Ինջիրլիք-ի Թնջուկը Գերմանիայի Եւ Թուրքիայի Միջեւ

By Asbarez | Tuesday, 15 August 2017

0815haykgabrielian

ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ

<<Ինջիրլիք>>ի խնդիրը 2016թ.- 2015թ. Դեկտեմբերի սկզբին (Նոյեմբերի 13ին Փարիզի ահաբեկչութիւններից յետոյ) Բունդեսթագը հաւանութեան արժանացրեց Սիրիայում եւ Իրաքում ԻՊի դէմ գործողութեանը Բունդեսվերի մասնակցութիւնը: Տուեալ բանաձեւի օգտին կողմ քուէարկեց 445, դէմ՝ 146, ձեռնպահ մնաց 7 պատգամաւոր: Դրա համաձայն՝ Բունդեսվերը պէտք է ԻՊի դէմ պայքարի նպատակով <<Ինջիրլիք>>ի աւիաբազա ուղարկեր Tornado տիպի հետախուզական ինքնաթիռներ, 1 լիցքաւորիչ ինքնաթիռ, ինչպէս նաեւ 1 ֆրեգատ՝ Միջերկրական ծովում պաշտպանելու համար ֆրանսիական Charles de Gaulle աւիակիրը: Գործողութեան համար յատկացուելու էր առաւելագոյնը 1200 զինծառայող: Բունդեսվերի առաքելութեան ժամկէտը կազմելու էր 1 տարի՝ մինչեւ 2016թ. Դեկտեմբերի 31ը, սակայն այդ ժամկէտը կարող էր երկարաձգուել: Առաքելութիւնը գնահատուեց 134 մլն. եւրօ:

Tornado տիպի առաջին 2 հետախուզական ինքնաթիռները <<Ինջիրլիք>> ուղարկուեցին օրեր անց՝ Դեկտեմբերի 10ին՝ Սիրիայում հակաահաբեկչական առաքելութեանը մասնակցելու համար, որը պէտք է մեկնարկէր 2016թ. Յունուարից: 2016թ. Յունուարի սկզբին Գերմանիայից <<Ինջիրլիք>> ուղարկուեց Airbus A310 MRTT տիպի 1 լիցքաւորիչ ինքնաթիռ, եւ եւս 4 Tornado, որով եւ յատուկ օպտիկայով այդ ինքնաթիռների թիւը հասցուեց 6ի: <<Ինջիրլիք>>ում գերմանացի զինծառայողների թիւը հասաւ 268ի: Այդպիսով, Բունդեսվերի գործողութիւնը <<Ինջիրլիք>>ում սկսուեց ողջ մասշտաբով:

Սակայն <<Ինջիրլիքում>> գերմանական զօրակազմի գտնուելու հետ կապուած առաջին լուրջ խնդիրները ծագեցին 2016թ. Յունիսի 2ին Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւն ընդունելուց յետոյ: <<101 տարի առաջ հայերի եւ քրիստոնեայ միւս փոքրամասնութիւնների ցեղասպանութեան յիշատակն ու ոգեկոչումը>> բանաձեւը մշակուել էր Քրիստոնեայ-դեմոկրատների, Քրիստոնեայ-սոցիալիստների միութեան, Կանաչների ու Սոցիալ-դեմոկրատների կողմից: Բանաձեւն Օսմանեան կայսրութիւնում հայերի հանդէպ կատարուած ոճիրը ոչ միայն ճանաչում էր որպէս ցեղասպանութիւն, այլեւ մատնանշում էր այդ յանցագործութիւնում Գերմանիայի պատմական պատասխանատուութիւնը: Ստացւում է, որ Գերմանիան ընդունում է Հայոց Ցեղասպանութեան հարցում իր մեղսակցութիւնը, սակայն Թուրքիան շարունակում է հերքել հայերին ցեղասպանութեան ենթարկելը: Սա Գերմանիայի կողմից համարձակ, ողջունելի քայլ է՝ միտուած սեփական պատմութեան ինքնամաքրմանը: Կայսերական ու ֆաշիստական Գերմանիայի գործած սխալներն ընդունելը, դրանց հետ առերեսուելը ներկայ կամ ապագայ Գերմանիային հնարաւորութեան կ՛ընձեռի վարել աւելի ակտիւ, անկաշկանդ արտաքին քաղաքականութիւն: Ներկայում դրա բացակայութեան գլխաւոր պատճառներից մէկը ֆաշիստական անցեալ ունենալն է, ինչպէս նաեւ բազում երկրների հետ առեւտրային-տնտեսական լաւ յարաբերութիւններն ու դրանք վտանգի տակ չդնելու ցանկութիւնը:

Եւ զարմանալի չէր, որ թուրքական կողմը Գերմանիային սկսեց անմիջապէս յիշեցնել նրա ֆաշիստական անցեալի, հրեաներին վառարաններում վառելու, ինչպէս նաեւ 1904-1908թթ. Նամիբիայում Գերմանիայի կողմից Հերերօ ու Նամա ցեղախմբերի հանդէպ կատարուած էթնիկ զտումների մասին (սպանուել է աւելի քան 100,000 մարդ), որոնք անուանում են նաեւ 20րդ դարի առաջին ցեղասպանութիւն: Բացի այդ, Թուրքիան անմիջապէս յետ կանչեց Գերմանիայում իր դեսպան Հուսէին Աւնի Քարսլըօղլուին, իսկ Յունիսի երկրորդ կէսին արգելեց գերմանացի պատգամաւորների այցը <<Ինջիրլիք>>՝ տեսակցելու համար գերմանացի զինծառայողներին: Գերմանական պատուիրակութիւնը պէտք է գլխաւորէր Գերմանիայի ՊՆ պետքարտուղար Ռալֆ Բրաուկզիպէն, որը համարւում է պաշտպանութեան նախարարի տեղակալ: Չնայած դրան՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլիւթ Չաւուշօղլուն յայտարարեց, որ իրենք նպատակայարմար չեն համարում ոչ ռազմական պատուիրակութիւնների այցը <<Ինջիրլիք>>: Որպէս դրա ապացոյց՝ թուրքական կողմը Յուլիսի 1ին չխոչընդոտեց Գերմանիայի պաշտպանութեան նախարար Ուրսուլա ֆոն դեր Լէայէնի այցը <<Ինջիրլիք>>, որը հանդիպեց նաեւ իր թուրք գործընկեր Ֆիքրի Ըշըքի հետ: Դրանից առաջ Թուրքիան արգելել էր նաեւ Բունդեսվերի հետ աշխատող գերմանացի լրագրողների այցը <<Ինջիրլիք>>: Բրաուկզիպէի պատուիրակութեան այցի արգելքից յետոյ Գերմանիայում Թուրքիայի գործերի ժամանակաւոր հաւատարմատարը պարզաբանումներ տալու համար կանչուեց Գերմանիայի ԱԳՆ (արտաքին գործոց նախարարութիւն):

Նշենք, որ այլ երկրներ գործուղուած գերմանացի զինծառայողների հետ պատգամաւորների հանդիպումները գերմանական առանձնայատկութիւններից են: Բունդեսվերը համարւում է խորհրդարանական բանակ, ինչի համար էլ կառավարութիւնը միայն Բունդեսթագի թոյլտուութեամբ կարող է զինծառայողներ ուղարկել արտաքին առաքելութիւնների (խաղաղապահ, ռազմական, կարգուկանոնի պահպանման կամ հումանիտար բնոյթի): Այդ պատճառով էլ պատգամաւորները բարձր պատասխանատուութիւն են զգում <<իրենց>> զինուորների համար եւ սեփական պարտքն են համարում կանոնաւորապէս գտնուել նրանց կողքին, ովքեր իրենց ծառայութիւնն անցկացնում են հայրենիքից հեռու:

Գերմանիայի եւ Թուրքիայի յարաբերութիւններում նոր խնդիրներ ի յայտ եկան 2016թ. Յուլիսի 15ին Թուրքիայում կատարուած ռազմական յեղաշրջման փորձից (ՌՀՓ) յետոյ (Բունդեսվերը մեծացրեց <<Ինջիրլիք>>ում իր զինծառայողների անվտանգութիւնը): Թուրքիան դժգոհ մնաց Գերմանիայի արձագանգից, որը թէպէտ վճռականօրէն դատապարտեց ՌՀՓը, սակայն դատապարտեց նաեւ ՌՀՓից յետոյ Թուրքիայում սկսուած բռնութիւնները եւ սկսեց դիտարկել իր մօտ գտնուող թուրք զինծառայողներին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը, որոնց Անկարան ընդգրկել էր <<սեւ ցուցակում>> (ՌՀՓից անմիջապէս յետոյ Թուրքիայում կալանաւորեցին <<Ինջիրլիք>>ի ղեկավար, գեներալ Բեքիր Էրջան Վանին): Իսկ Թուրքիան էլ շարունակեց արգելել գերմանացի պատգամաւորների այցերը <<Ինջիրլիք>>: Դա յանգեցրեց նրան, որ ՌՀՓից անմիջապէս յետոյ Բավարիա երկրամասի վարչապետ, Գերմանիայում իշխող կոալիցիայի կազմում ընդգրկուած Քրիստոնէա–սոցիալիստական միութեան առաջնորդ Հորսթ Զեհոֆերը չբացառեց, որ <<Ինջիրլիքում>> Բունդեսվերի առաքելութիւնը կարող է չեղարկուել, եթէ առաջընթաց չգրանցուի գերմանացի պատգամաւորների այցի հարցում: 2016թ. Օգոստոսի վերջին Բունդեսվերի կողմից <<Ինջիրլիք>>ը լքելու հնարաւորութեան մասին յայտնեց նաեւ գերմանական Spiegel Online պարբերականը:

Եւ այնուամենայնիւ, 2016թ. Հոկտեմբերի սկզբին՝ Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւի ընդունումից 4 ամիս յետոյ, Բունդեսթագի պաշտպանական յանձնաժողովի 7 անդամ այցելեց <<Ինջիրլիք>> եւ գերմանացի զինծառայողների հետ քննարկեց ԻՊի դէմ պայքարի հարցը: Գերմանացի պատգամաւորների այցի հարցում Թուրքիայի դիրքորոշման այս փոփոխութեան հիմքում ընկած էր 2 հիմնական գործօն.

  1. 2016թ. Սեպտեմբերի սկզբին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը յայտարարեց, որ Բունդեսթագի ընդունած բանաձեւը չունի <<իրաւական ուժ>> (իրաւական հետեւանքներ), եւ որ այդ հարցը <<կապուած չէ>> <<Ինջիրլիք>> գերմանական պատուիրակութեան այցի թոյլտուութեան հետ: Սա կարելի է որակել որպէս Թուրքիային Գերմանիայի հասցէագրած ժեստ՝ գերմանացի պատգամաւորների այցն <<Ինջիրլիք>> արտօնելու համար: Շթայնմայերի յայտարարութիւնից բառացիօրէն օրեր առաջ Մեւլիւթ Չաւուշօղլուն յայտարարել էր, որ Գերմանիան պէտք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի <<Ինջիրլիք>>ի հարցում թոյլտուութեան համար (Գերմանիայի կառավարութիւնը <<պէտք է>> յայտարարեր, որ հեռու է մնում Բունդեսթագի որոշումից)՝ պնդելով, որ հակառակ դէպքում իրենց պատմութեան հետ <<անարդար խաղալու փորձեր ձեռնարկողներին>> չի թոյլատրուի այցելել երկրի ռազմավարական օբյեկտներ: Չնայած դրան՝ Անգելա Մերկելը կարեւորեց Բունդեսթագի բանաձեւի հանդէպ յարգանք ցուցաբերելը՝ դրանով հերքելով ԶԼՄ տարածած այն լուրերը, թէ Գերմանիայի կառավարութիւնը հրաժարւում է Բունդեսթագի ընդունած որոշումից, եւ որ Գերմանիան ընդհանրապէս յետքայլ է անում այդ հարցում: Ի դէպ, 2016թ. Դեկտեմբերին Գերմանիայի ՍԴն մերժեց Բունդեսթագի բանաձեւի դէմ բոլոր 8 բողոքները՝ կապուած <<քաղաքացիների հիմնարար իրաւունքները խախտելու>> հետ: Աւելին, ՍԴն անգամ չդիտարկեց դրանք: Գերմանիայի կառավարութեան պաշտօնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը նոյնպէս հերքեց ԶԼՄ պնդումները, թէ Գերմանիայի կառավարութիւնը ցանկանում է հեռու մնալ Բունդեսթագի որոշումից՝ դա անուանելով անհնար: Նրա խօսքերով՝ Բունդեսթագն իրաւասու է սեփական կարծիք յայտնելու, սակայն միշտ չէ, որ այդ կարծիքը պէտք է ունենայ <<իրաւական ուժ>>: Չաւուշօղլուն, սակայն, պարզաբանեց, որ գերմանական պատուիրակութեան հոկտեմբերեան այցը թոյլատրուել է, քանի որ Գերմանիայի կառավարութիւնը կատարել է իրենց պահանջը՝ յայտարարելով, որ Բունդեսթագի որոշումը չունի <<իրաւական ուժ>>։
  2. 2016թ. Սեպտեմբերի սկզբին լրատուամիջոցները յայտնեցին, թէ Գերմանիան մտադիր է 58 մլն. եւրօ ներդնել <<Ինջիրլիք>>ում, որից մօտ 26 մլն.ը յատկացուելու էր Tornado ինքնաթիռների թռիչքների համար նախատեսուած օդանաւակայանի կառուցմանը եւ բնակելի տնակների կառուցմանը: Ծրագրուած էր եւս 32 մլն. եւրօ յատկացնել շարժական հրամանատարական կէտի ստեղծմանը, որը յետագայում կարող էր օգտագործուել նաեւ իւրաքանչիւր այլ ռազմաբազայում: Եւ պատահական չէր, որ <<Ինջիրլիք>> գերմանական պատուիրակութիւնից անմիջապէս յետոյ թուրք դեսպան Հուսէյն Աւնի Քարսլըօղլուն վերադարձաւ Բեռլին: Ի դէպ, Քարսլըօղլուն ՌՀՓի ժամանակ գտնուել է Անկարայում եւ երեկոյեան ժամերին փողոցում վիրաւորուել է ուղղաթիռից արձակուած ռումբից:

Փաստօրէն, Գերմանիան ծրագրել էր <<Ինջիրլիք>>ում մշտական ներկայութեան ռազմական օբյեկտ բացել 2017թ., որը փաստացիօրէն կը հանդիսանար նրա առաջին ռազմաբազան Մերձաւոր Արեւելքում: Թուրքիան էլ գիտակցում էր, որ Գերմանիան ցանկանում է ներկայութիւն ապահովել Մերձաւոր Արեւելքում, որ ինքը կարող է ինչպէս նպաստել, այնպէս էլ խոչընդոտել դրան: Եւ Թուրքիան յետագայում յարաբերութիւնների բարդացման պատճառով սկսեց ձգձգել <<Ինջիրլիք>>ում գերմանական շինարարական նախագծերի իրագործումը՝ <<ենթակառուցուածքային արձանագրութեան>> ստորագրումը:

Այդպիսով, Գերմանիայի իշխանութիւնների արած ժեստից յետոյ Թուրքիայի իշխանութիւնները թոյլատրեցին գերմանական պատուիրակութեան այցը <<Ինջիրլիք>>՝ չնայած սկզբում պահանջում էին Բունդեսթագի ընդունած բանաձեւի չեղարկում: Ընդգծենք, որ <<Ինջիրլիք>>ի հարցում խոչընդոտներ յարուցելով Գերմանիայի առջեւ՝ Թուրքիան այդպիսով ռիսկի էր դիմում որոշակիօրէն խոչընդոտել ԻՊի դէմ միջազգային դաշինքի պայքարին եւ դրանով իսկ կանգնել ԻՊի կողքին: Բացի այդ, Թուրքիան դրանով իսկ վատ մթնոլորտ էր ստեղծում ՆԱՏՕի ներսում, որի անդամներն են երկու երկրները: Գերմանացի պատգամաւորների կողմից <<Ինջիրլիք>> այցելելուց եւ Գերմանիայում Թուրքիայի դեսպանի վերադարձից գրեթէ ուղիղ 1 ամիս յետոյ՝ 2016թ. Նոյեմբերին, Բունդեսթագը 1 տարով՝ մինչեւ 2017թ. աւարտը, երկարաձգեց ԻՊի դէմ պայքարում Բունդեսվերի մանդատը. 445 կողմ, 139 դէմ: Նկատենք, որ գերմանացի զինծառայողներին մի երկրից միւսը տեղափոխելը հեշտ գործընթաց չէ, եւ որ խորհրդարանական բանակի հարցում Բունդեսթագի հնարաւորութիւնները սահմանափակ են: Նա կարող է չեղարկել աւելի վաղ կառավարութեանը տուած <<Ինջիրլիք>>ի մանդատը, սակայն չի կարող փոխել այն, այսինքն՝ զօրակազմը Թուրքիայից տեղափոխել մէկ այլ երկիր: Բունդեսթագը չէր ցանկանում չեղարկել այդ մանդատը, քանի որ ճիշդ էր համարում Բունդեսվերի մասնակցութիւնը միջազգային հակաահաբեկչական դաշինքին եւ ՊՆից պահանջում էր իր հաստատմանը ներկայացնել <<Ինջիրլիք>>ից գերմանական զինուորական զօրակազմը մէկ այլ երկիր տեղափոխելու պլան: Դա տեւական գործընթաց է, ինչը նշանակում է, որ որոշ ժամանակով կը դադարեցուէր Գերմանիայի մասնակցութիւնը հակաահաբեկչական դաշինքի գործողութիւններին: Գերմանիայի կառավարութիւնն այդ պատճառով էլ յապաղում էր որոշում կայացնել:

<<Ինջիրլիք>>ի խնդիրը 2017թ.- <<Ինջիրլիք>>ի շուրջ թուրք-գերմանական երկրորդ ճգնաժամը գրանցուեց 2017թ. գարնանը: Բունդեսթագի Պաշտպանութեան հարցերով յանձնաժողովի անդամները պէտք է <<Ինջիրլիք>> այցելէին 2017թ. Մայիսի 16ին, սակայն թուրքական կողմը դրանից 1 օր առաջ յայտարարեց նման այցի անհնարինութեան մասին: Դրա հետ կապուած՝ Գերմանիայի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը յայտարարեց, որ <<Ինջիրլիք>> այցի շուրջ Թուրքիայի հետ բարձրաստիճան ներկայացուցիչների մակարդակով բանակցել են Ապրիլի առաջին կէսից, սակայն ստացել են իրարամերժ ազդանշաններ: Անգելա Մերկելն էլ յայտարարեց, որ Գերմանիան շարունակելու է փնտռել <<Ինջիրլիք>>ի այլընտրանքներ՝ չբացառելով Յորդանանի տարբերակը: Նկատենք, որ դեռ Մարտի վերջին գերմանական մամուլը յայտնել էր, որ Գերմանիան գտել է <<Ինջիրլիք>>ի միանգամից 8 այլընտրանք, որոնցից  Յորդանանում, 3ը Քուէյթում եւ 2ը Կիպրոսում (Ակրոտիրի, Պաֆոս): Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը յայտարարեց, որ <<Ինջիրլիք>>ից Գերմանիայի Ռօու հնարաւոր դուրս գալը խնդիր չէ Անկարայի համար՝ յաւելելով, որ եթէ Գերմանիան իսկապէս գնայ նման քայլի, ապա իրենք միայն կ՛ասեն <<բարի ճանապարհ>>: Խօսելով այն մասին, որ Գերմանիան ապաստան է տուել թուրք զինծառայողներին, Էրդողանը յայտարարեց. <<Ապաստան տրամադրելը Գերմանիայի խնդիրն է: Նա սովոր է ընդունել ահաբեկիչներին, թող նրանց թիւը շատանայ եւս 10ով: Իսկ մենք կը շարունակենք որսալ նրանց>>:

Շեֆերի յայտարարութիւնից մէկ շաբաթ յետոյ գերմանացի պատգամաւորների խումբը չեղարկեց իր այցը Թուրքիա: Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոտը (<<Կանաչներ>>) եւ եւս 3 պատգամաւոր պէտք է այցելէին Ստամբուլ, Անկարա, Դիարբեքիր (բայց ոչ <<Ինջիրլիք>>)՝ քննարկելու Ապրիլի 16ի սահմանադրական բարեփոխումների հանրաքուէի (ՍԲՀ) արդիւնքները, Թուրքիայի ներքաղաքական զարգացումները, ԵՄի հետ յարաբերութիւնները: Աւելի ուշ Ռոտը Թուրքիային մեղադրեց քաղաքական երկխօսութիւնից խուսափելու համար՝ ընդգծելով, որ Անկարան մեծ հակազդեցութիւն է ցուցաբերել՝ յայտարարելով, որ չի կարող թիկնազօր տրամադրել գերմանացի պատգամաւորների խմբին:

Ընդգծենք, որ Գերմանիայի եւ Թուրքիայի յարաբերութիւններն այդ ժամանակ լարուել էին, քանի որ Գերմանիայի տեղական իշխանութիւններն արգելել էին թուրքական իշխանութիւնների կողմից էթնիկ թուրքերի շրջանում ՍԲՀի հետ կապուած քարոզչութիւն անցկացնելը: Էրդողանը բաւական ցաւագին էր արձագանգել դրան՝ անգամ Մերկելին մեղադրելով <<կառավարման նացիստական մեթոդներ>>ի համար: Սակայն կար եւս մէկ ուշագրաւ հանգամանք. Մայիսի սկզբին Գերմանիան առաջին անգամ քաղաքական ապաստան տուեց թուրք զինծառայողներին ու նրանց ընտանիքներին, որոնք մինչ այդ ծառայում էին Գերմանիայում ՆԱՏՕ ուժերի կազմում: ՌՀՓից մինչեւ 2017թ. Մայիսի սկիզբը Գերմանիայի իշխանութիւններն ապաստան տրամադրելու մասին դիմումներ ստացել են 414 թուրք զինծառայողներից, դիւանագէտներից, դատաւորներից, բարձրաստիճան պետծառայողներից ու նրանց ընտանիքներից: Թուրքիայի ԱԳՆն ՆԱՏՕի գծով իր գործընկեր Գերմանիայի այդ քայլը որակեց որպէս <<դաշինքի ոգուն չհամապատասխանող եւ երկու երկրների միջեւ բազմակողմ յարաբերութիւններին վնասող>>:

Սակայն Մայիսի 27ին Էրդողանը <<անսպասելիօրէն>> յայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է թոյլատրել գերմանացի պատգամաւորների այցը <<Ինջիրլիք>>, որոնց թւում չպէտք է լինեն այնպիսիք, որոնց Անկարան մեղադրում է ահաբեկչութեանն աջակցելու համար: Դրանից երկու օր առաջ Էրդողանն ու Մերկելը <<Ինջիրլիք>>ի հարցը քննարկել էին Բրիւսէլում ՆԱՏՕի գագաթաժողովի շրջանակներում եւ պայմանաւորուել էին <<Ինջիրլիք>>ի շուրջ վերջնական որոշման յանգել արտգործնախարարների հանդիպման արդիւնքներով: Իրականում Էրդողանի դիրքորոշման որոշակի մեղմացման պատճառը ոչ թէ Մերկելի հետ հանդիպումն էր, այլ բրիւսելեան գագաթաժողովի որոշումը, ըստ որի՝ ՆԱՏՕն միանում է ԻՊի դէմ պայքարին: Թուրք պաշտօնաթող գեներալ Ալի Էրը, որն աւելի վաղ ծառայել է ՆԱՏՕում, յայտարարեց, որ ՆԱՏՕ տուեալ որոշումը չէզոքացնում է Գերմանիայի դէմ Թուրքիայի <<Ինջիրլիք>>եան խաղաքարտը: Նրա խօսքերով՝ Գերմանիան <<Ինջիրլիք>> ցայժմ ինքնաթիռներ է ուղարկել Թուրքիայի հետ երկկողմ պայմանագրի շրջանակներում, իսկ Թուրքիան էլ օգտուել է իր ինքնիշխան իրաւունքից՝ արգելելով գերմանացի պատգամաւորների այցը. <<Սակայն ՆԱՏՕի նոր որոշումից յետոյ Գերմանիան կարող է <<Ինջիրլիք>> զինուորներ ու ինքնաթիռներ ուղարկել դաշինքի շրջանակներում: Այժմ գերմանացի պատգամաւորները կարող են ժամանել <<Ինջիրլիք>>՝ առանց Թուրքիայի մնացեալ տարածք մտնելու>>:

Արդէն Յունիսի 5ին Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիէլը ժամանեց Թուրքիա եւ հանդիպումներ ունեցաւ Էրդողանի եւ Չաւուշօղլուի հետ: Թուրքիայի վարչապետ Բինալի Եըլդըրըմը չեղարկեց նրա հետ հանդիպումը՝ պատճառաբանելով իր աշխատանքային խիտ գրաֆիկը: Հանդիպումների արդիւնքներով յայտնի դարձաւ, որ Թուրքիան շարունակում է արգելել գերմանացի պատգամաւորների այցը <<Ինջիրլիք>> եւ փոխարէնը նրանց առաջարկել է այցելել Քոնիայում ՆԱՏՕի աւիաբազա (օդուժի խա-րիսխ-Խմբ.): Գաբրիէլի խօսքերով՝ Գերմանիան դա որակում է որպէս դրական զարգացում՝ գտնելով, որ դրանից յետոյ կարող է տրուել <<Ինջիրլիք>> այցելելու թոյլտուութիւն: Եւ այնուամենայնիւ, Յունիսի 7ին Գերմանիայի կառավարութիւնը որոշեց <<Ինջիրլիք>>ից դուրս բերել իր զօրակազմը: Գերմանիայի ՊՆ պլանով՝ <<Ինջիրլիքում>> գտնուող 260 զինծառայողները, Tornado տիպի ինքնաթիռներն ու լիցքաւորիչ ինքնաթիռը տեղափոխուելու են Յորդանանի <<Էլ-Ազրաք>> աւիաբազա: Գործընթացը, որի ստոյգ մեկնարկը դեռ յայտնի չէ, ենթադրաբար տեւելու է մօտ 2 ամիս, որի ընթացքում ինքնաթիռների թռիչքները դադարեցուելու են: <<Ինջիրլիք>>ից զինուորների դուրսբերման մասին վերջնական որոշումը պէտք է կայացնի Բունդեսթագը: Ընդգծուեց, որ <<Ինջիրլիք>>ից Յորդանան Tornado տիպի ինքնաթիռների տեղափոխումը չի ազդի Քոնիայի աւիաբազայում գերմանական զօրակազմի տեղակայուածութեան վրայ: Մերկելը յայտարարեց, որ <<Ինջիրլիք>>ից Յորդանան գերմանական զօրակազմի տեղափոխումը կ՛իրականացուի հնարաւորինս արագ՝ հակաահաբեկչական դաշինքի աշխատունակութեան պահպանման պայմանով, որպէսզի վնաս չպատճառուի դրան: Մերկելը դրա հետ մէկտեղ կարեւորեց Թուրքիայի հետ երկխօսութեան պահպանումը: Գերմանիայի կառավարութեան որոշումից յետոյ երկու երկրների պաշտպանութեան նախարարները քննարկեցին <<Ինջիրլիք>>ից գերմանական զօրակազմի դուրսբերման հարցը եւ պայմանաւորուեցին սերտ շփումներ պահպանել տեղափոխման գործընթացի մանրամասների շուրջ:

Այսպիսով, Գերմանիան երկրորդ անգամ չներեց Թուրքիային եւ որոշեց <<Ինջիրլիք>>ից դուրս բերել իր զինուորական զօրակազմը (եթէ, իհարկէ, նոր որոշում չկայացուի այդ հարցում): Թուրքիան, արգելելով գերմանացի պատգամաւորների եւ զինծառայողների հանդիպումը <<Ինջիրլիք>>ում, փաստացիօրէն միջամտում էր Գերմանիայի ներքին գործերին: <<Ինջիրլիք>>ից գերմանական զօրակազմի հեռանալով Թուրքիան զրկւում է Գերմանիայի հանդէպ տուեալ լծակից, ինչի համար էլ հէնց նրան կարելի է որակել որպէս տուժող կողմ: Թուրքիայի այդ կամայականութիւնները բացասաբար կ՛ազդեն նաեւ ԻՊի դէմ հակաահաբեկչական դաշինքի պայքարի վրայ, քանի որ գերմանական օդուժը որոշ ժամանակ դուրս կը մնայ դրանից: Կարելի է ենթադրել, որ Գերմանիան յետագայում հաշուի կ՛առնի Թուրքիայի պահուածքը եւ համապատասխան եզրակացութիւններ կը կատարի: Ի դէպ, վերջին շրջանում շարունակ նուազում է <<Ինջիրլիք>>ի դերն Արեւմուտքի համար: ՌՀՓից յետոյ ԶԼՄ հաղորդմամբ՝ ԱՄՆը դուրս է բերել իր ատոմային ռումբերը <<Ինջիրլիք>>ից (Պետդեպարտամենտն ու Պենտագոնը հրաժարուեցին մեկնաբանել դա), որը գտնւում է Սիրիայի հետ սահմանից մօտ 100 կմ. հեռաւորութեան վրայ: Սիրիայում (նաեւ Իրաքում) ԻՊ պարտութիւնից ու կայունութեան հաստատումից յետոյ <<Ինջիրլիք>>ի դերն Արեւմուտքի համար կարող է էլ աւելի նուազել: Յունաստանն արդէն իսկ ԱՄՆին առաջարկել է աւիաբազան <<Ինջիրլիք>>ից տեղափոխել Կրետէ կղզի՝ կապուած <<Ինջիրլիք>>ի հարցում Թուրքիայի կամայականութիւնների հետ (Թուրքիան երկար ժամանակ հրաժարւում էր <<Ինջիրլիք>>ը դնել ԻՊի դէմ միջազգային հակաահաբեկչական դաշինքի տրամադրութեան տակ, ՌՀՓից յետոյ արգելափակել, ապա նաեւ հոսանքազրկել էր այն): <<Ինջիրլիք>>ից ԱՄՆ հեռանալն իր հերթին կը նուազեցնի Թուրքիայի կարեւորութիւնն Արեւմուտքի համար, ինչն ի վերջոյ կարող է նպաստել նրան, որ երկրի ներսում զանգուածային բռնութիւններ կիրառող Թուրքիային վտարեն ՆԱՏՕ շարքերից (ՆԱՏՕ չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով):

 

ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ՝ թուրքագէտ, ՄԱՀՀԻ ասոցացուած փորձագէտ

 



comments

Advertisement