Որտե՞ղ են թաղուած Սարդարապատի հերոսները

By Asbarez | Wednesday, 08 June 2016

0601sardarabad1

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆԵԱՆ

Հայաստանի անկախացումից յետոյ ամէն տարի՝ Մայիսի 28ին, նշւում է Առաջին Հանրապետութեան հիմնադրման օրը՝ Հանրապետութեան տօնը: Եթէ մայիսեան հերոսամարտերում եւ յատկապէս Սարդարապատում 1918ին հայերը յաղթանակ չտանէին, ապա թուրքական զօրքերն անարգել կը մտնէին Էջմիածին եւ Երեւան:   Այսօր մենք այցելում ենք Սարդարապատի յուշահամալիր, գլուխ ենք խոնարհում Հայաստանի վերջին հողակտորը իրենց արեան գնով պաշտպանած նահատակների յիշատակի առաջ: Սակայն մեզնից քչերն են տեղեակ, թէ այդ հայորդիները որտեղ են թաղուած. նրանց յուղարկաւորման վայրերի մասին մեր պատկերացումները շատ աղօտ են: Հայաստանցիներն առ այսօր չգիտեն այն միւս վայրերը, որտեղ կարող են այցելել, գլուխ խոնարհել հայ մարտիկների յիշատակի առաջ: Մինչդեռ արխիւային վաւերագրերը տալիս են դրա պատասխանը: Պատմաբան Յարութիւն Թուրշեանը ուսումնասիրութիւն է կատարել եւ յստակեցրել այդ վայրերը: Այդ մասին տպագրուել է <<Պատմա-Բանասիրական Հանդէս>> ամսագրում (1978թ., 2րդ համար).

 

0601sardarabad

<<Մեծ էր Սարդարապատի տակ ընկածների թիւը: Զոհուած աշխարհազօրայիններից շատերը թաղուեցին իրենց գիւղերում, դրսեցիներից զոհուածներին թաղեցին Գայիանէի վանքի բակում (Խենթի գերեզմանի կողքին՝ եղբայրական գերեզմանի մէջ), բնիկ երեւանցիներին բերեցին Երեւան եւ թաղեցին ներկայիս Կոմիտասի անուան այգում>>: Թեմայի առնչութեամբ <<Ժողովուրդ>>ին բացառիկ տեղեկութիւններ է յայտնել գրող, գրականագէտ Յովիկ Չարխչեանը: Նրա խօսքով՝ գրող Դերենիկ Դեմիրճեանը, ով Թիֆլիսում էր բնակւում, այդ օրերին գործի բերումով եկել էր Երեւան եւ ակամայ ականատեսն ու մասնակիցն էր դարձել մեր ժողովրդի հերոսական պայքարի: <<Սարդարապատում զոհուած հերոսների մի մասի յուղարկաւորութիւնը տեղի ունեցաւ յունիսեան մի օր, քաղաքի Մլեր գերեզմանատանը (ներկայիս Կոմիտասի անուան այգու տարածքում): Նրանք թաղուեցին մի վայրում՝ եղբայրական գերեզմանում, եւ յանգան նոյն շիրմաթմբի տակ: Հաւաքուել էր մեծ բազմութիւն: Շատերը հրաժեշտի ու գնահատանքի խօսքեր էին հնչեցնում: Եւ, ահա, հէնց այդ պահին թափօրի միջից դուրս է գալիս Դեմիրճեանը, մօտենում է թարմ շիրիմներին, գրպանից դուրս է բերում մի թուղթ եւ յուզուած ձայնով սկսում է ընթերցել: Դա Սարդարապատի հերոսներին նուիրուած առաջին բանաստեղծութիւնն էր: Յաջորդ օրը նրա չափածոյ յուզիչ խօսքը <<Հայաստանի Աշխատաւոր>> թերթի խմբագրատանը վերածում են թռուցիկի եւ փակցնում Երեւանի բոլոր փողոցներում: Ժամանակի ընթացքում այդ թերթիկները պոկուեցին ու անհետացան: Բարեբախտաբար, փրկուել է թռուցիկներից մէկը, որն այսօր էլ պահւում է Ե. Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանում>>, նշեց գրականագէտը: Նա մեզ տրամադրեց նաեւ Դեմիրճեանի՝ հրաշքով փրկուած բանաստեղծութիւնը (աղբիւրը՝ Ե. Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարան, Դ. Դեմիրճեանի լրացուցիչ ֆոնդ, համար 48 ), որը ներկայացնում ենք ստորեւ.

 

Այսօր, այս վեհ ուրախութեան եւ խոր սուգի հանդէսին,

Ո՜վ մարմարէ նահատակներ, կանգնած ձեզ հետ միասին,

Ո՜վ խնկելի Սարդարապատ, Ղարաքլիսա, Աբարան,

Խօսեցնում էք իմ բերան:

 

Սակայն ինչպէ՞ս խօսեմ ձեզ հետ՝ ցաւի դողը իմ շուրթիս,

Ի՜մ, ապրողիս խղճի խայթով՝ մեռածներիդ յանդիման,

Ինչպէ՞ս հնչեմ ձեր անունը՝ ամօթանքը ճակատիս,

Գովեմ ձեր բառն աննման:

 

Բայց եւ ինչպէ՜ս լռեմ հիմա, ինչպէ՜ս լռէ իմ բերան՝

Վերյիշելով Սարդարապատ, Ղարաքլիսա, Աբարան.

Դուք գնացիք, սակայն ինչպէ՞ս իմ լուռ հոգին այսուհետ

Չխօսի ձեր շուքի հետ:

 

Ահա տեսնում եմ ձեզ մահատեսիլ, խստադէմ,

Երբ որ մահը մեռցնելու դուք գնացիք մահի դէմ,

Եւ դուք գտաք ձեր պտրածը-ձեզ համար՝ մա՛հ չարաթոյն,

Հայրենիքին փրկութի՛ւն:

 

Եւ այլ ինչ բան պիտի սազէր հերոսական ձեր սրտին,

Բուն այդ կատակն օրհասական հանդէպ մահուան գոռ աստին.

Ո՞վ աւելի արհամարհեց, տեսաւ մահը չըմեռած,

Եւ մեռնելիս չըդողաց:

 

Ահա այս վեհ ռազմադաշտում, որտեղ լսուեց մի մեծ օր

Ձեր ռազմական խրոխտ գոչը, վերջին գոչը փրկութեան՝

Մենք երկու տօն ունենք այսօր-մէկ ձեր տօնը <<սգաւոր,

Մէկ մեր սուգը խնդութեան>>:

 

Ահա ուժգին որոտում է ժողովուրդը ամբոխուած,

Ձեր խնկելի շուքերի հետ, ռազմադաշտում Հայրենի.

Ահա՛ կարմիր դրօշակներ՝ ձեր արիւնով կարմրած

Եւ արիւնով բիւրերի:

 

Դուք յաղթեցիք, ով ընկածներ, մահուամբ զմահ կոխեցիք:

Դուք յաղթեցի՜ք, եւ չըթողիք ոչինչ էլի յաղթելու.

Մկրտուեցիք դուք մահի մէջ, մահուամբ դառաք գեղեցիկ,

Զեզ փա՜ռք յաւէտ, ալելո՜ւ:

 


comments

Advertisement