facebook twitter links
July 21 2018 | 4:16am AET

10 Հայ Կանայք, Որոնք Փոխեցին Համաշխարհային Պատմութեան Ընթացքը

Source: Asbarez | Friday, 06 April 2018
Email  |  Print 

Պատրաստեց՝ ՀԱՅԿ ՍԱՄՍՈՆԵԱՆ

 

Համաշխարհային պատմութիւնը կերտուել է ոչ միայն կարեւոր նշանակութիւն ունեցող դէպքերով, այլեւ տարբեր ազգերի ներկայացուցիչների հանրայայտ դէմքերով, որոնց դերակատարութիւնն, ուղղակի, անհնար է անտեսել կամ չգնահատել:

Ի պատիւ հայ ժողովրդի, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, հերոսների, արուեստագէտների ու քաղաքական գործիչների պակաս երբեւէ չի եղել: Ընդ որում՝ այս հարցում կանայք ամենեւին էլ չեն զիջում տղամարդկանց: Իսկ որպէս ապացոյց՝ Հարաւային Կովկասի երիտասարդ լրագրողների նախաձեռնութեամբ ստեղծուած Dalma News-ն առանձնացրել է նրանցից 10ին, որոնք ունեն հայկական արմատներ, թէպէտ ապրել ու գործել են երկրագնդի տարբեր հատուածներում:

 

Սուրբ Շուշան-Վարդենի

(409-475թթ.)

 

0404shoushan

Շուշան-Վարդենին՝ Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնեանի դուստրը, որի աճիւնն ամփոփուած է Վրաստանում, հայ եւ վրաց եկեղեցիների կողմից ճանաչուել է որպէս ընդհանրական սուրբ:

451 թուականի Աւարայրի ճակատամարտից յետոյ՝ յաջորդ տասնամեակում, Շուշանն ամուսնացել էր վրաց Աշուշայի որդու՝ Վազգէնի հետ, որը փոխարինել էր հօրը եւ բդեշխի կոչում ստացել: Սակայն, քաղաքական նկատառումներով Վազգէնն ուրանում է քրիստոնէութիւնն ու ամուսնանում պարսկուհու հետ: Քրիստոնէական դաստիարակութիւն ստացած Շուշանիկը դրանից յետոյ մերժում է հաւատուրաց ամուսնուն եւ զրկում նոյնիսկ իր երեխաներին տեսնելու հնարաւորութիւնից: Իսկ ինքը փակւում է Ցուրտաւի եկեղեցուն կից մութ ու խոնաւ մի խցում: Իհարկէ, ամուսինն ամէն ինչ անում է, որպէսզի Շուշանը եւս ուրանայ քրիստոնէութիւնը՝ դիմելով ծեծի ու չարչարանքների ենթարկելով նրան, բայց փորձերն ապարդիւն են անցնում, Շուշանը մնում է անդրդուելի: Նրա չարչարանքները տեւում են վեց տարի, եօթերորդ տարուայ սկզբին Շուշանը մահանում է: Նա պատմութեան մէջ յիշատակւում է ոչ միայն որպէս սրբադասուած հայուհի, այլեւ՝ գաղափարական կնոջ միջնադարեան իդէալ:

 

Մումթազ Մահալ

(Արջումանադ Բանու Բէգամ)

(1593-1631թթ.)

 

0404moumtazmahal

Վրաստանից ուղեւորուենք դէպի Հնդկաստան եւ դարերի խորքից նոր փաստեր ի յայտ բերենք: Եւ այսպէս՝ շատերի համար երազանք է այցելել հնդկական Ագրա քաղաք եւ տեսնել Հնդկաստանի մարգարիտը՝ Թաջ Մահալը: Բայց հազուագիւտ մարդիկ են հետաքրքրուել, թէ ինչու է այն կոչւում Թաջ Մահալ: Պարզւում է՝ այն կոչւում է Շահ Ջահանի սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի անունով: Յատկանշական է այն, որ Մումթազ Մահալին եւս արմատներով հայուհի է՝ եղել է հնդկական արքունիքի հայազգի պաշտօնեայ Ասաֆ խանի դուստրը: Սակայն, հաշուի առնելով, որ ընտանիքը դաւանում էր շիա իսլամական կրօնին, օրիորդական անունը եղել է Արջումանադ Բանու Բէգամ: Այնուհետեւ շահ Ջահանի հայրը՝ Ջահանգիրը, հարսին վերանուանել է Մահալ, որը նշանակում է <<պալատի զարդ>>: 1612 թուականին 19 տարեկանում կայսեր հետ ամուսնացած Մումթազ Մահալը Շահ Ջահանից ունենում է 13 երեխայ: Բայց, 14րդ զաւակի ծննդաբերութեան ժամանակ մահանում է ամուսնու ռազմական ճամբարում: Մահամերձ վիճակում նա ամուսնուն խնդրում է իր գերեզմանին կառուցել տաճար, որն արժանի լինի իրենց սիրուն:

Սիրասուն կնոջ մահից յետոյ՝ շահ Ջահանը երկու տարով երկրում սուգ է յայտարարում, որի ընթացքում արգելուած էին հնդկական տօները նշել, պարել ու երաժշտութիւն լսել: Ապա  հրամայում է Ագրա տեղափոխուած կնոջ գերեզմանի վրայ կառուցել մարմարէ մեծ դամբարան, որի շինարարութիւնը տեւում է 22 տարի, եւ Մումթազ Մահալիի պատուին էլ այն կոչւում Թաջ Մահալ՝ <<Թագի պալատ>>:

Ալենուշ Տէրեան

(1920-2011թթ.)

 

0404alenoushterian

Ալենուշ Տէրեանը ծնուել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Հայրը Նոր Ջուղայի հայերից էր եւ թէպէտ գրող էր, բայց կեանքի վերջին 20 տարիներին ծառայել է որպէս Իրանի <<Սեփահ>> բանկի տնօրէն: Իսկ երիտասարդ Ալենուշը խորանում է աստղագիտութեան մէջ եւ դառնում Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի հիմնադիրներից մէկը: Նրան Թեհրանում իրաւացիօրէն կոչում էին <<իրանական աստղագիտութեան մայրը>>: Չէ՞ որ Ա. Տէրեանն Իրանի առաջին կին պրոֆեսորն էր՝ Իրանի առաջին կին աստղագէտն ու աստղաֆիզիկոսը:

Ի դէպ, Ա. Տէրեանը երբեք ամուսնացած չլինելով՝ իր ուշադրութիւնը կենտրոնացրել է գերազանցապէս հետազօտութիւնների եւ դասաւանդման վրայ: Նրա ուսանողներն ու ժամանակակիցներն այսօր էլ են յիշում Ալենուշ Տէրեանին՝ որպէս հոգատար ուսուցիչ, որը վայելում էր բոլոր ուսանողների սէրն ու յարգանքը: Ուշագրաւ է այն, որ Ալենուշ Տէրեանն իր տունը կտակել է Նոր Ջուղայի հայ համայնքին, որպէսզի այնտեղ կարողանան բնակուել կացարան չունեցող ուսանողները: Իսկ ինքը վախճանուել է ծերանոցում:

 

Դիանա Աբգար

(Անահիտ Աղաբեկեան)

(1859-1937թթ.)

 

