Ռոհանին Շանսեր Է Տալիս Հայաստանին

By Asbarez | Wednesday, 31 May 2017

ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ

 

0602ruhani

Մայիսի 19ին Իրանի նախագահական ընտրութիւններում աւելի քան 57 տոկոս վստահութեան քուէով համոզիչ յաղթանակ տարաւ գործող նախագահ Հասան Ռոհանին: Նրան իրենց լիակատար աջակցութիւնն էին յայտնել Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սէյեդ Հադի Խամենէին եւ երկրի զինուած ուժերը: Կարելի է արձանագրել, որ Իրանի ժողովուրդը, ի դէմս Ռոհանիի, իր ձայնը տուեց ներքին բարեփոխական եւ աւելի բաց արտաքին քաղաքականութեանը:

Ռոհանիի յաղթանակն ապահովագրում է առաջիկայ 4 տարիների կանխատեսելի Իրան ինչպէս տարածաշրջանային, այնպէս էլ գլոբալ մակարդակներում, ինչը կարեւոր էր առաջին հերթին Հայաստանի համար: Դա է, թերեւս, պատճառը, որ ընտրութիւնների արդիւնքները յայտնի դառնալուց գրեթէ անմիջապէս յետոյ ՀՀ նախագահը շտապեց շնորհաւորել Ռոհանիին: Նրան յղած ուղերձում Սերժ Սարգսեանը վստահութիւն է յայտնում <<հայ-իրանական աւանդական ջերմ եւ բարեկամական յարաբերութիւնների զարգացման եւ բոլոր բնագաւառներում ամրապնդման>> կապակցութեամբ եւ կատարում ուշագրաւ ընդգծում, որ Իրանը կը շարունակի նշանակալի ներդրում ունենալ տարածաշրջանային խաղաղութեան եւ կայունութեան գործում: Այսպիսով՝ պաշտօնական Երեւանը յստակեցնում է, որ Թեհրանին տեսնում է ոչ թէ անվտանգութեան ռեգիոնալ եւ գլոբալ սպառնալիքի, այլ ճիշդ հակառակը՝ անվտանգութեան աղբիւրի դերում:

Ռոհանիի վերընտրութիւնը նշանակում է, որ շարունակելու են ուժի մէջ մնալ հայ-իրանական՝ օր օրի աւելի կոնկրետացող եւ յաւակնոտ դարձող օրակարգի մաս կազմող քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային կոմունիկացիոն (հաղորդակղութեան-Խմբ.) եւ էներգետիկ (ուծանիւթի-Խմբ.) բոլոր նախագծերն ու ծրագրերը: Խօսքը վերաբերում է Հայաստանի գազաէներգետիկ համակարգում Իրանի տեսակարար կշռի մեծացմանը, Հայաստանով դէպի Վրաստան, յետագայում՝ գուցէ նաեւ դէպի Եւրոպա իրանական գազի տարանցմանը, Թուրքմենստան-Իրան-Հայաստան նոր գազաէներգետիկ եւ էլեկտրաէներգետիկ շղթայի ձեւաւորման շուրջ ընթացող բանակցութիւններին, Պարսից ծոցը Սեւ ծովին կապող կոմունիկացիոն միջանցքը Հայաստանով անցկացնելուն եւ այս շրջանակում Վրաստանն Իրանին միացնող Հիւսիս-հարաւ աւտոմայրուղու շինարարութեանը, հայ-իրանական երկաթգծի կառուցումը տեսլականում պահելուն, վիզային ռեժիմի հանմամբ մշակութային կապերի, տուրիզմի զարգացման առջեւ բացուող լայն հորիզոնին, Մեղրիում ազատ առեւտրի գօտի ստեղծելու հեռանկարին եւ Հայաստանի միջոցով ու միջնորդութեամբ ԵԱՏՄին Իրանի ինտեգրման (համարկման-Խմբ.) գործընթացին:

Վերոնշեալ բոլոր ուղղութիւններով, առանց չափազանցութեան, այս կամ այն չափով յաջողուել է զարգացումներ ապահովել Ռոհանիի անձնական հետեւողականութեան շնորհիւ, ինչով շատ յստակ ցոյց է տրուել Հայաստանի տարածաշրջանային տնտեսա-քաղաքական, կոմունիկացիոն դերն ուժեղացնելու, Հարաւային Կովկասում Հայաստանին իր հիմնական, ռազմավարական գործընկերը համարելու կամքը: Դա հաստատուեց յատկապէս անցած տարուայ Դեկտեմբերին Ռոհանիի՝ Հայաստան կատարած պաշտօնական այցի միջոցով: Որեւէ կասկած չկայ, որ ֆորսմաժորային իրավիճակներ չառաջանալու դէպքում առաջիկայ տարիներին վերոնշեալ ուղղութիւններով լուրջ գործընթացներ կարող են ծաւալուել: Դրան նպաստում է Իրանի շուրջ միջազգային անվտանգային նոր՝ թէ՛ մարտահրաւէրներով ու ռիսկերով (վտանգներով-Խմբ.) եւ թէ՛ շանսերով (առիթներով-Խմբ.) յագեցած միջավայրը:

Ռոհանին երկրի կառավարման ղեկը վերաստանձնում է Իրանի համար բաւականին բարդ շրջափուլում: ԱՄՆ նոր վարչակարգի կողմից Իրանի թիրախաւորումը չափազանց վտանգաւոր դրսեւորումներ է ստանում: Իրանում նախագահական ընտրութիւնների օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին պաշտօնական այցը կատարեց այդ երկրի ներկայիս ոխերիմ թշնամի Սաուդեան Արաբիա՝ մասնակցելու արաբական սուննի երկրների եւ ԱՄՆի համատեղ՝ ամէն ինչ ասող <<Միասին ուժ ենք>> խորագրով <<ԱՄՆ-իսլամական աշխարհ>> ֆորումին: Թրամփն այս միջոցառման ժամանակ Իրանին որակեց որպէս միջազգային ահաբեկչութեան համար 1 սպառնալիք, իսկ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը յայտարարեց, որ ԱՄՆը տարածաշրջանային իր գործընկեր երկրների հետ կը գործի միասին՝ հակազդելու Իրանի հեգեմոնինային (ազդեցութեան գօտիին-Խմբ.): Թիլերսոնը հասկանալի դարձրեց, որ Թրամփի այցը Ռիադ հետապնդում է հակաիրանական ամերիկա-սուննիական նոր ալեանս (դաշինք-Խմբ.) ձեւաւորելու, տարածաշրջանում իր յենման կէտը Թուրքիայից Սաուդեան Արաբիա տեղափոխելու նպատակ:

Այդ այցի ընթացքում Վաշինգտոնն ու Ռիադը ստորագրել են ռազմական ու ռազմատեխնիկական աննախադէպ ծաւալի՝ մօտ 380 մլրդ. դոլարի հասնող համաձայնագիր: Այս սադրիչ քայլերը սրելու են Իրանի եւ Սաուդեան Արաբիայի հակամարտութիւնը, ձգձգելու սիրիական ճգնաժամը՝ Իրանին ստիպելով աջակցութիւն փնտռել Ռուսաստանի, Չինաստանի, մասամբ՝ նաեւ ԵՄի հետ յարաբերութիւններում: Այն փաստը, որ ԱՄՆը Թուրքիային այլեւս չի համարում իր վստահելի դաշնակիցը՝ նրան տրուած դերը փոխանցելով Սաուդեան Արաբիային, որոշակիօրէն թուլացնում է Իրան-Թուրքիա տարածաշրջանային դիրքային դիմակայութեան պոտենցիալը (կարողութիւնը-Խմբ.)՝ մանաւանդ նկատի առնելով քրդական հարցում այս երկու երկրների շահերի համընկումը, սիրիական կոնֆլիկտում (հակամարտութեան-Խմբ.)  Ռուսաստանի հետ նրանց ձեւաւորած եռեակի յաջողութիւնները:

Սակայն դրա փոխարէն Թեհրանը գուցէ ստիպուած կը լինի վերանայել Ադրբեջանի հետ իր յարաբերութիւնները՝ նկատի առնելով Բաքուի կողմից արդէն անթաքոյց հակաիրանական դիրքաւորում որդեգրելը: Բացի այն, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը OIC Journal-ին տուած հարցազրոյցում, որպէս իրենց ռազմավարական դաշնակից, Պակիստանից եւ Թուրքիայից բացի, նշել էր նաեւ Սաուդեան Արաբիային, նա նաեւ մասնակցել է Ռիադում ընթացող՝ ԱՄՆ-մուսուլմանական երկրներ հակաիրանական գագաթաժողովին՝ անտեսելով Իրանի նեարդային ռէակցիան (հակազդեցութիւնը-Խմբ.): Դժուար է պատկերացնել, որ Թեհրանը հեշտութեամբ կուլ կը տայ այս ժեստերը (շարժելակերպերը-Խմբ.): Եւ նրա շուրջ ընթացող բեւեռացումների համատեքստում կարող ենք առաջիկայում ականատես լինել նաեւ ադրբեջանա-իրանական յարաբերութիւնների որոշակի վերախմբագրման: Այս պարագայում Թեհրանն աւելի է արժեւորելու Հայաստանը՝ որպէս կայուն եւ վստահելի գործընկեր, բարեկամ երկիր, առաւել եւս, երբ նախագահ Սարգսեանն իր ուղերձով հասկացնում է, որ Իրանին համարում է Հայաստանի հետ միեւնոյն անվտանգային համակարգի մաս:

Այս իրավիճակից անհրաժեշտ է օգտուել: Հասան Ռոհանին անցած տարուայ Դեկտեմբերին Երեւանում ՀՀ նախագահին հրաւիրեց Իրան: Նրա վերընտրութիւնը, Ադրբեջանի նկատմամբ Թեհրանի վստահութեան նոր խաթարումը, Ռուսաստան-Իրան-Չինաստան ուրուագծուող առանցքի ձեւաւորումը, Իրանի հետ տնտեսական կապերն ուժեղացնելու՝ ԵՄի անթաքոյց ձգտումները լաւ նախադրեալներ են ստեղծում հնարաւորինս շուտ օգտուելու այդ առիթից՝ երկկողմ յարաբերութիւնները տեղափոխելու նոր մակարդակ:

 



comments

Advertisement