facebook twitter links
October 19 2017 | 10:08pm AET

Վերազարթնող Համայնքներ

Source: Asbarez | Friday, 15 September 2017
Email  |  Print 

ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ

 

Katia Kusherian4

Գաղթն ու բռնագաղթը հայոց պատմութեան մշտական ուղեկիցներն են եղել, որպէս հետեւանք Հայաստանի աշխարհաքաղաքական կացութեան, պայմանաւորուած երեք հիմնական ազդակներով՝ քաղաքական, տնտեսական եւ կրօնական: Հայ ազգաբնակչութիւնը բռնագաղթի է ենթարկուել հարեւան հզօր պետութիւնների կողմից, սպասարկելով նրանց ռազմաքաղաքական եւ տնտեսական շահերին, նաեւ սկսել է արտագաղթել, իսկ այն տեղի է ունեցել առաւելապէս 7-14րդ դարերում, երբ միասնաբար եւ մեծ ուժով սկսել են գործել վերոնշեալ երեք ազդակները: Նշուած դարերը այն ժամանակաշրջանն էին, երբ Հայաստանը պետականութեան կորուստ էր ունեցել, թուլացել էին իշխանական տները, որպէս հետեւանք քոչուոր եւ այլադաւան ցեղերի՝ արաբների, սելջուկների, մոնղոլների իրար յաջորդող արշաւանքների, քայքայուել էր տնտեսութիւնը: Արտագաղթելով իր բնօրրանից, հայ ժողովուրդը կայք հաստատեց տարբեր երկրներում, կազմակերպեց իր կեանքը, հիմնեց դպրոց ու եկեղեցի, ամբողջական ճիգ գործադրեց յանուն լուսաւորութեան, դրսեւորելով իր մտաւոր եւ հոգեկան կարողութիւնները, միաժամանակ նպաստելով իր բնակած երկրների առաջընթացին: Հայ գաղթավայրերի պատմութիւնը այդ է վկայում:  Աշխարհի շատ երկրների քաղաքներ դարձան հայութեան մշակութային կարեւոր օջախներ, սակայն հետագայում, երբ հայ ազգը երկփեղկուեց արեւելեան եւ արեւմտեան հատուածների, երկու քաղաքներ կարեւոր դերակատարութիւն ստանձնեցին հայութեան կեանքում, դարձան խոշորագոյն կենտրոններ, որտեղ եւ որոնց միջոցով նաեւ կազմակերպուեց հայութեան հասարակական կեանքը: Այդ երկու առանձնացող քաղաքներն են Պոլիսը եւ Թիֆլիսը:

1453ը չարաշուք թուական է համաշխարհային պատմութեան մէջ: Այն Բիւզանդական կայսրութեան մայրաքաղաք Կոստանդնուպոլսի անկման թուականն է, երբ թուրքերը կործանեցին բիւզանդական քաղաքակրթութիւնը, վերջնականապես հաստատուեցին այդ տարածաշրջանում եւ Կոստանդնուպոլիսը դարձրին իրենց կայսրութեան մայրաքաղաքը: Այստեղ աստիճանաբար, դեռեւս վաղ ժամանակներից գոյութիւն ունեցող հայ համայնքն ուռճացաւ եւ դարձաւ արեւմտահայութեան կեանքի բազկերակը, այստեղ աշխատեց ու քրտինք թափեց հայը երկար դարեր, ճիգ ու ջանք չխնայեց պերճաշուք դարձնելու այն, իր մէջ առաւ գաւառներից եկած պանդուխտին, ծնեց զաւակներ, որոնք հայութեան հպարտութիւն առթեցին ու անջնջելի հետք թողեցին այս քաղաքի պատմութեան մէջ: Բանասէր Յ. Սիրունիի <<Պոլիս Եւ Իր Դերը>> քառահատոր մեծարժէք աշխատութիւնը յուշարձան է՝ նուիրուած Պոլսին եւ պոլսահային:

