Բաքուի Փոխակերպումները

By Asbarez | Saturday, 18 November 2017

1024leonidmardirosyan

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունէութեամբ Ադրբեջանի իշխանութիւնների մշտական դժգոհութիւնը, կարծում ենք, արդէն շատ է յոգնեցրել բոլորին էլ, եւ բացառուած չէ, որ առաջին հերթին հէնց համանախագահներին: Սակայն, կաշկանդուած լինելով դիւանագիտական էթիկայի (բա-րոյագիտութեան-Խմբ.) կանոններով, նրանք յաճախ նախընտրում են լռութիւն պահպանել՝ միայն ժամանակ առ ժամանակ Ադրբեջանին յիշեցնելով, որ հիմնախնդրի լուծումը կախուած է հէնց հակամարտութեան կողմերից, որոնցից պահանջւում է ցուցաբերել քաղաքական կամք ու փոխզիջումների գնալու պատրաստակամութիւն: Մինչդեռ նման դիւանագիտական նրբանկատութիւնը, ինչպէս ցոյց է տալիս կեանքը, ի վիճակի չէ զսպել պաշտօնական Բաքուին, որը պարբերաբար միջազգային տարբեր ամբիոններից օբստրուկցիայի (խափանման-Խմբ.) է ենթարկում Մինսկի խմբին՝ նրան մեղադրելով անգործութեան մէջ:

Բոլորովին թարմ օրինակ է ԵԱՀԿ  Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատուիրակութեան գրոհները: Օրերս ԵԱՀԿ Մշտական խորհրդի հերթական նիստի ժամանակ ադրբեջանական պատուիրակութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, թէ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից գործուն քայլեր է սպասում ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան շուրջ բանակցութիւնների ակտի-ւացման (աշխուժացման-Խմբ.) համար: Երկուշաբթի օրը (Նոյեմբեր 13) Ադրբեջանի Միլլի մեջլիսի փոխխօսնակ Բահար Մուրադովան Բաքուի զանգուածային լրատուական միջոցներին տուած հարցազրոյցում յայտարարել է, որ եթէ հակամարտութեան կարգաւորման հարցում կոնկրետ (յստակ-Խմբ.) արդիւնք չկայ, ապա, բնականաբար, Ադրբեջանը դժգոհ կը լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունէութիւնից: <<Կողքից թւում է, թէ ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղուած է իր առաքելութեան կատարմամբ, քանի որ հակամարտութեան մասին շատ է խօսւում, բազմաթիւ այցեր են կատարւում, կազմակերպւում են հանդիպումներ, բայց եթէ գնահատենք այդ գործունէութեան արդիւնքները, ապա, անկասկած, այն չի կարելի բաւարար համարել>>, ասել է նա:

Ուշագրաւ է, որ Ադրբեջանի մեղադրանքների պատասխանը փաստօրէն հնչեց հէնց այնտեղ՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, ընդ որում, ինչը կարեւոր է՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների շուրթերից:

<<Մինսկի խմբի համանախագահ-ների միջնորդական առաքելութեան արդիւնաւէտութեան համար անհրաժեշտ պայման է ծառայում տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան պահպանումը>>, սա մէջբերում է ԵԱՀԿում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի ելոյթից: Ընդ որում, ինչը չափազանց կարեւոր է, նա ընդգծել է, որ շփման գծում լարուածութեան եւ ռազմական ռիսկերի նուազեցման նպատակին կը ծառայէր 2016թ. Մայիսի 16ին Վիեննայում եւ Յունիսի 20ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցութիւններին ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների գործնական իրականացումը: Նոյն այդ նիստին նրան երկրորդեց ԱՄՆ առաքելութեան գործերով ժամանակաւոր հաւատարմատար Գարի Կամիանը, ով կողմերին յորդորել է կեանքի կոչել այն միջոցները, որոնք համաձայնեցուել են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում: Յիշեցնենք, որ վիեննեան եւ սանկտպետերբուրգեան համաձայնութիւնները նախատեսում են շփման գծում զինուած միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի (մեքենակառոյցներու-Խմբ.) ներդրում ու ԵԱՀԿ դիտորդների քանակի ընդլայնում, եւ տուեալ հրամայականը հաստատուել է նաեւ ընթացիկ տարուայ Հոկտեմբերի 16ին՝ Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը: Միջնորդներն արդարացիօրէն համարում են, որ այդ սկզբունքային պայմանաւորուածութիւնների իրագործումը թոյլ կը տար դրական մթնոլորտ ստեղծել կողմերի երկխօսութեան մէջ եւ ազդակ կը հաղորդէր բանակցային գործընթացին:

Օրինաչափ հարց է ծագում. արդեօք Ադրբեջանը հետեւո՞ւմ է Ալեքսանդր Լուկաշեւիչի յիշատակած անհրաժեշտ պայմաններին: Նրա բոլոր քայլերն ամենայն ակնյայտութեամբ վկայում են, որ ոչ: Տարածաշրջանում խաղաղութիւն եւ կայունութիւն պահպանելու միջնորդների կոչերն ադրբեջանցիներն ականջի յետեւ են գցում: Ինչպէս յայտնի է, Բաքուն ի սկզբանէ դէմ է հանդէս գալիս հնարաւոր միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ստեղծմանն ու ներդրմանը: Սակայն Մինսկի խմբի գործունէութեան նրա սաբոտաժը (խափանա-րարութիւնը-Խմբ.) սոսկ դրանով չի սահմանափակւում. դա ե՛ւ Մինսկի խմբի գործող ձեւաչափը փոխելու չդադարող փորձերն են, ե՛ւ հիմնախնդիրը բացառապէս խաղաղ ճանապարհով լուծելու իր իսկ պարտաւորութիւնից Ադրբեջանի յետ կանգնելը՝ սպառազինութեան խոշոր գն-ումներով հանդերձ, ե՛ւ հրադադարի ռեժիմի մշտական խախտումները, ե՛ւ առաջնագծից դիպուկահարներին հեռացնելուց հրաժարուելը եւ այլն: Կարծում ենք, հարցը, թէ հակամարտութեան կարգաւորման գործընթացում արդիւնքների բացակայութեան մէջ ով է իրականում մեղաւոր, ինքնըստինքեան վերանում է: Այլ խօսքով՝ եթէ Ադրբեջանը, տուեալ պարագայում ի դէմս Բահար Մուրադովայի, ինչ-որ մէկին մեղադրելու տեղ էլ ունենայ, ապա միայն ու միայն իրեն:

Այստեղ եւ հիմա անհնար է շրջանցել եւ Մուրադովայի միւս թէզիսը (տեսակէտը-Խմբ.), որ հնչեց նրա մեկնաբանութեան մէջ: Ադրբեջանցի փոխխօսնակի խօսքով՝ Իրաքի քրդական ինքնավարութեան, ինչպէս նաեւ  Կատալոնիայի հետ կապուած իրադարձութիւնների առնչութեամբ, որոնք անկախութիւն են հռչակել, համանախագահները պէտք է <<վերջ տան հակամարտութիւնները երկակի չափորոշիչների դիրքից լուծելու մօտեցմանը, եւ վերաբերմունքը պէտք է դրսեւորուի միջազգային իրաւունքի շրջանակներում՝ անկախ նրանից, թէ որ երկրում է գլուխ բարձրացրել անջատողականութիւնը>>:

Սա ոչ այլ ինչ է, քան՝ փաստերի բացայայտ խեղաթիւրում ադրբեջանական ձեւով, քանի որ քրդական ու կատալոնական իրավիճակների հետ զուգահեռներ անցկացնելը ու, առաւել եւս, անջատողականութեան մասին պնդումը, մեղմ ասած, ոչ կոռեկտ (ոչ ճիշդ են-խմբ.) են: Մուրադովային ու նրա բարձրաստիճան հովանաւորներին ստիպուած ենք յիշեցնել, որ ԼՂՀ հռչակումը տեղի է ունեցել ԽՍՀՄի փլուզման համատեքստում, եւ Լեռնային Ղարաբաղը, լինելով ինքնավար պետական կազմաւորում, Խորհրդային Միութիւնից դուրս է եկել որպէս նրա սուբյեկտ (ենթակայ-Խմբ.)՝ 1990թ. Ապրիլի 3ի օրէնքի հիման վրայ, որը նման նորմ նախատեսում էր: Աւելորդ չէր լինի նշել, որ ԽՍՀՄից Լեռնային Ղարաբաղի դուրս գալու գործընթացը շատ աւելի օրինական էր, քան Ադրբեջանինը: Այս ամէնը, սակայն, արդէն հեռաւոր, խորհրդային անցեալում է, որին վերադառնալ հնարաւոր չէ:

 

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ <<Ազատ Արցախ>> պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիրն է

 



comments

Advertisement