0404apcar

Գրող, հրապարակախօս, հասարակական գործիչ, ազգութեամբ հայ Դիանա Աբգարը, որի նախնիները եղել են Նոր Ջուղայից, ծնուել է Արեւելեան Հնդկաստանի բրիտանական գաղութ Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում (այժմ՝ Եանգոն): Նա համաշխարհային պատմութեան մէջ իր տեղը գտաւ՝ լինելով աշխարհում առաջին կին հիւպատոսը: Դ. Աբգարը Հայաստանի առաջին Հանրապետութեան դեսպան է նշանակուել Ճապոնիայում եւ Հեռաւոր Արեւելքում՝ 1919-1920թթ.ին:  Տիկին դեսպանի ժամանակակիցները պնդում են, որ նա այնքան տպաւորիչ արտաքին ու հմայք է ունեցել, որ երբ մտել է պաշտօնական վայրեր եւ դահլիճներ, բոլորը միանգամից ոտքի են կանգնել: Դիանա Աբգարի օրիորդական անուն-ազգանունը Անահիտ Աղաբեկեան է եղել, սակայն 1890ին Հոնկոնգում ամուսնանալով ծնունդով նորջուղայեցի Միքայէլ Աբգարեանի (Մայքլ Աբգար) հետ՝ նա այլեւս ներկայացել է որպէս Դիանա Աբգար:

Յաւելենք, որ Դ. Աբգարը թողել է գրական մեծ ժառանգութիւն, այդ թւում՝ գրքեր, պօէմներ եւ նամակներ: Նա իր գրիչը ծառայեցրել է իր ազգակիցներին բաժին ընկած անարդարութիւնն ու դժբախտութիւնը ներկայացնելուն: Ուշագրաւ է այն, որ Դիանա Աբգարը իր ստեղծագործութիւններում խօսել է մարդու իրաւունքների մասին եւ պետական պաշտօն զբաղեցրել մի շրջանում, երբ անգամ աւելի զարգացած երկրների մեծ մասում կանայք նոյնիսկ քուէարկելու իրաւունք դեռեւս չունէին:

 

Զապէլ Եսայեան

(1878-1943թթ.)

 

0404zabelyessayan

Մարդկութեան պատմութեան ամենախիզախ կանանց հնգեակում իր պատուաւոր տեղը ունի հայ գրող, թարգմանիչ, հրապարակախօս Զապէլ Եսայեանը՝ կանանց իրաւունքների պաշտպանութեան իսկական առաջամարտիկը: Սա անհերքելի փաստ է ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Ամերիկեան յայտնի պարբերականներից մէկը նրա մասին գրել է հետեւեալը. <<Զապէլ Եսայեանը փայլուն կնոջ օրինակ է, որն ապրել է այնպիսի ժամանակներում, երբ խելացի ու հաստատակամ լինելը ամենավտանգաւոր յատկանիշներից էր>>:

Զապէլ Եսայեանը  լինելով ծնունդով Կոստանդնուպոլսից՝ Սկիւտարի Սուրբ Խաչ վարժարանն աւարտելուց յետոյ մեկնել է Փարիզ եւ հետեւել Սորբոնի ու Կոլեջ դը Ֆրանսի գրականութեան եւ փիլիսոփայութեան դասընթացներին: Այնուհետեւ վերադարձել է Կ. Պոլիս, եղել Կիլիկիայում եւ գրի է առել այդ տարիներին տեղի ունեցող իրավիճակի ողջ ճշմարտութիւնը: Սակայն, երբեք անարդարութեան մասին չլռելն ու ճշմարտութեան մասին բարձրաձայնելը բաւական թանկ է նստում նրա վրայ: Թէպէտ 1915ին նա կարողանում է խուսափել ձերբակալութիւնից ու ապաստանել Բուլղարիայում, ապա Թիֆլիսում, բայց յետոյ՝ 1936 թուականին արդէն Խորհրդային Հայաստանում դառնում է ստալինեան ճնշումների զոհը: Այդուհանդերձ, նա անգամ ստալինեան բանտից նամակներ էր գրում՝ նոյնպիսի խիզախութեամբ: Առ այսօր նրա մահուան  հանգամանքներն անյայտ են:

 

Անիտա Կոնտի

(Անիտա Կարագոշեան)

(1899-1997թթ.)

