Կը Ստորագրի՞, Թէ Չի Ստորագրի Հայաստանը ԵՄ Հետ Նոր Համաձայնագիրը

By Asbarez | Tuesday, 19 September 2017

ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴԵԱՆ

 

0000Armenia-EU-flags

Կը ստորագրի՞, թէ չի ստորագրի Հայաստանը նոր համաձայնագիր ԵՄի հետ. վերջին շրջանի քննարկումներում այս հարցը ուրոյն տեղ զբաղեցնողներից մէկն է: Քաղաքագէտ Ալեքսանդր Մարկարովի խօսքով՝ քանի որ այս պահին Հայաստանում արտաքին քաղաքականութեան հարցերում որոշում կայացնում է նախագահը եւ երկրի ղեկավարն իր հարցազրոյցում յստակ նշել է, որ ստորագրուելու է, ապա՝ կարող ենք ասել, որ ՀՀի կողմից որեւէ խնդիր այսօր չի երեւում: Նոյն պատրաստակամութիւնը յայտնում է նաեւ ԵՄն՝ նկատել է նա: ՀՀՇ վարչութեան անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Յովհաննէս Իգիթեանի կարծիքով՝  ստորագրել-չստորագրելու հարցն արհեստական է: Նրա ձեւակերպմամբ՝ այն հասարակայնութեան քննարկման է նետուած իշխանութիւնների կողմից՝ յետագայում որպէս դիւանագիտական յաղթանակ ներկայացնելու համար: Ըստ, Յովհաննէս Իգիթեանի, սակայն, Հայաստանը անդամ է մի կառոյցի՝ ԵՏՄին, որը թոյլ չի տայ Հայաստան-ԵՄ յարաբերութիւններում առկայ քաղաքական բաղադրիչի պատշաճ իրականացում: Այս դիտարկումը չի կիսում ԱԺ ՀՀԿ խմբակցութեան պատգամաւոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանեանը:

Ինչպէս քաղաքագէտ Ալեքսանդր Մարկարովը, այնպէս էլ ՀՀՇ վարչութեան անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Յովհաննէս Իգիթեանը, մեզ հետ զրոյցում այսօր շեշտեց, թէ <<ԵՄի հետ Հայաստանը նոր համաձայնագիր կը ստորագրի թէ ո>>չ  հարցին պատասխանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը, ինչպէս նաեւ՝ ԵՄ բարձրաստիճան պաշտօնեաններ:

Նշենք, որ ամրան վերջերին  նախագահ Սերժ Սարգսեանը <<Բազէ>> համահայկական երիտասարդական հաւաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով ճամբարականների հարցերին, շեշտել էր, որ Հայաստանն աշնանը ԵՄի հետ ստորագրելու է Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիրը:

<<Այո՛, մենք աշնանը ստորագրելու ենք: Ինչո՞ւ եմ այսպիսի համոզուածութեամբ ասում, որովհետեւ փաստաթուղթն արդէն իսկ նախաստորագրուած է: Մենք, եթէ չեմ սխալւում, Մարտ ամսին յայտարարեցինք, որ փաստաթուղթն արդէն, ընդհանուր առմամբ, բանակցուած է, եւ դրանից յետոյ նախաստորագրեցինք: Մենք այդ փաստաթուղթը չստորագրելու որեւէ պատճառ չունենք>>:

Նոյն հարցին օրերս անդրադառնալով՝ Հայաստանում ԵՄ պատուիարակութեան ղեկավար Պէոտր Սվիտալսկին շեշտել էր, որ, մէջբերում եմ, <<Հայկական կողմից դեռ որեւէ նշան չեմ տեսել, որը կը հակասէր մեր պլաններին՝ համաձայնագրի ստորագրմանը>>: Վստահ եմ՝ այս համաձայնագիրը նոր էջ կը բացի ՀՀ-ԵՄ յարաբերութիւններում՝ համոզմունք էր յայտնել մեր երկրում ԵՄ պատուիրակութեան ղեկավարը:

Յովհաննէս Իգիթեանի գնահատմամբ՝ այդ ամէնը նշանակում է, որ ԵՄ-Հայաստան նոր պայմանագրում չկայ որեւէ կէտ, որը կը հակասի ԵՏՄի կանոնադրութեանը: Սա, ըստ նրա, ենթատեքստ էլ ունի. <<Ենթատեքստում կարելի է կարդալ, որ չկայ որեւէ կէտ, որը խանգարում է Ռուսաստանին եւ որը թոյլ չի տայ Հայաստանին ստորագրել այդ փաստաթուղթը>>:

Յովհաննէս Իգիթեանի գնահատմամբ՝ նոր փաստաթղթում ամբողջութեամբ բացակայում է տնտեսական բաղադրիչը, ինչը եւ Հայաստանի միակ զարգացման հնարաւորութիւնն էր, որը կար նախորդ՝ 2013ին, նրա խօսքով, մերժուած համաձայնագրում:

Քաղաքագէտ Ալեքսանդր Մարկարովը նկատեց, որ 2013ին դեռեւս ՀՀն ԵՏՄ անդամ չէր: Հետեւաբար, նոր համաձայնագիրը, բնականաբար, պէտք է հաշուի առնէր այդ հանգամանքը. ի դէպ, 2013 թուականի համաձայնագրի խնդրին յայտնի հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսեանը նոյնպէս անդրադարձել էր:

<<Մի քիչ աւելի ընդլայնեմ եւ ասեմ, որ որոշ լրատուամիջոցների եւ յատկապէս օտարերկրեայ լրատուամիջոցների՝ 2013 թուականի մեր որոշումը՝ ԵՏՄին միանալը, որպէս <<մէկ գիշերուայ մէջ կայացրած որոշում>> ներկայացնելու փորձերը, ուղղակի ծիծաղելի են: Մենք բանակցում էինք ե՛ւ Եւրասիական տնտեսական միութեան հետ, ե՛ւ Եւրամիութեան հետ, որովհետեւ ի սկզբանէ երկու կողմերն էլ ասում էին, որ մէկը միւսին չի խանգարի: Բայց երբ Եւրամիութիւնն ասաց՝ խանգարում է, մենք ի՞նչ պէտք է անէինք>>:

ԵՄի հետ ստորագրուելիք նոր համաձայնագիրն, ըստ Յովհաննէս Իգիթեանի, միայն քաղաքական բաղադրիչով է կազմուած, հետեւաբար՝ որեւէ հնարաւորութիւն ու երաշխիք Հայաստանի զարգացման համար չի ապահովւում: Քաղաքագէտ Ալեքսանդր Մարկարովը, սակայն, կարծում է, որ այդ մասով դեռեւս վաղ է կարծիք յայտնելը։

ԱԺ Հանրապետական խմբակցութեան անդամ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանեանը նոյնպէս կարծում է, որ դատողութիւններ անել նոր համաձայնագրի շուրջ դեռեւս վաղ է, քանի դեռ հրապարակուած չէ փաստաթուղթը:

Նշենք նաեւ, որ Հայաստանում ԵՄ պատուիրակութեան ղեկավար Պէոտր Սվիտալսկին օրերս յայտարարել է, որ ԵՄն պատրաստւում է մօտ 20 մլն. եւրոյի ներդրում կատարել Հայաստանի կրթական համակարգում: Նա խոստացաւ, որ մօտ ապագայում էլ կը խօսի, թէ յատկապէս ի՛նչ են ծրագրում անել. <<Մենք ունենք շատ մեծ՝ միլիոնաւոր եւրոյի ծրագիր, որն ուզում ենք ներդնել Հայաստանում: Վստահ եմ՝ սա միայն սկիզբը կը լինի>>:

Յովհաննէս Իգիթեանի գնահատմամբ, մինչդեռ, մենք մտել ենք մի այնպիսի կառոյց՝ ԵՏՄ, որը ոչ միայն Հայաստանին ոչինչ չի տալու, այլեւ թոյլ չի տայ պատշաճ կերպով իրականացնել այն քաղաքական բաղադրիչը, որն առկայ է Հայաստան-ԵՄ յարաբերութիւններում:

Հայկ Բաբուխանեանը, սակայն, համոզուած է, որ ԵՏՄին անդամակցութիւնը ազգային շահերից բխող միակ ճիշդ քայլն էր, որից արդէն իսկ, նրա ձեւակերպմամբ, ստացել ենք մեծ դիվիդենտներ (շահաբաժիններ-Խմբ.): Ըստ նրա՝ մեր պաշտօնական քաղաքականութիւնը <<ե՛ւ-ե՛ւ>>ի քաղաքականութիւն է, սակայն, պէտք է գիտակցել, որ այդ <<ե՛ւ-ե՛ւ>>ները չեն կարող լինել հաւասարազօր, սակայն՝ կարող են լինել փոխլրացնող:

Բարեբախտաբար, այդ հիւանդութիւնը շուտ անցաւ՝ ձեւակերպեց Հայկ Բաբուխանեանը՝ եզրափակելով, թէ, կարծում է, որ նոյն կերպով այլ երկրները կամ միութիւնները պէտք է ընդունեն Հայաստանի դիրքորոշումը:

 


comments

Advertisement