ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ. Շարլ Ազնաւուրը Եւ Մենք

By ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ - Asbarez | Monday, 05 December 2011

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

 

1964 թուական։ Վլադիլէն Բալեանը նոր է նշանակուել Հայֆիլհարմոնիայի տնօրէն, եւ ահա, խնդրեմ, չափազանց պատասխանատու մի համերգ. Շարլ Ազնաւուրն է գալիս Երեւան։ Թէեւ երգիչը հազիւ տասը տարի է, որ անուն է հանել ֆրանսիական երգի արքաների կողքին, սակայն նրա մասին խօսում են ամենուր։ Անմասն չէ այդ ամէնից Հայաստանը։ Երիտասարդ սերունդը խելագարւում է  երգչի համար։

Հայֆիլհարմոնիայի համերգային Մեծ դահլիճ, հազիւ 1400 նստատեղ եւ մի ամբողջ կէս միլիոնանոց մայրաքաղաք։ Եղած-չեղածն էլ մէկ համերգ է։ Դէ արի, խեղճ Բալեան, այս ամէնի տակից դուրս արի։

Վստահ էինք, որ տոմսակները սպառելու «պարտականութիւնն» իր վրայ էր վերցնելու կուսակցական Կենտրոնական կոմիտէն եւ շատ քիչ թուով տոմսակներ էին տոմսարկղում վաճառուելու։ Համերգի օրը ռադիոյի տեխնիկական բաժնի աշխատողները առաւօտեան կանուխ գնում են Մեծ դահլիճ՝ միկրոֆոնները տեղադրելու՝ Ազնաւուրի համերգը ռադիոյով սփռելու համար։ Համերգից մի քանի ժամ առաջ երգիչը գալիս է սրահ փորձի եւ միկրոֆոնների ձայնի որակը ստուգելու։ Տեսնելով, որ մեր ռադիոյի աշխատողները միկրոֆոններ են տեղադրում բեմի տարբեր կողմերում, անակնկալի եկած երգիչը մի քանի անյարգալից խօսքեր է ասում մեր աշխատողներին եւ  դուրս է վռնդում նրանց եւ արգելում եթեր սփռել իր համերգը։

Լուրը հասնում է ինձ։ Որպէս ֆոնդային ձայնագրութիւնների պատասխանատու, փորձում եմ ինքս գնալ եւ փորձել «լեզու գտնել» անուանի երգչի հետ։ Արագօրէն ինձ գցում եմ ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ։ Արտիստական մուտքին հնարաւոր չէ մօտենալ։ Հիմնականում երիտասարդներով խճողուած փոքր հրապարակում ասեղ գցելու տեղ չկայ։

Հեռուից նկատեցի, որ դռան առջեւում է Գենա անունով արուեստագէտներին յայտնի, գաղտնի գործակալը, որը «կաշուից դուրս գալով» փորձում է խօսք հասկացնել անզուսպ երիտասարդներին։  Գենան լաւ էր ճանաչում ինձ եւ բոլոր կառավարական միջոցառումներին «պահապան հրեշտակի» դէր էր կատարում Օպերային թատրոնի եւ Մեծ դահլիճի արտիստական մուտքերին, որպէսզի ոչ մի անվստահելի անձ չկարողանար սողոսկել դահլիճ։

Նկատելով ինձ, հեռուից նշան արեց, որ մօտենամ իրեն։ Մի կերպ, սրան-նրան հրմշտելով հասայ դռան մօտ.

