ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ԱՆԴԱՄ ԴԱՒԻԹ ԼՈՔԵԱՆԻ ՀԵՏ

By Yergir Media | Wednesday, 01 July 2009

David Lokian, member of the ARF Bureau<<Հայաստանի Եւ Թուրքիայի Միջեւ Ճանապարհների Վերաբացման Առեւտրատնտեսական Հիմնախնդիրները>>

ԵՐԵՒԱՆ, «Երկիր Մեդիա».- Յունիսի 23ին, «Երկիր Մեդիա» հեռուստակայանի «Երկրի հարցը» ծրագրի հիւրն էր ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Լոքեանը: Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցը շարունակում է մնալ ոչ միայն հայկական քաղաքական կեանքի օրակարգում, այլեւ վերլուծաբանների եւ քաղաքագէտների ուշադրութեան կենտրոնում: Այսօր հրապարակ է բերուել մի ուսումնասիրութիւն, որը կոչւում է «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ճանապարհների վերաբացման առեւտրատնտեսական հիմնախնդիրները»: Նախաձեռնութիւնը ՀՅԴ Բիւրոյինն է: Ներկայացրել է ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Լոքեանը:

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ».- Պարոն Լոքեան հայ-թուրքական շփումների այս ամբողջ ժամանակահատուածում, սկսած ֆուտբոլային դիւանագիտութիւնից մինչեւ ճանապարհային քարտէզ, կարծես աւելի շատ խօսուել է երկու երկրների քաղաքական շահերի հաշուարկի, քաղաքական խնդիրների, ցեղասպանութեան մասին որպէս ամենակարեւոր խնդիրներից մէկը: Ի հարկէ տնտեսական մասով էլ եղել են վերլուծութիւններ, բայց ոչ այնքան շատ: Կարելի՞ է ասել, որ այս փաստաթուղթը ներառում է աւելի քիչ շօշափուած թեմա:

ԴԱՒԻԹ ԼՈՔԵԱՆ.- Ասել, որ այս փաստաթուղթը աւելի քիչ շօշափուած թեմա է իր մէջ ներառում, մասամբ է ճիշդ: Մինչ այս եղել են բազմաթիւ ուսաումնասիրութիւններ: Ռուս, անգլիացի հայ տնտեսագէտներ են զբաղուել այդ գործով, իսկ համաշխարհային բանկը նոյնիսկ յատուկ պատուէր է իջեցրել այդ ուսումնասիրութիւնների համար, որպէսզի ճշգրտի՝ ինչ կը տայ հայ-թուրքական սահմանի բացումը երկու երկրների տնտեսութիւններին: Ուսումնասիրութիւնները իրականացուել են տարբեր մոտելներով: Սակայն մեզ հետաքրքրում է, թէ սահմանը բացելուց յետոյ, ինչպիսի դժուարութիւններ կարող են ծագել մեզ համար՝ հզօր հարեւանի հետ ազատ տնտեսական յարաբերութիւններ իրականացնելու պարագայում:

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ».- Փորձենք ընդհանուր գծերով նկարագրել, թէ ինչ խնդիրներ կ’առաջանան տուեալ դէպքում:
ԴԱՒԻԹ ԼՈՔԵԱՆ.- Ի սկզբանէ, ոչ մէկի համար այս հարցը քննարկման նիւթ չի: Սահմանի բացումը, առեւտրատնտեսական յարաբերութիւնների հաստատումը Հայաստանի համար դրական է, թէ բացասական վիճելի հարց չի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, չհաշուած քաղաքական վերապահումները, որոնք գոյութիւն ունեն այդ յարաբերութիւններում, բնականաբար կողմ է հայ-թուրքական տնտեսական յարաբերութիւնների հաստատմանը: Հարցի էութիւնը հետեւեալն է‘ ինչքանով ենք մենք տեղեկացուած Թուրքիայի տնտեսութիւնից, Թուրքիայի ներմուծման մեխանիզմներից, որքանով է մեր երկիրը պատրաստ այս յարաբերութիւնները սկսելուն:

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ».- Այսինքն՝ սա փորձ է ուսումնասիրելու Թուրքիայի տնտեսական համակարգը եւ այդ երկրի տնտեսական քաղաքականութի՞ւնը:
ԴԱՒԻԹ ԼՈՔԵԱՆ.- Այս ուսումասիրութիւնը հնարաւորութիւն է ընձեռում վեր հանել այն դժուարութիւնները, այն հիմնական պրոբլեմները (խնդիրները-Խմբ.), որոնք կը ծագեն, երբ 74 միլիոնանոց ժողովրդի հետ տնտեսական յարաբերութիւններ սկսենք: Գաղտնիք չէ, որ ամենապարզ դիտարկումը ցոյց է տալիս, որ 74 միլիոնանոց հարեւան պետութիւն ունենալ եւ նրա հետ առեւտրատնտեսական յարաբերութիւններ հաստատել՝ երեք միլիոնանոց երկրի համար կարող է եւ շատ ձեռնտու լինել : Բայց, հարց է, արդեօք մենք կը կարողանանաք մուտք գործել այդ շուկան, արդեօք ունե՞նք համապատասխան արտադրանք, համապատասխան մեխանիզմներ՝ դա անելու համար: Մինչ սահմանի բացումը, մենք պէտք է իմանանք, թէ ի՞նչ արգելքներ կարող է դնել թուրքական տնտեսութիւնը մեր ապրանքների առջեւ, որպէսզի մէկ այլ լրացուցիչ խաղացող չյայտնուի իր դաշտում: Մենք ունենք օրինակ հարեւանի, երբ բաց սահմանի պարագայում ոչինչ չենք արտահանում:

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ».- Զուտ հանրային մակարդակով, երբ հարցը քննարկւում է, կարծում են, որ սահմանը կը բացուի եւ դա դրական ազդեցութիւն կ՛ունենայ հայկական արտադրողների եւ արտահանողների համար: Ներմուծման պարագայում էլ ներմուծուող առարկաների գները կը նուազեն եւ շարքային քաղաքացին դրանից միայն կը շահի :
ԴԱՒԻԹ ԼՈՔԵԱՆ.- Ողջ խնդիրը հետեւեալն է՝ ունենալով այդպիսի հարեւան երկիր, այդպիսի շուկայ, արդեօք մենք տեղակացուա՞ծ ենք եւ պատրաստ՝ յաղթահարելու եղած արգելքները:
Մենք ներմուծում ենք ապրանք: Արտահանման գործում, սակայն, ունենք դժուարութիւններ, քանի որ այդ երկիրն իր օրէնքներով, ներմուծման արտահանման համակարգերով, համապատասխան սկզբունքներով փաստօրէն դժուարացնում է համագործակցող միւս կողմի արտահանումը: Այսօր մենք ոչինչ չենք արտահանում այդ երկիր:
Այս փաստաթղթի հիմնական խնդիրներից մէկը հետեւեալն է՝ ինչպէս ենք լուծելու այն խնդիրները, որ մեզ կ՛առաջադրի մեր հարեւանը, երբ մենք սկսենք ապրանքների արտահանումը: Դրանք 40-50 տարի գործող մեխանիզմներ են, յստակեցուած մոտելներ, որ այդ երկիրն ունի, որպէսզի իր ներքին արտադրողին պաշտպանի եւ որպէսզի խուսափի ներմուծումների լուրջ ծաւալներից:

