Երեք Սկզբունք, Վեց Տարր, Մադրիդ, Կազան Եւ «Լաւրովի Պլան»

By Asbarez | Wednesday, 22 June 2016

0616madrid

Էլմար Մամեդեարովը, Բեռնար Կուշները, Սերգէյ Լաւրովը, Էդվարդ Նալբանեանն ու æէյմս Սթայնբերգը Աթէնքում, 2009թ. Դեկտեմբեր. Լուսանկարը՝ REUTERS


Խօսելով Յունիսի 20ին կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, ՌԴ նախագահի օգնական Եուրի Ուշակովն ասել է, որ Մոսկուան կը շարունակի <<միջնորդական առաքելութիւն իրականացնել, հիմնուելով այն սկզբունքների վրայ, որոնք արուել են ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների 2009-2013թթ. ընթացքում արած յայտարարութիւններին համապատասխան>>: <<Պարզաբանում>> խորագրի հերթական թողարկումը պատմում է այդ սկզբունքների մասին:

 

  1. Ի՞նչ սկզբունքների ու տարրերի մասին է խօսքը:

2011թ. Յունուարի 14ին հանդէս գալով մամուլի ասուլիսում, ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդեանն ասել էր, որ գոյութիւն ունի կարգաւորման երեք սկզբունք:

– Ուժի չկիրառում եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառում.

– Ինքնորոշման իրաւունք.

– տարածքային ամբողջականութիւն:

Նալբանդեանը նշել էր նաեւ վեց տարր, որոնք առաջարկուել են կողմերին միջնորդ երկրների կողմից.

  1. Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) վերջնական կարգավիճակը պէտք է որոշուի ԼՂ ժողովրդի կամքի արտայայտման միջոցով, որի արդիւնքները միջազգային իրաւական ուժ կ՛ունենան.
  2. Մինչ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂը կ՛ունենայ միջազգային հանրութեան կողմից ճանաչուած միջանկեալ կարգավիճակ.
  3. Պէտք է ապահովուի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապը.
  4. Բոլոր փախստականների եւ տեղահանուած անձանց վերադարձը անվտանգութեան միջազգային երաշխիքների ապահովումից յետոյ.
  5. Անվտանգութեան միջազգային երաշխիքների ապահովում, այդ թւում միջազգային խաղաղապահների ներկայութիւն.
  6. Տարածքների վերադարձ:

Նալբանդեանը նշել էր, որ վերջին տարրը չի յստակեցնում, թէ ինչ տարածքների մասին է խօսքը:

Նոյն Յունուարին ՀՀ ԱԳՆ ղեկավարը Russia Today հեռուստաալիքին տուած հարցազրոյցում ասել էր.

<<Բանակցութիւնները ընթանում են Մադրիդեան առաջարկութիւնների հիման վրայ, որոնք կողմերին ներկայացուել էին դեռ 2007թ. Նոյեմբերին: Այդ առաջարկութիւններից ընտրուել էին 6 հիմնական տարրերը: Դրանք հնչեցուել են Լեռնային Ղարաբաղին վերաբերող նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի յայտարարութիւններում, որոնք ընդունուել են Մեծ ութնեակի գագաթնաժողովների շրջանակներում՝ Լ՛Աքուիլայում եւ Մուսքոկայում>>:

Ակնկալւում էր, որ 2011թ. Յունիսին Կազանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները պէտք է հաստատէին առաջարկուած վեց տարրերը, սակայն դա տեղի չունեցաւ: Հայկական կողմը յայտարարեց, որ պատճառը Ադրբեջանն էր:

 

  1. Ի՞նչ է եղել Մադրիդեան սկզբունքներից առաջ:

2006թ. Յուլիսի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդունել էին յայտարարութիւն, որում բացայայտել էին կարգաւորման առաջարկների որոշ մանրամասները: Յայտարարութեան մէջ, մասնաւորապէս, ասուած էր.

