Քաղաքական Մենաշնորհ

By Asbarez | Tuesday, 16 August 2016

0409-Droshak

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ <<ԴՐՕՇԱԿ>>Ի

Գաղտնիք չէ, որ Խորհրդային ժամանակներում Հայաստանում, ինչպէս եւ ողջ ԽՍՀՄում իշխում էր կոմունիստական կուսակցութեան քաղաքական մենաշնորհը:

Յետագայում այդ մենաշնորհը շարունակուեց, երբ դեռ Հայաստանը չէր էլ անկախացել: Երեւանի Ազատութեան հրապարակում դիրքերն ամրապնդող ՀՀՇն, գործող իշխանութեանը զուգահեռ, անհանդուրժող էր դառնում նաեւ ընդդիմութեան հանդէպ, փորձելով ով իր հետ չէր դուրս մղել քաղաքական դաշտից: Հեռահար հաշուարկով, դեռ այն ժամանակների իր ելոյթներում, Լեւոն Տէր Պետրոսեանը զգուշօրէն ակնարկում էր, նաեւ թէ <<Սփիւռքի աւանդական կառոյցներն իրենց սպառել են եւ նորերն են անհրաժեշտ>>: Խորհրդային Հայաստանի վերջին, 1990 թուականի ընտրութիւններում, ընդդիմադիր ՀՀՇն նոյնիսկ իր մէջ ճշդել էր, թէ անցումային խորհրդարանում որ ուժերի յայտնուելը նպատակայարմար չէ: Կարելի է յիշել արդէն այդ խորհրդարանի նախագահ Բաբկէն Արարքցեանի հարցազրոյցը <<Հայաստանի Հանրապետութիւն>> թերթում, ուր նա <<ափսոսում>> էր, որ քաղաքական դաշտում իրենց այլընտրանք չկայ:

Քաղաքական մենաշնորհը եւ դրա յաւակնոտ մտայնութիւնը մեր երկրում վերահաստատուեց դեռ այն օրերից: Եւ իւրօրինակն այն է, որ անցնող տարիներին, ընդդիմութիւնը մեզանում յաճախ շատ աւելի մեծ կրքով պայքարեց ոչ թէ իշխանութեան, այլ միւս ընդդիմադիր ուժերի դէմ:

Ի հարկէ միայն այսպիսին չէ մեր նորանկախ երկրի քաղաքական պատմութիւնը: Զուգահեռաբար եղել են քաղաքական ընդդիմադիր ուժերի համատեղ գործունէութեան բազմաթիւ, այդ թւում նաեւ յաջողուած օրինակներ: Անկախութեան հէնց առաջին տարիներից իշխանութեան դէմ ընդդիմադիր հիմնական ուժերը հանդէս են եկել համատեղ, այդ գործունէութեան մէջ ներգրաւելով հասարակական կազմակերպութիւններին եւ մտաւորականութեանը: Բազմաթիւ անգամներ, տարբեր ծրագրերի քննարկման համար, ընդդիմադիր ուժերը կազմակերպել են (մինչեւ օրս էլ կազմակերպում են) տարբեր ձեւաչափի բաց քննարկումներ՝ քաղաքական ու հասարակական ուժերի, փորձագէտների, մտաւորականների, լրագրողների ու այլոց մասնակցութեամբ: Կարելի է յիշել մի քանի ընդդիմադիր ուժերի կողմից սահմանադրութեան միասնական նախագծի կազմումից, մինչեւ գործող իշխանութեան դէմ միասնական պայքարը 90 ականների սկզբներին, ապա հինգ ուժերի կողմից նախագահի միասնական թեկնածուի առաջադրումը 1996 թուականին եւ նման համախմբումների բազում այլ փաստեր: Սա եւս մեր քաղաքական մշակոյթի մասն է կազմում , ինչը համոզուած ենք լուրջ ազդեցութիւն է թողել Հայաստանում ժողովրդավարութեան զարգացման, երկրի կարեւորագոյն հարցերի շուրջ հիմնական ուժերի միաւորման, հասարակութեան համախմբուածութեանը նպաստելու առումով:

Վերադառնանք, սակայն քաղաքական մենաշնորհին:

