Միայն Մնացել Էր, Որ Հայոց Պատրիարքին Մզկիթի Սպասաւոր Նշանակէին

By Asbarez | Friday, 16 March 2018

0000Baskin Oran

ՊԱՍՔԸՆ ՕՐԱՆ

 


Պասքըն Օրանը թուրք յայտնի լրագրող է: <<Ակօս>> թերթում նա անդրադարձել է Պոլսոյ Հայոց պատրիարքի ընտրութեան հարցին՝ քննադատելով երկրի պետական մարմինների կամայականութիւնները այդ հարցում: Յօդուածը ներկայացւում է թարգմանաբար՝ թուրքերէնից:

 

Նամակն ստանալուն պէս Պոլսոյ պատկառելի Կրօնական ժողովը մի կողմ է թողնում իր իսկ ընտրած Բեքչեանին, վերստին անցնում է պատրիարքի նախկին ընդհանուր փոխանորդ Աթէշեանի ենթակայութեան տակ: Երբ մեծամասնութիւնը դողդողում է, ամօթ է փոքրամասնութիւնից յանդգնութիւն ակնկալելը:

Նախքան սպասաւորի կամ փոխանորդի հարցին անդրադառնալը ուզում եմ հարցնել՝ մենք այսուհետեւ ի՞նչ երեսով լեզու ենք երկարացնելու Յունաստանին, ասելով. <<Ինչո՞ւ էք Արեւմտեան Թրակիայում խոչնդոտում մեր ազգակիցներին, որ մուֆթի ընտրեն>>:

***

Մեր թեման հայոց պատրիարքի ընտրութիւնն է: Դա թերեւս պայմանաւորուած է Լոզանի պայմանագրում պատրիարքարանների մասին որեւէ յօդուածի բացակայութեամբ: Պետութիւնը մինչեւ ուղն ու ծուծը մշտապէս միջամտել է պատրիարքական ընտրութիւններին: Ընդ որում ոչ թէ Ստամբուլի նահանգապետի, այլ նրա տեղակալներից մէկի միջոցով: Աւելի բարձր ինստանցիաներն (ատեանները-Խմբ.) անհասանելի են պատրիարքարաններին, քանի որ դրանք արդէն իրաւաբանական անձի կարգավիճակ էլ չունեն:

Նախքան թեմային անցնելը վիճակագրական երկու տուեալ եմ ներկայացնում, յստակեցնելու համար մեր ազգազգացմունքային իրավիճակի պատկերը.

  1. Թուրքիայի բնակչութիւնը 80 մլն. է, որի 99 տոկոսը՝ մահմեդական:
  2. Հայ բնակչութեան թիւը մօտ 55 հազար է կազմում, ոչ-մահմեդականներն էլ բոլորն իրար հետ՝ շուրջ 100 հազար: Հիմա անդրադառնանք թեմային:

***

Հայոց պատրիարքարանը հիմնադրուել է 1461ին, սուլթան Մեհմեդ 2րդի կողմից: Աշխարհականների կշիռը բարձրացնող, ուժերի յարաբերակցութեան սկզբունքին հետեւող Հայ Ազգային սահմանադրութիւնը (1863) պատրիարքի լիազօրութիւնը բաշխեց համայնքային խորհուրդների եւ յանձնաժողովների միջեւ:

Հանրապետութեան հռչակումից յետոյ պատրիարքարանը կառավարւում էր պատրիարքի տեղակալի (աթոռի սպասաւորի՝ տեղապահի) միջոցով: Երկրում հնարաւոր եղաւ պատրիարքի ընտրութիւն անցկացնել 1950ին միայն, այն էլ մէկ անգամուայ համար եւ այդ <<մէկ անգամուան>> մինչեւ մեր օրերը մնացել է ուժի մէջ: 1998 թուի վերջին ընտրութիւնն ամիսներ շարունակ յետաձգւում էր: Արդիւնքում պատրիարք ընտրուած Մեսրոպ Մութաֆեանը հիւանդութեան (զառամախտի) պատճառով դարձաւ անաշխատունակ:

Եկեղեցու կանոնադրութեան համաձայն, Կրօնական պատկառելի ժողովը գումարւում է այն ժամանակ, երբ մահուան, հրաժարականի կամ էլ անհետանալու պատճառով թափուր է մնում պատրիարքի աթոռը: Նրա միակ առաջադրանքը տեղապահի ընտրութիւնն է, որպէսզի կարգաւորի անյետաձգելի խնդիրներն ու ձեռնամուխ լինի պատրիարքական ընտրութիւնների կազմակերպմանը: Ընտրութիւնների ընթացքը կարգաւորելու համար ստեղծւում է նաեւ կրօնականներից ու աշխարհականներից կազմուած նախաձեռնող մարմին: Ընտրութիւնները երկկարգ են: Պատուիրակների 1/7ն ընտրւում է հոգեւորականների, իսկ 6/7ն աշխարհականների միջից: Պատրիարքին հէնց պատուիրակներն են ընտրում: Ամենայն հաւանականութեամբ Հայկական եկեղեցին երկրագնդի ամենաաշխարհիկ եկեղեցին է:

***

Ինչ վերաբերում է սպասաւորի նշանակման հանգամանքին, ապա դրա պատմութիւնն սկսում է հետեւեալ կերպ.