Նոյնպիսի ծանրակշիռ ներդրում ունեցաւ հայը արեւելահայոց կենտրոն Թիֆլիս քաղաքի պատմութեան մէջ, եւ որի կատարած դերի մասին ապագայի բանասէրը  թերեւս մի օր նոյնանման մի գործ ձօնի: Այս քաղաքի հետ են կապուած հայ մշակույթի շատ նշանաւոր գործիչների անուններ:

1915թ. Հայոց Ցեղասպանութիւնը եւ 1917թ. ռուսական յեղափոխութիւնը աշխարհաքաղաքական եւ մշակութային արմատական փոփոխութիւններ բերեցին իրենց հետ, փոփոխութիւններ, որոնք մասնաւորապէս հայ ժողովրդի համար, բախտորոշ եղան: Հայ ժողովուրդը կորցրեց իր հայրենիքի եւ բնակչութեան մեծ մասը, իսկ մշակութային առումով իր կապը աշխարհացրիւ հայութեան հետ սահմանափակուեց Խորհրդային Միութեան ընձեռած հնարաւորութիւնների շրջանակում: Արեւմտահայութեան կեանքի բազկերակ Պոլիսը, հնձուած մտաւորականութեան եւ կատարուած եղեռնագործութիւնից սահմռկած՝ լռեց: Արեւելահայութեան համար կենտրոնական քաղաքներ Թիֆլիսն ու Բաքուն հիմնականում դադարեցրին իրենց դերակատարութիւնը. 1918թ. Հայաստանի Հանրապետութեան հռչակումով, ապա նրա խորհրդայնացմամբ, գիւղաքաղաք Երեւանի ուսերին դրուեց Հայաստանի մայրաքաղաք դառնալու դժուարին պարտականութիւնը: Եւ եթէ Թիֆլիսն ու Բաքուն, որպէս ձեւաւորուած քաղաքներ, կարող էին շարունակել իրենց դանդաղ քայլքը, Երեւանը պէտք է վազեր՝ դառնալու համար հայ կեանքի բաբախուն սիրտը, եւ Երեւանը վազեց:

Եթէ Արցախեան ազատամարտով եւ Հայաստանի վերանկախացումով փակուեց Բաքուի հետ հայութեան կապի վերջին էջը, ապա հակառակ երեւոյթն է նկատելի Պոլսի եւ Թիֆլիսի պարագայում: Այս քաղաքները դանդաղօրէն ու դեռեւս թոյլ դրսեւորումներով, սակայն այսօր հաստատապէս դերակատար են դառնում հայութեան կեանքում, ձգտելով հայ կեանքի մայրուղի վերադառնալ: Այս երկու քաղաքների մերօրեայ ծլարձակումը պայմանաւորուած է ոչ միայն անկախ Հայաստանի գոյութեան փաստով, այլեւ Ջաւախքի խնդրով ու Արեւմտեան Հայաստանում մէկ դարից աւելի Հայաստանի հողին պահակ կանգնած մեր իսլամացած ազգակիցների ներկայութեամբ եւ նրանց հոգեկան զարթօնքով: Հայաստանի եւ ողջ հայութեան պարտականութիւնն է ուշադրութեամբ հետեւել այս երկու քաղաքներին, ոչ միայն այն պատճառով, որ Պոլիսն ու Թիֆլիսը այնքան շատ բան են տուել հայութեան, այլեւ այն բանի համար, որ նրանք անմիջականօրէն առնչւում են ազգային առաջնահերթ կարեւորութիւն ունեցող եւ ցարդ անլոյծ մնացած հարցերի հետ: Աւելի հանգամանօրէն լուսաբանենք եւ հանրութեան ներկայացնենք նրանց անցեալն ու ներկան, ցոյց տանք, որ նրանք մեր տեսադաշտում են, հայ կեանքի մասն են ու մասնակիցը, որ ակնկալիքներ ունենք իրենցից: Նրանք արժանի են դրան:

Եւ դառնանք ու ողջունենք նրանց: