Ո՞ւմ Շահերին Է Ծառայելու Բաքու-Ախալքալաք-Կարս Երկաթգիծը        

By ԷԴՈՒԱՐԴ ԱՅՎԱԶԵԱՆ - Asbarez | Wednesday, 01 November 2017

 

1031trai

ԷԴՈՒԱՐԴ ԱՅՎԱԶԵԱՆ

 

Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի շինարարութեան ծրագրի մասին հանրութիւնը տեղեկացաւ 2007 թուականի Փետրուարի 7ին, երբ միջպետական փաստաթուղթ ստորագրուեց երկաթգծի շինարարութեան վերաբերեալ: Այդ օրուանից սկսած չեն դադարում խօսակցութիւնները երկաթգծի շինարարութեան ու շահագործման թեմայի վերաբերեալ: Հարցը նրանում է, որ տուեալ ծրագրից դուրս է մնում Հայաստանը, ինչը աւելի շատ քաղաքական, կամ աւելի ճիշդ հոգեբանական նշանակութիւն ունի ՀՀի համար, քան տնտեսական:

Հոգեբանական ազդեցութիւնը իրականում պայմանաւորուած է նրանով, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար պարզից-պարզ է, թէ ինչ ծրագիր է Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը եւ որն է դրա իրագործման նպատակը: Դա 21րդ դարի նոր պանթուրքիստական ծրագիր է Թուրքիան Ադրբեջանին կապելու համար:

1915-1920 եւ 1988-1994 թուականներին պանթուրքիզմի ծրագիրը չստացուեց իրականացնել հայկական տարածքների միջոցով եւ հիմա այն տնտեսական ծրագրի տեսքով իրականանալու է Վրաստանի Հանրապետութեան տարածքով:

1031katstrain
Առաջին հայեացքից կարծես դա դրական է ազդելու Հայաստանի վրայ այն իմաստով, որ Թուրքիան ու Ադրբեջանը կը թուլացնեն իրենց պանթուրքիստական նկրտումները իրար միանալու հէնց Հայաստանի Հանրապետութեան ու Արցախի տարածքով: Սակայն այստեղ կայ մի պահ, որը լուրջ մտահոգուելու առիթ է տալիս: Հարցը նրանում է, որ հայաբնակ Ջաւախքը տուեալ երկաթգծի շահագործման հետեւանքով տարիներ անց կարող է վերածուել թուրքաբնակ շրջանի, իսկ դա ուղիղ վտանգ է Վրաստանի եւ Հայաստանի պետականութեան համար:

Բաքու-Թբիլիսի-Ջէյհանի նաւթամուղի եւ Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի առկայութիւնը Վրաստանի տարածքում, երկրի համար ունի ինչպէս դրական, այնպէս էլ բացասական ազդեցութիւն: Վրաստանի տնտեսական շահը տուեալ ծրագրերից վիճարկման ենթակայ չէ, սակայն նոյն ժամանակ վիճարկման առարկայ չէ նաեւ այն փաստը, որ Սամցխէ-Ջաւախքը տուեալ ծրագրերի միջոցով վերածուել է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ռազմավարական նշանակութիւն ունեցող տարածքի:

