Ղարաբաղեան Փորձութիւնը

By Asbarez | Thursday, 08 September 2016



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ <<ԴՐՕՇԱԿ>>Ի

 

Հայաստանի առաջին Հանրապետութեան ծնունդը պայմանաւորուած էր Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի յաղթանակներով: Հայաստանի նորանկախ երկրորդ Հանրապետութեան հիմնումը ամրապնդուեց ղարաբաղեան պատերազմում տարած յաղթանակով եւ հայկական երկրորդ պետութեան ծնունդով:

Ղարաբաղի ազատագրումը ոչ միայն հսկայական բարոյահոգեբանական լիցք էր անկախացող Հայաստանի համար, այլեւ ամրապնդեց տարածաշրջանում հայկական գործօնի դերը, անառիկ դարձրեց հայոց արեւելեան սահմանը, տոկոսային ցուցանիշներով չչափուող հսկայական յաւելում արեց մեր զարգացման ներուժի եւ հեռանկարի վրայ:

1988 թուականի Փետրուարին, Ղարաբաղի ազատագրման նպատակով, հրապարակներ դուրս եկած Խորհրդային Հայաստանի եւ ԼՂԻՄի հայութիւնը տանում էին Լենինի ու Գորբաչովի նկարները եւ կարգախօսերում ու ելոյթներում վկայակոչում էին <<սովետական սահմանադրութիւնը>>:  Ժողովուրդը <<բռնել էր>> պետութեան ամենախոցելի տեղից՝ գործող սահմանադրութիւնից եւ բարեփոխումներ հռչակած կայսրութեան նոր առաջնորդին կանգնեցրել էր սահմանադրութիւնը կիրառելու կամ ոտնահարելու փորձութեան առաջ: Մօտ երեք տարի անց, երբ փլուզուեցին խորհրդային սահմանները, <<Լեռնային Ղարաբաղի>> խնդիրը վերածուեց միջազգային հարցի եւ դարձաւ համաշխարհային քաղաքական օրակարգերի ամենաբարդ լուծելի հանգոյցներից մէկը: Ղարաբաղեան թնջուկը, սակայն, չէր բխում եւ չէր ծագել որեւէ գերտէրութեան ցանկութիւնից, հետեւաբար վերջինիս արդարացի քաղաքական լուծմամբ ոչ ոք շահագրգռուած չէր: Բարեբախտաբար այս հանգամանքը ժամանակին հասկացաւ հայութիւնը եւ որոշեց իր հարցը լուծել իր ձեռքով, ընդունելով ակն ընդ ական, ատամ ընդ ատաման մարտահրաւէրը:

Դիմակայութեան առաջին փուլը պատերազմն էր, որտեղ հայկական կողմը ջախջախիչ յաղթանակ տարաւ:

 

comments

Advertisement