Խուսափելով միմեանց հետ ծրագրերի ու գաղափարների շուրջ առողջ մրցակցութիւնից, քաղաքական տարբեր ուժեր ու միաւորումներ, ընտրում են շատ աւելի <<կարճ>> ճանապարհ՝ փորձել մրցակիցներին ասպարէզից դուրս մղել վարկաբեկումների ճանապարհով: Աւելի դժուար ու աշխատատար համարելով քաղաքական-օրէնսդարական ճանապարհներով երկրում դերակատարութեան հասնելու հնարաւորութիւնը, նրանք առաջնորդւում են ուրիշներին դուրս հրելով իրենց համար ընդդիմադիր դաշտում առաւել լայն տեղ բացելու մարտավարութեամբ: Ծրագրերի ու գաղափարների մրցակցութեան փոխարէն մերժումի ու վարկաբեկումի ամբոխվարական գործելակերպի որդեգրումը իրականացւում է անհանդուրժողութեան դրսեւորումներով, մրցակից նկատուած ուժերի ծրագրերի ու գործունէութեան վարկաբեկումով, տարբեր մեղքերի մէջ մեղադրանքներով, որոնցից ամենամոդայիկը եղել եւ մնում է իշխանութիւններին ծախուած լինելու մեղադրանքը: Այս մեղադրանքը կենսունակ է արդէն աւելի քան քսանհինգ տարի եւ կասկած չկայ, որ ով ներկայումս է միւսներին մեղադրում ծախուածութեան մէջ կարճ ժամանակ անց, գուցէ հէնց 2017 թուականի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ, ինքն է արժանանալու նոյն խարանին: Տարիներ շարունակ հրապարակներին տիրելու մարմաջը այնքան է բորբոքել նշեալ մտայնութիւնը, որ իրականութիւնը յաճախ վերածւում է զաւեշտի ու անհեթեթութեան:

Վերջին խորհրդարանական ընտ-րութիւններից յետոյ ներկայ իշխանութեան նկատմամբ կոշտ ընդդիմադիր կեցուածք որդեգրած Հայաստանի առաջին իշխանութիւնը, մեղադրուեց ծախուածութեան մէջ, երբ պահանջների շուրջ բանակցութիւններ սկսեց գործող իշխանութեան հետ:

Նոյն <<բախտից>> խուսանաւելու նպատակով 2015 թուականին <<Բաղրամեան պողոտայ>> դուրս եկած ընդդիմութիւնը փողոցում գոռում էր պահանջների մասին, բայց հրաժարւում էր նոյն պահանջները ուղղակիօրէն ներակայացնել հասցէատիրոջը:

Հետաքրքիրն այն է նաեւ, որ հրապարակները <<օկուպացնող>> հերթական ուժը որքան նոր է, անփորձ ու անծրագիր, այնքան բարձր է գոռում, թէ միակ անկեղծ ընդդիմադիրն ինքն է, իսկ մնացածը սխալ ճանապարհով են գնում եւ ծախուած են:

Ամբոխվարութիւնը ամբոխվարութիւն, բայց անհանդուրժողութեան ու վարկաբեկումի քաղաքական պլատֆորմով շատ առաջ չես գնայ, հետեւաբար բոլոր այս ուժերը շուտ թէ մի քիչ աւելի ուշ յայտնւում են ծայրայեղ քայլերի ընտրանքի առաջ: Այդպէս է, քանի-որ իրականում գոյութիւն ունի երկու հիմնական ճանապարհ՝ կա՛մ պետութիւնն ու իշխանութիւնը փոխել օրէնքների, մեխանիզմների համակարգուած ու ժամանակատար աշխատանքի ճանապարհով, կա՛մ այդպիսի գործի համար չունենալով ոչ հաւէս (ախորժակ-Խմբ.), ոչ՝ յաւակնութիւն փորձել հարցը լուծել մէկ հարուածով, յայտարարել կարճ ժամանակում իշխանափոխութեան հասնելու նպատակի մասին: Որքանո՞վ է այս ճանապարհը արդարացուած՝ ենթակայական չնկատուելու համար ոչ թէ անձնական կարծիք ասենք, այլ փաստենք, որ ցայսօր բոլոր այդ փորձերը տապալուել են, իսկ գրեթէ բոլոր փորձարարները, դուրս են մղուել գործուն քաղաքական դաշտից:

Կարելի է ափսոսանքով նշել, որ օգտակար էր լինելու, եթէ ընդդիմութեան շատ ուժեր մասնակցէին սահմանադրական վերջին բարեփոխումների քննարկումներին, եւ մենք աւելի շատ տեսակէտներ լսէինք: Ենթադրենք, թէ ինչ-որ հարց էլ կարող էր այլ կերպ լուծուել այդ ընդդիմութեան այլընտրանքային մօտեցման շնորհիւ, սակայն ոմանց համար գերադասելի էր յայտարարել, թէ այդ ամէնը կեղծ խաղ է, աւելի լաւ է միանգամից իշխանութիւններին փոխենք, իսկ յետոյ երկիրը կը փոխենք ինչպէս ուզենք:

Քաղաքական մենաշնորհը ստեղ-ծում է անհանդուրժողութեան մթնոլորտ, սրան ի հետեւանք առաջացնելով հասարակական լարուածութիւն եւ պառակտում: Անհանդուրժողութիւնն առաջ է բերում լարում ու հակադրութիւն ոչ միայն իշխանութիւն-ընդդիմութիւն, այլեւ ընդդիմութիւն-ընդդիմութիւն յարաբերութիւններում: Տարիների վարկաբեկումների եւ այլամերժութեան հետեւանքն է այսօրուայ մեծ թերահաւատութիւնը եւ անվստահութիւնը առանց բացառութեան բոլոր քաղաքական ուժերի, ընտրութիւնների եւ առհասարակ քաղաքական գործընթացների նկատմամբ:

Այսպիսի քարոզիչներին յաջողուել է լրջօրէն արմատաւորել հասարակութեան մէջ այն մտայնութիւնը, թէ անվստահելի քաղաքական ուժերի միջոցով, անվստահելի ընտրութիւնների անցկացումը, քաղաքական գործընթացներին մասնակցելը ի սկզ-բանէ ձախողութեան դատապարտուած գործ է: Բայց ձեւաւորած հասարակական կրաւորականութեան հետեւանքում, ոչ թէ դրա <<սերմնացաններն>> են օգտուելու, այլ յոյսի բացակայութիւնը նպաստելու է հերթական հեշտ վերարտադրութեանը:

Արժէ մտածել հետեւեալ հարցի շուրջ. ի՞նչ տարբերութիւն քաղաքական մենաշնորհի յաւակնող ուժը իշխանական դաշտո՞ւմ է գործում, թէ ընդդիմադիր: Նախկին ընդդիմադիր մենաշնորհեալները չէին, որ դարձան մենաշնորհեալ իշխանութիւններ, եւ նոյնը չի՞ լինելու վաղը: Անհանդուրժողութեան ու այլամերժութեան դրօշով իշխանութիւնների փոփոխութեան հետեւանքները մեր աչքի առաջ դեռ շարունակւում են արաբական աշխարհում ու մեր աչքի առաջ տեղի են ունեցել նախկին կոմունիստական ողջ ճամբարում: Որոշակի գործելակերպով ընդդիմադիր ձեռագիրը յետոյ վերածւում է իշխանութեան ձեռագրի: Տեղի է ունենում պայքարի տրամաբանական շարունակութիւն, արդէն իշխանութեան կարգավիճակով՝ պահպանելու համար նոր դիրքերը հին մրցակիցներից:

Այո յաճախ հնարաւոր է զանգուածային հետաքրքրութիւն ա-ռաջացնել նման ամբոխվարական գործելակերպով, բայց <<աննաւ ու անղեկ>> նաւարկումները յետոյ փորձանք են դառնում ուղեւորների համար:

 

Յ.Գ.

Աշնանը Հայաստանում կը սկսուի նախընտրական, ոչ պաշտօնական մրցարշաւը եւ առաւել մեծ կրքով կը հնչեն ժողովրդին միակ նուիրուածը լինելու աղաղակները, կը ծաւալուի կռիւ քաղաքական մենաշնորհի համար: Կը սկսուի աղաղակողների առեւտուրը <<միակ չծախուած հայրենասէր>> ապրանքով: Վերջում վաճառողները կը ստանան փոքր շահոյթ, իսկ գնորդները՝ մեծ հիասթափութիւն:

 

comments

Advertisement