- Հեռու գնացէ~ք, հեռո~ւ, թոյլ տուէք մօտենայ Ռադիոյի ներկայացուցչին,- բղաւում էր Գենան։

Մի կերպ, քրտնքի մէջ կորած, ինձ գցեցի միջանցք եւ դէմ դիմաց ելայ Ազնաւուրի քրոջ՝ Աիդայի հետ։

- Աիդա ջան,- անմիջապէս դիմեցի նրան, կարծես հարիւր տարուայ ծանօթներ լինէինք,- ես Հայաստանի Ռադիոյից եմ,- հասկցայ, մի շարունակեր,- ընդհատեց Աիդա Ազնաւուրը։

- Լաւ…, եթէ հասկացաք, ըսելէ թէ գիտէք թէ ինչ պիտի խնդրեմ։

- Գիտեմ, գիտե~մ, սակայն եղբայրս շատ զայրացած է, հետը խօսիլ չըլլար։

- Ամէն պարագայի, անգամ մը եւս փորձեցէք խօսիլ հետը։ Եթէ ռադիոյով  համերգը չտանք ժողովուրդին՝ շատ ամօթ պիտի ըլլայ։ Առաջին անգամ Հայաստան կու գայ մեր հայրենակիցը եւ իր արուեստին հաղորդակից պիտի ըլլան միայն 1500 հոգի, եւ ան ալ…, ան ալ՝ մարդիկ, որ շատ բան չեն հասկնար Շարլին արուեստէն…, կարծեմ հասկցաք թէ ինչ կ՛ուզեմ ըսել։ Շարլին իրական երկրպագուները դուրսն են, որոնց տոմսակ չէ հասած։

Մէկ-երկու վայրկեան լռելուց յետոյ՝

- Լաւ, երիտասարդ, երթամ անգամն ալ փորձեմ համոզել եղբօրս,- ասաց Աիդան ու մտաւ Ազնաւուրի արտիստական սենեակը։

Քիչ անց Աիդան դուրս եկաւ Շարլի մօտից ու արագ-արագ ասաց.

- Շո՛ւտ, շուտ ըրէ երիտասարդ, մտիր Շարլին քովը, քեզի հետ խօսիլ կ՛ուզէ։

- Կ՛արտօնեմ, որ միայն ձայնագրութիւն ընէք։ Ըսեմ, որ աս առաջին անգամն է, որ ձրի արտօնութիւն կու տամ։ Հայրենիքիս մէջ եմ՝ անոր համար։ Միայն պիտի խնդրեմ, որ օրինակ մըն ալ ինծի համար շինէք, առտու կը մեկնիմ, կրնա՞ք հասցնել։ ԴԻՍԿ պիտի շինեմ։

- Այո~, այո կրնանք, ինչո՞ւ չէ,- առանց մտածելու թէ ի՞նչպէս եմ իրականացնելու նրա ցանկութիւնը, չէ՞ որ գիշերը Հայկական Ռադիոն փակ է, իսկ Ազնաւուրի ԴԻՍԿԻ ժապաւէնը պատրատուելու համար բաւական ժամանակ է հարկաւոր։

Անմիջապէս ներքին հեռախօսով կապւում եմ Ռադիոյի հետ, բացատրում իրավիճակը։ Ամէն ինչ կարգադրւում է։ Հնչիւնային ռեժիսոր Էդուարդը մեր Ռադիոյի միկրոֆոնները միացնում է Ազնաւուրին պատկանող, բեմում դրուած բարձրախօսներին։

Ամբողջ գիշերը Ռադիոյում լուսացնելուց յետոյ, առաւօտեան պատրաստ էր ձայնապնակ արտադրելու համար բաւականին յաջող ու բարձր որակ ապահովող Ազնաւուրին տրուելիք ձայնագրութիւնը։

 

Հենց ռադիոյից էլ ինձ գցում եմ օդանաւակայան, Ազնաւուրի թռիչքից մի քանի վայրկեան առաջ միայն։

- Բրա՛ւօ տղաս,- ուրախացած, բոլորի համար լսելի ձայնով ասում է Ազնաւուրը եւ աւելացնում,- յուսամ ամէն բան կարգին է։

- Աո՛, այո,  կրնաք եղածին պէս յանձնել արտադրութեան,- հպարտութեամբ ասում եմ ես ու ձեռնուելով անուանի երգչի հետ՝ յաղթական շարժւում եմ դէպի օդանաւակայանից դուրս։

