերադառնում են դէպի քրիստոնէութիւն: Տուրիստական (Դէ արի, ասա՝ զբօսաշրջիկական՝ ինչ է, թէ հայերէն այդպէս է, մարդու լեզուն էլ է փոթ ընկնում…) խմբերով բարձրանում են Ծիծեռնակաբերդ ու այնտեղ նորովի, միւռոնով օծւում եւ հայ են դառնում: Սրանից էլ աւելի լաւ երեւո՞յթ:
Այս՝ արեան կանչին, պիտի աւելացնել քարոզչութիւնը: Դրամի միջոցով պիտի բանալ փաստաբանական գրասենեակներ աշխարհի բոլոր ծալքերում՝ ուր որ հայ կայ: Այդ հաստատութիւնները պէտք է թրքական, եւրոպական նմանատիպ հիմնարկներից, եկեղեցիների գզրոցներից լոյս աշխարհ հանեն հայերի սեփականութեան վերաբերեալ անհրաժեշտ փաստաթղթեր: Եւ այդ ժամանակ միայն Միջազգային դատարանով կարելի է յոյս ունենալ, որ արդարութիւնը կը յաղթանակի:
Այս ամէնի իրականացման ճանապարհին պիտի երեւայ, թէ որքան ենք մենք սիրում մեր պապենական հայրենիքը եւ որքանով ենք պատրաստ ազգովին նիւթապէս օգտակար հանդիսանալ նրա ազատագրման սուրբ գործին:
Աշխարհի միլիարդատէրերի ցանկում մշտապէս շօշափւում են հայ դրամատէրերի անունները: Միայն զարմանալ կարելի է, թէ ինչո՞ւ նրանք գործնական քայլերի չեն դիմում: Սուրբ նպատակի համար տրուելիք նրանց արքայական նուիրատուութիւնները խանդավառութեամբ կ՛ընդունի համայն հայութիւնը եւ, վստահ եմ, միլիոնաւոր հայորդիներ, ինչպէս ասում են, չունեցած տեղով անգամ լայնօրէն կը բանան իրենց քսակները:
Այս ամէնը պիտի արուի պետականօրէն, Հայաստանի գլխաւորութեամբ, թէեւ վերին մարմիններում այսօր էլ չեն պակասում հետեւեալ կերպ մտածողները, որ է. <<Փարիզում եւ Նիւ Եորքում նարինջ ուտող հայը իրաւունք չունի մեզ քաղաքականութիւն թելադրել>>: Բայց մենք չենք թելադրում, պարոննե՛ր, առաջարկում ենք…
Ակամայ յիշեցի նշանաւոր մեծահարուստ դրամատէր Գըրգ Գըրգորեանին, որ մահուանից շատ քիչ ժամանակ առաջ հարցրել էր, թէ որքա՞ն կ՛արժենայ Արեւմտեան Հայաստանն ու Կիլիկիան Հայաստանին վերադարձնելը: Որքան իմ յիշողութիւնը ինձ չի դաւաճանում, նման մի միտք է արտայայտել նաեւ մեծանուն երգիչ Շարլ Ազնաւուրը:
Ի միջիայլոց, Գըրգ Գըրգորեանի <<Տրասինտա>> ընկերութեան հիմնած <<Սըրվայվըլ Փիքչըրզ>> (<<Վերապրումի ֆիլմեր>>) ընկերութեան առաջին՝ <<Խոստումը>> ֆիլմը, ըստ մասնագէտների, 2017 թուականի <<Օսկար>>ի մրցանքին կարող է շահել ֆիլմի զոյգ գլխաւոր դերակատարների շնորհիւ:
Ինչպէս երեւում է, դիվանագիտական, մարդասիրական միջոցները չեն օգնում ազգային հարցեր լուծելիս: Հողագնդի վրայ ամէն մի հարց այսօր դրական լուծման կարող է հասնել միայն ու միայն ուժի դիրքերից ելնելով եւ՝ փողի միջոցով: Ես հաւատում եմ դրամի ամենազոր լինելուն: Չարենցեան հաւաքական ուժն էլ այսօր չի օգնի դրամատիրական այս աշխարհում, թէեւ հաւաքականութեան մէջ էլ ենք կաղում…
Աւելի հարմար ժամանակ մեր հարցերի լուծման համար՝ մենք դժուար թէ կրկին ունենանք: Թուրքիան կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին: Ես հաւատում եմ, որ օրերից մի օր քրդերը կ՛ունենան իրենց հանրապետութիւնը, որով էլ՝ ժողովրդական առածի ասածի պէս՝ <<Ջուր կը լցուի մեր ջրաղացին…>>։
Յ. Գ.- Այս յօդուածը պատրաստ էր, երբ սկսուեց Ղարաբաղեան պատերազմը: Ղարաբաղի անկախութեան հարցը Հայ Դատի պայքարի ոչ պակաս կարեւոր օղակներից մէկն է:
Կասկած չունեմ, որ այս պատերազմը վեր է ածուելու համահայկական պատերազմի: Եւ ողջ հայութիւնը մասնակից է դառնալու այս սրբազան պատերազմին…
comments
Կոչ Հայութեան ու Հայրենիքի Իշխանութեան
Ժամանակաւոր Պարտութիւններու Էջը Փակած Ենք
Քաջութեամբ ու Վճռականութեամբ Պիտի Դիմակայենք Մեր Դէմ Ծառացած Մարտահրաւէրները
Australia Live By Armenia Media: Տոքթ. Ստեփան Քրքեաշարեան
Խմբագրական. 1918-2024՝ Սրբազան Պայքարը Կը Շարունակուի
Տէր Ենք Մեր 108 Ամեայ Յանձնառութեան
Զօրակցութեան յայտարարութիւն Ազատ Արցախի Հանրապետութեան
Ազգի ու հայրենիքի մերօրեայ վիճակը օրհասական է, յեղափոխական կամք պէտք է