Չլինել Քոչարեանի Նման

By ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ - Asbarez | Friday, 17 April 2020

0317Karekin-1

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.ն անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի կալանքին եւ, ըստ էութեան, յորդորել է փոխել նրա խափանման միջոցը: «Հաղորդ լինելով նախագահի առողջութեան առնչութեամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարեւոր ենք համարում, որ արդարադատութեան իրագործման հետ մէկտեղ ձեռնարկուեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թւում՝ խափանման միջոցի փոփոխութիւն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի յետագայ բարդացումներից», այդպիսի դիրքորոշում է յայտնել կաթողիկոսը: Ի պատասխան այդ յորդորի, կառավարութիւնն ի դէմս վարչապետի մամուլի քարտուղար Մանէ Գէորգեանի, նախ՝ հրաժարուել է մեկնաբանել կաթողիկոսի բուն յայտարարութիւնը, ապա յիշեցրել է, որ Մայր աթոռի տեղեկատուական համակարգի ղեկավար տէր Վահրամ քահանայ Մելիքեանը անձնական երաշխաւոր էր դարձել գործարար Սամուէլ Մայրապետեանի համար, իսկ վերջինս, ի հեճուկս քննչական մարմինների պահանջի, Հայաստան չի վերադարձել:

Այս պատասխանում կարելի է նկատել որոշակի կշտամբանք՝ տեսէք, թէ ում էք պաշտպանում: Դէ, իսկ համացանցում իշխանութեան ներկայացուցիչներն ու կողմնակիցներն արձագանգեցին «ֆէյսբուքեան» գրառումներին յատուկ ագրեսիւութեամբ (յարձակողականութեամբ-Խմբ.), ընդհուպ մինչեւ կաթողիկոսին «գործից հանելու» կոչերը: Պէտք է հաշուի առնել, որ Քոչարեանին պատժելը ներկայիս իշխանութեան հիմնական նպատակներից է, եւ ցանկացած արարք կամ կարծիք, որը հակասում է այդ առանցքային ծրագրին, իշխանութեան կողմից ցաւագին է ընդունւում: Գարեգին Բ.ն, մեղմ ասած, իմ սրտի հոգեւորականը չէ: Այդ դասից ես ակնկալում եմ առանձնայատուկ համեստութիւն, ժուժկալութիւն, յստակ սահմանազատում օրուայ իշխանութիւններից եւ նիւթական մտասեւեռումներից: Ներկայիս կաթողիկոսը՝ որպէս անձ, ակնյայտօրէն այդպիսին չէ:
Միւս կողմից՝ նրանք, ովքեր իրենց համարում են Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, իմ կարծիքով, պարտաւոր են յարգել վեհափառի ինստիտուտը (հաստատութիւնը-Խմբ.) եւ իրենց քննադատութիւնը տեղաւորել պատշաճ չափի մէջ: Ճիշդ է, անշուշտ, որ Քոչարեանի եւ Սարգսեանի օրօք Գարեգին Բ.ն չէր համարձակուի հրապարակաւ աջակցութիւն յայտնել անազատութեան մէջ գտնուող իշխանութեան հակառակորդներին: Եւ այն փաստը, որ այժմ նա չի վախենում դա անել, խօսում է այս վարչակարգի օգտին:

Ռոբերտ Քոչարեանն, առաւել եւս, իմ նախընտրած քաղաքական գործիչներից չէ: Պատկերացնում եմ, թէ ինչպէս նա կ՛արձագանգէր, եթէ որեւէ մէկը համարձակուէր նրան ասել, թէ լաւ կը լինէր փոխել անազատութեան մէջ գտնուող որեւէ ընդդիմադիրի խափանման միջոցը, քանի որ այդ մարդու կեանքին վտանգ է սպառնում: Նա կը ծռէր բերանը, կը լարէր իր վզի մկանները, բռունցքները կը սեղմէր եւ կը ֆշշացնէր՝ «թող սատկի»: Բայց ամբողջ խնդիրն այն է, թէ արդեօք մենք՝ Նոր Հայաստանի քաղաքացիներս, ուզում ենք լինել Քոչարեանի նմա՞ն, թէ՞ Քոչարեանից լաւը:

Չարիք չդառնալու միակ միջոցը դրան չնմանուելն է:

comments

Advertisement