Ջինը Դուրս Է Եկել Շշից. Թուրքական Ազգայնամոլութեան Համար Կերակուր Է Անհրաժեշտ

By Asbarez | Saturday, 18 November 2017

1118haigazoun

<<ՓԱՍՏ>>Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱՐԵՒՄՏԱՀԱՅՈՑ ՀԱՐՑԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԷՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆԻ ՀԵՏ

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ- Պարոն Ալվրցեան, ազգայնականութիւնն աւելանում է թուրքական քաղաքականութեան մէջ, դա ինչպէ՞ս կ՛անդրադառնայ հայերի վրայ:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎԱՐՑԵԱՆ- Մի դիտարկում՝ Թուրքիայի մասին խօսելիս պէտք է օգտագործենք ազգայնամոլութիւն բառը: Որովհետեւ այս երկրում հէնց ազգայնամոլութիւնն է, որ մոլեգնում է: Ընդ որում՝ ֆաշիզմի հասնող շեշտադրումներով. թուրքերը բացառիկ ազգ են, իսկ միւսներն ընդհանրապէս ազգ չեն: Դպրոցներից սկսած այդ են քարոզում. թուրք ազգը աշխատասէր է, գեղեցիկ է, իսկ միւս ազգերը, յատկապէս՝ հայերն ու յոյները, դաւաճաններ են:

Աւելին՝ հանրապետական շրջանի պատմաբանների առաջին սերնդի կողմից ստեղծուեցին դասագրքեր, պատմագիտական գրքեր, ուր ասւում էր, որ թուրք ազգը նաեւ աշխարհի հնագոյն ազգն է: Որ Ադամն էլ է թուրք: Որ բոլոր ազգերի մշակոյթը, գիր ու գրականութիւնն իրենցից է գալիս, մի խօսքով՝ աշխարհի քաղաքակրթութեան հիմքն իրենք են:

Այս մօտեցումները Թուրքիայում պարարտ հող ունեցան յատկապէս 20րդ դարի 30–40ական թուականներին, երբ Եւրոպայում ֆաշիզմն էր մոլեգնում: Յետագայում էլ դրանք չնուազեցին, պարզապէս անցան ընդյատակ: Որովհետեւ թուրքերը շատ արագ կարողանում են կողմնորոշուել: Յայտարարեցին կեղծ ժողովրդավարական գաղափարներ, աշխարհիկութիւն եւ այլն, եւ այլն: Նրանք միշտ էլ կարողանում են աշխարհին խաբել:

Սակայն իրական գործընթացները ցոյց տուեցին, որ Թուրքիան չի փոխուել, թուրքը չի փոխուել: Եւ երբեք չեն էլ փոխուելու: Նրանց համար այլ ազգ գոյութիւն չունի, բացի իրենցից: Եւ պատրաստ են վերջնականապէս բոլորին ջնջել–ոչնչացնել:

Եւ ինչքան ազգային փոքրամասնութիւնների իրաւունքները բարձրաձայնւում են աշխարհում, ինչքան դրանք պաշտպանութիւն են գտնում, թուրքերն աւելի ու աւելի են յարձակողապաշտ դառնում եւ ահագնացնում իրենց ազգայնամոլութիւնը:

Հիմա կրկին ջինը դուրս է եկել շշից: Բանը նրան է հասել, որ արդէն Էրդողանը երէկուայ իր գործընկերներին է թշնամիներ համարում: Եւ ապստամբների ուրուականներ է տեսնում ամէնուր:

Նա գիտի մէկ բան՝ թուրքական ազգայնամոլութեան համար կերակուր է պէտք: Եւ բացի թուրք ընդդիմադիրներից, նաեւ ազգային փոքրամասնութիւններին է ցանկանում որպէս կերակուր մատուցել:

 

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ- Ի՞նչ է սպասւում մեզ. վտանգ սպառնո՞ւմ է:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎԱՐՑԵԱՆ- Անշուշտ: Թուրքիայում եղած բոլոր նման իրադարձութիւնները յղի են մեծ վտանգով: Գիտենք, որ բոլոր ժամանակներում էլ ազգայնամոլութեան վերելքն ուղեկցուել է կոտորածներով՝ փոքր կամ զանգուածային:

 

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ-  Ինչպէ՞ս կարելի է խուսափել, դէմն առնել: Ի վերջոյ, այդքան փորձ ունենք:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎԱՐՑԵԱՆ- Իսկ ո՞վ պէտք է դէմն առնի: Սա՛ պէտք է ճշդենք:

 

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ- Մենք այսօր պետութիւն ունենք նաեւ:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎԱՐՑԵԱՆ- Իսկ քո պետութիւնն ի՞նչ կարող է անել Թուրքիայում: Պետութիւն, որը ռազմաքաղաքական, տնտեսական նաեւ տարածքային առումով անհամեմատ փոքր է, անհամեմատ թոյլ է նրանից: Միաժամանակ մէկ այլ ճակատում, կրկին թուրքական այլ պետութեան հետ, արիւնաքամ պատերազմի մէջ է: Զինադադարից անցել է 23 տարի, բայց ամէն տարի զոհեր ենք տալիս:

 

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ- Ի՞նչ է, պէտք է ձեռքներս ծալենք ու նստե՞նք:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎԱՐՑԵԱՆ- Ոչ: Կան ատեաններ, որտեղ մեր պետութիւնը կարող է այդ մասին խօսել, հարցերը բարձրաձայնել: Բայց մեր պետական իշխանութիւնները պէտք է որոշեն՝ իրե՞նք անեն, թէ պէտք է դա անել աշխարհասփիւռ հայերի ջանքերը գործադրելու միջոցով, օգտագործելով նրանց քաղաքական, լրատուական, նիւթական, լոբբիստական եւ այլեւայլ միջոցներն ու հնարաւորութիւնները:

 

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ- Թուրքիայում այսօր կան նաեւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներ: Այս փաստն առաւել խոցելի չի՞ դարձնում մեր իշխանութիւններին, որպէսզի չկարողանայ որեւէ կտրուկ քայլի դիմել:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎԱՐՑԵԱՆ- Նա ի՞նչ կտրուկ քայլի կարող է դիմել, երբ չկայ դիւանագիտական որեւէ յարաբերութիւն: Նաւատո՞րմ պէտք է ծով մտցնենք կամ ցամաքային բանակնե՞ր պէտք է շարժենք Թուրքիայի դէմ: Ի՞նչ պէտք է անենք:

Ուստի, կրկնում եմ՝ պէտք է օգտուել լոբբիստական մեր կապերից, միջազգային հարթակներից, համաշխարհային մամուլի էջերից: Եւ այս ամէնին ի սպաս դնել ողջ հայութեան ներուժը: Ընդհուպ՝ օգտագործել նաեւ դատարանները:

Սրանք են մեր լծակները, ուրիշը չունենք:

 

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ- Վերջին շրջանում համշէնահայութեան հետ վատ միջադէպեր եղան. ի՞նչ էր կատարւում այնտեղ:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎԱՐՑԵԱՆ-Հայախօս համշէնահայերի շրջանում կատարուեցին ձերբակալութիւններ: Ձերբակալուեց ձախակողմեան յայտնի գործիչ–մտաւորականի կինը, ով իր հայեացքների համար ինը տարի նստած էր եղել թուրքական բանտում: Կինը երեք ամսով ազատազրկուած է:

Դրանից յետոյ նաեւ ձերբակալեցին ամուսնուն, ապա՝ ուրիշ համշէնահայերի, յատկապէս՝ մտաւորականների

Անշուշտ, բացայայտօրէն չի ներկայացւում, որ ձերբակալութիւնները կատարւում են ազգային հողի վրայ: Բայց իշխանութիւնները լաւ գիտեն, որ այս մարդիկ հայ են եւ ունեն ազատական հայեացքներ: Նաեւ ընդգրկուած են թուրքական ժողովրդավարական շարժումների մէջ:

Ընդ որում, ասեմ, որ երբ մի քանի տարի առաջ Էրդողանը եկել էր Խոպա քաղաք՝ նախընտրական քարոզարշաւ անցկացնելու, համշէնահայերը յարձակուեցին նրա պահակազօրի վրայ, մէկին ծեծեցին, միւսների վրայ քարեր ու փայտեր նետեցին: Ու Էրդողանը մի կերպ փախաւ այստեղից:

Հիմա կարծես թէ վրէժխնդիր է լինում այս մարդկանցից, եւ սկսուել է համշէնահայերի նկատմամբ բռնութիւնների շրջանը: Տեսնենք, թէ մինչեւ ո՞ւր կը հասնի:

 

 



comments

Advertisement