facebook twitter links
April 19 2018 | 7:55pm AET

Ապրիլեան Ախտանիշ

Source: Asbarez | Wednesday, 04 April 2018
Email  |  Print 

0403aprilmarthyrs

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ <<ԱԶԱՏ ԱՐՑԱԽ>>Ի

 

Երկու տարի առաջ՝ 2016թ. Ապրիլի 2ի լոյս գիշերը, Ադրբեջանի զինուած ուժերը հրետանու, զրահատեխնիկայի եւ մարտական աւիացիայի կիրառմամբ ձեռնարկեցին լայնամասշտաբ յարձակողական գործողութիւններ շփման գծի գրեթէ ողջ երկայնքով: Ընդ որում, հակառակորդը կրակը տեղափոխեց նաեւ ԼՂՀ տարածքի խորքը՝ հրետակոծութեան ենթարկելով նաեւ խաղաղ բնակավայրերն ու Պաշտպանութեան բանակի մի շարք զօրամասերի մշտական տեղակայման վայրերը: Ադրբեջանական ագրեսիայի (յարձակումին-Խմբ.) զոհեր դարձան նաեւ քաղաքացիական անձինք, այդ թւում՝ երեխաներ:

Այդ զինուած ընդհարումը, որն ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան պատմութեան մէջ մտաւ որպէս ապրիլեան քառօրեայ պատերազմ, դարձաւ աննախադէպ՝ 1994թ. Մայիսին հրադադարի հաստատումից ի վեր: Օգտագործելով անսպասելիութեան գործօնը՝ Ադրբեջանին յաջողուեց աննշան յաջողութեան հասնել, գրաւելով ԼՂՀ պաշտպանութեան բանակի վերահսկողութեան տակ գտնուող որոշ տարածքներ: Յիշեցնենք, որ Կրեմլի միջնորդութեամբ Ապրիլի 5ին Մոսկուայում Հայաստանի եւ Ադրբեջանի զինուած ուժերի գլխաւոր շտաբերի պետերի հանդիպմանը ձեռք բերուեց պայմանաւորուածութիւն ռազմական գործողութիւնների դադարեցման շուրջ:

Եթէ հետեւենք 2016թ. Ապրիլին նախորդած իրադարձութիւնների ժամանակագրութեանը, ապա կարելի է նկատել, որ Բաքուի ռեժիմի գործողութիւնները բերեցին իրավիճակի նման զարգացման: Սկսած Յունուարից՝ Ադրբեջանի սադրանքները գնալով աւելի ինտենսիւ (շեշտակի-Խմբ.) ու վտանգաւոր բնոյթ էին ստանում՝ դիւերսիոն ներթափանցումներ, ոչ միայն ԼՂՀ պաշտպանութեան բանակի դիրքերի, այլեւ անգամ Հայաստանի պետական սահմանի գնդակոծումներ, ինչպէս հրաձգային, այնպէս էլ ծանր սպառազինութեան կիրառում, ինչը յանգեցնում էր թէ՛ զինծառայողների, թէ՛ խաղաղ բնակիչների կորուստների:

Կարելի է ասել՝ դա գալիք եւ արդէն մօտ պատերազմի նախերգանքն էր: Ըստ երեւոյթին, մի կողմից, շօշափւում էին մեր պաշտպանութեան թոյլ կէտերը, միւսից՝ ստուգւում էր միջազգային հանրութեան արձագանգը նոր պատերազմի նախաձեռնմանը: Միեւնոյն ժամանակ Բաքուն հասկանում էր, որ ինքը հակամարտութեան կարգաւորման շուրջ բանակցութիւնների գործընթացում իրեն պէտք եղած լուծումը ոչ մի կերպ չի ստանայ, ինչի հետ կապուած՝ հայկական երկու կողմերին եւ միջազգային միջնորդներին շարունակ շանտաժի էր ենթարկւում ռազմական գործողութիւնների վերսկսմամբ: Ակնյայտ է, որ նման յանցաւոր արկածախնդրութեան Բաքուն համարձակուել է դիմել՝ իր օգտին ռազմական հաւասարակշռութեան փոփոխութեան պատճառով, ինչը հանդիսանում էր  նրա կողմից մեծ քանակութեամբ զէնքի, նախեւառաջ՝ յարձակողական, մասնաւորապէս՝ Ռուսաստանից, ձեռք բերելու հետեւանք: Բայց անգամ զէնքի անհաւասարակշռութեան եւ, այսպէս կոչուած, անսպասելիութեան գործօնի պայմաններում Ադրբեջանը մեծ կորուստներ կրեց եւ ստիպուած եղաւ դիմել Մոսկուային՝  յամառօրէն խնդրելով հասնել հայկական կողմից մարտական գործողութիւնների դադարեցմանը: Փաստօրէն, ԼՂՀի դէմ իր իսկ սանձազերծած զինուած ագրեսիայի արդիւնքում ալիեւեան ռեժիմը ե՛ւ ռազմական, ե՛ւ քաղաքական պարտութիւն կրեց:

Բնականաբար, ապրիլեան պատերազմը Հայաստանի եւ Արցախի համար դարձաւ լուրջ մարտահրաւէր, թող որ բաւականին դառը, բայց, այնուամենայնիւ՝ դաս, որից եզրակացութիւններ արուեցին: Կասկած չկայ, որ մասնագէտները մանրակրկիտ վերլուծութեան ենթարկեցին տեղի ունեցածն ու իրենց եզրայանգումներն արեցին առկայ խնդիրների լուծման, բանակի մարտունակութեան բարձրացման շուրջ: Կարծում ենք, գլխաւոր դասերից մէկն է՝ ընդմիշտ յիշել, որ գործ ունենք բաւականին վտանգաւոր ու խարդախ թշնամու հետ, նշանակում է՝ պարզապէս իրաւունք չունենք կորցնել զգօնութիւնը: Նրա հետ դիմակայութեան մէջ մեզ անհրաժեշտ է մեր ժողովրդի բոլոր հատուածների՝ Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի տնտեսական, քաղաքական-դիւանագիտական ներուժի համախմբումը: Մեր պատկերացմամբ, համապատասխան դասեր պէտք է քաղեն նաեւ միջազգային միջնորդները, եւ ամէնից առաջ՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահութիւնը, որի համար ապրիլեան պատերազմը պէտք է լուրջ նախազգուշացում դառնայ: Քամահրելով խնդրի լուծումը բացառապէս բանակցութիւնների սեղանի շուրջ փնտռելու համապատասխան կառոյցների բազմաթիւ կոչերը՝ Ադրբեջանը, փաստօրէն, լկտի մարտահրաւէր է նետել միջազգային հանրութեանը: Կարելի է պնդել, որ Ադրբեջանի ագրեսիւ ռազմամոլութեան հանդէպ միջնորդների՝ տարիներով շարունակուող ոչ ադեկուատ, ուղղակիօրէն ասենք՝ իռացիոնալ (անտրամաբանական-Խմբ.) արձագանգն էլ հէնց խրախուսեց նրան չափազանց վտանգաւոր սադրիչ գործողութիւնների, որոնք վերջին հաշուով յանգեցրին նոր պատերազմի: Որպէս արդիւնք՝ կարգաւորման գործընթացը, որը Բաքուի մեղքով առանց այդ էլ սուր ճգնաժամ էր ապրում, բաւականին հետ շպրտուեց:

2016թ. Ապրիլից յետոյ ստեղծուեց նոր քաղաքական իրավիճակ, որը Մինսկի խմբի համանախագահներից հրամայականօրէն պահանջում է փոփոխութիւններ մտցնել հակամարտութեան կարգաւորման մեթոդոլոգիայի մէջ: Ակնյայտ է, որ բանակցութիւնների ներկայ երկկողմ ձեւաչափը կտրուած է իրականութիւնից ու բոլորովին չի արտացոլում ներկայ իրողութիւնները: Մինչդեռ դրանք պահանջում են Լեռնային Ղարաբաղի վերադարձը բանակցութիւնների սեղան՝ որպէս հակամարտութեան հիմնական կողմ, որն Ապրիլին իր վրայ է վերցրել Ադրբեջանի գլխաւոր հարուածը, եւ որպէս ռազմական-քաղաքական խաղացող կարողացել է կանխել լայնամասշտաբ ագրեսիան ու դրանով իսկ պահպանել տարածաշրջանային կայունութիւնը: Ու նաեւ: Եթէ նախկինում միջազգային հանրութեան ներկայացուցիչներից ինչ-որ մէկը դեռեւս թոյլ էր տալիս Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի գոյութեան հնարաւորութիւնը, ապա, կարծում ենք, ապրիլեան պատերազմից յետոյ, որի ընթացքում ադրբեջանցիներն սպանեցին անօգնական ծերերի ու երեխաների, գլխատեցին հայ զինծառայողներին, ոչ մէկի մօտ չպէտք է կասկած մնայ այդ պետութեան ցեղասպանական ու նացիստական էութեան հարցում: Ապրիլեան պատերազմը կանգնեցրել է Ռուսաստանը, սակայն, Ադրբեջանը, որը մտադիր չէ հրաժարուել հիմնախնդրի ուժային լուծումից, այսօր էլ սուր է ճօճում, իսկ դա նշանակում է՝ պահանջւում են ոչ միայն Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆի եւ Ֆրանսիայի, այլեւ միջազգային ազդեցիկ կազմակերպութիւնների, մասնաւորապէս՝ ՄԱԿի գործուն միջոցները:

Ապրիլեան պատերազմը լուրջ փորձութիւն դարձաւ Արցախի երիտասարդ պետականութեան համար: Ու պէտք է ասել, արցախցիների, ողջ հայ ժողովրդի միասնութեան, հայ զինուորի բարոյակամային բարձր որակների շնորհիւ, Արցախի Հանրապետութիւնը պատուով յաղթահարեց այդ փորձութիւնը: