Ինչի՞ Մասին Են Խօսում Ընտրութիւնների Արդիւնքները

By Asbarez | Tuesday, 04 April 2017



Կենտրոնական Ընտրական յանձնաժողովը (ԿԸՅ) հրապարակեց Ազգային ժողովի ընտրութիւնների նախնական արդիւնքները: 6րդ գումարման ԱԺն կազմուած կը լինի 4 քաղաքական ուժերից՝ ՀՀԿ, ՀՅԴ կուսակցութիւններ, <<Ծառուկեան>> եւ <<Ելք>> դաշինքներ: Այս ուժերի վերջնական դասաւորութիւնն ԱԺում պարզ կը դառնայ առաջիկայում՝ ընտրական օրէնսգրքով սահմանուած կարգով կատարուելիք մաթեմատիկական հաշուարկներից: Այսուհանդերձ, Ապրիլի 2ին կայացած ընտրութիւնները եւ արձանագրուած արդիւնքները թոյլ են տալիս անելու մի քանի դիտարկում:

  1. Արդարացուեցին սպասելիքները ընտրական նոր համակարգից այն մասով, որ զգալիօրէն նուազեցուել են ընտրատեղամասում նախկինում արձանագրուող ընտրախախտումները՝ կապուած լցոնումների, կրկնաքուէարկութիւնների, մահացածների եւ արտերկրում գտնուողների փոխարէն քուէարկելու հետ: Այս կեղծարարական մեխանիզմների գործադրման չէզոքացումը փոքրացրել է նաեւ ընտրատարածքներում եւ դրանց յարակից տարածքներում արձանագրուող բռնութիւնների, բախումների շրջանակը: Ընտրախախտումների ծանրութեան կենտրոնը ընտրական իրաւական համակարգից տեղափոխուել է ընտրական մշակոյթի ու աւանդոյթների՝ այս պահին անվերահսկելի թուացող եւ հէնց դրանով երկարաժամկէտ կտրուածքով վտանգաւոր տարածութիւն:
  2. Նոր ընտրական համակարգը չյանգեցրեց քուէարկութեանը մասնակցող ընտրողների թուի էական փոփոխութեան, ինչի անխուսափելիութեան մէջ համոզուած էր քաղաքական ուժերի մեծ մասը: Եթէ 2012թ. ընտրութիւններին մասնակցել էր ընտրողների մօտ 62.5 տոկոսը, այս անգամ նրանց թիւը գրեթէ 61 տոկոս էր. տարբերութիւնն ակնյայտօրէն մեծ չէ: Բայց սա ոչ թէ ընտրութիւններին չմասնակցածների փոխարէն քուէարկելու արդիւնք էր, այլ՝ իրական ընտրողների մասնակցութեան աննախադէպ մեծ չափի: Եթէ նկատի ունենանք ոստիկանութեան այն հաւաստիացումը, որ 2.5 միլիոն ընտրողների թիւը ներառում է նաեւ Հայաստանից դուրս գտնուող քաղաքացիներին, ապա պարզ է դառնում, որ ԱԺ այս ընտրութիւններին մասնակցել է Հայաստանում գտնուող ընտրողների մօտաւորապէս 70-80 տոկոսը: Համացանցում եւ հեռուստատեսութեամբ ցուցադրուող տեսանիւթերից պարզ երեւում էր, որ ընտրատեղամասեր քուէարկութեան էին գալիս նոյնիսկ գրեթէ շարժուել չկարողացող, զառամեալ ծերունիները, հաշմանդամները:
  3. Նման ցուցանիշը պայմանաւորուած է ընտրողների հաւաքագրման, ցուցակագրման, մոբիլիզացման (զօրաշարժի ենթարկուելուն-Խմբ.), նիւթական շահագրգռմամբ ուղղորդման նպատակով ֆինանսական եւ վարչական հսկայական ռեսուրսների տիրապետող մասսայական կուսակցութիւնների, հիմնականում՝ ՀՀԿի ռէյտինգային թեկնածուների շտաբների իրականացրած աննախադէպ ագրեսիւ աշխատանքով: Ոչ երկրորդական դեր է կատարել նաեւ ընտրակաշառքը, սակայն, ինչպէս լինում է միշտ, քանի դեռ չկայ արձանագրուած փաստ, որեւէ մէկին դրանում մեղադրել գործնականում հնարաւոր չէ: Հաւաքագրումն առաւել վայրի դրսեւորումներ է ունեցել մարզային աւելի քիչ վերահսկուող կամ չվերահսկուող գիւղական համայնքներում, ինչի վկայութիւնն էր բազմաթիւ համայնքների՝ հրապարակուած արդիւնքներով ՀՀԿի օգտին տրուած մօտ 70-80 տոկոս քուէն: Ամէն դէպքում՝ անհատական բարձր ցուցանիշներ արձանագրելու, թիմի ներսում առաւելագոյն արդիւնքներ ունենալով՝ ԱԺ անցնելու հնարաւորութիւն ձեռք բերելու՝  ռէյտինգայինների ներքին մրցակցութիւնն ամենամեծ ծառայութիւնը մատուցեց նրանց առաջադրած կուսակցութիւններին: Կարելի է համարձակ ասել, որ ԱԺ ընտրութունների