Կոնսենսուսով Կամ՝ Առանց Դրա. Ալիեւը Մտադիր Չէ Հրաժարուել Ռազմաշունչ Հռետորաբանութիւնից

By Asbarez | Monday, 23 January 2017

ԱԶԱՏ ԱՐՑԱԽ-Ի ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

 

0121consensus

Նոր՝ 2017 քաղաքական տարուայ սկիզբը նշանաւորուեց Ադրբեջանի նախագահի հերթական ռազմաշունչ յայտարարութեամբ: Յունուարի 10ին ելոյթ ունենալով կառավարութեան նիստին՝ Իլհամ Ալիեւը, անդրադառնալով ԼՂՀի դէմ անցեալ տարուայ իր ապրիլեան ագրեսիային, ռազմատենչ տենդի մէջ յայտարարեց բառացիօրէն հետեւեալը. <<Դա հանդիսանում է մեր պատմական փառապանծ յաղթանակը: Այն եւս մէկ անգամ ցոյց է տալիս, որ մենք ցանկացած պահի կարող ենք հարցը լուծել ռազմական ճանապարհով>>: Առանց մեկնաբանութեան թողնենք Ադրբեջանի ղեկավարի հիւանդագին հակումը՝ չափազանցնելու իր <<պատմական յաղթանակները>>, որոնք կայանում են ապրիլեան արկածախնդրութեան ընթացքում ընդամէնը մի քանի հարիւր հեկտար գրաւելու մէջ, որ նրանց կողմից նոյն այդ նիստին ներկայացուեց որպէս հազարաւոր հեկտարներ: <<Անյաղ>>չ զինուորի յոխորտանք յիշեցնող նման յայտարարութիւնը կարող է միայն հեգնական ժպիտ յարուցել, քանի որ աւելի քան ակնյայտ է, որ ապրիլեան ագրեսիայի նպատակն ամէնեւին էլ մի քանի հարիւր հեկտար անապատային տարածքներ գրաւելը չէր, այլ ԼՂՀի՝ որպէս անկախ պետութեան ոչնչացումը. այդ նպատակին հասնել չյաջողուեց: Ու թէեւ շատերի համար Ալիեւի անվերջ ռազմաշունչ սպառնալիքները վաղուց են սովորական դարձել, նման ուղղուածութեան նրա յիշեալ գոհարն ուշադրութիւն է գրաւում նրանով, որ այն հնչեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յայտարարութեան անմիջապէս յաջորդ օրը:

Ալիեւը, որի ռեժիմը վաղուց արդէն յանդգնաբար ժխտում է միջազգային իրաւունքի նորմերն ու սկզբունքները, հերթական անգամ ցուցադրեց միջազգային միջնորդների՝ հրադադարի պահպանման ռեժիմին խստօրէն հետեւելու եւ հիմնախնդրի լուծումը բացառապէս բանակցութիւնների սեղանի շուրջ փնտռելու կոչերի հանդէպ իր քամահրալից վերաբերմունքը: Սակայն Ալիեւի այդօրինակ պահուածքը կարելի է նաեւ հէնց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ոչ հետեւողական դիրքորոշման արդիւնքը համարել, ովքեր իրենց կողմից սխալ հասկացուող կեղծ հաւասարութիւն պահպանելու՝ արդէն <<ոչ բարի աւանդոյ>>չ դարձած սովորութեամբ, պարզապէս արձակում են ագրեսորի ձեռքերը: Մինսկի խմբի ուշացումով արուած յիշեալ յայտարարութիւնը՝ կապուած հայ-ադրբեջանական սահմանին Չինարի գիւղի մօտ տեղի ունեցած միջադէպի հետ, որի արդիւնքում զոհուեցին երեք հայ զինծառայողներ, ադեկուատ (ճիշդ-Խմբ.) մտածող մարդու մօտ առնուազն զարմանք է առաջացնում՝ իր բացայայտ կանխակալ բնոյթի պատճառով, միեւնոյն ժամանակ՝ էյֆորիա (բարեկրութիւն, տրամադրութեան անբնական բարձրացում-Խմբ.), իր անպատժելիութեան մէջ համոզուած ադրբեջանական կողմի մօտ: Չէ՞ որ միջազգային միջնորդների նմանատիպ, ուղղակիօրէն ասենք, կոնֆորմիստական (համակերող) արձագանգն Ադրբեջանի՝ ոչ միայն հրադադարի ռեժիմի, այլեւ 1994թ. կրակի դադարեցման մասին անժամկէտ համաձայնագրի խախտողի կողմից ընկալւում է որպէս հանդուրժողականութիւն իր սադրիչ գործողութիւնների նկատմամբ: Ալիեւի վերջին յայտարարութիւնն այն մասին, թէ <<մենք ցանկացած պահի կարող ենք հարցը լուծել ռազմական ճանապարհով>>, դրա վառ վկայութիւնն է:

Ստեղծուած պայմաններում արդէն ժամանակն է, որ  Մինսկի խմբի համանախագահները դադարեցնեն ոչինչ չնշանակող ամորֆ (անկերպարանք-Խմբ.) յայտարարութիւնների շարքը եւ հասցէական գնահատականներ տան: Այս տեսանկիւնից, անկասկած, ուշադրութեան է արժանի Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի՝ Երեքշաբթի օրը Մոսկուայում տեղի ունեցած մամուլի ասուլիսին արուած յայտարարութիւնը: Ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցին՝ կապուած Լեռնային Ղարաբաղում Բաքուի ռազմական գործողութիւնների դէպքում Մոսկուայի դիրքորոշման հետ, Սերգէյ Լաւրովն ամենայն որոշակիութեամբ ասաց. <<Դա արդէն ինչ որ վերացական մի բան չէ, դա լեռնայինղարաբաղեան հակամարտութեան առնչութեամբ բացառապէս Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող թեմա չէ>>: Ընդսմին, նախարարն ընդգծեց, որ տարածքների հարցը պէտք է լուծուի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի պարտադիր որոշման պարագայում: Կարելի է ասել՝ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի խօսքերն Ալիեւին ուղղուած վիրտուալ պատասխան էին ու վերջինիս համար պէտք է իւրատեսակ սառը ցնցուղ դառնային՝ կոչուած սառեցնելու նրա ռազմատենչ կրքերը:

Լաւրովի յայտարարութիւնն, իրօք, կարեւոր է, քանի որ այն ուղղակիօրէն, առանց որեւէ <<դիւանագիտութեան>> Ալիեւին յիշեցնում է, որ ղարաբաղեան հիմնախնդրի լուծման հարցում նա օժտուած չէ մենաշնորհով: Իսկ նշանակում է՝ հերթական ռազմական արկածախնդրութիւն նրան թոյլ չի տրուի: Կարծում ենք, Սերգէյ Լաւրովը, ի հաւաստումն իր խօսքերի, յիշեցրեց նաեւ այն, որ <<գոյութիւն ունի լուծումների մի ամբողջ շարք, որոնք ընդունուել են ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի կողմից հակամարտութեան թէժ շրջանում եւ պահանջում էին կրակի դադարեցում: Եթէ դիմելու լինենք արխիւներին, կարելի է տեսնել, թէ կրակի անյապաղ դադարեցման մասին այդ պահանջներին ինչպէս էին հետեւում, ով էր հետեւում եւ ով չէր հետեւում>>:

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը փակագծերը չբացեց ու մատնացոյց չարեց ՄԱԿի ԱԽ որոշումների իրական խախտողին: Բայց դա աւելի վաղ արել էր 1992-1996թթ. ռուսաստանեան միջնորդական առաքելութեան ղեկավար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը. <<Ռուսաստանի եւ ԵԱՀԿ ՄԽի կողմից մօտ 20 խաղաղ նախաձեռնութիւններ են եղել, բայց Ադրբեջանական Հանրապետութիւնն աւելի քան երկու տարի հրաժարւում էր կրակի բացարձակ դադարեցումից ու խախտում պայմանաւորուածութիւնները՝ ջանալով հակամարտութիւնը լուծել ուժով: Ինչը ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի՝ ռազմական գործողութիւններն ու թշնամական քայլերն անյապաղ դադարեցնելու առանցքային պահանջի բացայայտ քամահրում է>>: Ադրբեջանը եւ այսօր՝ աւելի քան 20 տարի անց, շարունակում է միջազգային որոշումները սաբոտաժի (խափանումի-Խմբ.) ենթարկելու քաղաքականութիւնը, մասնաւորապէս՝ վիեննեան եւ սանկտպետերբուրգեան անցեալ տարուայ պայմանաւորուածութիւնները, որոնք նախատեսում են կողմերի շփման գծում վերահսկողութեան մեխանիզմի ներդնում, եւ դրա մէջ շահագրգռուած չէ միայն Բաքուն: Ի դէպ, միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ստեղծման եւ անմիջապէս շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թուի աւելացման անհրաժեշտութեան մասին իր մամուլի ասուլիսին խօսեց նաեւ Սերգէյ Լաւրովը: Սակայն վերապահում արեց, թէ <<նման անհրաժեշտութիւնը դեռեւս չի կարող կեանքի կոչուել, քանի որ ԵԱՀԿի ներսում կոնսենսուսը (համախոհութիւնը-Խմբ.) դեռ բացակայում է>>:

Թէ ով է խոչընդոտում կոնսենսուսին, կարծում ենք, դժուար չէ կռահել:

 



comments

Advertisement