ՀՅԴ. Հին Կուսակցութեան Նոր Խմբակցութիւնը

By Panorama.am | Tuesday, 04 April 2017

Ավարտվեցին նոր Սահմանադրությամբ անցկացվող ՀՀ առաջին համապետական ընտրությունները, և Հայաստանի ամենահին կուսակցությունը հերթական անգամ կարողացավ հաղթահարել նվազագույն շեմն՝ իր տեղն ապահովելով ՀՀ 6-րդ գումարման խորհրդարանում:

Ստանալով 103,173 ձայն, որը կազմում է ընդհանուր քվեների 6,58 տոկոսը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ենթադրաբար կստանա 7 պատգամավորական մանդատ:

Հաշվի առնելով նոր ընտրական օրենսգրքով նախատեսված կարգը՝ ամենայն հավանականությամբ առաջին 4 մանդատները կստանան ՀՅԴ-ի համապետական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված անձինք:

Նկատի ունենալով ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև հնարավոր կոալիցիա ձևավորվելու հեռանկարը՝ կարելի է ենթադրել, որ ՀՅԴ-ի ցուցակում 2-րդ և 5-րդ համարները զբաղեցնող Դավիթ Լոքյանն ու Լևոն Մկրտչյանը չեն լինի խորհրդարանում, փոխարենը զբաղված կլինեն կառավարությունում: Հետևաբար 6-րդ գումարման ԱԺ-ում Դաշնակցության առաջին 4 մանդատները կարող են ստանալ   Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմենուհի Կյուրեղյանը և ՀՅԴ խմբակցության գործող պատգամավոր Արմեն Բաբայանը, ով ցուցակում 7-րդն է:

Այն ընտրատարածքները, որտեղ ՀՅԴ-ն ստացել է ամենամեծ թվով ձայներ, կորոշեն, թե ում են բաժին հասնելու խմբակցության մյուս 3 մանդատները.

Ըստ որում՝ Դաշնակցությունն ամենաշատ քվեներ ստացել է Շիրակի մարզն ընդգրկող 11-րդ ընտրատարածքում՝ 11,945 ձայն, Արմավիրի մարզն ընդգրկող 6-րդ ընտրատարածքում՝ 11,110 ձայն, և Տավուշի մարզն ընդգրկող 13-րդ ընտրատարածքում՝ 9095 ձայն:

Այս ընտրատարածքներում Դաշնակցության համար ամենաշատ ձայներ են հավաքել Ռոմիկ Մանուկյանը (11-րդ ընտրատարածք)՝ 3100 ձայն, Անդրանիկ Կարապետյանը (6-րդ ընտրատարածք)՝ 2972 ձայն, և Սուրեն Մանուկյանը (13-րդ ընտրատարածք), ով ստացել է 5274  ձայն՝ դառնալով Դաշնակցության ամենաշատ քվե ստացած վարկանիշային թեկնածուն բոլոր ընտրատարածքներում:

Այսպիսով, նոր խորհրդարանում Հայ Յեղափոխական Դաշնակցության նոր խմբակցության հավանական պատգամավորները կլինեն Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Արմեն Բաբայանը, Ռոմիկ Մանուկյանը, Անդրանիկ Կարապետյանը և Սուրեն Մանուկյանը:

Հաշվի առնելով, թե ովքեր են լինելու ՀՅԴ նոր խմբակցության պատգամավորները, կարելի է ենթադրել, որ քաղաքական դաշտում կուսակցության դիրքավորման սկզբունքների մեջ առաջիկայում առանձնահատուկ փոփոխություններ չարժի սպասել: Բայցևայնպես, անգամ առանց ակնհայտ փոփոխությունների՝ Դաշնակցությունը կարողացել է վարկանիշի էական աճ գրանցել:

Եթե համեմատենք 2012թ-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հետ, ապա ՀՅԴ-ն այս ընտրություններում գրանցեց բարելավված արդյունքներ թե՛ խորհրդարանում ստացած մանդատների թվի հարցում, և թե՛ ստացած բացարձակ ձայների հարցում:

Այսպես՝ 2012թ-ին ՀՅԴ-ի օգտին քվեարկել էր 85,550 քաղաքացի կամ ընտրություններին մասնակցածների 5, 67 տոկոսը, մինչդեռ այս ընտրություններին Դաշնակցությանը ձայն է տվել 103,173 քաղաքացի կամ քվեարկածների 6,58 տոկոսը:

Տարբեր ընտրատարածքներում ՀՅԴ-ի վարկանիշային թեկնածուների հավաքած ձայների համեմատությունը ցույց է տալիս նաև, որ Դաշնակցությունը չի հիմնվել մեկ կամ մի քանի առանցքային թեկնածուների ստացած քվեների կամ վարկանիշի վրա, այլ ապահովել է  բալանսավորված ընտրազանգված՝ ստանալով ձայներ երկրի ամբողջ տարածքից:

 

Վերլուծեց Դանիել Շահումյանը

 


comments

Advertisement