Դժուար չէ կանխատեսել, թէ որն է լինելու տուեալ երկրների յաջորդ լայնամասշտաբ ծրագիրը Սամցխէ-Ջաւախքի տարածաշրջանում: Այն արդէն իսկ մեկնարկել է փորձնական ձեւով եւ օրից-օր ստանում է աւելի լրջագոյն բնոյթ: Խօսքը ֆիզիկապէս թուրքական ներկայութեան մասին է, որը արդէն իսկ ամուր արմատներ է գցել Ախալցխայում անբարոյականութեան բիզնեսի զարգացման առումով, ինչի համար քաղաքում բացուել են տասնեակ ռեստորաններ ու սրճարաններ, որոնք թուրք յաճախորդներին անպայման առաջարկում են այլ ծառայութիւններ: Այս ամէնից ելնելով կարելի է միայն ենթադրել, թէ ինչքանով է մեծանալու տուեալ «բիզնես»ի կարիքը Ախալքալաքում մօտակայ ապագայում, երբ շահագործուի Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը: Ախալքալաքում արդէն գործող թուրքական յատուկենտ օբյեկտների (խանութներու-Խմբ.) կողքին սնկի պէս աճելու են թուրքական ու ադրբեջանական ռեստորանները ու հիւրանոցները: Եւ դա միայն սկիզբն է լինելու: Ամենայն հաւանականութեամբ դէպքերը ընթանան Բաթումի սցենարով: Գեղեցիկ շինութիւններ եւ զարգացող տնտեսութիւն: Աշխատանքի տեղերը հիմնականում թուրքերի եւ նուազ չափով վրացիների համար: Ապագայում թուրք մեսխեթցիները Թուրքիայի եւ Ադրբեջանի օգնութեամբ աւելի մեծ ցանկութիւն են դրսեւորելու վերադառնալ Սամցխէ-Ջաւախքի տարածաշրջան, որտեղ արդէն բաւականին ամրապնդուած կը լինեն իրենց ցեղակիցները:

Երեւի անիմաստ է խօսել այն մասին, թէ ինչ տեղի կ՛ունենայ յետոյ մօտ 20-30 տարի անց: Այն ինչ տարիներ առաջ տեղի ունեցաւ Բաթումում  հնարաւոր է կրկնուի նաեւ Ջաւախքում: Բնական է եթէ Վրաստանի իշխանութիւնները այդ ամէնից դասեր չքաղեն ու այսպէս շարունակուի, ապա շատ շուտով Բաքու-Թբիլիսի-Ջէյհանի նաւթամուղը եւ Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը Սամցխէ-Ջաւախքում հսկելու է օրից-օր բազմացող թուրքական ազգաբնակչութիւնը:

Արդէն իսկ Ադրբեջանից հնչում են պահանջներ, որ Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծից ոչ մի պարագայում չպէտք է օգտուի Հայաստանի Հանրապետութիւնը: Այսինքն դուրս է գալիս, որ երկաթգծի ծրագիրը անթաքոյց ունի նպատակ Հայաստանը մեկուսացնելու համար:

Շատ կարեւոր է, որ Վրաստանը չենթարկուի Ադրբեջանի տուեալ սադրանքներին, քանզի ապագայում միայն հայկական կողմի օգնութեամբ հնարաւոր կը լինի դիմակայել վերոնշեալ խնդիրներին եւ բալանսաւորել (հաւասարակշռել-Խմբ.) թուրք-ադրբեջանական ներկայութիւնը Սամցխէ-Ջաւախքում: Այդ իսկ պատճառով Վրաստանի իշխանութիւնները պէտք է յիշեն, որ ցանկացած քայլ, որը ուղղուած կը լինի Ջաւախքի հայութեան թուլացնելուն, բումերանգով հարուածելու է հէնց Վրաստանի շահերին:

Հէնց դրանով է նաեւ պայմանաւորուած ադրբեջանական ինտերնետային լրատուամիջոցների ուշադրութիւնը Սամցխէ-Ջաւախքի տարածաշրջանի նկատմամբ: Նրանք ամէն կերպ փորձում են շահարկել Ջաւախքում հայկական անջատողականութեան թեման, որպէսզի ոչ միայն լարեն հայ-վրացական յարաբերութիւնները, այլ դրա հիմքի վրայ իրենց նկատմամբ Վրաստանում ձեւաւորեն դրական հասարակական կարծիք, ինչը անշուշտ կը նպաստի Ադրբեջանի ու Թուրքիայի սեւ ծրագրերի իրականացմանը Սամցխէ-Ջաւախքում:

Բաւականին վերջերս Ախալքալաքի Գումբուրդօ գիւղում եկեղեցու շուրջ տեղի ունեցած միջադէպի ժամանակ, ադրբեջանական մամուլը կրկին յիշեց Վահագն Չախալեանին եւ տեղի ունեցածի մէջ մեղադրեց հէնց նրան, չնայած, դրան, որ Չախալեանը ոչ միայն ոչ մի կապ չունէր տուեալ միջադէպի հետ, այլ նաեւ իր ինտերնետային էջում սադրանքից հեռու մնալու առաջին կոչ հնչեցնողներից մէկն էր:

Այս ամէնին հետեւեց Վրաց ուղղափառ եւ Հայ առաքելական եկեղեցիների համատեղ յայտարարութիւնը, որը Սեպտեմբերի 30ին տեղի ունեցած միջադէպի բուն թեմայից շեղուելով, ծառայեց հասարակութեան մէջ Հայ առաքելական եկեղեցու հանդէպ անվստահութեան ալիք բարձրացմանը: Բարեբախտաբար տուեալ խիստ միակողմանի յայտարարութիւնը չստեղծեց նոր լարուածութիւն, որի առաջացումը ձեռնտու կը լինէր միայն հայ եւ վրաց ժողովուրդների թշնամիների շահերին:

Անգամ վիճելի համարուող եկեղեցիների նման չափազանց զգայուն հարցը չպէտք է լարուածութիւն մտցնի մեր ժողովուրդների յարաբերութիւնների միջեւ, քանզի երէկուայ արտաքին վտանգը այսօր մեր պետականութեան ներսում է եւ ցանկացած լարուածութիւն ծառայելու է միայն նրա շահերին:

Բաւական է յիշել, թէ ինչպէս բիւզանդացիները XIրդ դարում ցանկանում էին վերահսկել Հայոց եկեղեցին եւ նրա առաջնորդին ու ամէն առիթով միջամտում էին նրա ներքին գործերին: Դա բերեց նրան, որ բիւզանդացիներ գնացին աւելի խորը ու յարձակուեցին Անի քաղաքի վրայ, վերջնականապէս թուլացնելով հայկական թագաւորութիւնը, ինչի արդիւնքում թուրք-սելջուկները սկզբում գրաւեցին Անին եւ յետոյ յարձակուեցին քրիստոնեայ Բիւզանդիայի վրայ: Ի վերջոյ երկու պետութիւններն էլ ընկան եւ այդ տարածքների վրայ ձեւաւորուեց այսօրուայ Թուրքիան:

Ժամանակները իհարկէ փոխուել են, սակայն թուրքական մեթոդը չի փոխուել: Տուեալ պետութիւնները ամէն կերպ ջանում են, որ երկու քրիստոնեայ ժողովուրդների միջեւ, լինի դա եկեղեցիների կողմից տարուող անհեռատես քաղաքականութեան արդիւնք, թէ այլ ազգամիջեան թեմա, առաջացնի կոնֆլիկտային (տագնապային, ընդհարումի-Խմբ.) իրավիճակ, որից հնարաւոր կը լինի հեշտութեամբ օգտուել եւ ամրապնդել իրենց սեփական դիրքերը: Դա պէտք է գիտակցեն թէ մեր եկեղեցիները, եւ թէ իշխանութիւնները ու հասարակութիւնը:

Գիտակցենք դա, թէ չգիտակցենք, ամէն դէպքում Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի բացման արարողութիւնը, նախնական տուեալներով, տեղի է ունենալու Հոկտեմբերի 30ին: Բնականաբար երկաթգծի բացման փաստը ինքնին ոչ մի վնաս չի կարող հասցնել մեր ժողովրդին ու պետութեանը, սակայն երկաթգծի շահագործումից յետոյ պէտք է շատ աւելի ուշադիր լինել, որ Սամցխէ-Ջաւախքը չարժանանայ Աջարիայի եւ Վրաստանը ուղղափառ Բիւզանդիայի ճակատագրին, ինչից տարածաշրջանում կրկին կը տուժի միայն Հայաստանը:

 

Սամցխէ-Ջաւախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

comments

Advertisement