ՀՅԴ-Բոլշեւիկ Յարաբերութիւննեը՝ Վճռահատող Ազդակ Անկախ Հայաստանի Կարճատեւ Կեանքում

By Asbarez | Wednesday, 27 December 2017

(Հայոց Պետականութեան Վերածնման 100ամեակի Առիթով)

 

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ

 

 

ՄԻՆՉԵՒ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ

 

0918Peroomian1Երկար տարիներ հայ ազատագրական պայքարը եւ ֆիդայական շարժումը Օսմանեան կայսրութեան տարածքում առաջնորդելուց յետոյ, Օսմանեան իշխանութեան եւ Ցարական կառավարութեան հետապնդումներին եւ հալածանքներին ենթարկուած Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը 1907ի իր Չորրորդ Ընդհանուր ժողովում հաստատեց Երրորդ Ընդհանուր Ժողովի (1904) արդէն բանաձեւուած որոշումը՝ հետապնդելու «Օսմանեան Հայաստանի պատմական Դատը», բայց եւ իր վրայ առնելու «Կովկասահայ տարրի ինքնապաշտպանութեան գործը»: Ուրեմն, հետապնդել հայ ժողովրդի բարօրութիւնը, ապահովութիւնն ու անվտանգութիւնը երկու ճակատի վրայ՝ «Երկու դատերն էլ առաջ մղել Դաշնակցութեան դրօշի տակ»:

1905ից արդէն Դաշնակցութիւնը իր սահմանափակ ուժերով համառուսական յեղափոխական շարժման մէջ էր մտել: Սահմանափակ, որովհետեւ Արեւմտահայաստանի ինքնապաշտպանութեան գործողութիւնները, Եւրոպայում տարուող քաղաքական/դիւանագիտական գործունէութիւնը, Կովկասում բռնկուած հայ թաթարական կռիւնները, որ գիտենք «բաժնէ՛, որ տիրես»  բնաբանով՝ հայերի ուժը թուլացնելու ցարական քաղաքականութեան արդիւնքն էր, մեծ մարտահրաւէրի առջեւ էին կանգնեցրել Դաշնակցութեանը: Նման մթնոլորտի ու պայմանների մէջ, Դաշնակցութիւնը ոգեւորութեամբ եւ մեծ ակնկալիքներով ընդունեց 1917 Մարտի 8ին (հին տոմարով Փետրուար 22) Ռուսական յեղափոխութիւնը եւ շտապեց կապեր հաստատել Պետրոգրադի Ժամանակաւոր կառավարութեան հետ: Ժամանակաւոր Կառավարութեան ղեկավար էր ընտրուած ռուս սահմանադրական-դեմոկրատ (Կադեթ), իշխան Գէորգի Լվովը, որին յաջորդեց Էս.Էռ.ական Ալեքսանդր Կերենսկին:

Պիտի շեշտել, որ Դաշնակցութիւնը այդ ժամանակ Արեւելեան Հայաստանի կամ արեւելահայութեան ապագան Ռուսաստանից անկախ չէր պատկերացնում եւ նոյն տարուայ Հոկտեմբեր 11ին Թիֆլիսում գումարուած Արեւելահայոց Համագումարը—որտեղ ճնշիչ մեծամասնութիւն էր Դաշնակցութիւնը—եւ նրանից բխած Ազգային խորհուրդը, նոյն տրամադրութիւնն էին արտայայտում: Ազգային խորհուրդին մաս էին կազմում Դաշնակցութիւն (6), Ժողովրդական (2), Սոցիալ-դեմոկրատ, Մենշեւիկ (2), Սոցիալ-յեղափոխական, Էս.Էռ. (2) կուսակցութիւնները եւ 3 չէզոքներ: Խորհրդի նախագահ էր ընտրուել Աւետիս Ահրոնեանը:

Այդ օրերին հայ բոլշեւիկները դեռ թիւ չէին կազմում Կովկասում, այդու եւ առանձին միաւոր չէին եւ ղեկավարւում էին Ռուսաստանի Սոցիալ-դեմոկրատ, Բոլշեւիկ կուսակցութեան Թիֆլիսի կոմիտէի կողմից, որի քարտուղարն էր Անաստաս Միկոյեանը: Անդուամենայնիւ, հայ բոլշեւիկները բոյկոտի էին ենթարկել համագումարը՝ այն որակելով.

«Խոշոր բուրժուազիայի (քաղքենիութեան-Խմբ.) կառքին լծուած եւ ռէաքսիոն (յետադէմ-Խմբ.) հոգեւորականներից դեռեւս չխզուած մանր բուրժուազիայի նացիոնալիստական (ազգայնական-Խմբ.) հնարք»: Համագործակցել այդ տարրերի հետ նշանակում էր, «դաւաճանել ինտեռնացիոնալիստական պռոլետարական տակտիկային ու ռեւոլուցիային (դաւաճանել միջազգայնական աշխատաւորական ռազմավարութեան եւ յեղափոխութեան-Խմբ.)՝ ի հաճոյս հայ իմպեռիալիստական (կայսերապաշտական-Խմբ.) մանր բուրժուազիայի դաշնակցութեան պարտիայի (կուսակցութեան-Խմբ.) գլխաւորութեամբ»: Այս դիրքորոշումը երբեք չփոխուեց, խոչընդոտելով ամէն ջանք յետագայ յարաբերութիւնների մէջ:

Հայ շովինիստները (ազգայնականները-Խմբ.) առաջ են քաշում յանցաւոր քիմեռային (երեւակայական-Խմբ.) գաղափար՝ պատմական Հայաստանի սահմաններում «Մեծ Հայաստան»ի ստեղծում: Մեր կուսակցութիւնը չի կարող սատարել ո՛չ «Մեծ» եւ ո՛չ էլ «Փոքր» Թրքահայաստանի գաղափարին»:

ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԵԱՆ

Տիրող ոգեւորութեան մէջ Դաշնակցութիւնը Ժամանակաւոր կառավարութեան էր ներկայացնում Կովկասի սահմանային բաժանումների նախագիծը ըստ ազգային բնակչութիւնների կենտրոնացման: Հայ ազգային շահերը Ժամանակաւոր կառավարութեան մօտ առաջ տանելու համար, Պետրոգրադում աշխատանք էին տանում բժ. Յակոբ Զաւրեանը (Զաւրիեւ),  եւ Լիպարիտ Նազարեանցը: Այնտեղ էր նաեւ Ռոստոմը: Նրանց ջանքերով հնարաւոր եղաւ Կովկասից առանձնացնել Ռուսների գրաւած Թրքահայաստանի հողերը ու 1917ի Ապրիլ 26ի (Մայիս 9) հրամանագրով դրանց տալ յատուկ կարգավիճակ: Թրքահայաստանի կոմիսար նշանակուեց զօր. Աւերիանովը եւ օգնական Զաւրեանը:

Ժամանակաւոր կառավարութիւնը համաձայնուել էր նաեւ եւրոպական ճակատներում կռուող հայ զինուորներին հաւաքել եւ թուրքական ճակատ ուղարկել: Բայց դրանք մինչեւ Թիֆլիս հասան: Թիֆլիս-Բաքու գիծը թաթարների հսկողութեան տակ լինելով փոխադրութիւնը այդտեղ կանգ առաւ: Իսկ Անդրկովկասում, Դաշնակցոութեան համագործակցութիւնը Ժամանակաւոր կառավարութիւնը ներկայացնող Օզակոմի հետ էր, որին անդամ էր Պապաջանովը՝ ազգութեամբ հայ, բայց որպէս կադեթ (կրտսեր-Խմբ.) կուսակցութեան անդամ: Ի հարկէ, Օզակոմի կարեւոր պաշտօնները վրացիներն ու թաթարներն էին զբաղեցնում:

roubinaperoomian1

Դաշնակցութիւնը, որ մինչեւ Առաջին Աշխարհամարտ հետապնդում էր իրագործել Թրքահայաստանի ներքին անկախութիւնը Օսմանեան կայսրութեան մէջ, դաշնակցային (Ֆեդերաթիւ) կապով կապուած, այլեւս գիտակցում էր, որ Օսմանեան կայսրութեան մէջ Հայաստան չի կարող գոյութիւն ունենալ եւ Ազատ Հայաստանի գաղափարն էր պաշտպանում, այսինքն՝ Արեւմտահայաստանը՝ 6 Վիլայեթներ եւ Կիլիկիա: Բայց եւ այնպէս, ինչպէս Ռոստոմը ինքն էր արտայայտուել հայ գործիչները կարեւոր ներկայութիւն չէին Եւրոպայում, ուր արդէն հաշտութեան բանակցութիւններն էին ընթանում:

Ժամանակաւոր կառավարութիւնը, սակայն, չկարողացաւ երկրի ղեկը պահել: 1917ի Նոյեմբեր 7ին տեղի ունեցաւ բոլշեւիկեան յեղաշրջումը եւ իշխանութիւնը անցաւ բոլշեւիկներին: Ընտրուեց Սովնարկոմը, Ժողովրդական կոմիսարների խորհուրդը՝ Վլադիմիր Լենինի գլխաւորութեամբ: Լեւ Տրոցկին դարձաւ արտաքին գործերի կոմիսար, իսկ Իոսիֆ Ստալինը՝ ազգութիւնների: Մեծամասնութիւն կազմող հակաբոլշեւիկ զանգուածի յոյսը Համառուսական Սահմանադիր ժողովն էր, ուր առաջին անգամ ժողովրդական քուէով պիտի որոշուէր Ռուսաստանի ապագայ վարչաձեւը: Յուսով էր նաեւ հայ պատուիրակութիւնը, որ Ռոստոմի գլխաւորութեամբ եկել էր  Հայկական Հարցին լուծում գտնելու: 1918ի Յունուար 18ին Պետերզբուրգում բացուեց ժողովը: Ժողովականների պատկերը, սակայն, մեծամասնութեամբ հակաբոլշեւիկ, անընդունելի էր բոլշեւիկ իշխանութեան համար եւ ուրեմն ուժի պարտադրանքով եւ բռնութեամբ կարողացաւ ժողովը ցրել: Ուժի գործադրումը շարունակուեց անխնայ մաքրագործելու ամէն տեսակի հակադիր ուժ եւ հակաբոլշեւիկ տրամադրութիւն:

Բոլշեւիկները իրենց իշխանութիւնը սկսեցին փայլուն յայտարարութիւններով, որոնցից շատերը հակասում էին իրար եւ անգործադրելի մնացին: «Ռուսաստանի ժողովուրդների իրաւունքների դեկլառացիան (յայտարարութիւնը-Խմբ.)» ազատութիւն էր խոստանում բոլորին: Նախապէս Լենինն յայտարարել էր, որ եթէ իրենք գործի գլուխ գան պիտի ասեն, «Գերմանիա՛, զօրքերդ դո՛ւրս Լեհաստանից: Ռուսաստա՛ն, զօրքերդ  դո՛ւրս Հայաստանից»: Իսկ Ստալինը որպէս ազգութիւնների կոմիսար արդէն յայտարարում էր, «Յեղափոխութեան այս փուլի մէջ, սահմանամերձ շրջանների պահանջը՝ բաժանուելու Ռուսաստանից, միանգամայն հակայեղափոխական է»: 1917ի Դեկտեմբեր 31ին մէկ այլ հրամանագրով, Թրքահայաստանը յայտարարւում էր ինքնավար, բայց նոյն հրամանագրով ռուսական զօրքը դուրս էր բերւում կովկասեան ճակատից: Այդ ինքնավարութիւնը ինչպէ՞ս պիտի պահուէր կարեւոր չէր: Լենինը տառապած ռուս զինուորի սիրտն էր շահում: Ի հակասութիւն ինքնավարութեան հրամանագրի Սովնարկոմը կոչ էր անում Ռուսաստանի եւ Արեւելքի մահմեդականներին միանալ շարժմանը եւ դատապարտում էր Թուրքիան մասնատելու բոլոր դաշնագրերը:

Այս քաղաքական շփոթի մթնոլորտում, Լենինը իր օրակարգն ունէր՝ ամէն գնով Ռուսաստանը դուրս քաշել պատերազմից: Եւ հակառակ Դաշնակիցների զգուշացմանը՝ առանձինն հաշտութեան բանակցութիւնների չգնալ, նրա ներկայացուցիչները Բրեստ Լիտովսկում բանակցում էին Քառեակ Զինակցութեան հետ: Սոցիալ-յեղափոխական, Էս.Էռ., Վահան Մինախորեանի կարծիքով, Հայկական Հարցի վերաբերեալ Բրեստ Լիտովսկում ցուցաբերած անտարբեր կեցուածքը բացասական տպաւորութիւն էր թողել Եւրոպայում եւ Թրքահայաստանի ինքնավարութեան հռչակագիրը միայն այդ տպաւորութիւնը ցրելու համար էր: Իրականութեան մէջ Լենինի համար կարեւոր չէր թէ ո՞վ կլինի տէրը Թրքահայաստանի: Նպատակը Թուրքիայում եւ ապա ամենուրեք Բոլշեւիզմի տարածումն ու տիրապետութիւնն էր: Կարեւոր էր նաեւ Դաշնակութեան դերը Թուրքահայաստանում չէզոքացնել եւ այնտեղ բոշեւիկեան բջիջներ ստեղծել: Նոյն ժամանակ, արեւմտահայ բոլշեւիկ գործիչ Գուրգէն Հայկունին զեկուցում էր Լենինին, որ արեւմտահայ բանուորն ու գիւղացին խորհրդային իշխանութեան են սպասում:

Այնուամենայնիւ, Դաշնակցութիւնը յոյսով էր նայում այս բանակցութիւններին: Լեհաստանը ազատագրւում էր Գերմանիայից նոյն օրինակը պիտի կիրարկուէր նաեւ Թրքահայաստանի պարագայում: Յատկանշական է, որ ռուս պատուիրակութեան մէջ էր առնուել նաեւ Վահան Տէրեանը, որ Ազգութիւնների կոմիսարիատի մէջ Հայկական Գործերի կոմիսարիատի փոխնախագահն էր: Տէրեանը դիմել էր Լիպարիտ Նազարեանցին եւ տեղեկութիւններ ուզել: Դրանից ոգեւորուած ուրեմն,  Նազարեանցը, Ռոստոմը, զօր. Լեւոն Տիգրանեանը, Նիկողայոս Ադոնցը միացել էին ու մի ընդարձակ տեղեկագիր պատրաստել: Բայց դժբախտաբար, Վահան Տէրեանին խօսելու առիթ իսկ չտրուեց:

Լաւատեսութիւնը փարատուեց, երբ Քառեակ Զինակցութիւնը ահռելի պայմաններ դրեց ռուսների առջեւ: Բանակցութիւնները ընդհատուեցին ու գերման բանակը դարձեալ յարձակման դիմեց: Ռուս ներկայացչութիւնը, Տրոցկիի ղեկավարութեամբ մի տարօրինակ կարգախօս մէջտեղ բերեց. «Հաշտութիւն չենք ստորագրում, պատերազմ չենք անում, զինաթափ ենք անում մեր բանակներին եւ անզէն՝ բողոքում ենք գերման եւ աւստրօ-հունգարական բանուորութեան յեղափոխական խղճին»: Բայցեւայնպէս, Ռուսաստանը դարձեալ բանակցութիւնների գնաց, որի վերջում, բացի հայկական վեց վիլայեթների պարպումից, Էնվերի եւ Թալէաթի պնդումով Գերմանիան Թուրքիայի համար պահանջում էր Կարսը, Արդահանը եւ Բաթումը:

Համաձայնագրում Ռուսաստանին պարտադրւում էր նաեւ առանձին պայմանագրեր կնքել Քառեակ Զինակցութեան բոլոր պետութիւնների հետ: Այդ ծիրի մէջ էր ռուս-թրքական համաձայնագիրը, ուր Բոլշեւիկ Ռուսաստանը խոստանում էր կազմալուծել եւ ցրել հայկական բոլոր զօրամասերը Կովկասում եւ Թրքահայաստանում:

Բրեստ Լիտովսկի համաձայնագիրը ստորագրուեց 1918ի Մարտ 3ին եւ Համառուսական Սովետների համագումարը Մոսկուայում 1918ի Մարտ 15ին վաւերացրեց այն: Այդ ժամանակ արդէն Մոսկուա էր փոխադրուել Խորհրդային Ռուսաստանի մայրաքաղաքը:

Բրեստ Լիտովսկի համաձայնագիրը իրողութիւն էր եւ գործադրւում էր քայլ առ քայլ: Բողոքներ եւ դժգոհութիւններ որեւէ ազդեցութիւն չունէին: Տրոցկին ընդունում էր, որ համաձայնագիրը հայերի համար աղէտալի է: Այն դժբախտութիւն էր համարում, ասելով, «ուրախ եմ, որ ես չէի համաձայնագրի տակ ստորագրողը»: Այդ ժամանակ Չիչերինը արդէն փոխարինել էր Տրոցկուն:

roubinaperoomian2

Բրեստ Լիտովսկի համաձայնագիրը ստորագրուելուց յետոյ, մի որոշ ժամանակ դեռ Տրոցկու բարեացակամութիւնը շարունակուեց հայերի նկատմամբ: Լիպարիտ Նազարեանցի եւ Արշակ  Ջամալեանի յուշերում կարդում ենք, որ նա օգնութիւն էր խոստացել, նոյնիսկ խորհուրդ էր տուել Բրեստ Լիտովսկի համաձայնագրի դէմ  Եւրոպայում բողոքել Դաշնակիցներին ու գերմանացիներին: Նոյնիսկ, ճամբորդութեան դժուարութիւնների պայմաններում, կարգադրել էր հայազգի բոլշեւիկ, Մոսկուայում բարձր պաշտօնի հասած  Լեւոն Կարախանին դիւրացնել իրաւունք ստանալու եւ Եւրոպա մեկնելու հարցը: Տրոցկին խոստացել էր խօսել Լենինի հետ եւ տուն վերադարձող Չեքոսլովակիայի քառասուն հինգ հազարանոց զօրամասը դէպի թուրքական ճակատ շրջել: Նա համոզել էր Լենինին համագործակցութեան մէջ մտնել Դաշնակցութեան հետ, ինչպէս Լենինն էր արտայայտուել, նրանով հանդերձ, որ գաղափարախօսութեան մեծ տարբերութիւն կար երկուսի միջեւ:

Արշակ Ջամալեանը վստահ է, որ բանակցութիւնները երկուսի միջեւ կը սկսէին, եւ նախնական կարգադրութիւններն էլ արուած էին արդէն, եթէ չլինէր հայ բոլշեւիկների, մանաւանդ՝ Հայկական Գործերի կոմիսարիատի սուր  թշնամութիւնը Դաշնակցութեան դէմ: Հայկական Գործերի կոմիսարիատը բողոքել էր, որ կոմիսարիատի խորհուրդներին հակառակ Տրոցկին միջնորդում է «հակայեղափոխական» կուսակցութեան՝ Դաշնակցութեան օգտին: Նրանք վերջապէս կարողացել էին համոզել Տրոցկուն, որ Դաշնակցութիւնը Կովկասում Անգլիական  քաղաքականութեան է յարել եւ համագործակցութիւն նրա հետ անիմաստ է:

Պաշտօնական ուղղակի կապի բացակայութեան պայմաններում մինչեւ անկախութիւն, դաշնակցական ղեկավարները փորձում էին անհատական կապերի միջոցով երկխօսութիւն ստեղծել: Միջոցներից մէկը Հայաստանում գործող փոքրաթիւ բոլշեւիկներին սիրաշահել եւ Մոսկուայի  հետ կապ հաստատելու համար նրանց վրայ յենուելն էր, ինչպէս օրինակ Արամ Մանուկեանը Մոսկուա էր ուղարկում բոլշեւիկ գործիչ Պօղոս Մակինցեանին՝ այդ գծով աշխատելու: Ի հարկէ, Պօղոս Մակինցեանը Մոսկուա հասնելուն պէս աշխատանքի է անցնում Չեկայի մէջ ու խոստումը մոռանում: Յետագայում, ինքն էր, որ Լազարեան Ճեմարանի դասացուցակը հիմնովին փոխեց՝ այն կոմունիստական գաղափարախօսութեան յարմարեցնելու համար:

Ռուբէնը եւս խօսում է այսպիսի համագործակցութեան մասին բոլշեւիկներ Ստեփան Շահումեանի եւ Դանուշ Շահվերդեանի հետ՝ ի կատար ածելու Արեւմտահայաստանի անկախութիւնը: Բրեստ Լիտովսկի համաձայնագիրը վերջ դրեց այդ հարցին եւս:

Դաշնակցութիւնը պայքարի մէջ էր Հայկական Հարցի լաւագոյն լուծումը գտնելու: Ըստ Ռուբէն Տէր Մինասեանի, Դաշնակցութիւնը եւ Ազգային խորհուրդը երեք ընտրանք կամ երեք ճամբայ ունէին ընտրելիք: «Առաջինը, լինել Վրաստանի եւ Ադրբեջանի հետ՝ երես ուղղելով դէպի գերմանացիք եւ Թուրքիան: Երկրորդը, դէմ լինել թուրքերին եւ հարեւաններին՝ յոյսեր կապելով Դաշնակիցների յաղթութեան վրայ: Երրորդը, դէմ լինել ե՛ւ հարեւաններին, եւ Դաշնակիցներին, յենուել Մոսկուայում հիմնաւորուած բոլշեւիկների եւ Կովկասում մնացած նրանց բեկորների վրայ»: Հէնց ի՛ր՝ Ռուբէնի վկայութեամբ, Դաշնակցութիւնը բացարձակ դիրքորոշում չորդեգրեց եւ փորձեց օգտագործել բոլոր կարելիութիւնները, որովհետեւ ո՛չ միայն որեւէ մէկ յենարան այդ օրերին համահայկական շահերի երաշխիքը չէր ընձեռում, այլ նաեւ դաշնակցական ղեկավարները միատեսակ կողմնորաշում չունէին:

roupinarosdom

Ռոստոմ

Բոլշեւիկեան յեղաշրջումը շփոթի էր մատնել Կովկասի վարչամեքենան, որ դեռ շարունակում էր հաւատարիմ մնալ Ժամանակաւոր կառավարութեան: Այդ կառոյցի մէջ կարեւոր դեր ունէին վրացի Սոցիալ-Դեմոկրատ մենշեւիկները, որոնք բնականաբար հակաբոլշեւիկներ էին: Միայն Բաքուն էր ոգեւորութեամբ հաստատել իր հաւատարմութիւնը բոլշեւիկ իշխանութեան հանդէպ, ուր եւ կազմուել էր Բաքուի սովետը: Իսկ Ստեփան Շահումեանը, որ 1917ի Դեկտեմբեր 16ի հրամանագրով նշանակուել էր Կովկասի յատուկ կոմիսար, Թիֆլիսում ձախողելով անցել էր Բաքու եւ այնտեղ հաստատուել: Հետաքրքիր է, որ ամբողջ Կովկասում, վրացի մենշեւիկներ, մուսուլման մուսաւաթականներ եւ Դաշնակցութիւն միացած պայքարում էին բոլշեւիկների դէմ, իսկ Բաքւում Դաշնակցութիւնը համագործակցութեան ձեռք էր պարզում բոլշեւիկներին՝ յանձին Ստեփան Շահումեանի: Համագործակցութիւնը ռազմական գետնի վրայ էր: Կազմուել էր միացեալ բանակ՝ Դաշնակցութեան զինեալ ուժերի մասնակցութեամբ՝ կռուելու ընդհանուր թշնամու՝ մօտեցող թուրքական բանակի դէմ եւ հայ բնակչութեանը պաշտպանելու համար մուսաւաթականների դրդմամբ տեղացի թուրքերի անդադար յարձակումներից, ոտնձգութիւններից ու կոտորածից: Ռոստոմը Բաքւում էր եւ կարողացել էր այնտեղ ցրուած հայ զինուորներից բանակ ստեղծել, իսկ Ստեփան Շահումեանը պէտք ունէր այդ ուժի եւ Բաքուի հայ բնակչութեան վրայ մեծ ազդեցութիւն ունեցող Դաշնակցութեան: Այդ համագործակցութեան մէջ, ի հարկէ, անկեղծ չէր Շահումեանը: Նա մի նամակում ցաւ է յայտնում, որ «…ռեւոլուցիոն (յեղափոխական-Խմբ.) սովետների փոխարէն, մենք ունենք ռէակցիոն բուրժուական կամ կալուածատիրական ազգային խորհուրդներ, որոնք ազգային կառավարութիւնների դեր են խաղում: Ինտեռնացիոնալ սովետական Կարմիր գվարդիայի (պահակազօրի-Խմբ.) փոխարէն, մենք ունենք ռէակցիոն տարրերի կողմից ղեկավարուող գնդեր»:

roupinashahoumian

Ստեբան Շահումեան

1918 թուի Մարտ 18ին, Մուսաւաթի դրդմամբ, կովկասեան թաթարները ապստամբում են  Բաքուի բոլշեւիկ իշխանութեան դէմ: Ստեփան Շահումեանը բոլշեւիկ նաւատորմի միջոցով պաշտպանութեան է անցնում, իսկ հայկական զօրամասը կռուի մէջ է մտնում այն ժամանակ, երբ թաթարները սկսում են յարձակուել հայկական թաղամասերի վրայ: Չորս օր կռուից յետոյ, թաթարները յետ են մղւում: Դաշնակցութեան համագործակցութիւնը իր արդիւնքն էր տուել:

Տարօրինակ է այս վստահութիւնը, որ Դաշնակցութիւնն ու Բաքուի Ազգային խորհուրդը, որ այդ օրերին Թիֆլիսից կտրուած գործում էր անկախ, ցուցաբերեցին Շահումեանի նկատմամբ: Յոյսն այն էր որ Շահումեանը կը բարեխօսի Սովնարկոմի մօտ՝ հայ ժողովրդի եւ Հայաստանի նկատմամբ բարեացակամ վերաբերմունք ցոյց տալու: Այս բոլորով հանդերձ, երբ Շահումեանը Ապրիլ 13ի նամակով Բաքուի կռիւների մասին զեկուցում էր Լենինին, Դաշնակցութեան դերը ընդունելով հանդերձ, գրում էր. «Դաշնակցութեան պարտիային, թէեւ նա մեզ պաշտպանում էլ է ամէն բանում, առայժմ ոչինչ մի խոստացէք եւ ոչինչ մի տուէք: Նրանց ուժեղացնել այլեւս պէտք չէ»:

Մարտի 18ի Բաքուի պաշտպանութեան յաջողութիւնից ոգեւորուած Շահումեանը ամրապնդում էր բոլշեւիկեան տիրապետութիւնը, հրամայելով լուծարել բոլոր Ազգային խորհուրդնեերը եւ ազգային զօրամասերը: 1918ի Ապրիլին արդէն, բոլշեւիկեան տիրապետութիւնը Բաքւում կատարեալ էր, բայց մուսաւաթականները, որ առայժմ Գանջայում (Գանձակ) էին կենտրոնացած, Բաքուն չպիտի զիջէին բոլշեւիկնրին: Կազմուած միացեալ բանակի ուժը օգտագործելով, Շահումեանը բանակը շարժեց՝ խլրտումները սաստելու եւ ապա՝ դէպի Գանձակ եւ Թիֆլիս առաջանալով՝ ամբողջ Կովկասում բոլշեւիկեան իշխանութիւն հաստատելու համար: Բանակի ընդհանուր հրամանատարը գեներալ Բագրատունին էր, իսկ հայկական զօրամասը ղեկավարում էր Համազասպը: Մասնակից էր նաեւ Ռոստոմը: Հայկական զօրամասի նպատակն էր Երեւան հասնել ու պաշտպանել նորանկախ հանրապետութիւնը: Կռիւները սարսափելի էին եւ Կարմիր բանակն էլ մեծ ուժ չէր Բաքւում: Յուլիս 5ին Բաքու է հասնում գնդապետ Բիչերախովի փոքրաթիւ զօրամասը: Շահումեանը ոգեւորուած նոր հակայարձակողականի է դիմում, բայց Յուլիս 26ին, Բիչերախովը իր զօրամասով փախուստ է տալիս:

Այս բոլորի մասին Շահումեանը զեկուցում էր Ստալինին, գրում մօտեցող թուրքական բանակի մեծ վտանգի մասին եւ թուրք-գերմանական համաձայնութիւնը Կովկասի խորհրդայնացման դէմ ամենամեծ թշնամին էր համարում: Բաքուի պրոլետարիատի անունից երդւում էր ո՛չ մի կաթիլ քարիւղ չտալ թուրքերին: Բայց նոյն ժամանակ Լենինը թուրքերին բարեկամութեան ձեռք էր մեկնել եւ գերմանացիներին Բաքուի քարիւղ խոստացել: Այս բոլորը ռուս-գերմանական գաղտնի համաձայնութեան հիման վրայ, որով Գերմանիան ընդունել էր սովետական իշխանութիւնը Կովկասի հարաւում եւ արեւելքում, իսկ սովնարկոմը ընդունել էր Գերմանիոյ հովանաւորութիւնը Վրաստանին:

Ճակատագրական վիճակ էր Բաքւում: Տեղացի մահմեդականները մօտեցող թուրք բանակի ուժին յենուած կոտորած էին սպառնում Բաքուի 100,000 քրիստոնեայ բնակչութեանը:

Ռուսաստանից օգնութիւն չկար, միակ ուժը մօտակայքում տեղադրուած անգլիական զօրամասերն էին, որոնց հրաւիրելուն սոսկալի դէմ էր Շահումեանը: Նրա կարծիքով, եթէ անգլիացիները մտնէին այլեւս դուրս չէին գայ, իսկ թուրքերին՝ ռուսները կը հանէին: Իսկ ինչ վերաբերում է հայերին սպառնացող կոտորածներին, Շահումեանի կարծիքով դա էլ ընդունելի էր՝ երբ իրենք համաշխարհային յեղափոխութիւն էին տարածում:

«Պռոլետարական ինտեռնացիոնալիզմը բուրժուազիայի նկատմամբ յաղթանակ իրականացնող ազգի կողմից պահանջում է մեծագոյն ազգային զոհողութիւնների գնալու ունակութիւն եւ պատրաստակամութիւն յանուն միջազգային կապիտալի տապալման»:

ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՆԻՆ

Մանրամասնութիւնների մէջ չմտնելու համար յիշենք, որ անգլիացիները վերջապէս հրաւիրւում են, հրաժարւում են Շահումեանն ու Բաքուի 26 կոմիսարները եւ հսկայ քանակութեամբ մթերք, դրամ եւ քարիւղ նաւի վրայ բարձած հեռանում են Բաքուից: Ի հարկէ, սրանք ձերբակալւում են եւ գնդակահարւում: Նիւթից դուրս է եւ չպիտի անդրադառնամ թուրք բանակի Բաքուի գրաւման, 1918 թիւ, Սեպտեմբեր 15, եւ դրան հետեւող թալանի ու կոտորածի մասին: Հայ քաղաքական ու մշակութային կենտրոնացումն ու ազդեցութիւնը այլեւս վերանում էր Բաքուից:

Խորհրդահայ պատմագրութիւնը հերոսացրեց Շահումեանին, անտեսեց նրա ապազգային գործունէութիւնը, նրա սպանութիւնը Դաշնակցութեան վերագրեց ու դատափետեց: «Ազգի հերոս» Շահումեանի արձանը կանգնած է Երեւանի կետրոնում:

Ստեփան Շահումեանի հակադաշնակցական տրամադրութիւնները Բաքուից Լենինին գրած իր նամակներում գալիս էլ լրացնելու Հայկական Գործերի կոմիսարիատի նոյն  հակադաշնակցական գործունէութիւնը եւ յորդորները Լենինին: Կոմիսարիատի օրգան «Կոմունիստ» թերթի 1918, Յունիս 30ի համարում պատերազմ էր յայտարարւում գերմանօ-թուրքական դաշնակ Հայաստանի դէմ եւ նորանկախ Հայաստանը համարում էր բանուոր  դասակարգի գերեզման, որ հայ բուրժուազիան է փորում:

«Դաշնակների դէմ ամենաանգութ պատերազմը մեր յեղաշրջման գլծաւոր նատակն է: Թուրքերի մօտ ամրա-պնդուած համոզմունքը դաշնակների վերաբերեալ չափազանց ամուր է նրանց ոչնչացնելու համար»։

ԱՒԻՍ ՆՈՒՐԻՋԱՆԵԱՆ

 

Այս նոյն ոգով, 1918ի Յուլիսին, սովետների 5րդ համագումարում որոշում էր կայացւում, «դաշնակների ամէն տեսակ գործողութիւնները դիտել որպէս դաւաճանութիւն»: Իսկ նախքան այդ, Ստեփան Շահումեանը Յուլիս 23ին գրել էր Լենինին. «Մեր դրութիւնը միջազգային տեսակէտից իսկապէս սոսկալի է: Անկախ Վրաստան, անկախ Ադրբեջան, որպէս թէ անկախ Հայաստան»:

Գուրգէն Հայկունին, որ կոմիսարիատում Վահան Տէրեանին էր փոխարինել, 1919ի Մարտին Մոսկուայում գումարուած երրորդ Ինտեռնացիոնալին խօսք առնելով՝ խաբէութիւն է համարում ազգային հանրապետութիւնները, դաշնակ ղեկավարներին աւազակախումբ կոչում եւ վիրաւորանք՝ հայ գիւղացու ու բանուորի դէմ շպրտուած: Նա հաւատացնում է, որ Հայ կոմունիստական կուսակցութիւնը կը պայքարի ապահովելու Բոլշեւիզմի տիրապետութիւնը Հայաստանում:

 

ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ՝ ՈՐՊԷՍ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹԻՒՆ

 

Հայաստանի անկախութեան առաջին օրերից իսկ, բացի բոլշեւիկեան իշխանութիւնից, ուշադրութեան առարկայ են եղել նախկին Ցարական կայսրութեան տարածքում գործունէութիւն ծաւալած ու բոլշեւիկեան մենատիրութեան դէմ պայքարող ուժերը: Այդ ժամանակ նոյնիսկ Եւրոպայում, Ռուսաստանի դաշնակիցների մօտ չկար այն հաւատքն ու վստահութիւնը, թէ բոլշեւիկեան իշխանութիւնը կը յարատեւի:

Հայաստանի իշխանութիւնների կողմից մօտեցման փորձ կատարուեց եւ յարաբերութիւններ մշակուեցին Սպիտակ բանակի զօրավար Անտոն Դենեկինի եւ Սիբիրում իշխանութիւն հաստատած Ծովակալ Կոլչակի հետ: Սա պիտի նպաստէր Հայկական Հարցին, եթէ դրանցից մէկը յաղթական դուրս գար: Այս քաղաքականութիւնը հաստատուեց նաեւ ՀՅԴ 9դ Ընդհանուր ժողովում: Բայց կար մի հիմնական անպատեհութիւն, դա բոլշեւիկ իշխանութեան կասկածն ու անվստահութիւնն էր Հայաստանի իշխանութեան հադէպ, որ յարուցուել էր այդ  յարաբերութիւնների արդիւնքում: Ապացոյց դրան, երբ Արտաքին Գործերի կոմիսար Չիչերինը 1919ի Օգոստոսին հրաւիրում էր Կովկասի կառավարութիւններին միանալ Մոսկուային՝ միասին պայքարելու Դենեկինի ուժերի դէմ, Հայաստանը հրաւէր չստացաւ:

roupuinaarfgeneral

ՀՅԴ 9ՐԴ Ընդհանուր Ժողով

Բոլոր պարագաներում, թէ՛ Բոլշեւիկ եւ թէ  Ռուսաստանի հակադիր ուժերը մէկ հարցում նոյն դիրքորոշումն ունէին, եւ դա Ցարական կայսրութեան սահմանների ամբողջականութիւնն էր: Այդ դիրքից ելնելով էր, որ Դենեկինը յայտարարել էր, թէ ճանաչում է Բոլշեւիկ իշխանութեան դէմ դուրս եկած եւ սահմանային շրջաններում կազմուած կառավարութիւններին, սակայն յետագային, Ռուսաստանի ամբողջականութիւնը ելակէտն է լինելոււ որեւէ հարցի լուծման: Աւետիս Ահարոնեանը նման բանաձեւում ստացել էր նաեւ Բոլշեւիկ Ռուսաստանի Ֆրանսիայի դեսպան Մակլակովից եւ Ամերիկայի դեսպան Բախմետովից, երբ Փարիզում խօսւում էր Անկախ եւ Միացեալ Հայաստանի մասին: Նոյն քաղաքականութիւնն էր առաջնորդում երբ Մոսկուայում համաձայնագիր էր մշակւում Դաշնակիցների ներկայացուցիչ William Bullitt-ի հետ: Դաշնակիցների ճնշման տակ Մոսկուան ընդունել էր նախկին Ցարական կայսրութեան տարածքի վրայ ստեղծուած հանրապետութիւնների գոյութիւնը, բայց միեւնոյն ժամանակ սովետները կարողացել էին համոզել Դաշնակիցներին իրենց զօրքերը դուրս բերել Ռուսաստանից եւ չօժանդակել որեւէ իշխանութեան՝ Ռուսաստանի դէմ ելնելու: Ուրեմն Մոսկուան վստահ լինելով, որ Դաշնակիցները դուրս են եւ որեւէ օժանդակութիւն չի գալու նրանցից, ժամանակաւորապէս ընդունում էր այդ հանրապետութիւնների գոյութիւնը:

1919ի Սեպտեմբեր 27ին Երեւանում կայացած ՀՅԴ Ընդհանուր ժողովը մի կարեւոր հարթակ էր, ուր նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքականութիւնն ու յարաբերութիւններն էին քննարկւում եւ Հայաստանի կառավարութեան ապագայ գործունէութեան բանաձեւերը վաւերացւում:

Հետաքրքիր  է, որ որքան էլ որ Հայաստանը ռուսներից անկախ քաղաքականութիւն էր վարում, Դաշնակիցների կարծիքով մանաւանդ անգլիացիների համար, կառավարութիւնը ռուսական արեւելում ունէր, հայը «անուղղելի ռուսասէր, ռուսական օրիենտացիայի (արեւելում-Խմբ.) անյողդողդ հետամտող» էր: Այս տպաւորութիւնը յայտնել էին արտաքին գործոց նախարար Սիրական Տիգրանեանին, որով եւ նա Դաշնակիցների թրքամէտ քաղաքականութիւնն ու գործունէութիւնը Կարսում, Ղարաբաղում եւ Զանգեզուրում, դրանով էր բացատրում: Այս կարծիքը կիսում էին արեւմտահայ ղեկավարները, «արեւելահայերը կը ձգտին չբաժնուիլ Ռուսաստանէն եւ անկախանալ, կը խուսափին զինուորագրուիլ»: Ի հակասութիւն դրան, Մոսկուան էլ Հայաստանի իշխանութիւններին դիտում էր իբրեւ Դաշնակիցների կառքին լծուած: Դաշնակցութեան նախաձեռնութեամբ 1919ի Մայիս 28ին հռչակուած «Միացեալ եւ Անկախ Հայաստանի աքտը» միտում էր վերջ տալ այդ արհեստական «օրիենտացիաներին» եւ երկու հատուածներին մէկ պետութեան մէջ միացնել: Ընդհանուր ժողովը որոշում էր,  «Լիակատար բարեացակամ վերաբերում ունենալով հանդերձ դէպի ռուս ժողովուրդն ու Ռուսաստանի քաղաքական վերածնութիւնը, մեր դիւանագիտութիւնը պէտք է դիմադրի Ռուսաստանում գոյութիւն ունեցող կառավարութիւնների փորձերին՝ տարածելու ռուսական իշխանութիւնը նախկին Ռուսաստանի վրայ եւ այդպիսով անհնարին դարձնելու Հայաստանի ամբողջացման գործը»: Նոյն ժողովում, որոշւում էր շարունակել Դաշնակիցների հետ մշակուած  յարաբերութիւնները եւ թիկունք կանգնել Փարիզի հաշտութեան վեհաժողովի Հայաստանի զոյգ պատուիրակութեան ներկայացրած միացեալ պահանջներին:

Անկախ Հայաստանի դաշնակցական գործիչներ՝ Համօ Օհանջանեանը Բեռլինում, Յակոբ Զաւրիեւը եւ Արտաշէս Չիլինգարեանը Մոսկուայում եւ այլք, սկզբից ի վեր փորձել են յարաբերութիւնների մէջ մտնել Մոսկուայի եւ արտասահմանի բոլշեւիկ ղեկավարների հետ, համոզել նրանց՝ ճանաչելու Հայաստանի անկախութիւնը: Բայց Մոսկուան պատրաստ չէր նման յանձնառութեան, մանաւանդ որ Գերմանիայի հետ գաղտնի բանակցութիւնների մտած՝ նպատակ  կար Կովկասը բաժանել երկու ազդեցութեան գօտիների, որով հայկական հողերը պիտի անցնէին թուրքերին:

Յարաբերութիւնները դադարեցին որոշ ժամանակ մինչեւ բաւական անց երբ Հայաստանը բռնուած էր ներքին դժուարութիւնների ու հայ բոլշեւիկների անհանգստութիւնների եւ խլրտումների մէջ, սահմանները վտանգուած էին ամէն կողմից, իսկ Դաշնակիցների խոստումները կառավարութեան դիմաց մէկ այլ ճամբայ էր գծում եւ քաղաքական արեւելում առաջացնում:

Շահումեանի եւ Բաքուի կոմիսարների սպանութեան լուրը պատրուակ բռնելով Մոսկուայում չեղեալ է համարւում այս անգամ բոլշեւիկ գործիչ Սահակ Տէր Գաբրիէլեանի միջնորդութեամբ տեղի ունենալիք Զաւրիեւի, Նազարեանցի եւ Չիլինգարեանի հանդիպումը Կամենեւի, Աւանէսովի եւ Սահակ Տէր Գաբրիէլեանի հետ: Հաւատացեալ բոլշեւիկ Պօղոս Մակինցեանը յաջողել էր կասեցնել հանդիպումը եւ ձերբակալել տալ Զաւրիեւին ու Նազարեանցին՝ որպէս պատանդ Շահումեանի սպանութեան: Բանտարկուածները ազատւում են 1919ի Մարտ 19ին, բայց իրաւունք չի տրւում նրանց հեռանալ Մոսկուայից: Զաւրիեւը մահանում է բանտում վարակուած տիֆոիդից, իսկ Նազարեանցին յաջողւում է Մոսկուայից դուրս գալ 1920ի գարնանը միայն:

1919ի Նոյեմբեր 27ին Բաքւում կնքուած բոլշեւիկների եւ նախկին Երիտթուրքերի համաձայնագիրը՝ Կովկասի նոր իրողութիւնն էր ամրապնդում եւ թուրքերին ազատութիւն էր տալիս Հայաստանի նկատմամբ իրենց քաղաքականութիւնը իրագործելու: Ըստ այդ համաձայնագրի՝ թուրքական բանակը Հայաստանի վրայով Դենեկինի թիկունքը պիտի անցնէր՝ նրան ջախջախելու: Իսկ դա նշանակում էր նոր կոտորածներ, որոնք արգիլելու որեւէ երաշխիք չէին տալիս բոլշեւիկները, հայ բոլշեւիկներն էլ բոլորովին հերքում էին նման համաձայնագրի գոյութիւնը, որի շշուկները, սակայն, Երեւան էին հասել: Ճշմարտութիւնը ստուգելու համար, ՀՅԴ Բիւրօն իր անդամներից Ռուբէն Տէր Մինասեանին, Արշակ Ջամալեանին եւ Սիմոն Վրացեանին ուղարկում է Թիֆլիս՝ հանդիպելու Հմայեակ Նազարէթեանին, որ Կովկասեան կոմունիստ կուսակցութեան, Կաւբիւրոյի ընդհանուր քարտուղարն էր: Ըստ Ռուբէնի՝ նա իր լռութեամբ հաստատեց լուրը եւ աւելացրեց, որ  այսուհետ աւելի է շեշտուելու բոլշեւիկ քարոզչութիւնը եւ ագիտացիան (խռովութիւնները-Խմբ.) Հայաստանում:

roubinaperoomian3

Եւ իրօք, 1920ի Յունուարին, Ռուսաստանի Կոմունիստ կուսակցութեան հայկական մասնաճիւղը Երեւանի իր համագումարում, քննարկում էր Հայաստանը արագ խորհրդայնացնելու գաղափարը, որի վրայ յատուկ պնդել էր Աւիս Նուրիջանեանը: Միակ դժուարութիւնն այն էր, որ Հայաստանում բաւական չափով ուժ չունէին բոլշեւիկները եւ առանց դրսի օգնութեան գործը գլուխ չէր գայ:

 

«Հայ բոլշեւիկների խնդիրը պէտք է լինի՝ արագացնել հանրապետական Հայաստանի պարտութիւնը, որով եւ կ՛արագացուի Հայաստանի խորհրդայնացումը: Այս նպատակի համար պէտք է կազմալուծել հայկական կռուող բանակը բոլոր միջոցներով…»։

ԿԱՍԵԱՆ,

ՆՈՒՐԻՋԱՆԵԱՆ,

ՄՌԱՒԵԱՆ,

ԱՄԻՐԽԱՆԵԱՆ…

 

Դաշնակցութիւն-անհատ բոլշեւիկ յարաբերութիւնների ծիրում յատկանշական է այն երեւոյթը, որ երբ 1919ի վերջերին Վրաստանում եւ Ազրբէյջանում հալածում էին բոլշեւիկներին, Հայաստանի դաշնակցական իշխանութիւնը ապաստան էր տալիս նրանց, նոյնիսկ օգնում բանտերից փախչելու, եւ աշխատանք էր տալիս նրանց մանաւանդ կրթական բնագաւառում: Բայց այդ բոլշեւիկ հաւատացեալները թռուցիկներ էին ցրում, հայ զինուորներին հրահրում էին չկռուել թուրք ապստամբների դէմ, իսկ ռուսներին ու մահմեդականներին ապստամբութեան էին մղում կառավարութեան դէմ: Օգտուելով Հայաստանի տնտեսական սոսկալի իրավիճակից, ժողովրդին գրգռում էին, վստահեցնում, որ խորհրդային կարգեր հաստատուելուն պէս, Հայաստանը հաց ու շաքարով պիտի լեցուի:

roupinashantՆման մի իրավիճակում, երբ դաշնակցական մտաւորականութիւնը լծուած էր երկրի ենթակառոյցների ուժեղացմանը, բաւարար ուժ չունէր բոլշուիկների գրգռութիւնների դէմն առնելու: Յիշենք որ, այս ժամանակաշրջանի եւ Բիւրօ կառավարութեան գործելակերպը խիստ քննադատութեան ենթարկուեց 1921ի Ապրիլին Բուքրեշի ՀՅԴ խորհրդաժողովին: Եզրակացութիւնն այն էր, որ «Բիւրօն չէ աշխատած ստեղծելու կուսակցական ուժեղ կազմակերպութիւն», այլ «մտած է կառավարութեան մէջ, լքելով կազմակերպական շահերը»:

Ինչո՞ւ կառավարութեան այս մեղմ վերաբերմունքը: Հաւանական բացատրութիւնն այն է, թէ նախ այդ բոլշեւիկները ռուսահայ դաշնակցական ղեկավարների դասընկերներն էին եղել համալսարանական տարիներին ու հակացարական շարժման մէջ գաղափարակից, մասնակից, յետոյ՝ դեռեւս տիրում էր այն կարծիքը, թէ նրանց միջոցով կարող են բանակցութիւնների ճամբայ բացել Մոսկուայի հետ: Մինչդեռ, օրինակ՝ Թիֆլիսի բանտից ազատուած եւ Հայաստան ապաստանած Բագրատ Ղարիբջանեանը Ալեքսանդրապոլում բոլշեւիկ բջիջներ էր կազմում ու հակակառավարական քարոզչութիւն տանում: Իսկ միւս կողմից, երկրի բոլշեւիկների հետ մեղմ վարուելով եւ նրանց հետ սերտ յարաբերութիւն մշակելով Դաշնակցութիւնը Դաշնակիցների կասկածն էր յարուցում: Հայաստանի կառավարութեան այս վերաբերմունքը շարունակուեց միչեւ 1920ի Մայիս, երբ բոլշեւիկեան խլրտումները ապստամբութեան տեսք ստացան եւ Դաշնակցութեան Բիւրօն պարտադրուեց ամբողջ կազմով մտնել կառավարութեան մէջ եւ երկրի ղեկը ձեռք առնել:

 

ԱԶՐԲԷՅՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՈՒՄԸ՝ ՍՊԱՌՆԱԼԻՔ

 

Ազրբէյջանի խորհրդայնացումը, Ապրիլ 28, 1920, ճակատագրական ազդեցութիւն ունեցաւ Հայաստանի անկախութեան համար: Բաքուն դարձաւ Անդրկովկասում Կոմունիստական քաղաքականութեան ձեւաւորման եւ գործադրման մի կարեւոր կենտրոն: Հայաստանի Կոմունիստական կուսակցութիւնը՝ Արմենկոմը անմիջապէս կապ հաստատեց Ազրբէյջանի կոմունիստ իշխանութեան հետ եւ օգնութեան դիմումներ ուղղեց, քարիւղ եւ պարեն ստանալու եւ տապալելու դաշնակնրին: Հայաստանի բոլշեւիկ ղեկավարները արդէն հաւատացած էին, որ  հայ պռոլետարիատը շուտով կը յաղթի դաշնակ իշխանութեանը: Բայց, ի հարկէ, Ազրբէյջանի կոմունիստ իշխանութեան հետ կապը միշտ մնաց միակողմանի:

Հետաքրքիր է, որ Ազրբէյջանի խորհրդայնացումը Հայաստանի կառավարութիւնն էլ էր ոգեւորութեամբ ընդունել՝ կարծելով, որ մուսաւաթականների պարտութեամբ Ղարաբաղի եւ Զանգեզուրի հարցը լուծելի կը դառնայ: Բայց հենց առաջին շաբաթուայ մէջ Երեւանը վերջնագիր ստացաւ Ազրբէյջանից՝ երեք օրում  դատարկել «Ադրբեջանի անվիճելի հողամասերը»: Բաքւում ձերբակալուեցին Հայաստանի դիւանագիտական ներկայացուցիչները: Միւս կողմից էլ, Ղարաբաղի ազերի նահանգապետ Սուլթանովը ճնշում էր Շուշիի հայ ղեկավարութեանը դադարեցնել դիմադրութիւնը եւ իշխանութիւնը յանձնել Ռեւկոմին, քանի որ Կարմիր Բանակը Ղարաբաղում է արդէն: Ի հարկէ, Ղարաբաղի ազգային խորհուրդը որոշեց շարունակել դիմադրութիւնը: Երեւանից էլ այդպիսի հրահանգ էր ստացուել: Հակառակ այս բոլորի, Մայիս 27ին Դրօն հանդիպում է բոլշեւիկ ղեկավարութեան հետ, նրանց է յանձնում Ղարաբաղի ղեկը, իր մօտ գտնուող դրամն ու զինամթերքը եւ անցնում Զանգեզուր: Նրա համար անընդունելի էր, որ Երեւանի կառավարութիւնը բանակցութիւնների եւ Մոսկուա ուղղուած խնդրագրերի միջոցով է ցանկանում Ղարաբաղի հարցը լուծել:

1920ին, կառավարութեան կազմակերպած Մայիս 1եան տօնակատարութիւնների ու զօրահանդէսի ընթացքում հայ բոլշեւիկները ապստամբութեան դիմեցին: Ծայր առան անկարգութիւններ, խառնակութիւն, որոնք ո՛չ այնքան Երեւանում, բայց յաջողութեան հասան Ալեքսանդրապոլում, Նոր Բայազետում եւ Սարի-Ղամիշում: Ցուցարարները կոչ էին անում «Հայաստանի բանուորներին, զինուորներին ու գիւղացիներին» չխաբուել «անկախութիւններով» եւ «պառլամենտներով» այլ «ձգտել դէպի Ռուսաստան», որ պիտի տանի «դէպի մեր լուսաւոր ապագան՝ սոցիալիզմը»: «Դաշնակների իշխանութեան բռնի ռեւոլուցիոն տապալումը» որպէս լօզունգ ամբորջ ուժով գնում էր Հայաստանում:

Ահա, այս խլրտումներին վերջ տալու համար ու նաեւ դէպի Հայաստան առաջացող Քեմալական զօրքերի վտանգը պարտադրեց Դաշնակցութեանը՝ երկրի ղեկը ձեռք առնել: Կազմուեց Բիւրօ-կառավարութիւնը: 1920, Մայիս 5ին, Ալեքսանդր Խատիսեանի կառավարութիւնը հրաժարուեց, Բիւրօն ամբողղջ կազմով մտաւ կառավարութեան մէջ: Համօ Օհանջանեանը նշանակուեց վարչապետ: Որոշումը վաւերացուեց խորհրդարանում արագ, առանց այլ կարծիքների առիթ տալու: Սիմոն Վրացեանը դա կոչում է «Դաշնակցութեան դիկտատուրա»:

Առաջին քայլը խռովութիւնները խաղաղ միջոցներով լռեցնելն էր, որ սակայն չյաջողուեց: Հայաստանի այլ կուսակցութիւնների, նոյնիսկ Գեւորգ Ե. կաթողիկոսի կոչերը՝ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի համար մտածելու եւ խլրտումները դադարեցնելու, արդիւնքի չհասան: Բոլշեւիկ ընդդիմադիրների համար մէկ ճամբայ կար, դիմել Ռուսաստանի օգնութեան,  դաշնակցականներից ազատուել եւ Հայաստանը մտցնել Ռուսաստանի կազմի մէջ:

Կառավարութիւնը բռնի ուժի դիմեց, եղան ձերբակալութիւններ ու սպանութիւններ, շատերն էլ Ազրբէյջան փախան: Երկու շաբաթում երկիրը խաղաղուեց: Այդ գործողութեան մէջ մեծ դեր ունեցան Ռուբէնը եւ նախկին ֆիդայիներից կազմուած խմբերը Սեպուհի հրամանատարութեան տակ, որ «աշխատաւորների դահիճ» պիտակը ստացաւ: Իսկ բոլշեւիկ մամուլը սոսկալի պատմութիւններ էր տարածում եւ ամէնուրեք յայտարարում էր, թէ Հայաստանում բոլշեւիկների ջարդ է տեղի ունենում: Այս լուրերով, ի հարկէ, վարկաբեկւում էր Հայաստանի իշխանութիւնը:

Մէկ այլ հարթակում, Հայաստանի պատուիրակութիւնը Աւետիս Ահարոնեանի նախագահութեամբ աշխատանք էր տանում Փարիզում՝ Դաշնակիցների բարի տրամադրութիւնը Հայկական Հարցի վերաբերեալ ապահովելու համար: Ահարոնեանը լաւատես էր: Իր հանդիպումների մասին ու անհատ դիւանագէտների հայանպաստ յայտարարութիւնների մասին Երեւանի կառավարութեան զեկուցելով՝ այդ լաւատեսութիւնը նրան էլ էր փոխանցում:

Մեր նիւթից դուրս է այդ բանակցութիւնների եւ խոստումերի մասին մանրամասնելը: Կարեւորը տպաւորութիւնն էր, որ Հայաստանի ապագայի հարցը Դաշնակիցների օրակարգի վրայ էր՝ որքան էլ որ իրարու միջեւ առաջացած մրցակցութիւննրը, աշխարհաքաղաքական քարտեզի նկատմամբ անդադար փոխուող կարծիքներն ու շահերը, Թուրքիայի նկատմամբ Դաշնակիցների տրամադրութիւններն ու արդէն սպառնացող Խորհրդային Ռուսաստանի թշնամական դիրքը լուծման ճամբան խոչընդոտէին: Վերջնական արդիւնքի մասին գիտենք արդէն՝ Սեւրի Դաշնագիր, Վիլսոնեան Հայաստան, որոնք բոլորն էլ օդի մէջ  մնացին:

Հայաստանի սահմանները Սեւրից մինչեւ հայ-թրքական պատերազմ

Ուրեմն, վերադառնանք մեզ համար ճակատագիր դարձած բոլշեւիկներին:

 

ՄՈՍԿՈՒԱ-ԵՐԵՒԱՆ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ

roupinacabinet

Մինչեւ 1920ի գարնանը, Մոսկուա-Երեւան բանակցութիւնները տարւում էին անպաշտօն կերպով: Իրականութեան մէջ, Հայաստանի իշխանութեան ուշադրութեան կենտրոնում էին երկրի ներքին իրավիճակը,  տնտեսական եւ կառուցային բարելաւումը, Սպիտակ Ռուսների, այսինքն հակաբոլշեւիկ ուժերի յաջողութիւնները, Դաշնակից պետութիւնների անդադար խոստումները եւ միացեալ Հայաստանի ապագան կապուած այդ խոստումներին, նրանց  «տէ ֆաքթօ» (de facto) (իրողապէս-Խմբ.) ճանաչումը Հայաստանի եւ հաւաստիացումը, որ շուտով Փարիզում տեղի ունենալիք հաշտութեան վեհաժողովում պիտի քննուի Հայկական Հարցը: Ուրեմն՝ ո՛չ այնքան կապը Բոլշեւիկ Ռուսաստանի հետ, որի գոյութիւնն անգամ որպէս երկրի օրինական տէր խնդրոյ առարկայ էր եւ վիճելի Արեւմուտքի ու Դաշնակիցների համար: Բացի այս բոլորը, վախն այն էր, որ բոլշեւիկ Ռուսաստանի հետ բանակցութեան մէջ մտելով, կարող են վտանգել Դաշնակիցների հետ մշակուած սերտ կապերը:

 

Կարմիր Բանակի վերջնական  յաղթանակը եւ շարժը դէպի Կովկաս փոխեց այդ կեցուածքը, մանաւանդ, ըստ Համբարձում Տէրտէրեանի, Կարմիր Բանակի կովկասեան թեւի հրամանատար Սերգէյ Օրջոնիգիձէի մէկ գրութիւնը Վլադիկաւկազից Երեւան յիշեցնում էր, որ եթէ Հայաստանը ցանկանում է պաշտօնապէս ճանաչուել ռուս կառավարութեան կողմից, պիտի դուրս գայ կղզիացումից եւ բանակցութիւններ սկսի Մոսկուայի հետ:

Այսպէս, կազմուեց պատուիրակութիւն՝ բաղկացած Լեւոն Շանթից, Համբարձում Տէրտէրեանից, Լեւոն Զարաֆեանից: Արամայիս Երզնկեանն ու Սիմոնիկ Փիրումեանը, երկու մենշեւիկներ, որոնք ինտեռնացիոնալ սոցիալիզմին էին յարել, որպէս Ղարաբաղին լաւատեղեակ միացան պատուիրակութեան:

Պատուիրակութիւնը պարտականութիւն էր ստանձնել Մոսկուային համոզել ընդունելու Հայաստանի անկախութիւնը (ներառեալ Լեռնային Ղարաբաղը): Գոնէ սկզբունքով ընդունել Թրքահայաստանի կցումը Հայաստանին, Հայաստանի ներքին գործերին չխառնուել եւ կոմունիստական գործունէութիւն չտանել, եւ վերջապէս, թոյլատրել Հիւսիսային Կովկասում եւ Ռուսաստանում ցրուած հայ գաղթականներին՝ Հայաստան վերադառնալ: Պատուիրակութեան ժամանման մասին հեռագիր յղուեց Ռուսաստանի արտաքին գործերի կոմիսար Գրիգորի Չիչերինին: Փոխադրական միջոցների չգոյութեան պատճառով, սակայն, պատուիրակութիւնը Մոսկուա հասաւ Մայիսի վերջին, երբ Ղարաբաղում ու Զանգեզուրում շարունակւում էր կռիւը, այս անգամ ո՛չ թէ մուսաւաթականների, այլ Կարմիր Բանակի դէմ: Կարճ ժամանակում տեղի ունեցաւ հանդիպում Չիչերինի հետ, ներկայ էր նաեւ նրա հայազգի օգնական Լեւոն Կարախանը:

Առաջին հարցը որ բարձրացրեց Չիչերինը բոլշեւինեերի դէմ ի գործ դրուած ճնշումներն ու  բռնութիւններն էին: Իսկ պատուիրակութիւնը ճամբաներում բռնուած լուր անգամ չունէր ապստամբութեան մասին: Մէկ այլ կարեւոր հարց ռուսների համար այն էր, որ Հայաստանը խոստանայ Թուրքիային չհարուածել, երբ Ռուսաստանն ու Թուրքիան միացեալ ուժերով կռուեն Եւրոպացի իմպերիալիստներին Թուրքիայից վռնդելու: Բոլշեւիկները պնդում էին նաեւ, որ Հայաստանը իր կապերը կտրի Դաշնակիցների հետ եւ արտօնի Ռուսաստանին հաշտութեան վեհաժողովի օրակարգից հանելու Հայաստանին ու հայութեան վերաբերող կէտերը: Արեւմտահայաստանը Հայաստանի հանրապետութեան միացնելու հարցում, Չիչերինը միանգամայն հակառակ էր, քանի որ ըստ բոլշեւիկեան սկզբունքների, հողերի բաժանումը պատմական պատկանելիութեամբ չի լինում: Հողը պատկանում է այդ հողի վրայ աշխատող գիւղացուն: Բաւական երկար փաստարկութիւններից յետոյ, կարծես արդիւնքը տեսանելի էր դառնում: Յունիսի կէսերին վերսկսած բանակցութիւններում երեւում էր որոշ համաձայնութիւն: Արեւմտահայաստանից որոշ շրջաններ կցւում էին Հայաստանին, Նախիջեւանն ու Զանգեզուրը մնում էին Հայաստանին, Ղարաբաղը վիճելի էր յայտարարւում, որ ապագայում հանրաքուէով պիտի լուծուէր: Ռուսաստանը նոյնիսկ խոստանում էր տնտեսապէս օգնել Հայաստանին:

Բայց իրականութիւնը այլ էր: Հայ բոլշեւիկները, որոնք Հայաստանից Մոսկուա էին փախել, սոսկալի ընդդիմութիւն էին ցոյց տալիս եւ աշխատանք թափում բանակցութիւնները ձախողեցնելու: Բաքու փախած հայ բոլշեւիկները՝ Նուրիջանեան, Կասեան, Միկոյեան, չափազանցուած լուրեր էին ուղարկում, թէ ինչպիսի վայրագութիւններ են կատարուել հայ բոլշեւիկներին Հայաստանում ճնշելու: Մոսկուայում աշխատանք էին տանում ազրբէյջանցիները եւս: Կարմիր Ազրբէյջանը ո՛չ մի գնով պատրաստ չէր Ղարաբաղի ու Զանգեզուրի կռիւը դադարեցնել:

 

«Ինչ վերաբերում է արդէն Սովետական Ադրբեջանի մէջ մտած իբրեւ թէ վիճարկելի Զանգեզուրին ու Ղարաբաղին, ապա կատեգորիկ յայտարարում ենք, որ այդ վայրերը անառարկելիօրէն եւ այսուհետեւ պէտք է գտնուեն Ադրբեջանի սահմաններում… Մենք դէմ չենք Հայաստանի հետ խաղաղութեանը, բայց ո՛չ մի դէպքում Ղարաբաղի եւ Զանգեզուրի գնով»։

ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԵԱՆ

 

Նոյն ժամանակ Մոսկուա էր գտնւում Քեմալական Թուրքիայի պատուիրակութիւնը եւս, իսկ Օրջոնիգիձէն թրքամէտ յանձնարարութիւններ էր ուղարկում Մոսկուա: Համբարձում Տէրտէրեանը վկայում է, որ ինքն ու Լեւոն Զարաֆեանը առաջարկել էին հանդիպել թուրքերի հետ, բայց Շանթը մերժել էր, ասելով, որ նախ իրենք այդ լիազօրութիւնը չունեն եւ յետոյ, ինքը թուրք  ջարդարարների հետ բանակցութեան չի նստի:

roupinalegran

Մոսկուա էր գտնւում նաեւ վրացիների պատուիրակութիւնը: Այդտեղ դժուարութիւն չկար, քանի որ ռուսները վրացիների մասին հաշիւ չունէին թուրքերին տալիք: Յունիս 7ի համաձայնագրով ընդունւում էր Վրաստանի անկախութիւնը եւ անձեռմխելիութիւնը:

Լեւոն Շանթի վկայութեամբ, այս բացասական ազդակների խառնակ  մթնոլորտում էր, որ Յունիսի վերջերին Չիչերինը ներկայացաւ նոր առաջարկով՝ Նախիջեւանը մնում էր Հայաստանին, Ղարաբաղը Ազրբէյջանին, իսկ Զանգեզուրը վիճելի էր համարւում: Չիչերինը բողոքում էր հազարաւոր բոլշեւիկների գնդակահարման դէմ եւ ազդարարում էր, որ եթէ չդադարեն բռնութիւնները, բանակցութիւնները կը կասեցուեն: Շանթը հեռագիր է յղում Երեւան պատասխան ստանալու համար եւ յատկանշական է, որ հեռագիրը Երեւան է հասնում մէկուկէս ամիս յետոյ, երբ արդէն դադարել էին բանակցութիւնները: Համբարձում Տէրտէրեանը վկայում է, որ պատուիրակութեան տրամադրել էին մի ծածկագիր՝ Թիֆլիսի վրայով Մոսկուայից Երեւան կապ հաստատելու: Պարզ է, որ Հայաստանը կամ  Երեւանի նահանգը այնքան անկարեւոր ու յետամնաց էր Ցարական իշխանութեան օրօք իսկ, որ հեռագրական կապն էլ ուղղակի չէր: Այս թոհուբոհի մէջ, պատուիրակութեան լուր է հասնում, որ Արամայիս Երզնկեանն ու Սիմոնիկ Փիրումեանը հինգ միլիոն ռուբլի ստանալով գաղտնի վերադարձել են Կովկաս՝ Զանգեզուրի ու Ղարաբաղի խորհրդայնացումը արագացնելու համար: Ռազմական օգնութիւնը գալու էր 11րդ  Կարմիր  բանակից:

Քեմալական Թուրքիայի ներկայացուցիչները Մոսկուայում եւ Բոլշեւիկ Ազրբէյջանի գործիչները շարունակում էին ճնշել Մոսկուային՝ կասկածի տակ դնելու Հայաստանին մնացած միակ հողատարածքը՝ Նախիջեւանը, տրամաբանելով, որ Նախիջեւանի մահմեդականները վտանգուած  են Հայաստանից եկող անդադար յարձակումների տակ: Նրանք փորձում էին գրաւել Զանգեզուրը, որ վիճելի էր յայտարարուած եւ հասնել Նախիջեւանի մահմեդականներին:

Մոսկուան գաղտնի համաձայնութիւնների եւ առեւտուրի բեմ էր դարձել: Այդ բեմի վրայ թոյլ էր հայկական ազդակը՝ կարողանալու համար հակազդել Ազրբէյջանի, Քեմալական Թուրքիայի, Հայկական Գործերի կոմիսարիատի եւ հայ եւ այլ անհատ բոլշեւիկների հակահայ քաղաքականութեան եւ քարոզչութեանը: Յուլիսի 1ին Չիչերինը տեղեկացրեց, որ բանակցութիւնները Մոսկուայում աւարտուած են: Որոշուած է Կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի անդամ Բորիս Լեգրանին որպէս լիազօր ներկայացուցիչ ուղարկել Երեւան՝ այնտեղ շարունակելու համար բանակցութիւնները: Դրանից յետոյ, մի կարճ հանդիպում է տեղի ունենում հայկական պատուիրակութեան, Լեգրանի եւ նրա օգնական Սահակ Տէր Գաբրիէլեանի միջեւ, որից յետոյ մի ամբողջ ամիս պատուիրակութիւնը սպասում է Երեւանից եկող կարգադրութեան: Մի ուշացած հեռագիր դեռ կարգադրում էր տեղի չտալ եւ պնդել ներկայացուած պահանջների վրայ, իսկ Լեգրանը արդէն թողել էր Մոսկուան: Մի երկրորդ հեռագիր կարգադրում էր բողոք յայտնել ռուսական կողմին, որ Կարմիր բանակը գրաւել է Զանգեզուրի մայրաքաղաք Գորիսը եւ սպանել դաշնակցական գործիչներ եւ պառլամենտի անդամներ Վահան Խորենիին եւ Արշակ Շիրինեանին:

Իսկ Յուլիս 10ին Համառուսական Կոմունիստ կուսակցութեան Կենտկոմը մի բողոքագիր է ստանում Բաքուից, ուր Չիչերինի Հայաստանին առաջարկած հողային բաժանումները (Նախիջեւան, Ղարաբաղ եւ Զանգեզուր) համարւում էր անարդար եւ Կովկասում ծայր առած շարժման հակընդդէմ: Գրութեան մէջ նշուած էր, որ թէ՛ Ղարաբաղի եւ թէ Զանգեզուրի հայ գիւղացիութիւնը ցանկանում է օր առաջ դաշնակների լծից ազատուել: Գրութեան տակ ստորագրել էին Մդիւանին՝ Կաւբիւրոյից, Նարիմանովը՝ Ազրբէյջանի Յեղկոմից, Միկոյեանն ու Նանէյշվիլին Կենտկոմից եւ 11րդ Կարմիր բանակի ներկայացուցիչներ:

Նոյն ժամանակ երբ հայկական պատուիրակութիւնը դեռ Մոսկուայում էր, Լեգրանը, միշտ Տէր Գաբրիէլեանի եւ Խալիլ փաշայի հետ, Թիֆլիսում եւ Բաքւում հանդիպումներ էր ունենում:

roupina11rtpanag

Իթթիհատական Խալիլ փաշան Էնվերի եղբայրն էր, որ արդէն վաղուց Մոսկուայում իբրեւ Մուսթաֆա Քեմալի ներկայացուցիչ ռուս-թուրքական համաձայնութեան վրայ էր աշխատում, որ պիտի չարիք դառնար Հայաստանի համար: Նա յաջողել էր հաւատացնել Չիչերինին, որ Քեմալական թուրքիան թիկունք կը կանգնի Ռուսաստանին եւ հայցում էր օգնութիւն՝ դրամ, զէնք ու զինամթերք Դաշնակիցներին Թուրքիայից հանելու եւ ազգային շարժումը Թուրքիայում տարածելու համար: Խալիլը այդ օգնութիւնն էր իր հետ տանում:

Հայաստանի պատուիրակութիւնը դեռ Երեւան չէր հասել, իսկ Լեգրանը Երեւան գալու փոխարէն Բաքու էր գնացել եւ բանակցութիւնների մէջ մտել: Եւ իրօք՝ Կովկասի ճակատագիրը Բաքւում էր որոշւում: Բաքուն՝ Անգարա-Մոսկուա-Բաքու եռանկիւնու մէջ էր եւ դարձել էր թուրք-բոլշեւիկ-թաթար համաձայնութեան կենտրոն: Լեգրանը այդ ազդեցութեան տակ եւ թրքամէտ Օրջոնիգիձէի խորհուրդով էր իր յանձնարարութիւնները կատարում Մոսկուային՝ Ղարաբաղն ու Զանգեզուրը կցել Ազրբէյջանին եւ Նախիջեւանը գրաւելու համար Կարմիր բանակը շարժել, առայժմ Հայաստանի հետ որեւէ համաձայնութիւն չկնքել, այլ նրանից զինադադար պահանջել:

«Իմ կարծիքն այնպիսին է, որ չի կարելի անվերջ խուսանաւել կողմերի միջեւ, պէտք է սատարել կողմերից մէկին որոշակիօրէն, տուեալ դէպքում, ի հարկէ, Ադրբեջանին Թուրքիայի հետ: Ես խօսել եմ Լենինի հետ, ինքը չի առարկում»։

ԻՈՍԻՖ ՍՏԱԼԻՆ

Վերջապէս, Յուլիս 21ին Լեգրանը մի մեծ խմբով դէպի Հայաստան է շարժւում, բայց տարօրինակ կերպով նրա մուտքը Հայաստան արգիլւում է: Բիւրօ կառավարութիւնը այլեւս կասկածանքով էր մօտենում բոլշեւիկներին եւ պահանջում էր խմբին սովորական ճամբորդների պէս քննութեան ենթարկել: Հաւատում էր, որ նրանց մէջ բոլշեւիկ ագենտներ (գործակալներ-Խմբ,) կան եւ քարոզչական նիւթեր են բերում: Լեգրանը վշտացած Թիֆլիս է անցնում: Զինադադարի պահանջը ներկայացւում է այնտեղից: Եւ այսպէս, Հայաստանի իշխանութեան ներկայացուցիչներ, Արշակ Ջամալեանն ու Արտաշէս Բաբալեանը Թիֆլիսում Օգոստոս 10ին Լեգրանի հետ զինադադար են ստորագրում՝ վերջ դնելու համար վերջին ամսուայ ընթացքում Նախիջեւանում եւ Զանգեզուրում Կարմիր բանակի եւ Նժդեհի ու Դրոյի ղեկավարութեամբ Հայաստանի զօրքերի միջեւ ընթացող պատերազմին: Բախտի հեգնանքով, այս զինադադարը առաջին փաստաթուղթն էր երկու պետութիւնների մէջ ստորագրուած, որ ենթադրում էր անկախ Հայաստանի ճանաչում ռուսների կողմից: Ըստ այս աղիտալի համաձայնագրի, մինչեւ զինադադարի համաձայնագրի մանրամասնութիւնների ճշդումը, Հայաստանը հրաժարւում էր Ղարաբաղից, Զանգեզուրից ու Նախիջեւանից: Այսպիսով, Ռուսաստանը տալիս էր թուրքերին իր խոստացածը: Երկու շաբաթ առաջ արդէն Կարախանը յայտնել էր Ազգայնական Թուրքիայի ներկայացուցիչ Բեքիր Սամիին, որ Կարմիր բանակին հրամայուել է Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը գրաւել ի նպաստ Ազրբէյջանի:

Զինադադարի տառին հակառակ, ի հարկէ, Կարմիր Բանակը տեղի չտուեց եւ պարտադրեց Նժդեհին, որ կռւում էր Զանգեզուրում, նահանջի ճամբան բռնել: Նժդեհը ամրացաւ Խուստուփի լեռներում ու շարունակեց կռիւը, իսկ Ղափանը խորհրդայնացած յայտարարուեց: Կարմիր բանակին յաջողուեց նաեւ Դրոյին չէզոքացնել Դառալագեազում (Վայոց Ձոր): Իսկ Դաշնակիցները, որ որեւէ օգնութիւն չէին բերել նման մի աննպաստ արդիւնքի չհասնելու համար, իրենց դժգոհութիւնը յայտնեցին, թէ Հայաստանը Դաշնակիցների թշնամիների հետ համաձայնագիր է կնքում:

Կատագերկութիւն: Նոյն օրը, Օգոստոս 10ին Փարիզում կնքւում էր Սեւրի դաշնագիրը՝ Հայկական հարցի վերաբերեալ դրական արդիւնքով: Անգլիայից Հայաստան էր հասնում 40 միլիոն pound sterling արժողութեամբ ռազմական օգնութիւն եւ խոստում յաւելեալ օգնութեան: Այս բոլորը աւելի էին ամրապնդում Դաշնակիցներին կապած յոյսերը եւ բոլշեւիկներին ապաւինելն ու նրանց բարեացակամ միջնորդութեան վստահելը աւելի վտանգաւոր էր դառնում: Այստեղ պիտի շեշտել, որ ռազմական օգնութիւնը, ըստ Արտաշէս Բաբալեանի, Անգլիայի Կովկասեան ուժերի յանձնարարութեամբ էր հասնում, եւ դա ի հատուցում Հայաստանի կառավարութեան՝ բոլշեւիկների ապստամբութիւնը յաջողութեամբ սաստելու համար:

 

ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ՄԻՋԵՒ

 

Հայկական պատուիրակութիւնը Երեւան էր վերադարձել այն համոզումով, որ Հայաստանը պիտի Մոսկուայի հետ համաձայնութեան գայ՝ թէկուզ զիջումների գնով: Եւ դա կարծես միակ ճամբան էր: Բայց Հայաստանը արդէն երկու կրակի մէջ էր՝ Կարմիր բանակը Իջեւանից եւ Նախիջեւանից, իսկ թուրքերը արեւմուտքից:

Վերջապէս, թէ՛ ռուսական եւ թէ հայկահան կողմերի յետաձգումերից յետոյ, Հոկտեմբեր 11ին Լեգրանը Հայաստան է մտնում մի մեծ խումբ Ազրբէյջանցի եւ հայ բոլշեւիկների հետ: Լեգրանը Հայաստան էր եկել ո՛չ թէ բանակցութիւնները վերսկսելու, այլ պահանջելու Հայաստանի կառավարութիւնից հրաժարուել Սեւրի դաշագրից եւ ընդունել Մոսկուայի իշխանութեանը որպէս իրաւարար Հայաստանի սահմանները որոշելու: Նա նոյնպէս պահանջում էր արտօնել Կարմիր բանակին Հայաստանի միջով անցնելու Քեմալի զօրքերին հասնելու համար: Կառավարութիւնը միակարծիք չէր: Որոշները առաջարկում էին բացարձակապէս մերժել առաջարկները: Ուրիշների կարծիքով պէտք էր լեզու գտնել Սովետների հետ եւ համաձայնութեան հասնել: Բանակցութիւնները շարունակուեցին: Տէր Գաբրիելեանը Համբարձում Տէրտէրեանին գաղտնաբար ասել էր, թէ եթէ Հայաստանը մերժի վերջնագրի պայմանները, որոշում կայ ռազմական գործողութիւն սկսել նրա դէմ:

Բանակութիւնների ընթացքում մի քիչ մեղմացան պայմանները: Սովետները ընդունում էին Կարսն ու Ալեքսանդրապոլը թողնել Հայաստանին եւ Հայաստան-Ազրբէյջան վիճելի հողերի խնդիրը լուծել յետագայում՝ հանրաքուէի միջոցով: Լեգրանը համաձայնագրի այս տարբերակը առած վաւերացման համար Մոսկուա գնալու փոխարէն Բաքու է մեկնում, ուր տեղի էր ունենում Կաւբիւրոյի  համագումարը, ուր եւ ներկայ էին նաեւ Ստալինն ու Օրջոնիգիձէն:

Համաձայնագիրը մերժւում է առանց այլեւայլի: Հայաստանի Կոմունիստ կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի անդամ Շաւարշ Ամիրխանեանը ելոյթ ունենալով՝ յայտարարում է, թէ Հայաստանի վիճակը շատ ծանր է, որոշ շրջաններում կառավարութիւն գոյութիւն չունի եւ ժամանակը հասունացել է երկիրը անմիջապէս խորհրդայնացնելու: Փակագծի մէջ նշենք, որ Շաւարշ Ամիրխանեանն ու Աւիս Նուրիջանեանը անձամբ վերահսկեցին Փետրուար 16-18-ի կացնահարումը բանտարկուած նախկին ղեկավարների

Ամիրխանեանի առաջարկը ընդունւում է անմիջաէս, եւ համաձայնագրի փոխարէն ուղարկւում Չիչերինին առ ի վաւերցում: Իրականութեան մէջ, թուրք բանակը արդէն գրաւել էր Կարսն ու Ալեքսանդրապոլը, երբ Երեւանում եւ Անգարայում ստացուեց Չիչերինի հեռագիրը՝ իր ներկայացուցիչ Բուդու Մդիւանիին ընդունելու որպէս միջնորդ արիւնայեղութեանը վերջ տալու համար:

«Ողջո՛յն թուրք ազատարար բանակին, որ գալիս է ազատելու մեզ դաշնակցականների դժոխքից»։ Կարմիր դրօշով թուրք զինուորներին ընդառաջ գնացած օր. Նուշիկ Զաւարեան, Ալեքսանդրապոլի բոլշեւիկեան յեղափոխական կոմիտէի ներկայացուցիչ:

Հայ բոլշեւիմները վճռական եւ անյոյդողդ կերպով առաջ էին տանում Հայաստանի խորհրդայնացման ծրագիրը: Բացի պաշտօնական խողովակով տարուող ճնշումներից, չափազանցուած զեկոյցներից եւ «յանձնարարութիւններից», հայ բոլշեւիկմերը բանակի մէջ էին մտել՝ հայրենիքի պաշտպանութեան ոգին ջարդելու զինուորների մէջ եւ վիժեցնելու ռազմական գործողութիւնները ճակատներում: Թռուցիկներ էին ցրում ժողովրդի մէջ, կրակոտ ճառեր արտասանում, քաջալերում էին չհպատակուել կառավարութեան զօրակոչին, չզինուորագրուել: Համոզում էին ժողովրդին, որ քեմալական զօրքերը թալանողներ ու մարդասպաններ չեն, այլ մեր «եղբայրներ»ն են, մեզ պէս պարզ բանուորներ ու գիւղացիներ, որոնք գալիս են Հայաստանը դաշնակների լծից ազատագրելու: Բանակի մէջ քաջալերում էին զինուորներին զէնքերը ցած դնել: Նրանք նոյնիսկ Կարսում հայկական պաշտպանութեան գաղտնիքներն էին փոխանցում թուրքերին յուսալով, որ թուրքերը Կարսը կը գրաւեն եւ կը յանձնեն բոլշեւիկներին: Քաղցած ժողովրդին հաւատացնում էին, որ եթէ Հայաստանը խորհրդայնանայ հացու շաքարվ կը լեցուի:

«ա. Կազմակերպել դասալքութիւն եւ ամէն կերպ խանգարել զօրահաւաքին.