այսպիսի պատկերը, ՀՀԿի տարած յաղթանակը մեծ չափով ապահովեցին հէնց ռէյտինգային թեկնածուները՝ համամասնական ընտրութիւնները գործնականում վերածելով անհատների ընտրութեան: Այս ընտրութիւններով հաստատուեց ընտրողների խոցելիութիւնը, անպաշտպանութիւնը ապաքաղաքական, հիմնականում՝ հոգեբանական ճնշման ներգործութեան վրայ հիմնուած տեխնոլոգիաների առջեւ: Այս հարցը դառնում է ներքաղաքական օրակարգի ամենահրատապ խնդիրը: Ընտրութիւնների վրայ ռէյտինգային թեկնածուների ունեցած հսկայական, համամասնական ընտրակարգի տրամաբանութիւնից դուրս եկող ազդեցութիւնը փաստում է, որ ընտրական օրէնսգիրքն ունի լրջագոյն վերանայումների կարիք:
  4. ՀՀԿի այս յաղթանակը ցոյց տուեց, որ իշխող կուսակցութիւնը վերահսկում է իրավիճակը, եւ ընտրութիւններից առաջ ներքին վերափոխումների որոշակի ցնցումներն էական ազդեցութիւն չեն թողել թիմի մոբիլութեան (շարժունութեան-Խմբ.), միասնականութեան վրայ: ՀՀԿի յաջողութեան երկրորդ գրաւականը վարչապետ Կարէն Կարապետեանի անհատական բարձր վարկանիշն էր: Արդիւնքների վրայ նրա վարկանիշի զգալի ազդեցութիւնն ամրապնդում է Կարապետեանի դիրքերը ՀՀԿում, թոյլ տալիս նրան պահպանել ՀՀԿ էլիտայի (ընտրանիի-Խմբ.) որակական փոփոխութեան կուրսը: Սակայն ռէյտինգային թեկնածուների հզօր ազդեցութիւնը հաստատում է, որ այդ բարեփոխման ճանապարհին ամենամեծ մարտահրաւէրը շարունակելու է մնալ օլիգարխիայի հնարաւոր ուժեղ դիմադրութիւնը: Կարապետեանի կառավարութիւնն իր ծրագրերն իրականացնելիս անգամ մեծագոյն ցանկութեան դէպքում չի կարող հաշուի չառնել ԱԺ մեծամասնութեան մէջ նրանց տեսակարար կշիռը:
  5. ՀՅԴի եւ <<Ելք>>ի՝ ԱԺ անցնելը, որքան էլ համեստ ցուցանիշներով, որակ է հաղորդելու նոր ԱԺին՝ մեծացնելով նրա քաղաքական դերը: Եթէ ՀՅԴի վարքագիծը պառլամենտում կանխատեսելի է՝ հաշուի առնելով նախորդ տարիների նրա փորձը, ապա <<Ելք>>ի երիտասարդ ներուժը, կրէատիւ (ստեղծագործ-Խմբ.) մտածողութիւնը, նախաձեռնողականութիւնը նոր շունչ են հաղորդելու պառլամենտին: ՀՅԴին ԱԺ բերեց նրա կայուն, վստահելի եւ արժէքաւոր ընտրազանգուածը, ինչպէս նաեւ հաշուետուողականութեան վրայ խարսխուած ընտրարշաւը: <<Ելք>>ը՝ որպէս քաղաքական միաւոր, նախընտրական պրոցեսի (գործընթացի-Խմբ.) արգասիք է, եւ գոյութեան կարճ ժամանակահատուածի համեմատ, թիմային կազմակերպուած աշխատանքի, որոշումների կայացման ժողովրդավարական մեխանիզմների կիրառման եւ հետաքրքիր ու ագրեսիւ քարոզարշաւի շնորհիւ արձանագրած նրա արդիւնքը փոքր չպէտք է համարել: <<Ելք>>ը ԱԺում կը ներկայացնի, այսպէս կոչուած, արեւմտեան վեկտորը եւ կը նպաստի քաղաքական մշակոյթի ձեւաւորմանը:
  6. ԱԺ չանցան 5րդ գումարման ուժերից երեքը՝ <<Ժառանգութիւնը>>, ՕԵԿը՝ վերափոխուած ՀՎԿի, եւ ՀԱԿը: Հասարակութիւնը, ի դէմս նրանց,  մերժեց անուղղելի, անբովանդակ պոպուլիզմը, քաղաքական անկայունութիւնն ու ծայրայեղականութիւնը եւ ԼՂ հարցում անհամաչափ զիջողականութիւնը: ՀԱԿը տապալեց ԼՂ հարցով <<Խաղաղութիւն տարածքների դիմաց>> բանաձեւի <<հանրաքուէն>>: Սա կարեւոր ուղերձ է միջազգային հանրութեանը եւ Ադրբեջանին: Կարելի է ասել, որ ՀՀՇի, ՕԵԿի, Կոմկուսի դարաշրջանն աւարտուեց: Ցաւալի է, որ ջախջախիչ պարտութիւն կրեց, ընդհանուր առմամբ, լիբերալ դաշտը: Սպասելի, բայց ամէն դէպքում ցաւալի էր <<Ազատ դեմոկրատներ>>ի պարտութիւնը, որի հիմնական պատճառը, թերեւս, յստակ արեւմտամէտ օրիենտացիան (արեւելում-Խմբ.) էր: Սակայն ԱԺն զրկուեց այդ կուսակցութեան մէջ ընդգրկուած փորձագիտական, մտաւորական լուրջ, արժէքաւոր շրջանակից:

 

comments

Advertisement