Շառաչուն Ապտակ՝ Զիջողականութեանը

By Asbarez | Tuesday, 04 April 2017

0403slaplevon

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Ապրիլեան քառօրեայ պատերազմը ողջ հայութեան համար առաւել առարկայական դարձրեց դեռեւս չլուծուած ԼՂ հիմնախնդիրը:

Քառօրեայ պատերազմից յետոյ, տրամաբանօրէն աւելի ակտիւացաւ պատերազմի աւարտի մասին քննարկումը՝ առաջացնելով հակամարտութեան լուծումների իրատեսական ճանապարհների որոնման կարեւոր քննարկում՝ ե՛ւ հայ հասարակութեան մօտ ընդհանրապէս, ե՛ւ հայաստանեան քաղաքական էլիտայում՝ յատկապէս:

Ակնյայտ էր, որ կամայ, թէ ակամայ այս քննարկումը տեղափոխուելու է ՀՀ ԱԺի 2017 թուականի ընտրութիւններ՝ դառնալով նախընտրական քննարկումների հիմնական ու առանցքային թեմաներից մէկը: Մանաւանդ որ՝ ասպարէզում էր ցանկացած գնով, այսպէս կոչուած <<Խաղաղութեան, հաշտութեան, բարիդրացիութեան>> կուսակցութիւնը, յանձինս ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի:

Լեւոն Տէր Պետրոսեանի եւ նրա գլխաւորած <<Կոնգրես-ՀԺԿ>> դաշինքի տրամաբանութիւնը հետեւեալն էր. երկարաժամկէտ կտրուածքով Հայաստանն Ադրբեջանի հետ ուժային հաւասարակշռութիւնն իր օգտին փոխելու հնարաւորութիւն չունի, իսկ դա անիմաստ է դարձնում հակամարտութեան շարունակելն ու առկայ <<ստատուս քուո>>ի պահպանումը, որն էլ ըստ նրանց՝ ենթադրում է մարդկային եւ տնտեսական հնարաւորութիւնների կորուստ՝ հարեւանների հետ թշնամական յարաբերութիւնների պատճառով:

Պարզ լեզուով՝ Լեւոն Տէր Պետրոսեանն ու նրա թիմակիցները կոչ էին անում լինել <<իրատես>> եւ Ղարաբաղում զիջումների միջոցով հասնել խաղաղութեան:

Նրանց կարծիքով՝ անհրաժեշտ էր, որպէսզի առաջին քայլ անի հայկական կողմն ու յանձնի տարածքներ, որն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կ՛ընկալուի որպէս խաղաղութեան ազդանշան: Արդիւնքում, նրանք կը հրաժարուեն Հայաստանին մեկուսացնելու քաղաքականութիւնից, կը վերանայեն Հայաստանի շրջափակաման քաղաքականութիւնն ու կը բացեն փակ սահմանները, ինչն էլ կ՛ապահովի Հայաստանի զարգացումն ու կը վերացնի առկայ բոլոր խնդիրները:

Արցախեան հիմնախնդրի լուծումը ՀԱԿ-ՀԺԿականները տեսնում էին ցանկացած գնով եւ անվերապահօրէն հակառակորդի հետ հաշտութեան մէջ: Նրանք փորձում էին հասարակութեան վախեցնել այն բանով, որ եթէ հայկական կողմը հիմա չգնայ կարգաւորման (կարդացէք միակողմանի զիջումների-Ա.Շ.), ապա վաղը նրան աւելի վատ տարբերակ կը պարտադրուի:

Թեզ, որը Լեւոն Տէր Պետրոսեանն առաջ էր քաշել դեռեւս իր նախագահութեան օրօք՝ 1997-98 թուականներին, որն էլ միանշնակօրէն մերժուել էր հասարակութեան կողմից՝ դառնալով նրա հրաժարականի պատճառը:

<<Խաղաղութին>>՝ ցանկացած գնով մոլուցքով տարուած ԼՏՊն ու իր թիմակիցները սակայն մոռացութեան էին տուել մի պարզ ճշմարտութիւն. հայաստանեան հասարակութիւնը դեռեւս մէկ տարի առաջ էր տուել իրեն կապիտուլացիայի ենթարկել ցանկացող թշանամու պատասխանը:

Ապրիլեան քառօրեայ պատերազմում ադրբեջնական հասարակութեան նկատմամբ յաղթանակ տարած հասրակութեանն անհնար էր պարպել յաղթողի հոգեբանութիւնից՝ նրան ստիպելով համակերպուել նուաստացուցիչ պայմաններով միակողմանի զիջումների հետ՝ յանուն ինչ-որ երեւակայական խաղաղութեան մշուշոտ հեռնկարի: Սա հէնց այն էր, ինչ հաշուի չէին առել Տէր Պետրոսեանն ու նրա թիմակիցները:

Պէտք է նշել, որ հայկական քաղաքական արենայում (կրկէսին մէջ-Խմբ.) չկայ որեւէ քաղաքական ուժ, որը չի գիտակցում, որ այս հակամարտութիւնը երբեւիցէ պէտք է կարգաւորել փոխզիջումային տարբերակով: Աւելի որոշակի՝ հայկական քաղաքական իրականութիւնում չկայ պատերազմի կուսակցութիւն:

Բայց հայ հասարակութեան պատկերացրած փոխզիջումային տարբերակն այն չէ, որը պատկերացնում է, եւ որի մասին խօսում է Լեւոն Տէր Պետրոսեանն արդէն 20 տարի շարունակ:

Ապրիլի 2ին կայացած ընտրութիւնների արդիւնքները դրա վառ ապացոյցն էին, ընտրողների հերթական շառաչուն ապտակը՝ պարտուողական հոգեբանութեանը:

Որոշակիօրէն, ԼՂ հակամարտութեան կտրուածքով, ժողովուրդն ասաց իր խօսքը, կատարեց իր ընտրութիւնը: Հերթն հիմա խորհրդարան անցած քաղաքական ուժերինն է: ՀՀ նոր սահմանադրութեան արդիւնքում ստեղծուել է բացառիկ հնարաւորութիւն ապահովելու Հայաստանի կառավարման մոդելի անցումը ժողովրդավարական, իրաւական եւ արդիւնաւէտ քաղաքական համակարգի՝ արագացնելով եւ երաշխաւորելով Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների եւ զարգացման ընթացքը:

Սա առանցքային նշանակութիւն ունի հայ հասարակութեան մօտ Հայաստանի ապագայի նկատմամբ յոռետեսական տրամադրութիւնները մէկ ընդ միշտ բացառելու՝ երկրի զարգացումն ու բարգաւաճումը թշնամուն միակողմանի զիջումներ անելու մէջ տեսնելու ձախաւեր մտայնութիւնը:

 


comments

Advertisement