By Asbarez | Monday, 30 May 2016

<<ԹԵՐԹ>>Ի ԶՐՈՅՑԸ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆԻ ՀԵՏ
Հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամաւոր Լիլիթ Գալստեանը Tert.am-ի հետ զրոյցում անդրադառնալով կառավարութեան եւ մասնաւորապէս՝ վարչապետ Յովիկ Աբրահամեանի յայտարարութեանը, թէ վճռական են երկրի ներսում խորքային փոփոխութիւնների գնալու հարցում՝ նշեց, որ զանգը գուժել է, եւ անյետաձգելի փոփոխութեան անհրաժեշտութիւնը գիտակցւում է բոլորի՝ թէ՛ ներքեւների, թէ՛ վերեւների կողմից: <<Այս օրերին յորդած դրական էներգիան, փոփոխութեան հրամայականը չօգտագործելն ուղղակի յանցագործութիւն կը լինի սեփական պետականութեան եւ ժողովրդի նկատմամբ>>, ասաց նա:
<<ԹԵՐԹ>> - Տիկին Գալստեան, կառավարութիւնը յայտարարել է, որ վճռական է կառուցուածքային փոփոխութիւնների գնալու հարցում: Կարծում էք մեր քաղաքական իշխանութիւնը գիտակցո՞ւմ է փոփոխութիւնների անհրաժեշտութեան չափը եւ ունի՞ խօսքից գործին անցնելու կամքը:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ- Այն, որ երկիրը խորքային, համակարգային փոփոխութիւնների անհրաժեշտութիւն ունի՝ աներկբայ է: Ապրիլեան քառօրեայ պատերազմն ու շարունակուող ռազմական գործողութիւնները անողոքաբար երեւակեցին բոլոր մարտահրաւէրները՝ թէ՛ արտաքին եւ թէ ներքին ճակատում: Մենք այլեւս նահանջելու, սայթաքելու ու սխալուելու տեղ չունենք: Ուրախ եմ, որ իշխանութիւններն ամենաբարձր մակարդակում ունեցան համոզումը, որ արմատական փոփոխութիւններն անյետաձգելի անհրաժեշտութիւն են, մանաւանդ՝ ազգային անվտանգութեան համատեքստում: Ի հարկէ, կարող էք իրաւացիօրէն հակադարձել, թէ այսպիսի յայտարարութիւններ էլի են եղել, սակայն հաստատումներին չի յաջորդել գործնական վարքագիծը: Այնուամենայնիւ, քաղաքացիական ու քաղաքական իմ հոտառութիւնը թոյլ է տալիս բարձրաձայնել, որ զանգը գուժել է. անյետաձգելի փոփոխութեան անհրաժեշտութիւնը գիտակցւում է բոլորի՝ թէ՛ ներքեւների, թէ՛ վերեւների կողմից: Այս օրերին յորդած դրական էներգիան, փոփոխութեան հրամայականը չօգտագործելն ուղղակի յանցագործութիւն կը լինի սեփական պետականութեան եւ ժողովրդի նկատմամբ: Դանդաղելու ժամանակ չունենք. մարտահրաւէրներն իրօք լուրջ են: Արտաքին ճակատում, փա՜ռք Աստծոյ, երբեք չենք ունեցել տարաձայնութիւններ, եւ ազգային միասնականութիւնն է եղել մեր արտաքին ճակատի հիմնական առանցքը:
Լաւատես եմ, տեսնում եմ, որ յայտարարութիւններին նաեւ քաղաքական վարքագիծ է յաջորդում: Համոզուած եմ, որ իմ երեք ընկերները, ովքեր կառավարութիւնում շատ կարեւոր ոլորտների պատասխանատուութիւն են ստանձնել, հետեւողական եւ աննահանջ են լինելու: Հաւատում եմ նաեւ, որ մեր քաղաքական ուժի՝ ՀՅԴի ներկայութիւնն այդ քաղաքական գործընթացներում լրացուցիչ կամք ու հետեւողականութիւն է հաղորդելու քաղաքական որոշումներին:
<<ԹԵՐԹ>>- Ըստ ձեզ՝ կոնկրետ ո՞ր քայլերից յետոյ պէտք է բոլորի համար պարզ ու համոզիչ լինի, որ իշխանութիւններն այս անգամ անկեղծ են:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ- Խնդիրն այն է, որ կարճ ժամանակահատուածում շօշափելի փոփոխութիւններ ակնկալելն անիրատեսական է: Նախ՝ պէտք է ախտորոշումների մէջ անկեղծ լինել, ցանկանալ մեր երկրում այդքան խոցելի արդարութիւնը, օրէնքի գերակայութիւն հաստատել: Շատ եմ կարեւորում առաջիկայ ընտրութիւնները: Իշխանութիւնների համար ամենամեծ փորձաքարը, թէ որքանով են անկեղծ իրենց յայտարարութիւնների մէջ՝ կ՛երեւայ առաջիկայ ընտրութիւններում: Խորհրդարանական երկրում խորհրդարանի որակով է պայմանաւորուած երկրի փիլիսոփայութիւնը: Եթէ նորից պիտի գնան ընտրակեղծիքների, գնահատեն կեղծ հաւատարիմներին ու նորից խորհրդարանում յայտնուի համրերի խուլերի, տգէտների ու հայհոյողների բանակը, կը նշանակի ոչինչ էլ չի փոխուի՝ կը խարխափենք նոյն կոռուպցիայի, մաշող միջակութեան, արտագաղթի ու աղքատութեան որոգայթում:
Ինչեւէ, քաղաքական վարքագծում փոփոխութիւններ ես այսօր արդէն տեսնում եմ՝ բիւջէի անարդիւնաւէտ ծախսերի կրճատում, բիւջէի լափելուն կամ փոշիացմանն ուղղուած յանձնարարականներ… լաւատես եմ, յուսանք այս շարքը կը խորանայ, նաեւ պատասխանատուութիւն կը կրեն նրանք, ովքեր այս կամ այն ոլորտում որոշիչ դերակատարութիւն են ունեցել, մասնակից են եղել միջոցների անարդիւնաւէտ ծախսմանը կամ փոշիացմանը:
Մենք յաճախ միակողմանի ենք դատում. ի հարկէ, իշխանութեանն է առաջնային պատասխանատուութիւնը, բայց կ՛ուզենայի, որ մեր հասարակութիւնը, քաղաքացին պատասխանատուութեան իր բաժինը եւս գիտակցեր: Արդար ընտրութիւններում, սոցիալական ու իրաւական հասարակութեան կերտման մէջ քաղաքացու դերակատարութիւնը բացառիկ է. մենք ենք կեղծո՛ղն էլ, կաշառք վերցնո՛ղն էլ, տուո՛ղն էլ, եւ այլն, եւ այլն, այնպէս որ համընթաց պրոցեսներ են, եւ քաղաքացին եւս պատասխանատուութիւն ունի երկրում փոփոխութիւններ իրականացնելու համար:
<<ԹԵՐԹ>>- Տիկին Գալստեան, ապրիլեան պատերազմը վերլուծելով, ի՞նչ եզրակացութեան պէտք է յանգենք՝ ինչ ունենք եւ ինչի պակաս կայ՝ դիմակայելու առկայ մարտահրաւէրները:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ- Արտաքին վտանգին դիմակայեցինք մեր միասնական, անընկճելի ոգով: Միասնականութեան մի էներգիա պոռթկաց, որը շատ յաճախ թերագնահատել էինք: Այդ էներգիային կ՛ուզենայի, որ գումարուէր իշխանութեան իմաստնութիւնը: Կ՛ուզենայի այն բոլոր ռեսուրսները, որ ունենք՝ գնահատենք: Մեր ամենամեծ ռեսուրսը մեր մարդկային ռեսուրսն է, մարդկային տեսակը: Ցանկացած պետութեան նախագահ կը նախանձէր մեր երկրի նախագահին այսպիսի որակով ազգ ունենալու համար: Այդ իմաստով անգնահատելի է մեր ունեցած ռեսուրսը:
<<ԹԵՐԹ>>- Համակարծի՞ք էք այն տեսակէտների հետ, որ ապրիլեան պատերազմը ցոյց տուեց, որ մեծ հաշուով դաշնակից չունենք եւ միայնակ ենք մեր խնդիրներում:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ- Մենք ենք մեր հիմնական դաշնակիցը, սա պիտի անքննելի հաստատում լինի: Որեւէ երկիր չի կարող եւ շահագրգիռ չէ մեզ համար անել աւելին, քան մենք ենք կարող կամ պարտաւոր ենք անել: Բոլոր մարտահրաւէրները դիմակայելու հիմնական զէնքը կայուն զարգացող, ժողովրդավարական, պաշտպանուած իրաւունքով պետութիւնն է, որտեղ մարդն արժէք է: Ցաւօք, ամենամեծ արժէքին՝ մարդուն, մենք թերագնահատել ենք, մարդն օտարուած է, չգնահատուած, մարդակենտրոն չէ մեր երկիրը: Միթէ՞ կարելի էր սահմանին այդպէս զինուոր պահել… Մինչդեռ պետութիւնը պահեց հէնց հայ զինուորը՝ 18-20 տարեկան զինուորը. ուժեղ, յամառ, թուրքի աչքերի մէջ անթարթ նայող, հողը սեփական արեամբ պահող: Ամաչում եմ, թէ ինչպէս կարող էի թերագնահատել այս տեսակին, որ իմ կողքին էր:
Մեր հիմնական դաշնակիցը մենք ենք, եւ մենք պէտք է կարողանանք մարտահրաւէրներին դիմակայել զարգացող ու արդար երկիր դառնալով: Այսօր ամբողջ աշխարհն է փոթորկումների մէջ, մեր աշխարհաքաղաքական դիրքը բացառիկ խոցելի է: Ժամանակն է մէկընդմիշտ ազատուել Տիզբոնից մարզպան բերելու եւ ռուսաց թագաւորին նամակ գրելու անարժանապատիւ բարդոյթից: Ի վերջոյ, պիտի հասկանանք, որ մենք ենք մեր հիմնական դաշնակիցը:
Ի հարկէ, սա չի նշանակում, որ չպէտք է կարողանանք արդիւնաւէտ արտաքին քաղաքականութիւն վարել: Ցաւօք, այս օրերին մի շարք խնդիրների կողքին փաստեցինք նաեւ, որ արտաքին քաղաքականութեան մէջ շատ բացեր ունենք:
comments
Կոչ Հայութեան ու Հայրենիքի Իշխանութեան
Ժամանակաւոր Պարտութիւններու Էջը Փակած Ենք
Քաջութեամբ ու Վճռականութեամբ Պիտի Դիմակայենք Մեր Դէմ Ծառացած Մարտահրաւէրները
Australia Live By Armenia Media: Տոքթ. Ստեփան Քրքեաշարեան
Խմբագրական. 1918-2024՝ Սրբազան Պայքարը Կը Շարունակուի
Տէր Ենք Մեր 108 Ամեայ Յանձնառութեան
Զօրակցութեան յայտարարութիւն Ազատ Արցախի Հանրապետութեան
Ազգի ու հայրենիքի մերօրեայ վիճակը օրհասական է, յեղափոխական կամք պէտք է