Բաքուի Ծխածածկոյթը Երեւանեան Իրադարձութիւնների Համապատկերին

By Asbarez | Tuesday, 01 May 2018

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

 

1024leonidmardirosyan


Վերջին մի քանի օրերին Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը պարբերաբար հաղորդում էր այն մասին, որ Ադրբեջանը ղարաբաղեան եւ ադրբեջանական զօրքերի շփման գծում կուտակում է կենդանի ուժ, ռազմական տեխնիկա (արհեստագիտութիւն, սարքեր-Խմբ.), ծանր հրետանի: Ընդ որում, այս հաղորդագրութիւնները ամրագրւում էին տեսագրութեամբ, որն ամենայն ակնյայտութեամբ, ինչպէս ասում են, տեսանելիօրէն հաստատում էր հակառակորդի կենդանի ուժի ու տեխնիկայի լայնածաւալ տեղաշարժը:

Որեւէ կասկած չկայ, որ Ադրբեջանի զինուած ստորաբաժանումների նման ակտիւութիւնը (աշխուժութիւնը-Խմբ.) պայմանաւորուած է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի սրմամբ՝ յարուցուած ընդդիմութեան բողոքի ակցիաներով (գործողութիւններով, ցոյցերով-Խմբ.): Իմանալով Ադրբեջանի իշխանութիւնների յանցաւոր էութեան մասին, որոնք չեն էլ թաքցնում ղարաբաղեան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իրենց մտադրութիւնները, կարելի է մեծ համոզուածութեամբ ենթադրել, որ Երեւանում իրադրութեան ապակայունացումն ունակ է սպառնալիքի տակ դնել ԼՂՀ անվտանգութիւնը: Այդ մասին նախազգուշացումներ եղան ինչպէս Արցախի ղեկավարութեան կողմից, որն առաջարկեց Հայաստանում կայունութիւնը պահպանել սահմանադրական օրէնսդրութեան շրջանակներում, այնպէս էլ քաղաքական որոշ վերլուծաբանների կողմից: Բայց, ինչպէս ցոյց տուեցին յետագայ իրադարձութիւնները, անգամ Սերժ Սարգսեանի հրաժարականից յետոյ ակցիաները շարունակուեցին՝ առաջ բերելով անկանխատեսելի հետեւանքների վտանգ: Թէ ինչպէս կը զարգանան յետագայ իրադարձութիւնները՝ ցոյց կը տայ ժամանակը, սակայն մեզ առաւել մտահոգեց մէկ այլ հանգամանք, այն է՝ ընդդիմադիր լրագրողներից ոմանք, չգիտես ինչու, կասկածի տակ դրեցին ադրբեջանական զօրքերի վերատեղաբաշխման մասին ԼՂՀ պաշտպանութեան նախարարութեան տարածած տեսանիւթերի իսկութիւնը՝ դրանք անուանելով <<հին>>: Ըստ էութեան, նրանք, կամայ թէ ակամայ, սկսեցին ջուր լցնել Բաքուի քարոզչամեքենայի ջրաղացին: Ահա թէ ինչու:

Բանն այն է, որ դէպի շփման գիծ ադրբեջանական կենդանի ուժի ու տեխնիկայի ակտիւ տեղափոխման մասին Արցախի պաշտպանական գերատեսչութեան կողմից համոզիչ տեսանիւթեր ներկայացուելուց յետոյ պաշտօնական Բաքուն՝ ի դէմս արտաքին գործերի նախարարութեան (ԱԳՆ) եւ պաշտպանութեան նախարարութեան, իրեն բնորոշ ճղճղան պահելաձեւով հայկական կողմին մեղադրեց ապատեղեկատուութեան տարածման մէջ: Ընդ որում, ինչն ուշագրաւ է, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութեան մամուլի ծառայութեան ղեկավար Հաջիեւը, կրկնելով հայ լրագրողներին, ովքեր, փաստօրէն, նրա համար հանդէս եկան յուշարարների դերում՝ ասես օգնելով նրան, բարբառեց, թէ հայկական կողմի յայտարարութիւնները <<չեն արտացոլում իրականութիւնն ու հենւում են անցեալ տարուայ տեղեկատուութեան վրայ>>: Այնուհետեւ լկտիօրէն, ինչը թէ՛ իր, թէ՛ Ադրբեջանի ղեկավարութեան համար սովորական է, յայտարարեց, թէ <<այստեղ նպատակը մէկն է՝ մոլորութեան մէջ գցել հասարակական կարծիքը>>:

