By Asbarez | Friday, 28 October 2016
ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջէյմս Ուորլիքը, միւս համանախագահների հետ Բաքուից եւ Ստեփանակերտից յետոյ ժամանելով Երեւան, ասուլիսի ժամանակ յայտարարել է. <<Նախագահ Ալիեւը քննարկում է բացել ԼՂ կարգավիճակի հարցի վերաբերեալ: Սա մի բան է, որ մենք բոլորս պէտք է ողջունենք: Մենք պէտք է անկեղծ քննարկում ծաւալենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերեալ: Դիրքորոշումները կողմերի միջեւ կարող են նոյնական չլինել, բայց կարեւոր է, որ այս հարցերը հասարակութեան դատին ներկայացուեն ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ ԼՂ բնակչութեան համար: Ես Բաքւում էլ ասացի, այստեղ էլ կը կրկնեմ՝ մենք ողջունում ենք Ալիեւի այդ յայտարարութիւնը ոչ նրա համար, որ դա վերջին խօսքն է, այլ նրա համար, որ նա այս հարցը, այս խնդիրը առաջ է քաշում ու դարձնում քննարկման թեմա>>:
Եթէ Ալիեւն իսկապէս ցանկանար ԼՂ կարգավիճակի որոշման հարցը դարձնել հանրային քննարկման առարկայ, ապա դրա համար արցախցիներին 1988թ. առաջ եղած ստատուս քուոյին վերադառնալու իմպերատիւ (հրամայական-Խմբ.) պահանջ ներկայացնելը, մեղմ ասած, ամենալաւ տարբերակը չէ: Միթէ՞ Ուորլիքն իսկապէս կարծում է, որ Հայաստանում կամ Արցախում որեւէ մէկը քննարկման առարկայ կը դարձնի մի առաջարկ, որը պարզապէս ջնջում է հակամարտութեան՝ անցած գրեթէ 30 տարիները: Այդ դէպքում՝ ո՞ւմ համար է Ալիեւը, ըստ Ուորլիքի, քննարկման դաշտ բացում: Եթէ նա նկատի ունի ադրբեջանցիներին, ապա այդ հարցով քննարկում Ադրբեջանում երբեք չի լինում, նախ՝ որովհետեւ այնտեղ, Ալիեւի կարծիքից բացի, այլ կարծիք պարզապէս գոյութիւն ունենալ չի կարող, երկրորդ՝ ի՞նչը պէտք է քննարկեն ադրբեջանցիները, եթէ Ալիեւը պարզ յայտարարում է, որ ԼՂն առաւելագոյնը կարող է ինքնավար հանրապետութեան կարգավիճակ ունենալ: Այս մօտեցումը խնդրի վերաբերեալ ալիեւեան վարչակարգի նախկին դիրքորոշումից տարբերւում է միայն նրանով, որ ԼՂին ինքնավար մարզի փոխարէն առաջարկւում է ինքնավար հանրապետութեան կարգավիճակ: Ուորլիքի պատկերացմամբ՝ ադրբեջանցիները պէտք է քննարկեն, թէ դրանցից ո՞րն է իրենց համար ընդունելի: Ուղղակի ծիծաղելի է: Եթէ՝ ոչ, ապա ստացւում է, որ այդ հարցի կապակցութեամբ ո՛չ հայկական կողմը քննարկելու առանձնապէս բան ունի, ո՛չ էլ՝ ադրբեջանական: Իսկ եթէ կողմերից ոչ մէկի համար քննարկելու բան չկայ, ապա Ուորլիքը փորձում է պարզագոյն մանիպուլեացիայի (խարդախութեան-Խմբ.) ենթարկել հայաստանեան հասարակութեանը՝ ցանկալին ներկայացնելով իրականութեան տեղ: Իբր՝ տեսէք, քանի որ Ալիեւը սկսել է խօսել Արցախին Ադրբեջանի կազմում ինչ որ ինքնավարութիւն տրամադրելու մասին, ուրեմն նա եւս սկսել է առաջնային համարել ԼՂի կարգավիճակի որոշման անհրաժեշտութիւնը, այսինքն՝ զգալիօրէն մօտեցել է հայկական կողմի ակնկալիքներին: Նման բան, սակայն, կարող էր տեղի ունենալ միայն այն դէպքում, եթէ Ալիեւը 24 տարուայ դիրքորոշումը կրկնելու փոխարէն խօսեր գոնէ արցախցիների ինքնորոշման իրաւունքը յարգելու եւ այդ իրաւունքի իրացման հեռանկարը հնարաւոր համարելու մասին: Քանի դեռ նման յայտարարութիւն Բաքուից չի հնչել, Ուորլիքի կողմից Ալիեւի յայտարարութիւնները ողջունելն այլ կերպ չի կարող մեկնաբանուել, քան Ալիեւին բացայայտ աջակցութեան ցուցաբերում: Որովհետեւ գրեթէ կասկած չկայ, որ Բաքուն յետագայում հէնց Ուորլիքի այս յայտարարութիւնն է վկայակոչելու, որպէսզի տպաւորութիւն ստեղծի, թէ ԵԱՀԿ ՄԽն եւ մասնաւորապէս ԱՄՆը ողջունում են ԼՂն Ադրբեջանին յանձնելու իրենց պահանջը, հետեւաբար՝ Հելսինկեան եզրափակիչ ակտի երեք հանրայայտ սկզբունքներից առաջնայնութիւնը տալիս են պետութեան, տուեալ դէպքում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան պահպանմանը:
Առնուազն տարօրինակ է, որ Ուորլիքը եւ ՄԽ միւս համանախագահողները հէնց այս ուղերձով են ժամանում Երեւան: Սա այն դէպքում, երբ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների հարցը համանախագահները հետեւողականօրէն եւ շատ նրբօրէն փորձում են հանել օրակարգից, թէեւ հէնց դրանց կատարումը պէտք է դառնար մնացած, այդ թւում՝ նաեւ ԼՂ կարգավիճակի հարցի շուրջ ֆունդամենտալ (հիմնական-Խմբ.) բանակցութիւններ վարելու նախապայմանը: Ահա, թէ այդ պայմանաւորուածութիւններն օրակարգից հանելու մօտեցումն ինչպէս է հնչում Ջէյմս Ուորլիքի շուրթերով. <<Քննարկուեց ԵԱՀԿ դիտորդական առաքելութեան ընդլայնման հարցը, գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի ղեկավարութեան ներքոյ համաձայնութիւն կար առաջ ընթանալ Կասպրչիկի առաքելութեան ընդլայնման մասով: Մեր այցի նպատակը այն է, որ մենք որոշ մանրամասների շուրջ յստակեցումներ մտցնենք՝ կապուած այս համաձայնութիւնը կեանքի կոչելու հետ: Միաժամանակ, Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում քննարկում եղաւ բանակցային գործընթացի հետ կապուած յետագայ քայլերի մասին>>:
Յիշեցնենք, որ Վիեննայի գագաթաժողովում պայմանաւորուածութիւնները վերաբերում էին ոչ միայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրշիկի մոնիթորինգային (հսկողութեան-Խմբ.) թիմի ընդլայնմանը, այլ նաեւ հայ-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծի երկայնքով միջադէպերի արձանագրման տեխնիկական միջոցների տեղակայմանը եւ հետաքննութիւնների անցկացմանը՝ առաջին հերթին հրադադարի խախտումները կանխարգելելու, ապա նաեւ խախտում թոյլ տուող կողմի պատասխանատուութիւնն ամրագրելու նպատակով: Հիմա, փաստօրէն, Ուորլիքը խօսում է այս երեք պայմանաւորուածութիւններից ընդամէնը մէկի՝ Կասպրչիկի թիմի ընդլայնման մասին, այն էլ՝ ընդամէնը դրա վերաբերեալ գաղափարները դեռ նոր միայն բանակցելու շրջանակում:
Մինչդեռ՝ Կասպրչիկի թիմի մեծացումը միայն սիմվոլիկ ազդեցութիւն է ունենալու հրադադարի պահպանման վրայ, որովհետեւ ուղղակի հնարաւոր չէ այդ թիմն այնքան մեծացնել, որ կարողանայ վերահսկել շփման գիծն իր ողջ երկարութեամբ, այն էլ՝ ամէնժամեայ ռեժիմով: Իսկ փորձը ցոյց է տալիս, որ նախ՝ պարբերաբար Կասպրչիկի թիմի կողմից սահմանի այս կամ այն կէտում դիտարկում անցկացնելը եւ խախտումներ չարձանագրելու մասին՝ դիտորդների յայտարարութիւնները բացարձակապէս չեն խանգարում դրանից ուղղակի մետրերի հեռաւորութեան վրայ ռազմական գործողութիւնների իրականացմանը: Էլ չենք խօսում այն մասին, որ Կասպրչիկի թիմը չունի խախտում թոյլ տուող կողմին մատնացոյց անելու մանդատ (պաշտօն-Խմբ.): Այսինքն՝ միջնորդները, կենտրոնանալով հրադադարի ռեժիմի պահպանման տեսանկիւնից բացարձակապէս անպէտք այս դետալի վրայ, փորձում են հող նախապատրաստել Հայաստանին տարածքային զիջումների բանակցութիւնների դաշտ ներքաշելու համար: Ահա, թէ ինչու է Ուորլիքը յիշեցնում, որ, բացի այդ պայմանաւորուածութիւններից, Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում քննարկուել է նաեւ <<բանակցային գործընթացի հետ կապուած յետագայ քայլերի>> թեման: Ուորլիքն, այսպիսով, դիվերսիայի (շեղումի-Խմբ.) է ենթարկում հայաստանեան հասարակական կարծիքը՝ փորձելով տողատակով ասել, որ տարածքների զիջման թեմայից հրաժարուել չի լինելու: Մնում է հասկանալ՝ ինչպէ՞ս է հայկական կողմը ետ մղելու այս դիվերսիան:
comments
Կոչ Հայութեան ու Հայրենիքի Իշխանութեան
Ժամանակաւոր Պարտութիւններու Էջը Փակած Ենք
Քաջութեամբ ու Վճռականութեամբ Պիտի Դիմակայենք Մեր Դէմ Ծառացած Մարտահրաւէրները
Australia Live By Armenia Media: Տոքթ. Ստեփան Քրքեաշարեան
Խմբագրական. 1918-2024՝ Սրբազան Պայքարը Կը Շարունակուի
Տէր Ենք Մեր 108 Ամեայ Յանձնառութեան
Զօրակցութեան յայտարարութիւն Ազատ Արցախի Հանրապետութեան
Ազգի ու հայրենիքի մերօրեայ վիճակը օրհասական է, յեղափոխական կամք պէտք է