Ուորլիքը Հեռանում Է Նոր Անորոշութիւններ՝ ԼՂ Հարցում

By Asbarez | Wednesday, 23 November 2016

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

 

0817warlick


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջէյմս Ուորլիքն իր թուիթերեան էջի միջոցով տեղեկացրել է, որ Դեկտեմբերի 31ին՝ պաշտօնավարման ժամկէտի աւարտից յետոյ, հեռանում է համանախագահի պաշտօնից եւ աւարտում դիւանագիտական ծառայութիւնն ու աշխատանքը ԱՄՆ պետդեպարտամենտում: Նա նշել է նաեւ, որ Յունուարից աշխատանքի է անցնելու <> ընկերութիւնում:

ԵԱՀԿ ՄԽում համանախագահների փոփոխութիւնը բնական գործընթաց է: ԱՄՆը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը համանախագահներ են նշանակում երկու կամ երեք տարուայ պաշտօնավարման ժամկէտով: Դա է պատճառը, որ եռանախագահութիւնն անընդհատ համալրւում է նոր անդամներով: Այս տարուայ Հոկտեմբերին, օրինակ, Ֆրանսիայի նախագահի հրամանագրով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակուեց Ստեֆան Վիսկոնտին, ով այդ պաշտօնում փոխարինեց ակտիւ գործուէութեամբ առանձնապէս աչքի չընկած Պիեռ Անդրէին:

Զուտ ընթացակարգային առումով՝ Ուորլիքի հեռանալն արտառոց չէ: Սակայն քաղաքական առումով այն իսկապէս ուշագրաւ է: Նախ՝ համանախագահութիւնից հեռանում է ոչ միայն ՄԽում ԱՄՆի կողմից նշանակուած, այլեւ, առհասարակ, ՄԽ պատմութեան թերեւս ամենաակտիւ, ամենանախաձեռնողական եւ իր գործունէութեան արդիւնքների տեսանկիւնից ամենահակասական դիւանագէտներից մէկը: Ուորլիքն այդ պաշտօնը ստանձնեց 2013թ., երբ ԼՂ հակամարտութան կարգաւորման բանակցային գործընթացն արդէն գտ-նւում էր խոր փակուղում: Նրա գործունէութիւնը համընկաւ այդ հակամարտութեան՝ հրադադարի կնքումից ի վեր թերեւս ամենասուր, դրամատիկ շրջափուլին: Եւ, կամայ թէ ակամայ, նաեւ հէնց նրա ոչ միանշանակ գործունէութիւնը, ի հարկէ, միւս համանախագահների հետ, ի վերջոյ, նպաստեց ապրիլեան պատերազմի բռնկմանը:

Ուորլիքը նոր շունչ հաղորդեց, այսպէս կոչուած, <<մաքոքային>> դիւանագիտութեանը, որը յաճախ դրսեւորւում էր ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափին զուգահեռ՝ անհատական նախաձեռնութիւններով: Այս իմաստով նա կարողացաւ հակակշռել անցած երեք տարիներին հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացը ՄԽ ձեւաչափից հանելու՝ ռուսական նուրբ քաղաքականութեանը:

Այս պրոցեսն ուղեկցւում էր ընդգծուած քարոզչական բաղադրիչով: Ուորլիքի թուիթերեան կանոնաւոր գրառումները վերածուել էին ԼՂ հիմնահարցի կարգաւորման պրոցեսի մասին ամենամատչելի տեղեկատուական աղբիւրի: Եւ նա, միանշանակ, ամենաբաց եւ հրապարակային համանախագահն էր, թէեւ ակնյայտ է, որ այդ հրապարակայնութիւնը նրա մաքոքային դիւանագիտութեան անքակտելի մասն էր: Սկզբից մինչեւ վերջ Ուորլիքը ձգտեց երկխօսութեան պլատֆորմ (հարթակ-Խմբ.) ձեւաւորել հայկական եւ ադրբեջանական կողմերի, յատկապէս՝ հասարակական շրջանակների միջեւ՝ պարբերաբար սադրելով քննարկումներ մերթ մէկ, մերթ միւս կողմի համար կարգաւորման ամենացաւոտ հարցերի շուրջ:  Ուորլիքը բաց տեքստով խօսում էր մի կողմից նախկին ԼՂԻՄին յարակից շրջանները Ադրբեջանին վերադարձնելու անհրաժշտութեան մասին, միւս կողմից՝ բարձրացնում ԼՂ հասարակութեան ինքնորոշման իրաւունքը յարգելու, կարգաւորման հիմնարար սկզբունքները համաձայնեցնելուց յետոյ ԼՂին բանակցութիւնների մէջ ներգրաւելու անհրաժեշտութեան հարցը: Երկու կողմերի նեարդալարերին հարուածելու համար էլ նրան ո՛չ Երեւանում ու Ստեփանակերտում, ո՛չ էլ Բաքւում միարժէք չէին ընկալում կամ ընդունում: Չնայած դրան՝ Ուորլիքը, ի տարբերութիւն միւս երկու համանախագահների, երկու կողմից էլ գտնւում էր սուր քննադատութեան թիրախում՝ դրանից, սակայն, առանձնապէս վատ չզգալով: Մեծ հաշուով՝ Ուորլիքի այս ակտիւ նախաձեռնողական դիւանագիտութիւնն էլ ընդգծեց այս փուլում ինչպէս կարգաւորման հարցում հակամարտող կողմերի՝ ընդհանուր եզրեր գտնելու անպատրաստութիւնը, այնպէս էլ միջնորդների մօտ կողմերի համար նոր, համընդունելի գաղափարների դեֆիցիտը (պակասը-Խմբ.): Այս գործօնները շատ աւելի առարկայական ու շօշափելի են դարձնում նոր պատերազմի հաւանականութիւնը:

Այնքանով, որքանով նախորդ երեք տարիներին հակամարտող կողմերը խնդրի կարգաւորմանը մօտենալու փոխարէն դրանից էլ աւելի են հեռացել, կարելի է փաստել, որ Ուորլիքը, ինչպէս եւ միւս համանախագահները, մեծ հաշուով տապալել է իր առաքելութիւնը՝ ի վերջոյ, պրոցեսը հակամարտութեան կարգաւորումից յանգեցնելով պատերազմի զսպ-ման, սառեցման քաղաքականութեան: Հիմնական պատճառն այն է, որ, չնայած իր հրապարակային գործելաոճին, Ուորլիքը ի վիճակի չեղաւ դուրս գալ այս հակամարտութեան կարգաւորման՝ աւանդոյթի վերածուած՝ կողմերի միջեւ բոլոր հարցերում հաւասարութիւն դնելու, իրավիճակի սրացման դէպքերում կողմերի յստակ պատասխանատուութիւնն ընդգծելու մօտեցման շր-ջանակից: Եւ նաեւ դա աւելի ու աւելի լկտիացրեց Ադրբեջանին՝ անկաշկանդ դարձնելով իրավիճակը նախապատերազմականի հասցնելու առումով: Այս տեսանկիւնից՝ նա ամերիկեան յաջորդ համանախագահին չափազանց վատ ժառանգութիւն է թողնում:

Որքան էլ բնական է Ուորլիքի հեռացումը, այնուամենայնիւ, այն կարող է խորհրդանշել ԼՂ կարգաւորման գործընթացի կարեւոր մի շրջափուլի աւարտը եւ առաւելապէս անորոշութեան շղարշով պարուրուած նորի սկիզբը: Դրա հիմքը կարող է դնել ամերիկեան նոր վարչակազմը՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականութեան նոր ճշգրտումների լոյսի ներքոյ: Որքանո՞վ է Ուորլիքի հեռացումը պայմանաւորուած Թրամփի յաղթանակով, նրա ուղենիշների նկատմամբ դիւանագէտի բացասական տրամադրուածութեամբ, դժուար է ասել: Ուշագրաւ է, սակայն, որ նա որոշել է աշխատանքի անցնել ռուսական ծագմամբ իրաւաբանական հեղինակաւոր բիւրոյում: Թէեւ վերջինս կենտրոններ ունի թէ՛ ԱՄՆում եւ թէ Մեծ Բրիտանիայում, սակայն կենտրոնացած է առաւելաբար յետ-խորհրդային տարածքում բիզնեսին, պետական կառավարման մարմիններին եւ միջազգային կազմակերպութիւններին ու ֆինանսական կառոյցներին ծառայութիւններ մատուցելու վրայ: Ի՞նչ է այնտեղ փնտռում Ուորլիքը, ինչքանո՞վ այն կապ կ՛ունենայ յետխորհրդային տարածքում առկայ հակամարտութիւնների կարգաւորման իրաւաքաղաքական կոնտեքստի (բնաբանի-Խմբ.) հետ, պարզ կը դառնայ, երբ սկսի գործել արդէն նոր կարգավիճակով:

 



comments

Advertisement