 

0404anitaconti

Չնայած, որ Հայաստանը ելք չունի դէպի Ովկիանոս, բայց ովկիանոսագիտութեան մէջ առաջինն է: Այո՛, դուք կռահեցիք, աշխարհում առաջին կին ովկիանոսագէտը ազգութեամբ հայ է՝ ֆրանսիացի բնախոյզ, լուսանկարիչ Անիտա Կոնտին, նոյն ինքը՝ Անիտա՝ Կարագոշեանը: 1939 թուականին նա 3 ամիս ժամանակով՝ ձողաձուկ որսալու համար <<Վիկինգ>> ձկնորսանաւով ուղեւորւում է Արկտիկա: Եւ այդ ուղեւորութեան ընթացքում էլ գալիս է այն եզրայանգման, որ ովկիանոսում ձկնորսութեան չարաշահումը կարող է չափազանց ծանր հետեւանքների յանգեցնել:

1941-1943 թուականներին ձկ-նորսանաւով երթեւեկում է Աֆրիկայում՝ ֆրանսիական ծովակալութեան յանձնարարութեամբ կատարելագործելով ձկնորսութեան մեթոդները, կազմում է քարտէզներ, նկարագրում է ձկ-ների նոր տեսակները: Ա. Կոնտիի ուսումնասիրութիւնների հիմնական նպատակն է եղել գտնել ձկների վտառների պաշարներ եւ ուտելիքի սղութեան պայմաններում ապահովել զօրքին ու խաղաղ բնակչութեանը: Անիտա Կոնտին մահացել է կեանքի 99րդ տարում՝ Քրիստոսի ծննդեան օրը, Ֆրանսիայի Դուարնէ քաղաքում: Նրա աճիւնը, կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում:

 

Զարուհի Քաւալջեան

(1877-1969թթ.)

 

0404zarouhi

Թուրքիայի առաջին կին բժիշկը եղել է ծագումով հայ Զարուհի Քաւալջեանը: Նա ծնուել է Թուրքիայի Ադափազար քաղաքում: Նրա հայրը՝ Սերոբ Քաւալջեանը, 1875թ. աւարտել էր Բոստոնի բժշկական համալսարանը եւ Ադափազարում ու Իզմիթում աշխատում էր որպէս բժիշկ: Զարուհին 1898թ. աւարտում է Ադափազարի Ամերիկեան իգական քոլեջը եւ նոյն թուականին մեկնում ԱՄՆ, քանի որ Օսմանեան պետութիւնում կանաց արգելուած էր բժշկութիւն ուսումնասիրել: Չիկագոյում Քաւալջեանը ընդունւում եւ 1903թ. աւարտում է Իլինոյսի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Այնուհետեւ վերադառնում է Ադափազար եւ որոշ ժամանակ հօր հետ աշխատում որպէս բժիշկ: Միաժամանակ նա նաեւ Ամերիկեան քոլեջում կենսաբանութիւն էր դասաւանդում:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Քաւալջեանը ակտիւօրէն մասնակցում է վիրաւորներին եւ տուժածներին օգնութիւն ցոյց տուող հաստատութիւնների աշխատանքներին, իսկ աւելի ուշ տեղափոխւում է Ստամբուլ: Բացի բժշկութիւնից, Զարուհին զուգահեռաբար շարունակել է դասաւանդել Սկիւդարի Ամերիկեան իգական քոլեջում, որտեղ յայտնի է դառնում Դոկտոր Քաւալ անուամբ:

 

Աննա Տէր Վարդանեան

(1920-2011թթ.)

 

0404annadervartanian

Համաշխարհային պատմութիւնն ապացուցում է, որ ինչ-ինչ, բայց ռազմական գործում կանայք տղամարդկանց մրցակից չեն կարող լինել: Բայց, արի ու տես, որ այստեղ եւս կան բացառութիւններ: Աննա Տէր Վարդանեանը ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագոյն գլխաւոր աւագն է եղել: Նա  այս կոչումը ստացել է 1959 թուականին Նիւփորթի (Ռոդ Այլենդ) ռազմածովային քոլեջում եւ դարձել է զինուած ուժերում ծառայող առաջին կինը, ով արժանացել է E-9 կոչման:

