ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀՅԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՈՒԱԾ ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆԻ ՀԵՏ

By Asbarez | Saturday, 29 February 2020

0716davit

«Զերծ Կը ՄՆամ Գնահատական Տալուց, Թէ Ո՛վ Է ՀՀի Նախընտրելի Թեկնածուն»

 

Զրուցեց՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐԵԱՆ

 

Արցախում տիրող նախընտրական թէժ մթնոլորտի, հնարաւոր զարգացումների շուրջ զրուցել ենք Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան կողմից Արցախի նախագահի թեկնածու առաջադրուած Դաւիթ Իշխանեանի հետ:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐԵԱՆ.- Ինչպիսի՞ իրավիճակ է այսօր Արցախի ներքաղաքական կեանքում:

ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Դեռեւս հանդարտ, առանց վայրիվերումների: Բայց, ինչ խօսք, առաջիկայ ընտրութիւնները տարբերուելու են Արցախում կայացած նախորդ բոլոր ընտրութիւններից, եւ այն ունի մի քանի պատճառներ: Նախ, գործող սահմանադրութեան համաձայն, նոյն օրը տեղի են ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնները: Կանխատեսելի էր, որ թէ՛ կուսակցութիւնների առումով, թէ՛ նախագահի առումով թեկնածուների պակաս չէր լինելու:  Կանխատեսելի էր նաեւ որոշակի լարուածութիւն, քաղաքական պայքարի գործընթաց եւ մրցակցութիւն տարբեր կուսակցութիւնների միջեւ: Համաժամանակեայ ընտրութիւններին մասնակցելու ձեւաչափը քաղաքական ուժերին տուել է հնարաւորութիւն՝ աւելի շատ թեկնածուներ առաջադրելու:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐԵԱՆ.- Բայց քարոզարշաւը դեռ չսկսած, արդէն իսկ որոշակի խմորումներ են սկսել քաղաքական ուժերի միջեւ: Այդպէս չէ՞:

ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Ինչ վերաբերում է խժդժութիւններին, ապա դա եւս բնական է նախընտրական եւ յետընտրական շրջանին: Նման խժդժութիւնների գնում են հիմնականում նոր ձեւաւորուած կուսակցութիւնները: Այն քաղաքական ուժերը, որոնք ձեւաւորուած են եւ ունեն կայուն գործելաոճ, նման խժդժութիւնների չեն գնում, ուղղակի չեն գնում:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐԵԱՆ.- Հնարաւո՞ր է, որ որքան մօտենան ընտրութիւնները, այնքան այդ խժդժութիւնները նոր թափ ստանան:

ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Ես չգիտեմ, թէ ՀՀում ինչպէս են գնահատում այստեղ առկայ լարուածութիւնը, բայց ամէն ինչ այդքան տխուր չէ, ինչպէս որ ներկայացւում է: Ընտրութիւնների նախաշեմին լինում են բեւեռացումներ, տարբեր բեւեռների ձեւաւորում, դա բնական է:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐԵԱՆ.- Որքան էլ դուք փորձում էք մեղմ ներկայացնել իրավիճակը, լարուածութիւնը ակնյայտ է: Յետոյ, արդեօք այդքան փոքր Արցախում կարիք կա՞ր 14 նախագահի թեկնածու առաջադրելու:

ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Գիտէք, այդ հարցի հասցէատէրը ես չեմ, մեր կուսակցութիւնը չի հաստատ: Հաշուի առնելով այն հանգամանքը, որ Արցախի ՀՅԴ կառոյցը նախաձեռնել է համաձայնեցուած թեկնածու ունենալու գաղափարը: Բայց ինչպէս տեսաք՝ չստացուեց:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐԵԱՆ.- Դրա համա՞ր մի փոքր Արցախը կիսեցիք մի քանի մասի:

ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Գիտէք, լարուածութիւն կայ, բայց պառակտումը դեռ այնքան խորը չէ, որ անհանգստանալու կարիք լինի: Ամէն ինչ կը կարգաւորուի Մարտի 31ից յետոյ, անհանգստանալու կարիք չկայ:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐԵԱՆ.- Այո, գուցէ Դուք՝ քաղաքական ուժերդ կրկին համախմբուէք, իսկ շարքային քաղաքացիների մասին մտածե՞լ էք:

ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Ես նորից եմ ասում՝ պառակտում, որպէս այդպիսին, չկայ, կայ լարուածութիւն: Աւելին ասեմ, երբեմն լրագրողների կողմից հնչեցուած տեսակէտները դառնում են ուղղորդող:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐԵԱՆ.- Այսինքն՝ էլի լրագրողնե՞րն են մեղաւոր: Զարմանալի է, նախորդ անգամ էլ Արցախի մէկ այլ պատգամաւոր լրագրողներին մեղադրեց:

ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Ոչ, իհարկէ, ուղղակի շատ զգոյշ պէտք է լինեն, որպէսզի առանց այն էլ բեւեռացուած մթնոլորտում տեսակէտներ չփորձենք ներկայացնել: Որը կարող է ինչ-որ տեղ վտանգաւոր լինել:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐԵԱՆ.- Հայաստանեան իշխանութիւնները որքանո՞վ են խառնւում Արցախի ներքաղաքական կեանքին: Հաշուի առնելով, որ խօսակցութիւններ կան, որ ՀՀի իշխանութիւնների նախընտրելի թեկնածուն Մայիլեանն է:

ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Ես զերծ կը մնամ գնահատական տալուց, թէ ո՛վ է ՀՀի նախըտրելի թեկնածուն: Որովհետեւ ես ունեմ իմ համոզումը, իմ տեսակէտը: Այն է՝ Արցախում առաջադրուած իւրաքանչիւր նախագահի թեկնածու պէտք է համարուի ՀՀ իշխանութիւնների թեկնածու: Եւ ով էլ որ ընտրուի ու զբաղեցնի նախագահի պաշտօնը, բնականաբար, պէտք է բնականոն գործունէութիւն ծաւալի Հայաստանի իշխանութիւնների հետ: Ես կարծում եմ, որ սա գիտակցում են թէ՛ ՀՀի, թէ՛ Արցախի իշխանութիւնները:

comments

Advertisement