Իսկ Մոսկուայից Քմծիծաղ Են Տալիս. Ինչ Աստիճանի Կարելի Է Չյարգել Հայաստանը

By Asbarez | Monday, 04 May 2020

LRAKIR

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ

Ապրիլի 30ին Հայաստանի ոստիկանութիւնը չի կարողացել մտնել Գիւմրիի ռուսական բազայի (խարիսխ- Խմբ.) տարածք գտնել ու դատարանում ապահովել ռուս զինուորական Ա. Ռազգիլդիեւի ներկայութիւնը, որը մեղադրւում է Գիւմրիի բնակիչ Ջուլիետտայ Ղուկասեանի սպանութեան մէջ: Դատարանը հերթական անգամ յետաձգեց դատական նիստը: Անցած նիստին բազայի ղեկավարութիւնը բաց չի թողել Ռազգիլդիեւին, քանի որ նրա համար անվտանգութեան լրացուցիչ երաշխիքներ է պահանջում:

Հայկական արդարադատութիւնը կուլ է տուել այս աղաղակող փաստը: Բայց սա տիպական է հայ-ռուսական իրաւական ու տնտեսական յարաբերութիւններում տեղի ունեցողի լոյսի ներքոյ: Հայաստանում քննուող գործերի մեծ մասը, ինչպէս պարզւում է, չեն կարող բացայայտուել առանց «գործընկերների», այդ թւում՝ Ռուսաստանի հետ համագործակցութեան:

Գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանը երէկ յայտնել է Հայաստանում տնտեսական կազմակերպուած յանցաւորութեան հետաքննութեան մասին: Դաւթեանի խօսքով, տնտեսական գործունէութիւն է իրականացուել 100 ֆորմալ սուբյեկտների (պաշտօնական կառոյցներու-Խմբ.) անունից, եւ դրանք ղեկավարուել են 1-2 կենտրոնից: Դատախազի խօսքով, լուրջ աշխատանք է տարւում, այդ թւում՝ միջազգային համագործակցութեան ոլորտում: Կայ անհրաժեշտութիւն ստուգելու ու ապացոյցներ ձեռքբերելու, որոնք կը հաստատեն կամ կը հերքեն այս բոլոր օպերատիւ (գործնական-խմբ.) ու փաստական տուեալները:

Գլխաւոր դատախազը փաստացի ասում է, որ Հայաստանում սինդիկատի (ընկերակցութեան- Խմբ.) ձեւով գործող համակարգի համար պէտք են ապացոյցներ այլ երկրներից: Հաշուի առնելով Հայաստանի ու Ռուսաստանի տնտեսական կապերը՝ Երեւանը կարող է նախեւառաջ յոյս դնել Մոսկուայի հետ համագործակցութեան վրայ: Բայց Մոսկուան վաղուց ցոյց է տուել, որ մտադիր չէ յանձնել իւրայիններին, եւ գլխաւոր դատախազի յղումը Ռուսաստանին աւելի շատ նման է ապագայի համար արդարացման: Վաղը կարելի կը լինի ասել, որ գործը չի բացայայտուել, որովհետեւ Ռուսաստանը չի տրամադրել «ապացոյցները»:

Այն, որ Ռուսաստանը չի օգնելու Հայաստանի նոր իշխանութեանը հին սխեմաները (խափէութիւնները- Խմբ.) ջրի երես հանելու գործում, ի սկզբանէ պարզ էր: Հարցն այն է, որ Հայաստանում շատ շրջանակներ այդ հանգամանքն օգտագործում է որպէս յայտնի պաշտպանիչ միջոց:

Քննչական մարմինների ներկայացուցիչները դրանով են արդարացնում իրենց անզօրութիւնը: Մարտի 1ի գործով, օրինակ, նրանք ասում են, որ չեն կարողանում ապացոյցներ գտնել, որովհետեւ Ռուսաստանը չի արտայանձնում պաշտպանութեան նախկին նախարար Միքայէլ Յարութիւնեանին, Մարտի 1ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Յարութիւնեանին, նախկին գլխաւոր դատախազ Գեւորգ Կոստանեանին: Օբյեկտիւօրէն (առարկայականօրէն- Խմբ.), ի հարկէ, այդ մարդիկ կարող են կարեւոր տեղեկութիւններ հաղորդել, բայց կասկածներ կան, որ Հայաստանից նրանց բացակայութիւնը ինչ որ մէկի համար լաւ արդարացում է դարձել:

Ռուսաստանից օգտւում են նաեւ այսպէս կոչուած ընդդիմութեան ներկայացուցիչները: Լաւրովի յայտարարութիւնը նրանց համար երկնային մանանա է դարձել, եւ հիմա ամէն առիթով մեղադրում են իշխանութեանը փուլային տարբերակին համաձայնուելու, Արցախը յանձնելու մտադրութեան մէջ: Պուտինն էլ, ասում են այդ շրջանակները, կը բարձրացնի գազի գինը, եթէ բաց չթողնեն Քոչարեանին:

Ինչքան կարելի է չյարգել սեփական ինքնիշխանութիւնը, որ յայտարարես, որ ամէն ինչ որոշւում է ոչ թէ Երեւանում, այլ Մոսկուայում: Որքան կարելի է չյարգել սեփական երկիրը, որ դիմես քո երկրի ԱԳՆին ու հարցնես, թէ ինչու չեն թոյլ տալիս ռուս մասնագէտների մուտքը հայկական կենսալաբորատորիաներ (կենսատարրալուծարաններ- Խմբ.):

Մոսկուայում նայում ու ծիծաղում են. մինչ Հայաստանում ամէն առիթով Մոսկուայի կողմն են նայում, Կրեմլում կարող են հանգիստ լինել ռուս-թուրքական պայմանագրերի համար: Կարելի է չշարունակել դատել Հայաստանում ռուս զինուորականներին ու հանգիստ բարձրացնել գազի գինը:

 

«ԼՐԱԳԻՐ»

comments

Advertisement