… Գրեթէ քառասուն տարի է անցել իմ եւ Ազնաւուրի առաջին հանդիպումից։ Քիչ ժամանակ չէ։ Ես մշտապէս հետեւել եմ նրա գործունէութեանը։ 1988ի ահաւոր երկրաշարժի առթիւ, նրա  յօրինած «Քեզ, Հայաստան» երգը առաջինը ես էի, որ մշակեցի երգչախմբի եւ սիմֆոնիկ նուագախմբի համար ու կատարեցի հետագային։

Այս օրերին Հայաստանի եւ Սփիւռքի հայ մամուլը   հեղեղուած է Ազնաւուրի մասին տարաբնոյթ, տարատեսակ տեղեկութիւններով։ Սակայն բոլորի մօտ մի յստակ ձեւաւորուած կարծիք կայ. Ազնաւուրը միամտօրէն, ոչ դիտաւորեալ «խաղում է» մեր ժողովրդի նուիրական զգացմունքների հետ։

- Ի՞նչ ասել է՝ «Եկէք յետայսու չ՛օգտագործենք «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ» բառը, որովհետեւ դա թուրքերին դուր չի գալիս»,- ասում է երգիչն ու դեսպանը։

Ուրեմն, յիսուն տարուայ ընթացքում մեր ժողովրդի գիտակցութեան մէջ արմատաւորուած ու սրբութիւն դարձած տերմինից հրաժարուենք ու ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ բառը փոխարինենք, ասենք æԱՐԴ կամ ԿՈՏՈՐԱԾ բառո՞վ, յարգելի Ազնաւուր։

Եւ դա ասում էք դո՞ւք, եւ այն էլ դեսպանի հանգամանքո՞վ,- չէ՛, ինչ որ սխալ բան կայ այս ամէնի մէջ, միջազգային համբաւի տէր երգիչ ու դիպլոմատ պարոն ՇԱՐԼ ԱԶՆԱՒՈՒՐ։ Փուք ձեր՝ թերթին տուած հարցազրոյցի ընթացքին, այլ հարցերի շուրջ հիանալի մեկնաբանութիւններ էք անում։ Դեռ ոեւէ մէկը այդքան համարձակօրէն չէր քննադատել հայրենի իշխանութիւններին՝ նրանց բացթողումների ու ժողովրդի հանդէպ ունեցած անտարբեր վերաբերմունքի համար։ Հենց այդտեղ էլ կանգնէիք էլի, ի՞նչ կը լինէր։ Պէտք ունէի՞ք «խաղալու» մեր նուիրական զգացումների հետ։ Այսպէս կամ այնպէս, մենք էլի ու էլի ձեզ շատ ենք սիրում ու գնահատում ձեր աննման ու իր տեսակի մէջ միակը եղող արուեստը։ Դուք պիտի որ մնայիք միայն ու միայն ֆրանսիական երգի, ծագումով հայ երգի դեսպանը ողջ աշխարհում,- էլ ի՞նչ որեւէ այլ դեսպան, այն էլ ձեր տարիքում…

Երկար լուսաբանութիւնների կարիք չեմ զգում յարգելի համբաւաւոր երգիչ, միայն թէ ուզում եմ մի փոքր պատմութիւն պատմել ձեզ համար։ Ահա այն.

Այս տարուայ Օգոստոս ամսին տղաս՝ Արմէնը հրաւիրուած էր Գերմանիա, Միւնիխ )Միւնխէն(, տեղի սիմֆոնիկ նուագախմբի հետ նուագելու Խաչատուրեանի ջութակի կոնցերտը։

Արմէնն իր ընտանիքով )չորս զաւակներ( եւ մենք՝ ես եւ Մարիետան գնացինք Գերմանիա։ Երկու համերգ էր նախատեսուած։ Երկրորդ համերգը տեղի ունեցաւ Միւնիխից քսան կիլոմետր հեռաւորութեան վրայ գտնուող Դախաու՝ ԴԱՉԷԱԻ գիւղաքաղաքում։

Բոլոր քիչ թէ շատ կարդացած մարդիկ գիտեն, թէ ինչ ասել է ԴԱԽԱՈՒ։ Ամէն պարագայի յիշեցնեմ։

Դա այն վայրն է, որտեղ 1933 թուականին Ֆաշիստական Գերմանիան հիմնադրեց առաջին համակենտրոնացման ճամբարը, որի օրինակով հետագայում Եւրոպայի ողջ տարածքում բացուեցին քսանի չափ նմանօրինակ ճամբարներ, ինչպէս ասենք Օսվենցիմը, կամ Մայդանեկը։ Հենց բացման օրը, Մարտի 22ին, այնտեղ նետուեցին հինգ հազարից աւելի քաղաքական բանտարկեալներ ողջ Եւրոպայից։ Նրանք դէմ էին Հիտլերի ռեժիմին։ Տասներկու տարուայ ընթացքին բանտարկեալների թիւը հասաւ քառորդ միլիոնի, որոնցից յիսուն հազարը ոչնչացուեցին գազի խցերում, կամ էլ այրուեցին փռերում։

1945ի Ապրիլին ամերիկեան զօրքերն ազատեցին ողջ մնացած գերիներին։

1960ականների կէսերին, ողջամիտ գերմանացի ժողովուրդն ընդունեց, որ բնաջնջել է միլիոնաւոր մարդկանց, առաւելապէս հրէաների, եւ ներողութիւն խնդրեց Իսրայէլից եւ ահա, քանի տարի վնասուց հատուցում է իրականացնում։

Գերմանացիները ոչ միայն ընդունեցին իրենց կողմից իրականացուած ՈՂæԱԿԷԶԸ՝ (Հոլոքոստ(, այլեւ Դախաուի համակենտրոնացման ճամբարը վերածեցին հսկայածաւալ մի յուշահամալիրի, որպէսզի մարդիկ չմոռանան հազարաւոր, միլիոնաւոր մարդկանց, որոնք իրենց կեանքը զոհեցին յանուն ազատութեան, խաղաղութեան եւ մարդկային արժանապատուութեան։

Ես նախապէս մտադրուել էի ի գին ամէն ինչի, անպայման այցելել այդ համալիրը։

Հարցուփորձ եմ անում նուագախմբի դիրիժորին, արդէն մտերմացած մի քանի երաժիշտների, որպէսզի տեղեկութիւն ստանամ Դախաուի համակենտրոնացման ճամբարի մասին։ Ոչ ոք յանձն չառաւ օգնել ինձ այդ հարցում։ Նկատեցի, որ իւրաքանչիւր ոք խուսափում էր խօսել այդ թեմայի շուրջ։ Մի տեսակ ամաչում, քաշւում էին Դախաուի մասին խօսել, կամ պատմել։ Աւելին.

- Մաեստրօ, այնտեղ որեւէ բան չկայ նայելու, ասում էին նրանք,- իզուր ժամանակ մի կորցնէք, էնքա~ն տեղեր կան Միւնիխում նայելու….

Չէ~, տեսայ, որ ինքս պիտի լուծեմ իմ հարցերը։ Արմէնիս եւ իր ընտանիքին Պեռլին ճանապարհելուց յետոյ, Մարիետայի հետ գնացինք Միւնիխի կենտրոնական հրապարակ, որտեղից տուրիստական հանրակառքերը ուղեւորութիւններ  են  կատարում ոչ միայն քաղաքի տեսարժան վայրերը, այլեւ Գերմանիայի ցանկացած քաղաք, այդ թւում նաեւ Դախաու։

Հազիւ հինգ վայրկեան առաջ էր  մեկնել Դախաու  գնացող հանրակառքը, իսկ յաջորդը երեք  ժամ յետոյ էր մեկնելու։ Մեր վերջին օրն էր, յաջորդ օրը տուն էինք վերադառնալու։ Մենք այլեւս ազատ օր չունէինք։ Այսպէս, մտորումների մէջ էինք, մէկ էլ մի երիտասարդ յայտնուեց ամբոխի մէջ՝ ձեռքին մի հսկայ պաստառ, վրան ԴԱՉԷԱԻ գրուած։

Հինգ վայրկեան չ՛անցած, քսան հոգի հաւաքուեց.