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ».- Եթէ անգամ այս պայմաններում սահմանը բացուի, արդեօք հայկական կողմի համար տնտեսապէս ձեռնտու չի լինի:
ԴԱՒԻԹ ԼՈՔԵԱՆ.- Նեմուծումների պարագայում ձեռնտու է: Կարող ենք ներմուծել փայտանիւթ, մետաղ, հանքանիւթ, որոնք կարող են մեր արտադրութիւնների համար հումք հանդիսանալ եւ էժան լինել, բայց եթէ մեր տնտեսութիւնը չի նախապատրաստւում այս խնդիրներին եւ Թուրքիայի հետ առեւտուր չի անում ազատ մաքսատուրքերով, դառնում է մշտապէս ներմուծող երկիր իր հարեւանից: Հետեւաբար՝ կ՛ունենանք էժան ապրանք շուկայում, բայց այս երկրում չեն լինի աշխատատեղեր, այս երկիրը չի կարող արտահանում անել, չի կարող արտարժոյթի որոշակի պաշարներ ունենալ, եւ կը գայ մի պահ, երբ մենք այլեւս չենք կարողանայ ներմուծում անել, որովհետեւ համարժէք արտաժոյթ չենք ունենա:

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ».- Ինչու՞ չենք կարողանայ արտահանում անել:
ԴԱՒԻԹ ԼՈՔԵԱՆ.- Նախ, որ թուրքական շուկան շատ խիստ պաշտպանուած է: Երկրում գործում են շատ բարձր մաքսատուրքեր որոնք Թուրքիայում բարձրացան Առեւտրի Համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿին) անդամակցելու ժամանակ: Իրենց անհրաժեշտ ապրանքների մուտքը դժուարացնելու համար, Թուրքիան ունի տասնեակ մեխանիզմներ: Թուրքիայում գոյութիւն ունի պետական յատուկ յանձնաժողով, որը եթէ տեսնի, որ ապրանքի գինը շուկայում էժան է, անմիջապէս հայց կը ներակայացնի, արգելելու ապրանքի վաճառքը: Մի քանի ամսով կը ձգի այդ ուսումնասիրութիւնները, եւ տուրքեր կը սահմանի:
Մեր ներկայացրած ուսումնասիրութեան նպատակն է՝ մեր օրէնսդութիւնը համապատասխանեցնել այս ամէնին:
Մի բան յստակ է՝ որպէսզի երկիրը կարողանայ ապրանք արտահանել, այդ ապրանքը պէտք է ունենայ էժան ինքնարժէք, որն հէնց այնպէս չի ձեւաւորւում: Դա արտադրողականութեան, մրցունակ լինելու եւ որոշակի աջակցութիւնների, ազդեցութեամբ է լինում: Մենք ներկայացրել ենք նաեւ գնագոյացման այն համակարգը, որը գործում է Թուրքիայում որոշակի ապրանքների արտադրման դէպքում:
Արտահանումների համար, Թուրքիան ունի յատուկ արտահանման խրախուսման ֆոնդեր: Ֆինանսաւորւում են ապրանքատեսակներ, որոնք արտահանւում են: Ներմուծումների դժուարութիւնը, որը կ՛առաջացնի մեր հարեւան երկիրը մեզ համար, կարելի է յաղթահարել բանակցութիւնների միջոցով, երբ կը սկսուի այս պրոցեսը (գործընթացը-Խմբ.): Յարաբերութիւնների հաստատման այս փուլին հասնելուց առաջ, մենք լուրջ օրէնսդրական գործունէութիւն ունենք անելու, քանի որ մեր տեխնիկական կանոնակարգերը համապատասխանացուած չեն այսօրուայ եւրոմիութեան կանոնակարգերին, իսկ Թուրքիան աշխատում է հէնց այդ ռեժիմով :

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ».- Ուրիշ ի՞նչ գործօններ կան, որ կարող են ազդել առետրատնտեսական կապերի վրայ, տրանսպորտային համակարգն ի՞նչ վիճակում է, մենք շահեկան վիճակո՞ւմ ենք, թէ ոչ:
ԴԱՒԻԹ ԼՈՔԵԱՆ.- Տրանսպորտային երկրորդ, կամ երրորդ հիմնաւոր ճանապարհ ունենալը Հայաստանի համար լրջագոյն խնդիր է: Եւ սա է այն հիմնական պատճառներից մէկը, որ բոլորս գիտակցում ենք, որ Թուրքիայի հետ սահմանների բացման խնդիրը պէտք է լուծուի առանց որոշակի նախապայմանների:
Թուրքական ծովային եւ երկաթուղային տրանսպորտները, չեն ինտէգրուել (միաձուլուած-Խմբ.) համաշխարհային տնտեսութեանը եւ գներն այստեղ բաւականին բարձր են: Նոյնիսկ այս պայմաններում Թուրքիայի նաւահանգիստներով Թուրքիա բեռնափոխադրումը, աւելի էժան է Փոթիից կամ Բաթումիից:
Մեր աշխատութեան մէջ, ներկայացրել էինք նաեւ մի քանի հաստատումներ: Յաճախ անհանգստանում ենք, որ թուրքական կապիտալը կարող է ամբողջութեամբ տէր դառնալ մեր ռազմական, ստրատեգիական ոլորտներին, սակայն Թուրքիան ունի այս առումով սահմանափակումներ: Օրինակ, եթէ Թուրքիայում 50 հեկտար հողատարածք է ցանկանում գնել որեւէ օտարերկրացի, ապա այդ թոյլատուութիւնը տրւում է նախարարների խորհրդի կողմից, պաշտպանութեան նախարարութեան համաձայնութեան հետ զուգահեռ: Այսինքն կայ որոշակի արգելք:
Թուրքիայի ներքին տարածքում չեն թոյլատրւում օտարերկրեայ ընկերութիւնների չուերթներ: Դա անպայման պէտք է լինի թուրքական ընկերութիւն: Թուրքիայում կան շատ ոլորտներ, որտեղ արգելուած է 50 տոկոս կապիտալի առկայութիւնը: Սրանք քայլեր են, որոնք մենք նոյնպէս պէտք է անենք:

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ».- Առեւտրատնտեսական յարաբերութիւնների մէջ դերակատար է նաեւ բանկային համակարգը: Ինչպիսի՞ն է իրավիճակն այդ ոլորտում:
ԴԱՒԻԹ ԼՈՔԵԱՆ.- Թուրքիան 2000-2001 թթ լուրջ տնտեսական ճգնաժամ է ունեցել տնտեսութեան ֆինանսական հատուածում: Չպէտք է վախենալ, որ Թուրքիայի բանկային համակարգը շատ հզօր է: Թուրքիան կատարելագործուած բանկային համակարգեր չունի: Թուրքիայի բանկային համակարգի մուտքը շուկայ, կարող է լուրջ մրցակցութեան դաշտ ստեղծել:
Ի՞նչ առաւելութիւն ունենք մենք: Նախ, որ այո, մեր շատ ոլորտներում արտադրողականութիւնը բարձր է: Կան որոշակի ուղղութիւններ, որոնց նկատմամբ Թուրքիան դեռեւս չի կարողանում իր պահանջարկը բաւարարել, յատկապէս գիւղատնտեսական ապրանքների/ բուրդ, կաշի, իւղ եւ այլն/ ասպարէզում: Այդ հսկայական շուկայում մենք կարող ենք տեղ գտնել, եթէ կարողանանք Հայաստանում խրախուսել մեր արտադրողին:

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ».- Ուզում էք ասել, որ այս շփումները սկսուել են անպատրաստ վիճակում եւ պատշաճ նախապատրաստական աշխատանքներ չեն տարուել:
ԴԱՒԻԹ ԼՈՔԵԱՆ.- Շփումները սկսուել են քաղաքական հարթութեան վրայ: Դրանք դեռ տնտեսական հարթութիւն պէտք է իջնեն եւ հաստատուեն դիւանագիտական յարաբերութիւններ: Բնականաբար պէտք է ձեւաւորուի միջկառավարական յանձաժողով: Եւ որպէսզի միջկառավարման յանձնաժողովը պատրաստ լինի , ժամանակն է, որ այս քայլերը սկսենք եւ իրականացնենք օրէնսդրութեան համապատասխանեցում: Անհրաժեշտ է սրբագրել օրէնքները:

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ».- Այս փաստաթուղթը ամբողջութեամբ խնդիրներն է վեր հանում: Իսկ լուծումների համար, եւս մի այսպիսի աշխատութի՞ւն է պէտք:
ԴԱՒԻԹ ԼՈՔԵԱՆ.- Չհամարենք, որ այս աշխատութիւնը ամբողջական է եւ տալիս է բոլոր հարցերի պատասխանները: ՀՅԴ Բիւրոն խնդիր է դրել կատարել այդ ուսումնասիրութիւնը եւ ներկայացնել քաղաքական ուժերի, ազգային ժողովի, կառավարութեանը քննարկմանը: Ինչո՞ւ չնախապատրատուենք:

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ».- Պարոն Լոքեան վաղո՞ւց ունէիք այս մտահոգութիւնները:
ԴԱՒԻԹ ԼՈՔԵԱՆ.- Սա կուսակցութեան մտահոգութիւնների մի բլոկն (մասն-Խմբ.) է միայն: Մենք խնդիր չենք տեսնում, որ Հայաստանը Թուրքիայի հետ ունենայ նորմալ յարաբերութիւններ, որ սահմանը բացուի եւ տնտեսական կապեր հաստատուեն: Բայց նաեւ մենք ի սկզբանէ ասել էինք, որ որոշակի խնդիրեր կան, որոնք չպէտք է դառնան նախապայմաններ, որոնք չպէտք է դառնան սահմանի բացման պայման: Քանի որ սահմանը փակուել է 1993 թ Թուրքիայի կողմից, քաղաքական նկատառումերվ եւ առանց պայմանների, հետեւաբար այն պէտք է բացուի առանց նախապայմանների:

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ».- Հարցը այն է, թէ ինչու՞ են հիմա բարձրաձայնւում այս մտահոգութիւնները:
ԴԱՒԻԹ ԼՈՔԵԱՆ.- Քանի որ շուրջ մի քանի ամիս է, ինչ պրոցեսը ակտիւացել (աշխուժացած-Խմբ.) է: Երկու տարի առաջ այս խնդիրը չկար: Մենք Թուրքիայի հետ առեւտուր էինք անում երրորդ երկրով (Վրաստան), հետեւաբար չէր կարող ապրանքի ծագման կանոնների, մաքսատուրքերի մասին խօսք լինել:

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ».- Կա՞յ երաշխիք, որ հաւատանք, թէ այս վերլուծութիւնը օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) է եւ այս պարագայում որեւէ նշանակութիւն չունի ՀՅԴն կոալիցիայի մէջ է, թէ կոալիցիայից դուրս:
ԴԱՒԻԹ ԼՈՔԵԱՆ.- ՀՅԴն յայտարարում է, որ սահմանի բացմանը, առեւտրային յարաբերութիւններին դէմ չէ, եւ ուզում է, որ մեր երկիրը նախապատրաստած գնայ այդ յարաբերութիւններին: Կարծում եմ, որ սա է իրական ճշմարտութիւնը: Ցաւօք, մեր հասարակութեան մէջ մի տրամաբանութիւն կայ՝ եթէ որեւէ քայլ է արւում, ապա արւում է մէկ այլ նպատակի համար:

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ».- Դուք հնարաւոր չէ՞ք համարում, որ քաղաքական մէկ այլ ուժ ներկայացնող տնտեսագէտ, ուսումնասիրութիւն կը տանի եւ այլ բացատրութիւններ ու հետեւութիւններ անի:
ԴԱՒԻԹ ԼՈՔԵԱՆ.- Քաղաքական մէկ այլ ուժի ուսումնսիրութիւնների արդիւնքում չի կարող Թուրքիայում գործող մաքսատուրքը փոխուել եւ կամ Թուրքիայում գործող ներդրման խթանման ծրագրերը փոխուեն: Հարցը սա է՝ մենք ուզում ենք տեսնել, թէ վաղուայ առեւտրային պարտնեօրի (գործակիցի-Խմբ.) հետ մենք ինչպիսի դժուարութիւններ կ՛ունենանք եւ դա յաղթահարելու համար ի՞նչ քայլեր պէտք է իրագործենք:
Այս ուսումնասիրւթիւնը ոչ միայն տնտեսագէտների համար է, այլեւ այն կարող է հասարակ արտադրողի, արտահանողի համար փաստաթուղթ լինել: Այսինքն նա կը կարողանայ ծանօթանալ թէ ինչպիսի դժուարութիւններ կան Թուրքիայում եւ ապրանք արտահանելու դէպքում ինչ կը լինի: Ինչպիսի հեշտ մեխանիզմներ կան Թուրքիայից որոշակի ներմուծումներ իրականացնելու: Ինչպիսի դժուարութիւններ կ՛առաջանան, եթէ հայկական սահմանում թուրքական ծագման ապրանք յայտնուի: Սա նոր յայտնագործութիւն չէ, սա վերլուծութիւն է՝ ինչպիսի իրավիճակում է թուրքական տնտեսութիւնը, ինչպիսի իրավիճակ կայ Հայաստանում, իչպիսի օրէնքներ ունենք մենք, ինչպիսի օրէնքներ՝ Թուրքիան, ինչպիսի ինստիտուտներ են գործում այս համակարգում եւ ինչ անենք, որպէսզի քայլերի արդիւնքում հասնենք մի տեղ, որտեղ գործող ասիմետրիան (անհամապատասխանութիւնը, անհաւասարութիւնը-Խմբ.) դառնայ սիմետրիա եւ մենք կարողանանք այդ ճանապարհներով մեզ ձեռընտու տնտեսական էֆեկտներ (արդիւնքներ-Խմբ.) ստանալ:

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ».- Ինչ է լինելու այս ուսումնասիրութեան յետագայ ճակատագիրը: Հրապարակեցիք այն, յետո՞յ: Այն չի՞ մնայ հասարակական քննարկման մակարդակում:
ԴԱՒԻԹ ԼՈՔԵԱՆ.- Այս փաստաթուղթը կ՛ունենայ իր ընթացքը գուցէ աւելի լաւ մշակուած ձեւով: Պրոֆէսիոնալների մեծ խումբ կայ, ովքեր կարող են որոշակի ուղղութիւններով այս հարցն իրականացնել: Բայց փաստ է, որ մենք անհրաժեշտութիւն ունենք ստանդարտների համակարգում արագ օրէնսդրական փոփոխութիւններ անել: Փաստ է, որ մաքսատուրքերի հարցում պէտք է նախապատրաստուենք բանակցութիւնների:

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ».- Այսինքն այս աշխատանքները պէտք է կատարուեն անկախ նրանից թէ ինչ ճակատագիր կ’ունենայ հայ-թուրքական սահմանի բացումը:
ԴԱՒԻԹ ԼՈՔԵԱՆ.- Կարծում եմ, այո: Եթէ հայ-թուրքական սահմանը չբացուի մէկ-երկու տարուց, կը բացուի տասը տարուց : Չբացուել չի կարող, եւ բնականաբար, մենք բախուելու ենք այս խնդիրների հետ: Այս հարցերի լուծումները միայն Թուրքիայի տնտեսութեան խնդիրները չեն: Վերջին հաշուով Հայաստանը նոյն առեւտրային խնդիրները կ՛ունենայ այլ երկրների հետ: Որքան այս խթանը ստիպի մեզ արագ լուծելու եղած խնդիրները, այնքան կը շահի մեր տնտեսութիւնը:

 

 

David Lokian, member of the ARF Bureau

comments

Advertisement