ԼՂՀ Հռչակումը՝ Պատմական Անհրաժեշտութիւն

By Asbarez | Sunday, 04 September 2016



<<ԱԶԱՏ ԱՐՑԱԽ>>

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը 25 տարեկան է:

Արցախցիներն այսօր ազգովի նշում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման 25րդ տարեդարձը: 1991թ. Սեպտեմբերի 2ին ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանին ընդունուեց ԼՂՀ հռչակման մասին Հռչակագիրը: Մեզ  համար պատմական նշանակութեան այդ փաստաթուղթը, ապա եւ նոյն տարուայ Դեկտեմբերի 10ի հանրաքուէին հայկական երկրորդ անկախ պետութեան ստեղծման մասին որոշման ամրապնդումը նոր էջ բացեցին Արցախի բազմադարեայ պատմութեան մէջ: Այսօր՝ այդ յիշարժան տարեթուից քառորդ դար անց, մենք լիիրաւ կարող ենք խօսել մեր պետական ինքնիշխանութեան մասին՝ օժտուած սահմանադրական ամուր հիմքերով եւ արդիւնաւէտօրէն գործող պետական ու ժողովրդավարական ինստիտուտներով, որոնք ապահովում են ԼՂՀ առաջընթաց զարգացումը: Եւ, ինչը չափազանց կարեւոր է, արցախցիներն այդ մասին խօսում են օրինական հպարտութեան զգացումով՝ որպէս իրենց անկախ պետականութեան կրողներ:

Անցած 25 տարիները նշանաւորուել են ոչ միայն ձեռքբերումներով պետականաշինութեան, սոցիալ-տնտեսական եւ մշակութային զարգացման ոլորտներում: Նրանցում անթեղուած են նաեւ ծանրագոյն փորձութիւններ՝ կապուած Ադրբեջանի կողմից ցեղասպանութեան ակտերի իրագործման, նրա կողմից աւերիչ պատերազմի սանձազերծման ու մինչ օրս շարունակուող շրջափակման եւ արմատական հայատեացութեան քաղաքականութեան հետ: Շրջասութեան ենթարկելով Լենինի <<Ցանկացած յեղափոխութիւն միայն այն ժամանակ ինչ-որ բան արժէ, եթէ այն ընդունակ է պաշտպանուել>> քրեստոմատիկ ասոյթը, նրան հետեւելով կրկնենք, որ իւրաքանչիւր պետութիւն էլ միայն այն ժամանակ ինչ-որ բան արժէ, եթէ ունակ է պաշտպանուելու:

Գործունակ ղարաբաղեան պետականութեան ստեղծման ու զարգացման գործընթացն անցնում էր, նաեւ այսօր էլ անցնում է Ադրբեջանի հետ դիմակայութեան չափազանց դժուարին պայմաններում, որը գործնականում դիմում է ցանկացած՝ ներառեալ բացայայտ յանցաւոր միջոցների, մեր հանրապետութեան նորմալ զարգացմանը խոչընդոտելու համար: Պաշտօնական Բաքուի կողմից նախաձեռնուած 1992-94թթ. եւ 2016թ. Ապրիլեան պատերազմներն ամենայն համոզչութեամբ ապացուցեցին, որ արցախցիները յանուն իրենց անկախ պետականութեան պատրաստ են զոհաբերել անգամ կեանքը: Ինչպէս եւ հաստատեցին մէկ այլ բան՝ ԼՂՀ հռչակման պատմական անհրաժեշտութիւնը, ցեղասպան պետութեան կազմում մնալու անհնարինութիւնը, որի իշխանութիւններն այսօր էլ չեն հրաժարուել Լեռնային Ղարաբաղի տարածքի բռնակցման ու նրա հայկական բնակչութեան ոչնչացման գաղափարից: Հայկական երկրորդ պետութեան կենսունակութիւնն անցել է դաժան պատերազմի փորձութեան միջով, եւ հասունութեան այդ ծանրագոյն քննութիւնը պատուով է յանձնել: Յաջողուեց ոչ միայն հակադարձել ռազմական ագրեսիան (յարձակումը-Խմբ.), այլեւ չափազանց ծանր, էքստրեմալ (ծայրայեղ-Խմբ.) պայմաններում շարունակել պետականաշինութեան գործընթացը:

Ընդունելով ԼՂՀ հռչակման մասին Հռչակագիրը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը 1988ին Հայաստանի հետ ինքնավար մարզի վերամիաւորման հարցն է բարձրացրել, գործնականում արմատապէս փոխեց իր ինքնորոշման իրաւունքի իրացման ռազմավարութիւնը: Դա պայմանաւորուած էր այն ժամանակ ստեղծուած բարդ եւ հակասական իրավիճակով՝ կապուած ԽՍՀ Միութեան սպասուող փլուզման հետ, ինչը, բնականաբար, որպէս հրամայական պահանջում էր քաղաքական նոր իրավիճակի օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) գնահատում ու դրան համարժէք որոշման ընդունում: Եւ նման համարժէք որոշում դարձաւ ԼՂՀ հռչակումն ու անկախ պետականութեան ստեղծումը:

Մենք միշտ յատուկ նշում ենք, որ հանրապետութեան հռչակման ընթացակարգը կատարուել էր իրաւաբանօրէն անթերի, բացառապէս իրաւունքի հիման վրայ՝ ինչպէս խորհրդային, այնպէս էլ միջազգային, եւ դա էլ ղարաբաղեան կողմի ծանրակշիռ փաստարկներից մէկն է: Գործնականում ԽՍՀՄ փլուզման գործընթացում Լեռնային Ղարաբաղն իր նախկին ինքնավար կազմաւորման կարգավիճակը բարձրացրեց անկախ պետութեան մակարդակի՝ անցնելով պետականաշինութեան բոլոր փուլերը: Ընդ որում՝ դարձեալ կարեւոր է նշել, որ Լեռնային Ղարաբաղը՝ որպէս խորհրդային ֆեդերատիւ (դաշնակցային-Խմբ.) պետութեան սուբյեկտ (ենթակայ-Խմբ.), դուրս է եկել փլուզուած ԽՍՀՄի, այլ ոչ թէ Ադրբեջանի կազմից, որի մասը նա երբեք չի եղել: Ի դէպ, Ադրբեջանն այդպէս էլ չկարողացաւ իրաւաբանական որեւէ ծանրակշիռ փաստարկ բերել, ինչը կասկածի տակ կը դնէր ԼՂՀ ստեղծման օրինաչափ եւ օրինական լինելը: Չկարողացաւ մէկ պարզ պատճառով՝ նման փաստարկներ բնութեան մէջ պարզապէս գոյութիւն չունեն: Նրա բոլոր այսպէս կոչուած փաստարկներն իրենցից ներկայացնում են մերկապարանոց, պատմական որեւէ փաստերով չամրագրուած պնդումներ առ այն, որ Արցախը պատկանում է իրեն: Ադրբեջանական ԽՍՀն անցեալի գիրկն է անցել, եւ բոլշեւիկների կողմից արհեստականօրէն ստեղծուած ու այժմ գոյութիւն չունեցող պետական կազմաւորման տարածքային ամբողջականութեան վերականգնման հարցը յամառօրէն առաջ քաշելն անհեթեթութիւն է:

Այսօր ԼՂՀն, չնայած միջազգային հանրութեան կողմից չճանաչուած լինելուն, շարունակում է պետական անկախութեան զարգացման գործընթացը, որը վաղուց արդէն անշրջելի բնոյթ է ձեռք բերել: Ներկայումս հանրապետութիւնը կանգնած է սահմանադրական բարեփոխումների շեմին, ինչը եւս մէկ լուրջ քայլ կը հանդիսանայ նրա ինքնիշխանութեան ամրապնդման, հասարակական-քաղաքական կեանքի ժողովրդավարացման ճանապարհին: ԼՂՀ անկախութեան ու պետականութեան համար բարձր գին է վճարուել՝ մեր հազարաւոր հայրենակիցների արեան ու կեանքի գինը, ուստի նրա ներկայ քաղաքացիների, արցախցիների ապագայ սերունդների սրբազան պարտքն է պահպանել 1991թ. Սեպտեմբերին ձեռք բերուած Արցախի ինքնիշխանութիւնը:

 

comments

Advertisement