- Նրանք, ովքեր շտապում են, ասեմ որ առնուազն հինգ ժամ է տեւելու մեր պտոյտը Դախաույում,- մաքուր անգլերէնով յայտարարեց ուղեկցողը,- իսկ հիմա իւրաքանչիւրդ քսանհինգ եւրօ վճարէք խնդրեմ։

Ես յիսուն եւրօն տուի երիտասարդին, մէկ էլ չգիտեմ ինչից դրդուած, ի ցոյց ամէնի տաս եւրօն յետ տուեց.

- Ձեզնից միայն քառասուն եւրօ, – ժպտալով ասաց նա։

Ուղեկցորդը բոլորիս իջեցրեց գետնուղի. պարզ էր՝ մետրօ էինք նստելու։ Քառասուն րոպէ յետոյ մենք տեղում էինք։

Մարդկային  երեւակայութիւնն  անզօր է  նկարագրել այն  ամէնը ինչ որ մենք տեսանք հինգ ժամուայ ընթացքում։ Միայն ասեմ, որ ոչինչ չէր աւելացուած կամ պակսեցուած այդ հսկայ, երեք մարզադաշտի չափ տեղ զբաղեցնող հսկայ տարածքում։ Այնպիսին էր, ինչպիսին եղել էր գրեթէ ութսուն տարի առաջ։ Երկու-երեք յարկանի փայտէ «մահճակալներով» հսկայ բարաքներ, գազի խցեր, մարդկանց փոշու վերածելու վառարաններ…, մի խօսքով, մարդկանց կտտանքների ենթարկելու հազարումի, երեւակայութիւնից դուրս բազմաթիւ «հնարամիտ» միջոցներ։

- Ես ինչո՞ւ պատմեցի այս ամէնը պարոն Ազնաւուր։ Պատմեցի, որպէսզի դուք թուրքերուն հասկցնէք օրինակ առնել գերմանացիներէն, որպէսզի իրենք ալ ընդունին ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ )միայն ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ եւ ոչ մէկ ուրիշ որակում(: Եւ եթէ «ծուլանան» իրենց արխիւները քրքրել, կրնան մեզի դիմել, մենք շատ նիւթեր ունինք իրենց հրամցնելու։

Գերմանացիներուն ըրածը միայն քաղաքակիրթ երկրի մը, քաղաքակիրթ ժողովուրդի մտածողութեան արդիւնք է։ Եւ, եթէ թուրքերը կ՛ուզեն եւրոպացի խաղալ, ապա միակ ճարը հայերուն գէթ հոգեկան բաւարարութիւն տալն է։ Ապա թէ ոչ, ժողովուրդիդ թելադրելով, որ մոռանայ իր սկզբունքները, սկզբունք, որ որդեգրուած է ի սկզբանէ, վայել չէ ձեզի պէս մէկու մը ազգավնաս յայտարարութիւններ ընել։

- Ինչո՞ւ, ինչո՞ւ չէք երթար Թուրքիա, մանաւանդ որ անոնց կերակուրները շատ կը սիրէք եղԵր…։ Վստահ եղէք, որ մեծ պատիւներու պիտի արժանանաք։ Եւ եթէ ձեր համերգներու ընթացքին կարենաք երգել ձեր «Անոնք ինկան» երգը՝ այն ատեն մենք ձեզ կը ներենք ձեր՝ երկու ժողովուրդներուն հաշտեցնելու ձախաւեր ճիգին համար։

Եթէ ըսելիք մը ունենաք՝ պատրաստ եմ մտիկ ընելու։

comments

Advertisement