Անհրաժեշտ Է Բացայայտել Թուրքիայի Եւ Ադրբեջանի Իսկական Դիմագիծը

By Yerkir Media | Friday, 16 December 2011

Եթէ օրերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից անպատշաճ պատասխանի արժանացաւ ԱՄՆի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի յայտարարութիւնը Ադրբեջանում ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների խախտման մասին, ապա Թուրքիան արդէն մի քանի օր է՝ հիստերիայի մէջ է ընկել Հայաստանի նախագահի՝ մարսելահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արած յայտարարութիւնից:

Այս ամէնը, ըստ ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի, ցոյց են տալիս մի կողմից Ադրբեջանի եւ Թուրքիայի յղփացածութիւնը, միւս կողմից՝ միջազգային համայնքի անհանգստութիւնը, կապուած Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձարձակ պահուածքի հետ: Մանոյեանի կարծիքով, անհրաժեշտ է, որ մենք շարունակենք մեր աշխատանքները՝ բացայայտելու Թուրքիայի եւ Ադրբեջանի իսկական դիմագիծը:

ՇՈՒՇԱՆ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ.- Պարոն Մանոյեան, Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի յայտարարութիւնը որքանո՞վ է տեղաւորւում դիւանագիտական էթիկայի (Բարոյականութեան-Խմբ.) կանոնների մէջ, եթէ հաշուի առնենք այն հանգամանքը, որ նա իր խօսքում ժարգոնային (փողոցային-Խմբ.) բառեր ու գռեհիկ արտայայտութիւններ օգտագործելով՝ բացայայտ վիրաւորանք է հասցրել հարեւան պետութեան նախագահին:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Դիւանագիտական յարաբերութիւններ չունեցող երկրների պարագայում դիւանագիտական էթիկայի մասին խօսելն այնքան էլ տեղին չէ, որովհետեւ, եթէ չկան դիւանագիտական յարաբերութիւններ, ապա, դրանից ելնելով, նրանք դիւանագիտական էթիկան էլ չեն յարգի: Իրականում Թուրքիայի իշխանութիւնները սրանով իրենց իրական դէմքն են ցոյց տալիս. այդ պահուածքն արդէն յղփացած Թուրքիայի պահուածք է, որը որոշել է դաս տալ իր բոլոր հարեւաններին՝ կարծելով, թէ «զրօ խնդիր հարեւանների հետ» նշանակում է, թէ բոլոր հարեւանները պէտք է գառնուկի նման ենթարկուեն իրեն: Նրանց յղփացած պահուածքը բոլորի նկատմամբ, բոլորին դաս տալու այս մօտեցումը սկսել է դառնալ այդ իշխանութիւնների նկարագիրը, բայց կարծում եմ, ժամանակը կը գայ, ու նրանք կը խելոքանան. այս պահուածքով երկար ճանապարհ չեն կարող գնալ:

ՇՈՒՇԱՆ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ.-  Ի՞նչ էք կարծում, հայկական կողմը պէ՞տք է որեւէ կերպ պատասխանի Բաղըշին:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.-  Հայկական կողմը շատ ուրիշ պատասխաններ էլ պէտք է տայ՝ չսպասելով նման յայտարարութիւնների: Իրականում Թուրքիայի պահուածքը շատ ծանր վիրաւորանք է եւ բաւարար հիմք, որպէսզի Հայաստանը արձանագրութիւնները յետ վերցնի: Բայց դա կարող է առիթ լինել, ոչ թէ պատճառ, իսկ պատճառը Թուրքիայի վերաբերմունքն է Հայաստանի հետ ստորագրուած արձանագրութիւնների գծով: Մենք մի կողմից գոհ ենք, որ արձանագրութիւնները վաւերացուած չեն, բայց, միւս կողմից, այս վիճակը նաեւ վտանգաւոր է, այդ իսկ պատճառով Հայաստանը պէտք է ստորագրութիւնը յետ վերցնի:

ՇՈՒՇԱՆ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ.-  Բաղըշի յայտարարութիւնը դեռ օդում, երէկ էլ Թուրքիայի խորհրդարանի նախագահ æեմիլ Չիչէքն է նոր յայտարարութիւն հնչեցրել՝ Հայաստանի նախագահին մեղադրելով «Խոջալուի ցեղասպանութեանը» մասնակից լինելու մէջ, խօսել 1 միլիոն փախստականների եւ օկուպացուած (գրաւուած-Խմբ.) տարածքների մասին:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Դա արդէն դարձել է յանկերգ: Բայց Չիչէքի յայտարարութեան մէջ կարեւորը Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները Ղարաբաղի հարցով պայմանաւորելն է, ինչը եւս մի առիթ է, որպէսզի Հայաստանն իր ստորագրութիւնը յետ վերցնի: Վաւերացման գործընթացը կասեցնելու այս բոլոր ելոյթներից մեր տրամաբանական եզրակացութիւնը պէտք է լինի ստորագրութիւնը վայրկեան առաջ յետ վերցնելը:

ՇՈՒՇԱՆ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ.- Թուրքական հակազդեցութեանն է արժանացել նաեւ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ժխտող օրինագծի քննարկումը: Թուրքիայի ԱԳՆն իր դժգոհութիւնն էր յայտնել այդ կապակցութեամբ՝ յոյս յայտնելով, որ թուրք-ֆրանսիական յարաբերութիւններին վնաս հասցնող քայլեր այլեւս չեն լինի:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Թուրքիան բաւական նեղ կացութեան մէջ է յայտնուել եւ ամէն ինչ անում է, որպէսզի այդ օրինագիծն ուղղակի չխօսի Հայոց Ցեղասպանութեան մասին: Չմոռանանք, որ նման բանաձեւերից, օրինագծերի որդեգրումից առաջ Թուրքիան միշտ էլ սպառնալի ոճով է հանդէս եկել, բայց այդ յարաբերութիւններն, ի վերջոյ, վերականգնուել են մի քանի շաբաթ սառեցումից յետոյ, եւ ոչ թէ այն պատճառով, որ այս կամ այն երկիրը ցեղասպանութիւնը ճանաչել է, թէ ոչ, ցեղասպանութեան ուրացումը պատժում է, թէ ոչ, այլ, որովհետեւ, որ այդ յարաբերութիւնները հիմնուած են եղել փոխադարձ շահի վրայ: Ամէն դէպքում, եթէ Թուրքիան օրինագծի որդեգրման դէպքում իսկապէս այդ սպառնալիքն ամբողջութեամբ կիրառի, ապա դա իրենց կորուստը կը լինի, որովհետեւ Ֆրանսիայի նման երկրի հետ յարաբերութիւնների աստիճանն իջեցնելը նախ եւ առաջ վնաս է Թուրքիային, եւ կարծում եմ, որ նրանք դա չեն անի:

«ԵՐԿԻՐ»

comments