Ի դէպ, Տէր Վարդանեաններն ընտանիքով էին ներգրաւուած ռազմական գործում: Երկրորդ Համաշխարհային Պատերազմը սկսուելուց կարճ ժամանակ անց Աննան կամաւոր զինուորագրւում է, քոյրը՝ Ջին Օլիւերը, ծառայում է ԱՄՆ նաւատորմում, եղբայրը՝ Էնդրիւն, ԱՄՆ զինուած ուժերի խաղաղովկիանոսեան հատուածում: Աւելին՝ մայրը նոյնպէս ցանկանում էր միանալ նաւատորմին, սակայն տանը մնալով՝ ծառայում է Կարմիր Խաչում:

 

Գոհար Վարդանեան

(1926թ.)

 

0404koharvartanian

Պատմութեան մէջ արդէն իսկ իր անունն է կերտել նաեւ ականաւոր խորհրդային ընդյատակեայ հետախոյզ, Ռուսաստանի արտաքին հետախուզութեան ծառայութեան վետերան Գոհար Վարդանեանը: Դեռեւս 16 տարեկան հասակում նա մտել է իր ապագայ ամուսին եւ զինակից Գէորգ Վարդանեանի հակաֆաշիստական խումբը, որի հետ մէկտեղ ակտիւ հետախուզական աշխատանք է կատարել: Ի դէպ, 1943 թուականին այդ խմբի կազմում մասնակցել Է Թեհրանի կոնֆերանսի ընթացքում <<մեծ եռեակի>> ղեկավարների անվտանգութեան ապահովման գործողութեանը: Այդ ժամանակ կանխուել Է <<մեծ եռեակ>>ի ղեկավարների՝ Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի դէմ հիտլերեան յատուկ ծառայութիւնների կազմակերպած մահափորձը:

Գոհար եւ Գէորգ Վարդանեաններն <<Անիտա>> եւ <<Անրի>> օպերատիւ կեղծանուններով ընդյատակեայ վիճակում յաջողութեամբ աշխատել են աշխարհի շատ երկրներում: Մասնագէտների կարծիքով՝ նրանց աշխատանքի արդիւնքներն այնքան նշանակալից են, որ երբեք չեն գաղտնազերծուի: Գոհար Վարդանեանն պարգեւատրուել է Կարմիր դրօշի, Երկորդ աստիճանի Հայրենական պատերազմի շքանշաններով եւ բազմաթիւ մեդալներով:

 

Դէյմ Սայեան

(Սրբուհի Իլայաս)

(1949թ.)

 

0404serpoohi

Առաջինը լինելն, իսկապէս, հայուհիներին խիստ բնորոշ է եւ այդպիսի օրինակներ կան նաեւ մեր օրերում: Այսպիսով՝ գերագոյն դատարանի առաջին կին նախագահը նոյնպէս հայուհի է: Նոր Զելանդիան որոշեց, որ արքայական փաստաբանի պաշտօնում ընտրուած առաջին երկու կանանցից մէկը՝ Դէյմ Սայեան Սրբուհի Իլայասը, որը տեղաբնիկ մայորի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան ջերմեռանդ կողմնակից էր, պէտք է դառնայ գերագոյն դատաւոր: Ընդ որում՝ Նոր Զելանդիայի Գերագոյն դատաւորի պաշտօնի իւրայատկութիւնն այն է, որ նրա պարտականութիւնների մէջ է մտնում երկրի գեներալ-նահանգապետին փոխարինելը (նա նշանակւում է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2րդի կողմից)՝ նրա հիւանդութեան կամ անհրաժեշտ պահին բացակայելու դէպքում:

Դէյմ Սայեան Սրբուհի Իլայասի մասին New Zealand Herald-ը գրում է. <<Եթէ կայ բնաւորութեան մի գիծ, որը նրան ճանաչողներից ոչ ոք չի վիճարկի, այն է, որ նա բարեհամբոյր է բոլոր դէպքերում, անգամ երբ խիստ քննադատւում է>>: