Եւս Կէս Տարի, Եւս Մի Քիչ…

By Asbarez | Tuesday, 12 July 2016

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

 

0706shtanmayer

Այսպիսով, անցած շաբաթուայ վերջին աւարտուեց ԵԱՀԿ գործող նախագահի՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի տարածաշրջանային այցը, որի ընթացքում նա հանդիպումներ ունեցաւ ղարաբաղեան հակամարտութեան բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, ԼՂՀի եւ Ադրբեջանի բարձրագոյն ղեկավարութեան հետ:

Դեռեւս դժուար է խօսել այն մասին, թէ կոնկրետ ինչ արդիւնքներ կ՛ունենայ այցը, բայց ահա մէկ բան կարելի է պնդել ամենայն որոշակիութեամբ՝ ճեղքումային որոշումների չարժէ սպասել: Նման կտրականութեան պատճառը կողմերի դիրքորոշումների անփոփոխ բեւեռայնութեան մէջ է: Ինչպէս յայտնի է, ե՛ւ Հայաստանը,  ե՛ւ Արցախը պատրաստակամութիւն են յայտնում փոխզիջումային հիմքի վրայ բանակցութիւնների սեղանի շուրջ քննարկելու հակամարտութեան կարգաւորման հետ կապուած հարցերի համալիրը, բայց ահա Ադրբեջանն իր առաւելապաշտական դիրքորոշմամբ փոխընդունելի հանգուցալուծումների որոնման գործընթացում փակուղի է ստեղծում:

Կարծում ենք՝ ներկայ իրավիճակի բարդութիւնը հասկանում է նաեւ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը՝ որպէս ԵԱՀԿ ղեկավար, ուստի այդ եւրակազմակերպութիւնում Գերմանիայի նախագահութեան շրջանում հազիւ թէ գերազանցուած ակնկալիքներ ունենայ: Բայց, միւս կողմից, Գերմանիան՝ որպէս Եւրոպայի քաղաքական ծանրաքաշերից մէկը, մեր կարծիքով, կը կամենար իր ներդրումն ունենալ Հարաւային Կովկասի տարածաշրջանում անվտանգութեան համակարգի ամրապնդման հարցում, տարածաշրջան, որը ԵԱՀԿ պատասխանատուութեան գօտու մէջ է մտնում: Կարելի է նոյնիսկ ասել, որ խօսքը նաեւ գերմանական <<համազգեստ>>ի պատուի մասին է, քանի որ Ապրիլի առաջին օրերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ԵԱՀԿ գերմանական նախագահութիւնը չկարողացաւ կանխել: Իսկ նշանակում է՝ նա պէտք է փորձի գոնէ կանխարգելել ռազմական բռնութեան սրման կրկնահանցանքը: <<Կարծում եմ՝ հակամարտութեան բոլոր կողմերի, ինչպէս նաեւ ԵԱՀԿի համար ակնյայտ դարձաւ, որ երկարաժամկէտ ստատուս քուօն արդէն անհնար է պահպանել. պէտք է ձգտել խուսափել նման իրադարձութիւնների կրկնութիւնից եւ ջանքերն ուղղել հակամարտութեան երկարաժամկէտ լուծմանը>>, Երեւանում ասել է  Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը: Նրա խօսքով, եկել է պատեհ ժամանակը՝ բոլոր ջանքերն ուղղելու այն բանին, որ ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ հանգուցալուծմանն ուղղուած բանակցութիւններն առարկայական դառնան:

Չենք վիճաբանի. միջազգային միջնորդներն իրօք պէտք է ամէն ինչ անեն, որպէսզի նուազեցուի պատերազմի վերսկսման վտանգը եւ պայմաններ ստեղծուեն լիարժէք բանակցութիւնների համար, ինչը ներառում է, մասնաւորապէս, շփման գծում միջադէպերի հետաքննութեան մեխանիզմը: Այս միտքը տարբեր վարիացիաներով հնչել է Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի շուրթերից նրա տարածաշրջանային այցի ընթացքում: Սակայն այստեղ կը ցանկանայինք նշել, որ <<բոլոր ջանքերը>> առաջին հերթին, այնուամենայնիւ, պէտք է ուղղել Ադրբեջանի՝ որպէս բանակցութիւններում փակուղու ստեղծման, ինչպէս նաեւ հարիւրաւոր մարդկային կեանքեր խլած ապրիլեան պատերազմի գլխաւոր մեղաւորի վրայ:

Նախ, պաշտօնական Բաքուն, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների յայտարարութիւններին այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պէտք է որոշուի նրա ժողովրդի կողմից միջազգային իրաւական ուժ ունեցող ազատ կամարտայայտութեան ընթացքում, շարունակում է անպարկեշտութեան աստիճան յամառօրէն պնդել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնից դուրս Լեռնային Ղարաբաղի ցանկացած կարգավիճակ չի կարող քննարկման թեմա լինել: Երկրորդ, պաշտօնական Բաքուն շարունակ խոչընդոտում էր հակամարտութեան գօտում լարուածութեան նուազեցմանը՝ սաբոտաժի ենթարկելով առաջնագծից դիպուկահարներին դուրս բերելու, վստահութեան միջոցներ ստեղծելու՝ միջնորդների կոչերը: Իսկ այսօր նա նոյն <<յաջողութեամբ>> արգելքներ է ստեղծում շփման գծում իրավիճակի մոնիթորինգի (դիտարկումի-Խմբ.) համակարգի ներդրման համար: Ինչպէս Երեւանում Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսին յայտնել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդեանը, Յունիսին հետաքննութեան մեխանիզմների ստեղծման հարցը երիցս ներկայացուել է ԵԱՀԿ ֆինանսական յանձնաժողովի քննարկմանը, ու ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրներից միայն Ադրբեջանն է դէմ արտայայտուել:

Արդեօք միջազգային միջնորդներին առաւել ծանրակշիռ ապացոյցնե՞ր են պէտք, թէ իրականում ով է խաթարում կայունութիւնը տարածաշրջանում եւ խոչընդոտում խաղաղութեան հաստատմանն ուղղուած ԵԱՀԿի քայլերին: Եւ ի՞նչ է մտադիր անել պարոն Շթայնմայերը, որպէսզի, իր իսկ ասելով, ապրիլեան իրադարձութիւններն իրաւունք չունենան կրկնուելու: Մեր կողմից կարող ենք խորհուրդ տալ մէկ բան՝ չսիրաշահել ագրեսորին: Օրերս ամերիկացի յայտնի ֆինանսիստ æորջ Սորոսն ափսոսանք յայտնեց, որ Արեւմուտքը չափազանց բարեհամբոյր վերաբերմունք ունի Ադրբեջանի նկատմամբ, որտեղ <<բաւականին տհաճ բռնակալական ռեժիմ է տիրում>>: Նրա խօսքով՝ Ալիեւը փորձում է դուր գալ Արեւմուտքին՝ ի ցոյց դնելով նաւթի հնարաւոր նոր հանքատեղեր: <<Կարծում եմ՝ սատարելով նրան, Արեւմուտքը մեծ սխալ է գործում>>, ասել է Սորոսը: Ու թէեւ սա ասուել էր այլ առիթով՝ Ադրբեջանում մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցում ճչացող իրավիճակի կապակցութեամբ, յայտնի ֆինանսիստի կարծիքը լիիրաւ կարելի է տարածել եւ ղարաբաղեան կարգաւորման վրայ: Քանզի այս պարագայում դարձեալ կը գործի այն արատաւոր բանաձեւը, երբ նաւթն աւելի ծանր է կշռում, քան մարդկային կեանքը:

Եւ վերջում՝ մի փոքր դիտողութիւն. մինչեւ ԵԱՀԿում Գերմանիայի նախագահութեան աւարտը մնացել է արդէն կէս տարուց քիչ ժամանակ: Ու եթէ այդ ժամանակաընթացքում Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերին յաջողուի գոնէ գործի դնել շփման գծում իրավիճակի մոնիթորինգի եւ միջադէպերի հետաքննութեան մեխանիզմը, ապա դա արդէն կարելի կը լինի ԵԱՀԿ գերմանական նախագահութեան անուրանալի վաստակը համարել:

 



comments

Advertisement