բ. ռազմաճակատներում հասկացնել զինուորներին, որպէսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինուորների վրայ, այլ լքելով դիրքերը վերադառնան թիկունք.

գ. Չենթակուել սպաների հրամաններին եւ յարկ եղած դէպքում ոչնչացնել նրանց»:

ՍԱՐԳԻՍ ԿԱՍԵԱՆ

 

Տարբեր կողմերից ի գործ դրուած ճնշումնեերի տակ, Հայաստանի իշխանութիւնը ազատ էր արձակել Ալեքսանդրապոլի բանտարկուած բոլշեւիկներին՝ պայման դնելով,  որ հակակառավարական գործունէութիւն չտանեն: Սակայն, բանտից դուրս գալուն պէս, Ալեքսանդրապոլում պետական հարուած էին յայտարարել, որպէս թէ Ալեքսանդրապոլի դաշնակցական կառավարութիւնը դուրս է մղուել: Պետական հարուածը ի հարկէ չէզոքացուեց, բոլշեւիկ ղեկավարները շպրտուեցին երկրից: Այդ գործն էլ կառավարութիւնը վստահել էր Սեպուհին եւ իր ֆիդայական խմբին:

roupinanejtehԻսկ Զանգեզուրի պաշտպանութիւնն էլ քանդելու եւ Գարեգին Նժդեհի կամքը կոտրելու համար, Կարմիր բանակի հրամանատար Սմիրնովը Նոյեմբեր 26ին լուր է ուղարկում Նժդեհին՝ զէնքերը ցած դնել, քանի որ Հայաստանը խորհրդայնացած է արդէն եւ իմաստ չունի կռիւը շարունակել:

Այստեղ հարց է ծագում, հարց որ Բուքրեշի խորհրդաժողովում էլ  բարձրացուեց: Ինչո՞ւ Բիւրօ-կառավարութիւնը Մայիսեան ապստամբութիւնը զսպելուց յետոյ չհրաժարուեց: Եւ աւելին, ի՞նչն էր պատճառը, որ Բոլշեւիկների քարոզչութիւնը այդքան արագ էր տարածւում եւ հակա-կառավարական միտումները արմատ էին նետում երկրում: Ի հարկէ, պարզ է, որ Հայաստանի տնտեսական աննախանձելի վիճակը, աղքատութիւնը, սովը, անգործութիւնը, համաճարակ հիւանդութիւնները եւ թուրք զօրքերի վախը պատճառներ էին, բայց եթէ կառավարութիւնը այդքան դաշնակցական շեշտ չունենար, աւելի  ընդունելութիւն չէ՞ր գտնի երկրում:

Դէպքերը արագ ընթացք էին բռնել: Նոյեմբեր 28ին, 11րդ Կարմիր բանակից հայերից բաղկացած մի զօրամաս է կազմւում եւ դրւում է Ռեւկոմի նախագահ Աւիս Նուրիջանեանի տրամադրութեան տակ՝ «յատուկ գործ»ի համար: Իսկ թուրքական ճակատում հայկական բանակը ծանր կորուստներ էր տալիս: Թուրքերի անդադար առաջխաղացումը կանգնեցնելու համար կառավարութիւնը պարտաւոր էր մինչեւ վերջնական լուծում, Նոյեմբեր 18ին զինադադար ստորագրել, միաժամանակ,  օգնութեան աղերսներ ուղղելով Արեւմտեան ուժերին, որոնք կարծես լրիւ անտարբերութեան էին մատնել Հայաստանի ճակատագիրը:

ՀՅԴ տասերորդ Ընդհանուր ժողովը (1924-25), այս հարցում էլ քննադատեց Բիւրօ-կառավարութեան ռազմավարութիւնը, որ թերագնահատել էր թշնամու ուժը եւ գերագնահատել էր հայկական բանակի կարելիութիւնը, եւ որ բոլոր հնարաւորութիւնները մանաւանդ դիւանագիտական մարզում չէր օգտագործել: Յատկապէս այս բնագաւառում, սակայն, բարդ էր կառավարութեան իրավիճակը, քանի որ թուրքերին մօտենալու իւրաքանչիւր քայլ պիտի համոզիչ ու մարսելի լինէր թէ՛ ղեկավարութեանը, թէ՛  ժողովրդին: Երեւանում հրատարակուող Դաշնակցութեան օրգան «Յառաջ»ը  փորձում էր  բացատրել, թէ դա խաղաղ համակեցութեան հասնելու միակ ճանապարհն է:

roupinaavis

Սարգիս Կասեան

Յաջորդ եօթանասուն տարիներում խորհրդահայ պատմագրութիւնը այս մօտեցումը մեկնաբանեց իբրեւ Դաշնակութեան թուրքական օրիենտացիա ու պախարակեց նրան: Բանն այն է, որ այդպիսով փորձ էր արւում թաքցնել թուրք-ռուսական համաձայնութիւնն ու համագործակցութիւնը Հայաստանի անկախութեան դէմ: Բանն այն է, որ այն օրերին բոլշեւիկ քարոզչութիւնն էր, որ թուրքերին բարեկամ էր ներկայացնում:

Ռուս-թուրքական համաձայնութիւնը ի գործ էր դրւում կատարեալ անվստահութեան մթնոլորտում, կարծես երկու կողմերը հսկում էին  մէկը միւսի վրայ որ խաղը դէպի իր շահերը չշեղի: Որպէս նախաքայլ, ռուսները կազմակերպում են թուրք բոլշեւիկներից կազմուած խմբի յարձակում Հայաստանի վրայ: Խումբը ղեկավարում էր Մուսթաֆա Սուֆին, որ ռուսների միջնորդութեամբ ազատուել էր Անգարայի բանտից եւ Ազրբէյջան փախել: Այս յարձակումով, Մոսկուան նպատակ ունէր քեմալականներից աւելի շուտ հասնել Հայաստան, որպէսզի նրանք Հայաստանի վրայով չգան միանալու Անդրկովկասի արդէն խորհրդայնացած թուրքերին: Սա Մոսկուայի համար անպատուութիւն կը լինէր: Խաղադաշտի միւս կողմում, Քեմալականները մերժում էին Մդիւանու միջնորդութիւնը Ալեքսանդրապոլի հայ-թրքական բանակցութիւններում: Բայց Հայաստանի իշխանութիւնը, ընդունելով Մոսկուայի առաջարկը՝ իր պատուիրակութիւնն էր յղել Ալեքսանդրապոլ, ի հարկէ Մդիւանու ընկերակցութեամբ: Պատուիրակութեան անդամ Վահան Մինախորեանը գրում է թէ Քիազիմ Կարաբեքիրը ասել էր. «Մեր բարեկամութիւնը ռուսների հետ ժամանակաւոր բնոյթ ունի, քանի որ երկուսի միջեւ շատ հին հաշիւներ կան եւ Ռուսաստանի վտանգը Թուրքիայի համար միշտ ներկայ է»:

Բանակցութիւններից մէկ օր առաջ, Նոյեմբեր 23ին, Բիւրօ-կառավարութիւնը իր հրաժարականն է ներկայացնում: Նոր վարչապետ Սիմոն Վրացեանը, նոր յարձակումներն ու կոտորածները կանխելու համար կատարում է բանակցութիւնները սկսելու թուրքերի դրած նախապայմանը եւ յայտարարում է, թէ Հայաստանը հրաժարւում է Սեւրի դաշնագրից: Իսկ Երեւանում Նոյեմբեր 9ից բանակցութիւնների նստած Լեգրանը թուրքերի վտանգը կանխելու համար առաջարկում էր խորհրդայնացում, նոյնիսկ խոստանում էր Կարմիր բանակը թուրքերի դէմ ուղարկել Խորհրդային Հայաստանը պաշտպանելու համար: Կառավարութիւնը չընդունեց Կարմիփ բանակի մասնակցութիւնը, դա համարելով երկրի գրաւումը ռուսների կողմից: Իսկ Ալեքսանդրապոլում, Մդիւանին դուրս մնալով բանակցութիւններից իր ժամանակը օգտագործում էր տեղի հայ բոլշեւիկների հետ Խորհրդայնացման նախապատրաստական աշխատանք կատարելով:

«Լենինը ասում է, որ Ռուսաստանը չի կարող եւ չի ուզում կռուել թուրքերի դէմ: Լենինը ասում էր, որ «մենք ժամանակաւորապէս զոհաբերում ենք հայ աշխատաւորութեան շահերը համաշխարհային յեղափոխութեան շահերին։ Մենք չենք պատրաստւում Հայաստանի համար կռուել որեւէ մէկի դէմ, յատկապէս՝ Քեմալի»:

ԱՍԿԱՆԱԶ ՄՌԱՒԵԱՆ

 

Հայաստանի խորհրդայնացման դէմ միակ արգելքը Դաշնակցութիւնն էր, որ դեռեւս ուժի վրայ էր: Այդ ուժը քանդելու համար Լեգրանը սկսեց ներսից խլրտումներ առաջացնել ղեկավարութեան եւ շարքերի մէջ: Նա իր գաղափարները կիսող մի քանի դաշնակցականներ գտաւ, ովքեր իրենց ձախ դաշնակցականներ էին կոչում: Հայկ Աւալեանը ղեկավարում էր այդ խումբը, որ մօտեցել էր Լեգրանին, նոյնիսկ խոստացել ձերբակալել իշխանութեան դաշնակցական անդամներին, եւ եթէ պէտք է խորհրդայնացումից յետոյ գնդակահարել նրանց: Բացի ձախ դաշնակցականներից, պառլամենտի որոշ անդամնր եւս համամիտ էին Հայաստանի շուտափոյթ խորհրդայնացման հետ, որպէսզի Հայաստանը այս շփոթից անարիւն անցնի: Այս խումբը նոյնիսկ աշխատանք էր տանում ապահովելու խորհրդայնացումից յետոյ Հայաստանի անկախ իրավիճակ եւ բոլշեւիկ-դաշնակցական համագործակցութիւն: Բայց խումբը Աւալեանի ծայրայեղական կեցուածքին հանդիպելով յետ է քաշւում եւ մինչեւ Փետրուարեան ապստամբութիւն անգործունեայ է մնում:

 

ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՈՒՄ

 

Ռիչըրդ Յովհաննէսեանի կարծիքով՝ Լեգրանը Հայաստանը խորհրդայնացնելու քաղաքականութիւն էր վարում, բայց փորձելով դա իրագործել Երեւանի կառավարութեան համաձայնութեամբ: Նա խուսափում էր ուժի դիմելուց՝ դաշնակիցներին միջամտելու առիթ չտալու համար: Իսկ Արմռեւկոմը, որ կազմուել էր Նոյեմբերի կէսերին Սարգիս Կասեանի ղեկավարութեամբ,  շտապում էր:

Օրջոնիգիձէի հաւանութեամբ եւ Կարմիր բանակի հայկական զօրամասի օգնութեամբ,  Արմռեւկոմը Նոյեմբեր 29ին Իջեւանից կտրում է սահմանը եւ Հայաստանը խորհրդայնացած յայտարարում: Յայտարարւում էր, որ  Կոմունիստ կուսակցութիւնը ժողովուրդների փրկիչ Կարմիր բանակի օգնութեամբ եկել է կեղեքիչ դաշնակների լուծից ազատելու հայ ժողովրդին եւ ջախջախելու դաշնակիցների այս վերջին ամրութիւնը Կովկասում: Երբ Սիմոն Վրացեանը եղածի դէմ բողոքում է Լեգրանին: Լեգրանը պատասխանում է, թէ թիւրիմացութիւն է եղել եւ ներողութիւն է խնդրում: Որոշւում է զօրք ուղարկել ներխուժողներին յետ մղելու համար: Նոյնիսկ Բոբռիշչեւը ընկերակցում է զօրքին՝ հսկելու համար ներխուժողների նահանջը: Բայց մի քանի հարիւր զինուոր հազարներ հաշուող բանակի դէմ չի դիմանում, յանձնւում է եւ միանում յեղափոխականներին: Յետդարձ չկար այլեւս, Մոսկուայի կարգադրութեամբ Լեգրանը Նոյեմբեր 30ին վերջնագիր է ներկայացնում Վրացեանին՝ անմիջապէս խորհրդային կարգերը ընդունելու:

Կառավարութիւնը երկու կողմից ճնշման տակ էր: Թէ՛ թուրքերը եւ թէ կոմունիստները պարտադրում էին անմիջապէս ընդունել իրենց պայմանները եւ սպառնում էին, թէ հակառակ դէպքում արդիւնքը սոսկալի կը լինի: Կացութիւնը վերլուծելու եւ լաւագոյն լուծումը գտնելու համար խորհրդակցական ժողով է հրաւիրւում: Մասնակցում են Խորհրդարանի դաշնակցական ֆրակցիան, Բիւրոյի անդամները, կառավարութեան նախկին եւ ներկայ անդամները եւ մի քանի դաշնակցական ղեկավարներ: Լուծման երկու ճամբայ կար: Որոշները հաւատացած էին, որ պէտք է անմիջապէս երկրի ղեկը յանձնել սովետներին՝ այդպիսով թուրքերի առաջխաղացքը կասեցնելու եւ նոր կոտորածների առաջն առնելու համար: Ի հարկէ, ձախ դաշնակցականները այս խմբի մէջ էին: Միւսների կարծիքով պէտք էր շարունակել կռուել, քանի որ սովետները թուրքերի դէմ չեն պաշտմանի Հայաստանը եւ առաջացրած խլրտումներով աւելի կը թուլացնեն երկիրը: Այս վերջինները հաւատացած էին որ կարելի է համաձայնուել թուրքերի հետ եւ նոյնիսկ նրանց օգնութեամբ պայքարել բոլշեւիկների դէմ: Խորհրդակցութիւնը դեռ ընթացքի մէջ էր երբ Ալեքսանդրապոլից հեռախօսում է Խատիսեանը եւ յայտնում, որ թուրքերը որեւէ զիջում չեն ընդունում եւ դրուած սոսկալի պայմանները մնում են անփոփոխ: Սա շրջում է նժարը: Թուրքերի հետ համաձայնութիւն նշանակում էր թուրքերից կախեալ կոտորակուած Հայաստան: Սովետներին յանձնուելը միակ ճամբան էր մնում: Բիւրօն որոշում է այդ լուծումին գնալ եւ թողնել երկիրը որպէսզի իշխանութեան փոխանցումը սահուն կատարուի: Կառավարութիւնը հրաժարւում է: Կազմւում է անցումային կառավարութիւն՝  Դրոյի եւ Համբարձում Տէրտէրեանի մասնակցութեամբ:

Դեկտեմբեր 1ին սկսում են խորհրդայնացման բանակցութիւնները: Կազմւում է «Խորհրդայնացման Աքտ» փաստաթուղթը եւ ներկայացւում է Դաշնակցութեան: Համաձայնագիրը կնքւում  է Դեկտեմբեր 2ի կէսօրից յետոյ ժամի 2ին: Նոյն օրը ժամի 6ին կառավարութիւնը յանձնւում է: Դրօն դառնում է գերագոյն կոմիսար եւ  պատերազմի նախարար, իսկ Ռուսաստանի ներկայացոուցիչ Սելինը նշանակւում է Հայաստանի կոմիսար: Որպէս հանրապետութեան ներկայացուցիչ, Դօոն հեռախօսում է Խատիսեանին եւ յայտնում իշխանութեան անկման մասին, իսկ թուրքերի հետ համաձայնագիր ստորագրել կամ մերժելը թողնում է նրա որոշմանը:

Դեկտեմբեր 3ի լոյսը չբացուած, թուրքերի ճնշման տակ, Խատիսեանը, արդէն հրաժարուած կառավարութեան անունից ստորագրում է համաձայնագիրը: Այնտեղ նշուած էր,  որ համաձայնագիրը ուժի մէջ է մտնում Հայաստանի խորհրդարանի եւ Թուրքիայի Ազգային ժողովի վաւերացումից յետոյ: Այս պայմանը երբեք չկատարուեց: Խորհրդային իշխանութիւնը կարող էր այս խախուտ համաձայնագիրը բոլորովին էլ մերժել, եւ իրապէս էլ անարժէք փաստաթուղթ էր դա: Բայց իշխանութիւնն ու խորհրդահայ պատմագրութիւնը այդ առիթը օգտագործեցին քննադատելու եւ պախարակելու Դաշնակցութեան եւ սերունդների մտքում  սերմանելու այն գաղափարը, թէ Դաշնակցութիւնը երկիրը ծախեց թուրքերին:

roupinasovietization

Այս համաձայնագիրը հրատարակուած է «Հոկտեմբերեան Սոցիալիստական Մեծ Ռեւոլիւցիան եւ Սովետական Իշխանութեան Յաղթանակը Հայաստանում, Փաստաթղթերի Եւ Նիւթերի Ժողովածու» 1960ին հրատարակուած հսկայ հատորում: Բայց այնտեղ չկայ խորհրդայնացման համաձայնագիրը: Հետաքրքիրն այն է, որ նախապէս հրատարակուած այս հատորի ռուսերէն տարբերակում այդ փաստաթուղթը ներառնուած է եղել եւ գրաքննութիւնը դա դուրս է բերել հայերէն տարբերակից: Պէտք չէր, որ Խորհրդային Հայաստանի քաղաքացին իմանար, որ համաձայնագրի մէջ ամրագրուած պայմաններից եւ ո՛չ մէկը բոլշեւիկները չկատարեցին: Հայաստանը պիտի շարունակէր մնալ անկախ սովետական սոցիալիստական հանրապետութիւն, որ պիտի յարատեւէր նախկին Երեւանի գուբեռնիայի, Կարսի մի մասի, Զանգեզուրի, Ղարաբաղի մի մասի, Կազախի եւ նախկին Թիֆլիսի գուբեռնիայի այն մասի վրայ որ մինչեւ 1920ի Սեպտեմբեր 28 Հայաստանին էր պատկանում: Նաեւ, Կարմիր Բանակի օգնութեամբ՝ թուրք բանակը յետ պիտի մղուէր մինչեւ պատերազմից առաջուայ սահմանները: Պարզ է, որ դրանք թղթի վրայ մնացին միայն:

«Պէտք է վերջ տալ հայութեան հաւաքման գաղափարին Հայաստանում, մի գաղափար, որ մինչեւ այժմ էլ ապրում է ժողովրդական զանգուածների գիտակցութեան մէջ: Հողային ֆոնդի բացակայութիւնն է պատճառը, որ զարգանայ ազգայնական ռոմանտիկան եւ հայութիւնը ձգտի տիրանալու իր «պապենական հողերին», ինչպէս նաեւ վառ ու կենդանի պահի «միացեալ եւ անկախ Հայաստանի գաղափարը»: Ուստի, անհրաժեշտ է նախ՝ ա. վերջ դնել հայութեան հաւաքման գաղափարին Հայաստանի մէջ եւ ապա՝ բ. երկրի մէջ եղած 300,000 արեւմտահայ գաղթականութեանը ցրել լայնածաւալ Ռուսաստանի մէջ»:

ԱՐՏԱՇԷՍ ԿԱՐԻՆԵԱՆ

Հայ բոլշեւիկները յաջողեցին Դաշնակցութեան եւ ընդհանրապէս ազգային Հայաստանի դէմ անզիջող պայքարում: Արխիւները լեցուն են նրանց նամակներով, զեկոյցներով եւ կործանիչ գործունէութեան արձանագրութիւններով: Այս զեկոյցներից մէկում, 1920ի Սեպտեմբեր 1ին Բաքւում կայացած Արեւելեան Ազգերի համագումարին, այսպէս է ասւում. «Դաշնակցութիւնը, «Բանդիտ-մաուզերիստների օգնութեամբ… թաղեց Թուրքահայաստանի աշխատաւոր գիւղացիութիւնը եւ… նոր Գողգոթա է կառուցում անդրկովկասեան Հայաստանի բանուորա-գիւղացիական մասսաների համար»: Համագումարին մասնակցում էին հայ բոլշեւիկներ՝ Կասեան, Նուրիջանեան, Միկոյեան, Մռաւեան եւ ուրիշներ: Իսկ այս որակումներն եւ պատմութեան մեկնաբանման այս իւրայատուկ մեթոդը արմատ նետեց ու մնայնութիւններ ստեղծեց:

Հայաստանը խորհրդայնացաւ, բայց խոստացուած ալիւրն ու շաքարը չհասաւ, ընդհակառակը՝ Ամերիկայից ուղարկուած տոննաներով ալիւրը քաղցած ժողովրդին զրկելով՝ նուէր ուղարկուեց Մոսկուա: Դաշնակցական ղեկավարներին ու բանակի սպաներին խոստացուած ապահովութիւնը չյարգուեց ու բանտերը լեցուեցին անմեղ զոհերով: Իսկ երկրի տնտեսութիւնը հիմնուեց բնակչութիւնից խլուած շարժ ու անշարժ գոյքերի եւ ձեռնարկութիւնների վրայ: Յետագայ թուրք-ռուսական համաձայնութիւնների արդիւնքում, անկախ հանրապետութեան օրօք շուրջ 100,000 քառք.ի հասած հողատարածքը 30,000ի իջեցուեց:

 

ՎԵՐՋԱԲԱՆ

 

Հակադաշնակցական մոլուցքը շարունակուեց ամբողջ 70 տարի՝ խեղաթիւրելով պատմութիւնը, արդարացնելով ու հերոսացնելով ազգային գաղափարախօսութիւնը ինտեռնացիոնալիզմին զոհ տուած ու երկիրը ռուսներին ծախած հայ բոլշեւիկներին, սերունդների մէջ սրսկելով ատելութիւն դէպի հայ ժողովրդի թիւ մէկ թշնամի՝ Դաշնակցութիւնը:

Բայց երբ պէտք եղաւ հայ ժողովրդի ազգային ջիղը շարժել ու ասենք Ղարաբաղեան շարժման համար օրինակելի ազգային հերոսներ գտնել, մեր ազատագրական պայքարից ընտրուեցին նրանք, ովքեր իրենց դժուարին կեանքի ընթացքում մի բանից կամ մէկից վշտացած մի ծուռ խօսք էին ասել Դաշնակցութեան հասցէին: Եւ քանի որ դրանց թիւը բաւական չէր, յիշուեցին անուններ ու գործեր առանց նրանց պատկանած կուսակցութիւնը յիշատակելու:

Իսկ հիմա, արդէն 26 տարի անկախութիւն ապրող Հայաստանում ու նոյնիսկ արտագաղթած զանգուածներում դեռ լիովին չի փոխուել 70 տարի արմատ նետած մտայնութիւնը: Եւ այսօր, Առաջին Հանրապետութեան ստեղծման 100ամեակին ընդառաջ, լրատուամիջոցներն ու սոցիալական ցանցերը, ինչպէս եւ կուսակցական օրգաանները լեցուն են իրար հակասող յօդուածներով, հարցազրոյցներով, շատերը՝ Առաջին Հանրապետութեան հանդէպ հանրային կարծիք ձեւաւորելու միտումներով ու հիմնուած խորհրդահայ խեղաթիւրուած պատմութեան սերմանած գիտելիքների վրայ: Ընդհանուր ուղղութեամբ կարծես փորձ է կատարւում ա) նուաստացնելու ՀՅԴի եւ անհատ դաշնակցականների ներդրումը Հայաստանի պետականութեան վերածունդի գործում եւ անկախ հանրապետութեան կեանքում, բ) հնարքներով արդարացնելու հայ բոլշեւիկների ապազգային գործունէութիւնը, գ) սքողելու կատարուած վայրագութիւններն ու գործուած ոճիրները՝ Խորհրդայնացումից առաջ եւ յետոյ, դ) վերակենդանացնելու «Ռուսաստանը Հայաստանի ու հայ ժողովրդի փրկի»չ հին երգը:

Սովորենք պատմութիւնը: Բաց մտքով եւ առարկայօրէն նայենք անցեալին: Դաս քաղենք գործուած սխալներից: Օրինակենք յաջողութիւնները:

roubinaperoomian4

 

ՕԳՏԱԳՈՐԾՈՒԱԾ ԱՂԲԻՒՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՑԱՆԿ.

 

Բաբալեան Արտաշէս, «Էջեր Հայաստանի Անկախութեան Պատմութենէն» (1923), «Մի Տարի Գերութեան մէջ» (1924)

Լենին Վլադիմիր, «Երկեր» հատոր 51 (1969)

«Խաւարում» (2017)

Խատիսեան Ալեքսանդր, «Հայաստանի Հանրապետութեան Ծագումն Ու Զարգացումը» (1968)

Խուրշուդեան Լենդրուշ, «Սովետական Ռուսաստանը Եւ Հայկական Հարցը» (1977) եւ «Հայկական Հարցը» (1995)

Կարապետեան Յովհաննէս, «Մայիսեան Ապստամբութիւնը Հայաստանում» (1961)

Հայաստանի Ազգային Արխիւ, Երեւան

«Հայաստանի Հանրապետութիւնը, 1918-1920թթ., Փաստաթղթերի Եւ Նիւթերի Ժողովածու» (2000)

ՀՅ Դաշնակցութեան Արխիւ, Բոսթոն

«Հոկտեմբերեան Սոցիալիստական Մեծ Ռեւոլիւցիան Եւ Սովետական Իշխանութեան  Յաղթանակը Հայաստանում, Փաստաթղթերի Եւ Նիւթերի Ժողովածու» (1960)

Յովհաննէսեան Ռիչըրդ – հինգ հատորները՝ Armenia on the Road to Independence, 1918 (1967), The Republic of Armenia vol. I-IV (1971, 1982, 1996, 1996)

Շահումեան Ստեփան, «Երկեր» 3րդ հատոր (1958)

Շաքերի Խոսրօ, Le premier congres des peuples de l’Orient (Baku, 1920), (1982)

«Ռոստոմ», (1979)

Ռուբէն, «Հայ Յեղափոխականի Մը Յիշատակները», Է. հատոր (1952)

Սիւնի Ռանըլդ Գրիգոր, The Baku Commune, 1917-1918, (1972)

Վրացեան Սիմոն, «Հայաստանը Բոլշեւիկեան Մուրճի Եւ Թրքական Սալի Միջեւ» (1941) եւ   «Հայաստանի Հանրապետութիւն» (1982)

Տէր Մինասեան Անահիտ, La question Armenienne (1983)

Տէրտէրեան Համբարձում, «Հայաստանի Հանրապետութեան Եւ Խորհրդային Ռուսաստանի Բանակցութիւնները, Լեւոն Շանթի Պատուիրակութիւնը» (1954)

«Փաստաթղթեր Հայաստանի Հանրապետութեան Քաղաքական Պատմութեան, Հայ Բոլշեւիկների Հակապետական Գործունէութիւնը, 1919-1920թթ.» (Modus Vivendi, 2014)

«Փաստաթղթեր Հայաստանի Հանրապետութեան Քաղաքական Պատմութեան, Կարսի Մարզը Հայաստանի Առաջին Հանրապետութեան Կազմում» (Modus Vivendi, 2016)

Փիրունեան Ռուբինա, «Հայաստանը ՀՅԴ Բոլշեւիկ Յարաբերութիւնների Ոլորտում, 1917-1921» (1997)

Քազեմզադեհ Ֆիրուզ, The Stuggle for Transcaucasia (1917-1918) (1951)

Քիւրքճեան Յարութիւն, «Ուրուագիծ ՀՅԴ Պատմութեան, 1919-1924» (1988)

comments

Advertisement