Պաշտպանութի՞ւն, Թէ Յարձակում. Վարչապետի Առաջին Պատգամները

By Asbarez | Friday, 23 September 2016

0917tarpinian PM

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

 

Վարչապետի պաշտօնում նշանակուելուց յետոյ Կարէն Կարապետեանի առաջին յայտարարութիւններն ուշագրաւ անորոշութիւն են յարուցել, առաջին հերթին՝ դրանց ոչ միանշանակ լինելու եւ պարունակած տողատակերի պատճառով:

ՀՀԿ ԳՄ նիստում նախագահ Սերժ Սարգսեանը շնորհակալութիւն էր յայտնել նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանին՝ <<տնտեսական կայունութեան, երկիրը արտաքին աշխարհից եկող բացասական ազդեցութիւնների հնարաւոր հետեւանք հանդիսացող ցնցումներից զերծ պահելու, իրականացուող քաղաքականութեան արդիւնքում շատ երկրների համար նախանձելի տնտեսական ցուցանիշներ արձանագրելու համար>>: Միեւնոյն ժամանակ, Աբրահամեանի հեռացումն անուղղակիօրէն բացատրելով բարեփոխումների նոր փուլի պատասխանատուութիւնը կրելու անկարողութեամբ՝ նա նոր վարչապետից հիմնական ակնկալիքը համարել էր վստահութիւն ներշնչող փոփոխութիւնների ալիքն առաջ տանելը՝ շեշտելով դրանց արդիւնաւէտութիւնն ու արագութիւնը: <<Կարեւորը տեմպն է, արագութիւնը եւ արդիւնաւէտութիւնը>>, ասել էր նախագահը:

Երէկ, սակայն, ԱԺում նորանշանակ վարչապետը հասկանալի դարձրեց, որ, մեղմ ասած, իր վրայ դրուող պատասխանատուութեան բեռն աւելի մեծ է, քան թոյլ է տալիս առկայ իրականութիւնը: ԱԺ ամբիոնից եւ լրագրողների հետ ճեպազրոյցում նրա արած յայտարարութիւններից նախ պարզուեց, որ նախորդ կառավարութեան ջանքերով ապահովուած տնտեսական նախանձելի ցուցանիշների տակ իրականում ունենք <<ծանր, շատ ծանր>> վիճակում գտնուող տնտեսութիւն: Պարզուեց նաեւ, որ նոր վարչապետը նման վիճակում գտնուող տնտեսութիւն ժառանգելու  պարագայում չի կարող ապահովել արագ փոփոխութիւններ:

Կարապետեանի այս <<բացայայտումները>>, իրերն իրենց անունով կոչելը, ի հարկէ, առաջին հերթին խօսում է հասարակութեան հետ անկեղծ եւ, ամենակարեւորը, առանց աչքակապութեան հաղորդակցուելու ձգտման մասին: Սակայն չի կարելի չնկատել դրա տակ թաքնուած ինքնապաշտպանութեան մղումը: Եթէ Կարապետեանը ելակետային համարէր բարձր ցուցանիշներով տնտեսութիւն ունենալու այն պատկերը, որը ներկայացնում է քաղաքական իշխանութիւնը, ապա, ուզէր թէ չուզէր, կիսելու էր պատասխանատուութիւնը տնտեսութեան իրական վիճակի չփոփոխման համար: Մինչդեռ՝ այս կերպ նա փորձում է հասկացնել, որ չի պատրաստւում դա անել եւ չի պատրաստւում կարճաժամկէտ հեռանկարում վերածուել հնարաւոր քաւութեան նոխազի:

Նրա ասելիքը շատ պարզ է՝ վիճակն այնքան վատ է, որ որեւէ շուտափոյթ փոփոխութիւն, արագ, շօշափելի արդիւնք տալ չի կարող: Կարապետեանի այս դիրքաւորումը լիովին հասկանալի է: Նոր կառավարութիւնը, իրաւական տեսանկիւնից, ունի գործունէութեան ընդամէնը մի քանի ամսուայ ժամկէտ, որից յետոյ Կարապետեանի՝ որպէս վարչապետ պաշտօնավարելու հարցը կախուած է լինելու ոչ միայն  նոր խորհրդարանում հաստատուելիք ուժերի յարաբերակցութիւնից, այլ նաեւ քաղաքական շախմատի տախտակի առջեւ նստած նախագահի քաղաքական հաշուարկներից ու քայլերից:

Որպէս ինքնապաշտպանութեան միջոց՝ նորանշանակ վարչապետը չի խորշում քննադատել նախորդ կառավարութեանը կամ կառավարութիւններին՝ չնայած ՀՀԿ ԳՄ վերջին նիստում նախագահ Սարգսեանի՝ դրանից զերծ մնալու յորդորներին: Կարապետեանը բաց տեքստով փաստացի ասաց, որ Հայաստանում չեն գործում տնտեսավարման հաւասար պայմաններ, խաղի հաւասար կանոններ, որ հնարաւոր չէ խօսել տնտեսութեան առողջացման մասին՝ առանց ստուերի դէմ պայքարելու: Բացի այդ՝ շատ աւելի խորքային, ենթատեքստային ակնարկներ պարունակող յայտարարութիւն արեց՝ որ յետայսու որեւէ <<յաջողակ>> գործարարից նրա բիզնեսները չեն խլուելու: Ըստ էութեան՝ Կարապետեանը մատնացոյց արեց այն ամենացաւոտ խնդիրները, որոնց մասին նախկին կառավարութիւնները խօսել չէին ցանկանում: Այս իմաստով նա, թերեւս, միտումնաւոր չխօսեց նաեւ տնտեսութեան ծանր վիճակի մէջ լինելու այն օբյեկտիւ պատճառների մասին, որոնց սիրում էր յղում կատարել նախկին վարչապետը: Նոր վարչապետն, ամենայն հաւանականութեամբ, փորձում է հասկացնել, որ դրա սուբյեկտիւ, ներքին պատճառները գուցէ պակաս կարեւոր չեն եղել, քան արտաքին գործօնները:

Կարապետեանի այս քննադատութիւնները, սակայն, պէտք  չէ ընկալել որպէս ՀՀԿին հասցուած ապտակ, թէեւ արդէն իսկ նկատելի է, թէ ինչպիսի տարակուսանք են դրանք առաջացրել իշխանութեան կաբինետներում: Ըստ ամենայնի՝ նա փորձում է քաշել այն գիծը, զրոյական այն վիճակը, որտեղից պէտք է սկսի: Ուզում է ցոյց տալ այն լրջագոյն մարտահրաւէրները, որոնց հետ պէտք է գործ ունենայ՝ իբրեւ վարչապետ, եւ որոնց չյաղթահարումը ոչ միայն դանդաղեցնելու, այլեւ հերթական անգամ արգելակելու է բարեփոխումները, եթէ դրանց յաղթահարման ուղղութեամբ, իր եւ իր կառավարութեան կրէատիւ մօտեցումներից բացի, չցուցաբերուի անհրաժեշտ քաղաքական կամքը: Եւ այս տեսանկիւնից՝ Կարապետեանն ինքն իրեն, հանրային ընկալման առումով, դնում է դոնքիշոտեան ասպետ կամ հայաստանեան <<սուպերմեն>> դառնալու երկընտրանքի առջեւ:

Վարչապետի պաշտօնում Կարապետեանի տուած առաջին յանձնարարականները՝ կապուած գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականութիւնը վերանայելու եւ տնտեսվարողներին, յատկապէս՝ ՓՄՁների համար ԿԱ պետական եկամուտների կոմիտէի կողմից խոչընդոտներ չստեղծելու վերաբերեալ, բնոյթով ոչ միայն, այսպէս ասած, յեղափոխական կամ նորարարական չէին, այլեւ ինչ որ իմաստով նոյնիսկ՝ աւանդական: Դրանցից են սկսում գրեթէ բոլոր նոր վարչապետները: Սակայն պէտք է ենթադրել, որ տրուած յանձնարարականները եւ, առհասարակ, այն ոճը, որով նա տուեց այդ յանձնարարականները եւ սկսեց կառավարութեան նիստը, ուղղուած են երկու տակտիկական խնդրի լուծման: Առաջին՝ հէնց սկզբից ցոյց տալ՝ ով է իրադրութեան տէրը, ցոյց տալ, որ տրամադրուած է վճռական: Երկրորդ՝ որ կարծես չի պատրաստւում գործել կառավարութեան կաբինետում առկայ պորտֆելների յարաբերակցութեան պայմաններում, եւ այստեղ նոր վերաձեւումներ են լինելու: Դրա մասին էր վկայում առաջին հերթին ՊԵԿին տրուած՝ իրաւամբ տարօրինակ յանձնարարականը: Եթէ փորձենք աւելի պարզ ձեւակերպել, ապա նորանշանակ վարչապետը, ըստ էութեան, ՊԵԿին յանձնարարում է գործել ըստ օրէնքի… Դա հասկանալի կարող է լինել մէկ դէպքում՝ եթէ վարչապետը համարում է, որ հարկահաւաքման համակարգը մինչ այս գործել է բոլորովին այլ կանոններով, եւ եթէ փորձում է հասկացնել, որ չի պատրաստւում համակերպուել ո՛չ այդ կանոնների, ո՛չ էլ դրանով առաջնորդուողների գոյութեան հետ: Սա ՊԵԿում կադրային փոփոխութիւնների գնալու՝ գրեթէ անթաքոյց ակնարկ էր:

 

comments

Advertisement