Հանգիստ Խղճով Կարող Էք Քաղաքականացնել

By Asbarez | Saturday, 16 September 2017

0000Toumanian

Կ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

 

Հայաստանն ապաքաղաքական երկիր է, ու ոչինչ որ, օրինակ, դիւանագէտները փորձում են անել ամէն ինչ՝ արտաքին քաղաքականութեան հարցում յստակ քաղաքականութիւն ունենալու համար:

Հայաստանում ոչինչ քաղաքականացնել չի կարելի, անգամ՝ քաղաքականութիւնը: Պարզւում է՝ քաղաքականութիւնն ամօթ բան է, անթոյլատրելի, փակման արժանի երեւոյթ, ուղղակի մէկ բան է անհասկանալի՝ մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանը նախարար նշանակուելուց յետոյ ինչո՞ւ դարձաւ ՀՀԿական: Նախարարը, կարծես, քաղաքականութիւնից էր խօսում այն ժամանակ՝ մէկ քաղաքական գիծ ունենալու մասին բարձրաձայնում: Գուցէ ժամանակները փոխուե՞լ են:

Մշակոյթի նախարարութիւնը Թումանեանին եւ նրա զաւակներին նուիրուած ցուցահանդէսը փակել է տուել՝ <<քաղաքական տարրեր>> պարունակելու պատճառաբանութեամբ: Իսկ <<քաղաքական տարրեր>>ն, ի դէպ, բոլշեւիզմն է, որին <<զոհ>> են գնացել Թումանեանի զաւակները: Ստացւում է՝ մշակոյթի նախարարութիւնը իզմ-երից չի ազատուել ու, ոչինչ, որ այդ իզմ-երը սիմվոլիզմի (խորհրդապաշտութեան-Խմբ.) կամ ռոմանտիզմի (վիպապաշտութեան-Խմբ.) մաս չեն կազմում:

Ասում են՝ մշակոյթը սահմաններ չպէտք է ունենայ. մշակոյթի նախարարն էլ, կարծես, եկել էր բարեփոխելու ոլորտը: Զարգացած երկրներում բարեփոխումներն ինչ որ բան փոխելու, դէպի լաւին տանելու ճանապարհով են գնում, թէկուզ՝ դժուար ճանապարհով, իսկ մեզ մօտ՝ վերադարձ սովետական կարգերին՝ հուռա՜, ընկերնե՛ր:

Մշակոյթի նախարարութիւնը, կարծում եմ, պէտք է մի լուրջ հարցով էլ զբաղուի՝ Նժդեհի արձանի տեղադրման հետ կապուած ՌԴն հակասութիւններ ունէր. գուցէ ապամոնտաժուի՞ (քանդուի-Խմբ.), նոյն սկզբունքով՝ նախկին սովետական երկրին չնեղացնենք յանկարծ:

Մէկ առաջարկ էլ՝ Թումանեան փողոցը կարող ենք անուանափոխել, քանի դեռ ակտուալ (գործնական-Խմբ.) է փողոցների անուանափոխման հարցը: Թումանեանի փոխարէն կարող ենք փողոցն անուանել Լենին պապի անունով ու շաբաթը մէկ Լենին պապի փողոցում կազմակերպել ցուցահանդէսներ՝ ձեր սրտով՝ խիստ սովետական ոգով:

Սովետական կարգերը, կարծես, որոշ պետական հիմնարկներում խոր արմատներ են գցել, ու ոչ մի կերպ դրանցից ազատուել չի լինում: Նման՝ դէպի պայծառ ապագան տանող արագ քայլերով շուտով սովետը կը ծաղկի, վզկապները կը վերադառնան, Լենին պապին նուիրուած բանաստեղծութիւնների մրցոյթ կ՛անցկացուի ու աւելի մեծ թափով կը շարունակեն Հայաստան գալ <<էն թուերի>> երգիչ-երգչուհիները՝ պետական հովանու ներքոյ համերգով հանդէս գալու: Ահա եւ բարեփոխումները:

Թումանեանը կ՛ասէր. <<Հերթով գալիս, անց ենք կենում էս անցաւոր աշխարհից>>: Հանգիստ խղճով կարող էք քաղաքականացնել:

 

<<Երկիր>>

 



comments

Advertisement