<<Սկզբունքները հիմնուած են Լեռնային Ղարաբաղը շրջապատող ադրբեջանական տարածքներից հայկական զօրքերի վերադիրքաւորման վրայ, յատուկ պայմաններ նախատեսելով Քելբաջարի ու Լաչինի շրջանների համար (ներառեալ ՀՀն եւ ԼՂն միացնող միջանցքը), այդ տարածքների ապառազմականացման ու հանրաքուէի կամ քուէարկութեան անցկացման վրայ՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու համար: Քուէարկութեան ամսաթիւն ու պայմանները պէտք է որոշուեն յետագայ բանակցութիւնների ընթացքում>>:

Այն ժամանակ միջնորդները ձգտում էին Մեծ ութնեակի հանդիպումից առաջ բանակցութիւններում առաջընթաց գրանցել, եւ շատերն այդ մանրամասների հրապարակումը դիտարկեցին իբրեւ կողմերի վրայ ճնշում գործադրելու փորձ:

Հետաքրքիր է, որ դրանից մի քանի օր առաջ՝ 2006թ. Յունիսի 26ին, ՀՀ ԱԳՆն յայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները արդէն համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղում հանրաքուէի անցկացման հարցը: ՀՀ ԱԳՆ յայտարարութիւնում ասւում էր, որ <<բանակցութիւնների ընթացքում առկայ տարաձայնութիւնները չեն վերաբերում հանրաքուէին, եւ այդ հարցը արդէն իսկ համաձայնեցուած է նախագահների միջեւ>>:

<<Տարաձայնութիւնները վերաբերում են ռազմական հակամարտութեան հետեւանքների վերացման յաջորդականութեանը>>, նշւում էր յայտարարութեան մէջ:

ՀՀ ԱԳՆի այդ յայտարարութիւնը փաստացի հաստատել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթիւ Բրայզան, ով 2006թ. ամռանը RFE/RL-ին տուած հարցազրոյցում ասել էր, որ <<հայերը դուրս չեն բերի զօրքերը իրենց վերահսկողութեան տակ գտնուող տարածքներից, եթէ համոզուած չլինեն, որ փոխհատուցում կը ստանան>>:

<<Կը նպաստի՞ արդեօք հայկական զօրքերի դուրս բերումը լարուածութեան թուլացմանը: Ի հարկէ, դրանում ոչ մի կասկած չկայ: Այդ իսկ պատճառով այս հարցը մեր առանցքային սկզբունքների կենտրոնական տարրն է: Սակայն հայերը դուրս չեն բերի իրենց զօրքերը զուտ այն պատճառով, որ մենք իրենց կ՛ասենք. <<Դա կ՛օգնի թուլացնելու լարուածութիւնը>>: Նրանք դա կ՛անեն, եթէ փոխհատուցում ստանան, եւ մեր առանցքային սկզբունքները հէնց դրան են վերաբերում>>, ասել էր ամերիկեան միջնորդը:

 

  1. Ի՞նչ են ասել Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղում հանրաքուէ-քուէարկութիւն անցկացնելու մասին:

Վերջին տարիներին Ադրբեջանը հազուադէպ է առարկայական մեկնաբանութիւններ անում կարգաւորման սկզբունքների ու տարրերի վերաբերեալ: Հիմնականում Բաքուից յայտարարութիւններ են հնչում այն մասին, որ երկրի տարածքային ամբողջականութիւնը չի կարող բանակցութիւնների առարկայ լինել: Սակայն միշտ չէ որ այդպէս եղել:

Ահա մի հատուած 2011թ. Մարտին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդեարովի՝ <<Մեդիամաքս>>ին տուած բացառիկ հարցազրոյցից.

<<Նախորդ տարեսկզբին Ադրբեջանի նախագահը յայտարարել էր, որ հայկական կողմը խախտել է նախկինում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները՝ պահանջելով ամրագրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերեալ հանրաքուէ-քուէարկութեան անցկացման ամսաթիւը: Ձեզ չի՞ թւում, որ հէնց այդ մօտեցումը, երբ կողմերից իւրաքանչիւրը իւրովի է ձեւակերպում հանրաքուէ-քուէարկութեան մանրամասները, բանակցային գործընթացի հիմնական փորձաքարերից մէկն է: Ինչո՞ւ հանրաքուէ-քուէարկութեան յստակ բովանդակային եւ ժամանակային չափանիշների սահմանումն ու ամրագրումը չի գոհացնում Բաքուին:

Ժամանակային շրջանակները կը բարդացնեն իրավիճակը: Պէտք է իրականացնել հսկայական նախապատրաստական աշխատանք, հալեցնել սառոյցը յարաբերութիւններում, վերականգնել վս-տահութիւնը, վերադարձնել բնակ-չութիւնը, պայմաններ ստեղծել նրանց բարեկեցիկ համատեղ գոյակցութեան համար: Չի կարելի հանրաքուէ անցկացնել հրացանի փողի եւ ճնշման տակ: Ցանկացած շտապողականութիւն յանուն ժամանակային շրջանակների պահպանման նման զգայուն եւ փխրուն հարցերում կարող է է՛լ աւելի բարդացնել իրավիճակը եւ խաչ քաշել խաղաղ կարգաւորմանն ուղղուած բոլոր ջանքերի վրայ>>:

 

  1. Ի՞նչ են ասել միջնորդները սկզբունքների ու տարրերի մասին:

Ամերիկացի համանախագահ æէյմս Ուորլիքը 2015թ. Փետրուարին <<Մեդիամաքս>>ին տուած հարցազրոյցում ասել էր.

<<Մենք ունենք 3 սկզբունքներ եւ 6 տարրեր, որոնք հանդիսանալու են կարգաւորման հիմքը: Մենք պայմանական անուանում ենք տալիս այս բոլոր խնդիրներին՝ ասում ենք <<համապարփակ կարգաւորում>> կամ <<համապարփակ բանակցութիւններ>>: Կարող էք լսել, ինչպէս Բաքւում համապարփակ բանակցութիւնների կոչեր են հնչում, եւ եռանախագահները նոյնպէս այդ անուանումն են օգտագործում: Բայց մենք նաեւ նկատի ունենք, որ դուք չէք կարող ուղղակի առանձնացնել ինչ որ մի սկզբունք կամ տարր եւ ակնկալել, որ դա կը դիտարկուի որպէս հիմք կարգաւորման համար: Ուշագրաւն այն է, որ կողմերը, ըստ էութեան, շատ մօտ են միմեանց: Երկուստեք ընդունում են, որ կարգաւորման հիմք են հանդիսանում 3 սկզբունքները եւ 6 տարրերը: Ի հարկէ, կան մանրամասներ, որոնց շուրջ մենք դեռ շարունակում ենք աշխատել, բայց սա այն է, ինչին մենք ցանկանում ենք հասնել: Այնպէս որ, իրականում որեւէ հակասութիւն գոյութիւն չունի: Չնայած որոշ հրապարակային ելոյթներում առանձնացնում են տարրերից կամ սկզբունքներից որեւէ մէկը, ինչը տեղի է ունենում երկու երկրներում, այնուհանդերձ, նախագահները եւ երկու երկրների ղեկավարութիւնը հասկանում են, որ կարգաւորման հիմքը այս համապարփակ մօտեցումն է>>:

 

  1. Արդեօք գոյութիւն ունի՞ <<Լաւ-րովի փաստաթուղթը>>:

Այսպէս կոչուած <<Լաւրովի փաստաթղ>>չի մասին ասեկոսները սկսեցին շրջանառուել 2015թ. վերջին-2016թ. սկզբին:

Ինքը՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգէյ Լաւրովը 2016թ. Յունուարի 26ին ասել էր.

<<Լաւրովի փաստաթուղթ գոյութիւն չունի: Կան մի շարք փաստաթղթեր՝ շուրջ 5ը, որոնք համանախագահները պատրաստել են բանակցութիւնների տարբեր փուլերում, երբ խօսքը կարգաւորման հիմնական սկզբունքների ձեւաւորման մասին էր: Այնուհետեւ այդ սկզբունքների հիման վրայ պէտք է մշակուէր խաղաղութեան պայմանագիրը, որն իրաւական պարտադիր ուժ կ՛ունենար: 2007ից ի վեր մշակուող այդ փաստաթղթի որոշ տարբերակներ համանախագահների կողմից ի պահ են յանձնուել  ԵԱՀԿ գլխաւոր քարտուղարին եւ պահւում են այդ կազմակերպութեան սէյֆերում: Դրանք միակ թղթերն են, որ կարելի է փաստաթուղթ համարել, հաշուի առնելով, որ դրանցից եւ ոչ մէկը չի յանգեցրել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի բոլոր բաղադրիչների լուծմանը, իսկ աշխատանքները տարւում են <<ոչինչ համաձայնեցուած չէ, քանի դեռ ամէն ինչ համաձայնեցուած չէ>> սկզբունքով>>:

Ամենայն հաւանականութեամբ, այն, ինչ ստացել է <<Լաւրովի փաստաթուղ>>չ անուանումը, յայտնի վեց տարրերի հերթական ձեւափոխումն է: Սակայն պէտք է հասկանալ, որ ստեղծուած իրավիճակում նոյնիսկ աննշան թուացող ձեւափոխութիւնները կարող են փոխել կարգաւորման ողջ տրամաբանութիւնը:

 


comments

Advertisement