Արցախ՝ Մէկ Սերնդի Ճակատագիր

By Asbarez | Tuesday, 28 June 2016

0409-Droshak

<<ԴՐՕՇԱԿ>>Ի ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

 

Ղարաբաղեան շարժման սկզբնաւորումից անցել է 28 տարի: 28 տարին մէկ սերնդի գիտակցական կեանքի ձեւաւորման եւ ակտիւ կենսագործունէութեան ժամանակահատուած է: Այն սերնդին, որը գիտակցականօրէն (նաեւ հասարակական, քաղաքական առումներով) կայացաւ ղարաբաղեան շարժման գործընթացների մէջ, կարելի է անուանել ղարաբաղեան սերունդ: Ղարաբաղեան սերունդը, յանուն հայկական պատմական տարածքի ազատագրման, դուրս եկաւ ոչ միայն կոնկրետ թշնամու, այլեւ խորհրդային հզօր մեքենայի դէմ, Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, միջազգայնացած հարցի նկատմամբ ճնշումին դիմակայեց եւ քանի դեռ վերջնականօրէն լուծուած չէ ղարաբաղեան խնդիրը, մնում է ղարաբաղեան պայքարի մասնակիցն ու զինուորը: Ի հարկէ, անցած 28 տարիների ընթացքում գերակշռել է ղարաբաղեան <<հրաբուխի քնած>> կամ սահմանային յարաբերական անդորրի ժամանակահատուածը, երբ ղարաբաղեան սերունդը հնարաւորութիւն է ունեցել աւելի շատ զբաղուելու իր առօրեայ հոգսերով, ջանքերը կենտրոնացնել ժողովրդավարութեան, սոցիալ-տնտեսական եւ ներքին այլ խնդիրների վրայ, բայց նրա մէկ աչքն ու ականջը միշտ եղել է Արցախի կողմը: Ղարաբաղեան շարժումն ու յաղթանակը հայ ժողովրդի ու ղարաբաղեան սերնդի համար ամէնից առաջ արժանապատուութեան վերականգնման եւ հատուցման հարց էր՝ անցած դարասկզբին տեղի ունեցածի դիմաց: <<Ղարաբաղեան>> երեւոյթով հայ ժողովուրդը շտկեց մէջքը, արձանագրեց, թէկուզ մէկ հատուածի չափով, խլուած հայրենիքի վերադարձ: Ղարաբաղեան պայքարը մեծ ազդեցութիւն է գործել ղարաբաղեան սերնդի ազգային ինքնագիտակցութեան վրայ: Ղարաբաղեան յաղթանակը այն կերտած սերնդին հաղորդեց ինքավստահութիւն, հոգեկան անդորր եւ հաւատ սեփական ուժի ու հնարաւորութիւնների նկատմամբ: Այս յաղթանակը հոգեւոր կամուրջ գոյացրեց, որի շնորհիւ հայ մարդը ներշնչուեց իր անցեալով եւ տէր զգաց հազարամեակների պատմութեանը: Մանաւանդ նկատի ունենալով, որ եօթանասուն տարի եւ դրանից էլ առաջ, անգամ սեփական հողի վրայ ապրելով, հայ մարդը ասես այդ հողի իրական տէրը չէր, հողի եւ մնացած արժէքների տէր ու տնօրէնը, կարծես թէ դարձել էին նուաճողները: Արցախի ազատագրումից, զուգահեռաբար Հայաստանի անկախացումից յետոյ անգամ, խաղաղ առօրեայի մէջ հայ մարդու հոգեբանութեան վրայ զգալի եղաւ ղարաբաղեան ձեռքբերման ազդեցութիւնը:

Ասուածը աւելի ակնառու դարձնելու համար պատկերացնենք, թէ մենք կորցրել ենք Արցախը (Աստուած մի արասցէ) եւ դրանից յետոյ ղարաբաղեան սերնդի ներկայացուցիչը սեղանի մօտ հայրենասիրութեան թեմայով կենաց է խմում, իր երեխային հպարտօրէն հայոց պատմութիւն է պատմում, պարզապէս որպէս կայացած մարդ ինքավստահութեան յաւակնոտութեամբ շփւում է ընկերների, շրջապատի կանանց՝ մեծ ու փոքրի հետ: Անհնար է թւում, ամօթը թոյլ չէր տայ:

Հակառակ օրինակը հարեւան երկիրն է, որն, օրինակ, միլիոնաւոր դոլարներ է տալիս իսպանական ինչ որ թիմի խնդրելով, որ իրենց մարզաշապիկների վրայ գրեն այդ երկրի անունը: Այսինքն, որպէսզի աշխարհն իմանայ, թէ իրենք կան: Այո, այս արեւի տակ պարտուած ժողովուրդ լինելուց վատ բան չկայ: Առանց խորանալու յիշենք մեզ՝ մինչեւ արցախեան յաղթանակը:

<<Արցախը>> պատմական նոր ուղի բացեց հայ ժողովրդի առաջ եւ դարձաւ մէկ սերնդի ճակատագիրը (յուսանք, որ կայացող նոր սերնդի գիտակցութեան մէջ Արցախը կ՛ամրապնդուի, ինչպէս ընկալւում են Շիրակը, Լոռին կամ Արմավիրը եւ այս սերնդի ճակատագիրը այլ նպատակներ կ՛ուղենշեն):

Պատահական չէ, որ երբ վտանգ սպառնաց Արցախին, ղարաբաղեան սերունդը մէկ մարդու պէս ոտքի ելաւ եւ գնաց իր ճակատագրի ետեւից: Այդ ճակատագիրն այլեւս  սերնդից անբաժան է, քանի դեռ նա գոյութիւն կ՛ունենայ: Ղարաբաղեան սերնդի համար ղարաբաղեան որեւէ կորուստ իր ճակատագրի՝ իր անձնական կորուստն է:

Ինչո՞ւ է շարադրւում այս ակնառու ճշմարտութիւնը եւ ի՞նչ նպատակով:

Նպատակն այն եզրակացութիւնն է, որ սահմանադրօրէն ամրագրուած տարողութեամբ Ղարաբաղի տէրը հայ ժողովուրդն է եւ մասնաւորապէս՝ ղարաբաղեան սերունդը: Ղարաբաղի հարցով շատերը կարող են բանակցել, բայց ինչ որ բան կարող է զիջել միայն հայ ժողովուրդը եւ ղարաբաղի սերունդը: Վերջում նրանց մօտ պէտք է գան եւ նրանց պէտք է հարցնեն բանակցողները, միջնորդներն ու ուզողները: Վերջնական վճիռը պատկանում է նրանց, ում ճակատագիրն է Ղարաբաղը: Իսկ ընդհանրապէս՝ մարդը կարող է կերտել իր ճակատագիրը, բայց սեփական ճակատագրից փախչել չի կարող:

 



comments

Advertisement