Երբ վատթարանում է Մեսրոպ պատրիարքի առողջական վիճակը, եպիսկոպոս Արամ Աթէշեանը, որին վերջինս երկրից բացակայելու ժամանակ փոխանորդ էր թողնում, գնում է նահանգապետարան եւ առաջ է քաշում առ այսօր չլսուած աթոռակից պատրիարք ընտրելու գաղափարը: Իմանալով այդ մասին՝ նախաձեռնող խումբը իսկոյն գործի է անցնում, իրազեկելով, որ ուզում են ոչ թէ աթոռակից, այլ նոր <<պատրիարք ընտրել>>:

Պատասխանը չի ուշանում. <<Ձեր պատրիարքը ողջ է, իսկ <<աթոռակից պատրիարքի պաշտօն>>, որպէս այդպիսին գոյութիւն չունի, հետեւաբար դուք պէտք է <<պատրիարքի փոխանորդ>> ընտրէք>>: Ի դէպ, մինչ այդ Կրօնական ժողովով պատրիարքի ընդհանուր փոխանորդ չէր ընտրուել կամ նշանակուել ու ոչ էլ այդ մասին լսուել էր: Սակայն, դա պետութիւնն էր (նահանգապետի տեղակալը) կամենում: Օգտուելով այդ հանգամանքից, Աթէշեանը Հոգեւոր խորհրդի նիստ է հրաւիրում եւ մէկ գիշերուայ մէջ հապճեպ դառնում է ընդհանուր փոխանորդ:

Համայնքը, սակայն, հակազդեցութեամբ իսկոյն արձագանգում է դրան, հաւաքելով 6 հազար ստորագրութիւն, պատրիարքական ընտրութիւններ է պահանջում: Ի պատասխան՝ Աթէշեանն ասում է. <<Ոչ թէ 6 հազար, այլ 60 հազար ստորագրութիւն էլ հաւաքելու լինէք, այս իրավիճակը պահպանուելու է մինչեւ պատրիարքի մահը>>: Ասեմ, որ նա 11 տարով փոքր է ինձնից, ծնուել է 1956ին:

Այնուամենայնիւ, 2016ի Հոկտեմբերին, երբ Կրօնական ժողովը բժշկական եզրակացութեան հիման վրայ Մութաֆեանին թոշակի է ուղարկում, Աթէշեանը մի քիչ փափկում է, ասելով. <<Ես որպէս փոխանորդ հանդիպում եմ խնդրել նահանգապետարանից, մի քիչ սպասենք>>: Յետագայում, մի ծանօթի նահանգապետարարից ստացած տեղեկութեան համաձայն պարզւում է, որ հանդիպման որեւէ խնդրանք իրականում չի ներկայացուել:

Այդ ընթացքում Կրօնական ժողովի նախագահ եպիսկոպոս Սահակ Մաշալեանը, տեսնելով տարիներ շարունակ ընտրութիւնների ձգձգումը, հակադրւում է Աթէշեանին, որից յետոյ Աթէշեանը վերջապէս համաձայնւում է տեղապահի ընտրութեանը եւ փոխանորդի պաշտօնից հրաժարուելու խօսք է տալիս, ով էլ որ տեղապահ ընտրուի:

Տեղապահի ընտրութիւնն սկս-ում է 2017թ. Մարտի 15ին, ժամը15.00ին, որը շահում է Գերմանիայի առաջնորդ արքեպիսկոպոս Գարեգին Բեքչեանը, ստանալով 34 հոգեւորականներից 23ի ձայնը:

Ընտրութեան արդիւնքների հրապարակումից յետոյ տեղի է ունենում շատ հետաքրքրական մի բան: Աթէշեանը, որ ժողովին անդադար <<պետութեանը ենթարկուելու>> յորդորներ էր անում, յանկարծ մէջտեղ է բերում Ստամբուլի նահագապետի տեղակալից ստացուած ֆաքսն ու կարդում. <<Ըստ պատրիարքի ընտրութեան մեթոդների, ընդունուած կարգի ու աւանդոյթի, փաստօրէն հնարաւոր չէ տեղապահի ընտրութեան անցկացումը>>:

Ժողովի անդամներից մէկը նայում է, որ ֆաքսն ուղարկուել է ժամը13.47ին: Այսինքն, եթէ Աթէշեանն ինքը ընտրուած լինէր, ապա ֆաքսը թաքցնելու էր:

***

Ի վերջոյ Նախաձեռնող մարմինը 2017ի Դեկտեմբերի 13ին պատրիարքական ընտրութիւններ անցկացնելու պատրաստակամութեան մասին յայտնում է նահանգապետարանին, իսկ Աթէշեանը ճամարտակում է. <<Թոյլ չեն տալու: Խաչ են քաշել Բեքչեանի վրայ, ես ձեզ ասում էի>>:

Յաջորդաբար ուղարկուած 6 նամակին ի պատասխան, պատրիարքարանը 2018ի Փետրուարի 5ին ստանում է Ստամբուլի նահանգապետի ստորագրութեամբ մի նամակ, որն սկսում է հետեւեալ կերպ. <<Պատրիարքի հիւանդութիւնը պատճառ չէ աթոռը թափուր համարելու>>, ապա ընդգծում, որ ուժի մէջ է մնում Արամ Աթէշեանի փոխանորդի պաշտօնը եւ անվաւեր են Գարեգին Բեքչեանի պատրիարքի տեղապահ ընտրուելու հետ կապուած բոլոր գործողութիւնները:

Նամակում Բեքչեանի մասին արտայայտուելիս օգտագործւում է <<այսպէս կոչուած>> բառակապակցութիւնը:

Ստանալով այդ նամակը, Կրօնական պատկառելի ժողովը մի կողմ է դնում տեղապահ ընտրուած Բեքչեանին եւ իրեն ղեկավար է կարգում նախկին փոխանորդ Աթէշեանին (առանց ժողովներին բնորոշ կարգ ու կանոնը յարգելու): Բայց յանկարծ չդատապարտէք, եթէ մի երկրում մեծամասնութիւնն է սարսափահար դողդողում, ապա ամօթ է յանդգնութիւնը փոքրամասնութիւնից ակնկալելը:

***

Գործին միջամտում է նաեւ ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուն. Չրաղան պալատում անվտանգութեան գերատեսչութեան պետի եւ Ստամբուլի ժանդարմերիայի հրամանատարի մասնակցութեամբ հանդիպման է հրաւիրում հայ <<երեւելիներին>>: Բացման խօսքում նա անդրադառնում է Թուրքիայի ներքին եւ արտաքին կացութեանը, ընդգծում է ժողովրդավարութեան կարեւորութիւնը, ապա ասում՝ <<Լսում եմ ձեզ>>:

Հիմնադրամի ղեկավարներից Պետրոս Շիրինօղլուն նշում է. <<Մեր պետութիւնը հարցի կարգաւորմանն ուղղուած լուրջ քայլ է կատարել: Մեծապէս շնորհակալ ենք>>: Սակայն, ի տարբերութիւն նրան, հանդիպմանը ներկայ միւս հիմնադրամների ղեկավարները պահանջում են <<պատրիարքական ընտրութիւնների անյապաղ անկացումը>>:

Հայ երեւելիներից փաստաբան Սեպուհ Ասլանգիլը պարզորոշ ասում է. <<Շեշտադրեցիք ժողովրդավարութեան կարեւորութիւնը, ինչի համար շնորհակալութիւն եմ յայտնում ձեզ>>, ապա յաւելում է, որ տեսել է պատրիարքարան հասցէագրուած նամակը, որը իր տեսած ամենաանմիտ պաշտօնական գրութիւնն է, եկեղեցու կանոնակարգի համաձայն Կրօնական ընդհանուր ժողովի որոշումով պաշտօնանկ արուած Աթէշեանն այդ նամակով համայնքին է պարտադրւում: Այնուհետեւ նա դատապարտում է տեղապահ ընտրուած Բեքչեանի համար <<այսպէս կոչուած>> բառակապակցութեան օգտագործումն ու դրանով աւարտում է խօսքերը: Սոյլուն իր հերթին ասում է. <<Նկատի կ՛ունենանք ձեր մտահոգութիւնները, նորից ենք հանդիպելու>>:

***

  1. Հիմա արդէն մենք ի՞նչ երեսով լեզու ենք երկարացնելու Յունաստանին, ասելով. <<Ինչո՞ւ էք Արեւմտեան Թրակիայում խոչընդոտում մեր ազգակիցներին, որ մուֆթի ընտրեն>>:
  2. Սպասաւոր ասելիս պէտք է խոստովանել, որ սպասաւորների միջեւ կայ տարբերութիւն, պարզապէս չգիտեմ, դա լա՞ւ է թէ վատ, յամենայնդէպս պատրիարքարանում նշանակուած սպասաւորը հայ է:

Կան նաեւ նմանութիւններ: Նշանակուած սպասաւորներն առհասարակ ունենում են այնքան կեանք, որքան թիթեռնիկը, սակայն նրանց պատճառած վնասը նշանակող իշխանութիւններին (պետութեանը եւ այն ընտանիքին, որի միջից ծնունդ են առել) մնայուն է լինելու:

 

<<ԱԶԳ>>

 

comments

Advertisement