facebook twitter links
December 14 2017 | 1:52am AET

Արցախեան Պատկերը Չի Նշմարուել՝ Ի՞նչ Արդիւնքով Է Լաւրովը Լքել Երեւանը

Source: Asbarez | Thursday, 23 November 2017
Email  |  Print 

1124lavrov

ԱՐՄԱՆ ՎԱՆԵՍՔԵՀԵԱՆ

Միթէ՞ Ժնեւում Սարգսեան-Ալիեւ հանդիպման կազմակերպիչները մտածում էին, որ երկու երկրների նախագահները պէտք է հանրութեան առջեւ յարաբերութիւններ պարզեն: <<Սփութնիք Արմէնիա>>ի վերլուծաբան Արման Վանեսքեհեանը վերլուծում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի Երեւան ու Բաքու այցերի արդիւնքները:

Փաստացի, Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի այցը Հարաւային Կովկասի շրջան որեւէ զգալի արդիւնք չունեցաւ: Թէեւ Բաքւում Լաւրովն ասել էր, որ արցախեան կարգաւորման հարցում որոշ առաջխաղացում կայ, Երեւանում պարզուեց, որ դա դիւանագիտական քայլ էր:

Ինչպէս պարզուեց, հէնց այդպէս են Բաքւում <<գաղտնազերծել>> տեղացի լրագրողները ռուսաստանցի նախարարի խօսքերն այն մասին, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն ու նրա ադրբեջանցի գործընկերը գոհ են նախորդ ամսուայ ժնեւեան հանդիպումից: Եւ վերջ:

Արցախեան հակամարտութեան կարգաւորման մասին Բաքուից եկած տեղեկութիւններին խնդ-րով զբաղուող մարդիկ վաղուց կասկածամտութեամբ են վերաբերում: Արդէն 25 տարի է՝ պարզւում է, որ այնտեղ արուած յայտարարութիւնները մինչեւ Երեւան հասնելը մի փոքր ձեւափոխւում են այնպէս, ինչպէս անհրաժեշտ է Ադրբեջանին:

Այս անգամ էլ ամէն ինչ որոշեց տեղեկութեան վերնագիրը, որն անցել է գործակալութիւններով: <<Լաւրովը յայտնել է արցախեան կարգաւորման մէջ առաջընթացի մասին>>՝ այն մասին է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարն ասել է, որ այն ուղղութիւնները, որոնք պէտք է արդիւնք տան, արդէն նշմարւում են: Կարծես թէ՝ ամէն ինչ ճիշդ են ասել, չէ՞, սակայն բացայայտ տեղափոխած շեշտադրումներն աղաւաղում են արտայայտութիւնը:

Այդ պատճառով էլ Երեւանում այնտեղից եկող տեղեկութիւնը հիացմունք չառաջացրեց: Ինչպէս պարզուեց, ճիշդ էր, որ չառաջացրեց:

Քանի որ Սերգէյ Վիկտորովիչը բաւականին գործնապաշտ մարդ ու դիւանագէտ է, Երեւանում հերթական անգամ բացայայտ ասաց, որ լաւատեսօրէն չի տրամադրուել, ու դիւանագիտական կորպուսը (կազմը-Խմբ.) մեծ աշխատանք ունի անելու:

Հայաստանի արտաքին գործերի նախարարը ռուս գործընկերոջ ներկայութեամբ յիշեցրեց՝ քանի անգամ են գործընթացի կազմակերպիչները ստիպուած եղել կանգնեցնել գործընթացը հէնց Ադրբեջանի՝ նախապէս ձեռք բերուած պայմանաւորուածութիւններին, այսպէս ասած՝ <<անպատասխանատու>> վերաբերմունքի պատճառով:

Յիշեցրեց նաեւ Կազանը, երբ կողմերը կազմակերպիչներից նամակ էին ստացել, որտեղ գրուած էր՝ ներկայացուած փաստաթղթում այսուհետ ոչ մի ուղղում չի ճանաչւում: Իսկ յետոյ ադրբեջանական կողմն իր տարբերակով եկաւ, որում ոչ աւել, ոչ պակաս, քսան ուղղում կար:

Նոյն կերպ հակառակ կողմը վարուեց Սոչիում, Աստրապանում ու Սանկտ Պետերբուրգում, ու ամէն անգամ ասւում էր, որ տեղի ունեցածը կողմերի ու միջնորդների փոխըմբռնման պակասից է:

Ու չեն ասում՝ քանի անգամ են կողմերը պայմանաւորուածութիւն ձեռք բերել Արցախի ու Ադրբեջանի սահմանին հրադադարի վերաբերեալ:

Եթէ ընդունենք, որ կողմերը միշտ փոխադարձ մեղադրանքներ են ներկայացրել, ու դրա հետ ոչ մի բան հնարաւոր չէ անել, պաշտօնապէս ոչ ոքի չի կարելի մեղադրել, փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանը միշտ դէմ է շփման գծում դիտորդների թիմի ուժեղացմանը:

Իսկ առանց դրա ԵԱՀԿ դիտորդները պարզապէս չեն կարող որոշել՝ ով է խախտել հրադադարը…

Ինչ վերաբերում է այցի նախօրէին հնչած կանխատեսումներին՝ իհարկէ, առանձնացաւ ընդդիմութիւնը, որը պայքարում է Հայաստանի՝ ԵԱՏՄից դուրս գալու համար:

Ու այն, որ Լաւրովը գալիս է, որպէսզի Հայաստանին ստիպի Նոյեմբերի 24ին չստորագրել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիրը: Ու, որ ստիպելու են Երեւանն ու Բաքուն համաձայնեն, որպէսզի Արցախի որոշ վիճելի տարածքներում ռուսական զօրքեր տեղակայուեն:

Ու, որ Ադրբեջանը ԵԱՏՄ մտնի, իսկ Հայաստանին ստիպելու են համաձայնել ու վետոյի իրաւունքը չկիրառել: Եւ թէ չէ նոր ռազմական գործողութիւններ կը սադրեն, որոնց համեմատ ապրիլեան դէպքերը մեղմ կը թուան:

Ընդհանուր առմամբ, ինչպէս եւ ակնկալում էին նորմալ տրամաբանութիւն ունեցող մարդիկ (ամէն դէպքում՝ նրանք Հայաստանում գերակշռող մեծամասնութիւն են կազմում), ոչ մի նման բան չեղաւ:

Այլ բան է, որ փաստաթղթերի փաթեթի մանրամասների ու պարունակութեան մասին, որի մասին խոսում էր Լաւրովը, հասարակութիւնը չգիտի: Մնում է փսփսոցներով բաւարարուել…

Հաւանաբար, պէտք է իսկապէս վերանայել վերաբերմունքը բանակցային գործընթացին ու Արցախի հետ կապուած գաղտնի բանակցութիւններ չվարել: Այն ամէն, ինչ ասուել էր, ինչի մասին յաջողուել է պայմանաւորւել հակամարտութեան կողմերին, միջնորդներին՝ հանրային քննարկման առարկայ դարձնել, որպէսզի չուզողներն իրավիճակից չօգտուեն ու, ինչպէս ասում են՝ ժողովրդի մէջ իրարանցում չսկսուի:

 

<<ԱԼԻՔ>>