Թէ ով է իրականում մոլորութեան մէջ գցում հասարակական կարծիքը, դժուար չէ կռահել: Վերահսկման ժամանակակից տեխնիկական միջոցների առկայութեան պայմաններում այնքան էլ բարդ չէ արձանագրել մեծ քանակութեամբ անձնակազմի, տեխնիկայի ու ծանր սպառազինութեան տեղաշարժը, դա էլ հօ խոտի դէզի մէջ ասեղ փնտռել չէ: Ադրբեջանում երբեք չեն էլ թաքցրել, որ իրենց համար յարմար պահին կարող են սանձազերծել նոր պատերազմ, ինչը հաստատեցին 2016թ. ապրիլեան իրադարձութիւնները: Այն ժամանակ Բաքուի ռեժիմը ենթադրում էր, որ նա էական առաւելութիւն ունի սպառազինութեան հարցում ու կարող է իրեն թոյլ տալ փորձել հիմնախնդիրը լուծել ուժով՝ ոչնչացնելով Արցախի Հանրապետութիւնը: Այն ժամանակ դա չստացուեց, եւ, ըստ երեւոյթին, ադրբեջանական որոշ <<ճուռակներ>>ի այժմ թւում է, որ Հայաստանում ստեղծուած քաղաքական իրավիճակը լաւ հնարաւորութիւն է ընձեռում օգտուել դրանից: Այս առումով չէր խանգարի ծանօթանալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի արտայայտութեան հետ, ով բառացիօրէն օրերս ադրբեջանական ATV հեռուստաալիքին տուած հարցազրոյցում յայտարարել է, որ բանակցութիւնների ձախողման դէպքում Ադրբեջանին ոչինչ չի մնայ անել, քան հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Իսկ ձախողումն ադրբեջանական ընկալմամբ դա Լեռնային Ղարաբաղն է՝ Ադրբեջանի սահմաններից դուրս:

Ադրբեջանը ջանասիրաբար նախապատրաստւում է պատերազմի, ուստիեւ ԼՂՀ պաշտպանական գերատեսչութեան տեսանիւթերի՝ իրականութեանը չհամապատասխանելու մասին Ադրբեջանի ԱԳՆի ու պաշտպանութեան նախարարութեան ներկայիս բոլոր պնդումները իւրատեսակ քարոզչական ապատեղեկատուական ծխածածկոյթ են՝ իրենց սադրիչ եւ յոյժ վտանգաւոր ռազմական մանեւրները (հնարքները-Խմբ.) քօղարկելու համար: Այս կապակցութեամբ օրինաչափ հարց է ծագում՝ եթէ, ադրբեջանական կողմի կարծիքով, <<պաշտպանութեան նախարարութիւնը սահմանագծում ռազմական տեխնիկայի կուտակման միջոցառումներ չի անցկացնում>>, ապա ինչու՞ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ապրիլի 23ին հանդէս եկել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերեալ յայտարարութեամբ: Նրանում, մասնաւորապէս, նշւում է, որ տարածաշրջանում քաղաքական վերջին իրադարձութիւնների ու շփման գծում սրացման հնարաւորութեան լոյսի ներքոյ Մինսկի խմբի համանախագահներն ընդգծում են կողմերի կողմից հրադադարի ռեժիմի պահպանման եւ, մասնաւորապէս՝ ծանր սպառազինութիւնն առաջնագծից հեռացնելու վճռորոշ նշանակութիւնը: Ու թէեւ միջազգային միջնորդները սովորոյթի համաձայն իրենց խաղաղարար կոչերը հասցէագրեցին երկու կողմերին, իրազեկ մարդկանց համար հասկանալի է՝ կոնկրետ ում են նրանք զսպուածութեան կոչում:

Այստեղ, սակայն, կը ցանկանայինք <<արժանին հատուցել>> Ադրբեջանին. նա գրեթէ երբեք չի ունկնդրել Մինսկի խմբի համանախագահների կոչերին եւ անգամ հրաժարուել է կատարել ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները: Այն պարզ պատճառով, որ ընկալունակ չէ դիւանագիտական լեզուի նկատմամբ եւ հասկանում է միայն ուժի լեզուն: Ու եթէ Բաքուի որոշ <<տաք գլուխներ>>ի մօտ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից օգտուելու ու Արցախի դէմ նոր պատերազմի գնալու գայթակղութիւն է առաջացել, ապա դա պատրանքային յոյսեր են: ԼՂՀ զինուած ուժերը, ինչպէս դա բազմիցս է եղել, արագ կը բուժեն նրանց ռազմամոլութեան տենդն ու կը կոտրեն ամբարտաւանութիւնը, որը նրանց թոյլ չի տալիս սթափ գնահատել իրավիճակն ու հրաժարուել հերթական ռազմական արկածախնդրութիւնից:

 

comments

Advertisement