Արհեստակցական Միութիւնների Աշխատանքը Կենսական Է Աշխատաւորների Իրաւունքների Պաշտպանութեան Հարցում

By Asbarez | Wednesday, 23 March 2022

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԼՈՔԸԼ 121RN-Ի ՕՐԷՆՍԴՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԹԻՆԷ ՍՈՒԼԷՅՄԱՆԵԱՆԻ ՀԵՏ

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ


ԱՍԹԻՆԷ ՍՈՒԼԷՅՄԱՆԵԱՆ

Սպասարկման ոլորտի Աշխատակիցների միջազգային միութեան Լոքըլ 121RN մասնաճիւղը (SEIU Local 121RN) ներկայացնում է գրանցուած բուժքոյրերի եւ առողջապահութեան ոլորտի մասնագէտների շահերը Կալիֆորնիայում: «Լոքըլ 121RN-ը զօրեղ ուժ է Կալիֆորնիայի շուրջ 10,000 բուժքոյրերի, առողջապահական համակարգի մասնագէտների համար», նշում է Լոքըլ 121RN-ի օրէնսդրական հարցերով ղեկավար Ասթինէ Սուլէյմանեանն ու «Ասպարէզ»ի հետ հարցազրոյցում ներկայացնում մանրամասներ գործունէութիւնից:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ գործառոյթներ ունի երկրի ամենաազդեցիկ արհեստակցական միութիւններից մէկի մասնաճիւղ համարուող Լոքըլ 121RN-ը:

ԱՍԹԻՆԷ ՍՈՒԼԷՅՄԱՆԵԱՆ.- Մեր միութեան անդամները հիմնականում Հարաւային Կալիֆորնիայի հիւանդանոցների աշխատակիցներն են: Օգտագործում ենք մեր հաւաքական ձայնը` օրէնսդրութեան, գործատուի հետ հաւաքական բանակցութիւնների միջոցով բարելաւելու արհմիութեան անդամ հանդիսացող բուժքոյրերի աշխատանքային պայմանները` սահմանելու համար արդար աշխատավարձեր, նպաստներ, ստանալու բուժանձնակազմի առողջութեան եւ անվտանգութեան համար լաւագոյն երաշխիքներ:

Ներկայում, հիւանդանոցներում առկայ հիմնախնդիրներից է անձնակազմի եւ հիւանդների յարաբերակցութեան հարցը, ինչը լրջօրէն ազդում է ե՛ւ բուժքոյրերի, ե՛ւ հիւանդների վրայ: Կարեւոր է, որ հիւանդը ստանայ որակեալ բուժօգնութիւն, ինչը հնարաւոր է միայն, եթէ կան բաւարար քանակի բուժքոյրեր, ում աշխատանքային պայմաններն այնպիսին են, որ նրանք առանց գերյոգնելու կարողանան անհրաժեշտ խնամք տրամադրել:

Մինչդեռ, Կալիֆորնիայում գործող օրէնքով, հիւանդանոցը կարող է հրաժարուել անձնակազմի նոր անդամ վարձելուց: Հիւանդանոցները գերադասում են օրէնքը խախտելու դէպքում շուրջ երեսուն հազար դոլար արժեցող տոյժ վճարել, քան անհրաժեշտ թուով բուժանձնակազմ վարձել:

Այս դէպքում տուժում են բուժքոյրերը, ովքեր շատ են յոգնում միաժամանակ մի քանի հիւանդների սպասարկելով, ինչն էլ իր հերթին ազդում է խնամքի որակի վրայ, ընդհուպ մինչեւ հիւանդին կորցնելը: Եղել են դէպքեր, երբ բուժքոյրերը դիմել են մեզ` արտասուելով, որ ի վիճակի չեն եղել ժամանակին օգնութեան հասնել ծանրաբեռնուածութեան, գերյոգնածութեան պատճառով: Մէկ այլ խնդիր է բուժքոյրերի անվտանգութեան ապահովումը, օրինակ` պաշտպանիչ միջոցների անբաւարարութիւնը: Այս խնդիրներն առաւել սուր արտայայտուեցին յատկապէս Կորոնաժահրի համաճարակի ժամանակ: Հիւանդանոցներից մէկն, օրինակ, ենթարկուեց մեծ տուգանքի, որովհետեւ դիմակի սղութեան պատճառով բուժքոյրերից մէկը, հիւանդի հետ շփուելիս վարակուել էր Կորոնաժահրով եւ մահացել էր: Վերոնշեալ բոլոր հարցերը պատճառ են դառնում, որ բուժքոյրերի մօտ առաջանան նաեւ հոգեկան խնդիրներ:

Հիմնախնդիրների շարքում է նաեւ բուժքոյրերի ոչ-համարժէք աշխատավարձը, ինչի համար մենք բաւական պայքար ենք մղում: Կարծում եմ արհեստակցական միութիւնը մեծ զսպիչ գործօն է մեր դէպքում` հիւանդանոցների համար, եւ կենսական նշանակութիւն ունի աշխատաւորների իրաւունքների պաշտպանութեան հարցում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արհեստակցական միութիւնների գործունէութեան մաս է կազմում նաեւ օրէնքներ ստեղծելու եւ բարեփոխելու միջոցով  խնդիրների լուծումը: Ձեր կողմից նշուած հարցերի դէպքում, ի պաշտպանութիւն բուժքոյրերի, իրականացուե՞լ է օրէնսդրական միջամտութիւն:

ԱՍԹԻՆԷ ՍՈՒԼԷՅՄԱՆԵԱՆ.- Հիւանդանոցների անձնակազմի  հետ կապուած խնդիրը լուծելու նպատակով, Լոքըլ 121RN-ը հանդէս եկաւ օրէնսդրական առաջարկով, որն ընդունուեց 2021 թուականի Հոկտեմբերին: AB 1422 կոչուող օրէնքի նպատակն է` սահմանափակել բուժքոյր-հիւանդ պարտադիր յարաբերակցութեան պահանջից հիւանդանոցներին տրուած հրաժարուելու իրաւունքը:

Մենք ուսումնասիրեցինք ու հասկացանք, որ շատ հիւանդանոցներ, տարիներ շարունակ օգտուել են հրաժարուելու իրենց իրաւունքից` անտեսելով  անձնակազմի ապահով յարաբերակցութիւնը: Կորոնաժահրի համաճարակի գործած աւերածութիւններից յետոյ յատկապէս, Կալիֆորնիայի նահանգապետը եւս համոզուեց տուեալ համակարգի անկատարութեան հարցում: Նոր օրէնքով, հիւանդանոցը կարող է հրաժարուել բուժանձնակազմ վարձելու իրաւունքից  միայն ծայրայեղ դէպքում: Միեւնոյն ժամանակ, արհմիութիւնը,  բուժքոյրերը, եւ հանրութիւնը ձայն կ՛ունենան այս գործընթացում: Հիւանդանոցի հրաժարումից յետոյ,  մինչեւ երեսուն օրուայ ընթացքում, կարող ենք պահանջել չեղարկել որոշումն` ներկայացնելով փաստարկուած հիմնաւորումներ մեր դիրքորոշման համար:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս է օրէնքի ստեղծման ընթացակարգը:

ԱՍԹԻՆԷ ՍՈՒԼԷՅՄԱՆԵԱՆ.- Միութեան անդամների շահերի պաշտպանութեան շրջանակներում օրէնքների ստեղծումը, կամ գործող օրէնքում բարեփոխումների առաջադրումը` մեր աշխատանքի անբաժանելի մասն է կազմում: Այն բաւական ծաւալուն եւ ժամանակատար աշխատանք է: Մենք ուսումնասիրում ենք տուեալ ոլորտում առկայ խնդիրները, լսում մեր անդամներին, վերլուծում ենք` հասկանալու համար հնարաւոր լուծումները: Օրէնքի անհրաժեշտութեան դէպքում, կազմում ենք օրինագիծը, ապահովում, որ դրա անհրաժեշտութեան մասին օրէնսդիրներն անմիջականօրէն լսեն նաեւ միութեան անդամ հանդիսացող ոլորտի ներկայացուցիչներից, թէ ինչպէս է օրինակ, խնդիրն ազդում իրենց ամէնօրեայ աշխատանքի վրայ եւ ինչպէս օրէնքը­ կարող է իրավիճակը փոխել: Օրինագիծը ներկայացւում է Կալիֆորնիայի խորհրդարանին: Մինչ Ներկայացուցիչների տանը ներկայացնելը, օրինագիծը, եթէ օրինակ վերաբերւում է առողջապահութեան ոլորտին, պէտք է ուսումնասիրուի առողջապահութեան, իրաւական եւ այլ համապատասխան անհրաժեշտ յանձնաժողովներում: Եթէ Ներկայացուցիչների տան անդամներն առաջարկում են փոփոխութիւններ, ապա օրինագիծը վերադարձւում է համապատասխան յանձնաժողով, որտեղ ներառւում են առաջարկները: Ներկայացուցիչների պալատում հաստատուելուց յետոյ, փաստաթուղթը ուղարկւում է հաստատման Ծերակոյտում, որից յետոյ յայտնւում է նահանգապետի մօտ, ով նաեւ վետոյի իրաւունք ունի:

Նկարագրուած ամբողջ գործընթացի ժամանակ, արհեստակցական միութեան աշխատակիցներն ապահովում են, որ ներգրաւուած բոլոր օղակները համապատասխան տեղեկատուութիւն ստանան, հաղորդակցութիւն լինի օրէնսդիրների եւ անդամների միջեւ եւ այլ: Մենք օգտագործում ենք նաեւ ընտրուած պաշտօնեաների հետ տարիների ընթացքում մեր կառուցած յարաբերութիւնները:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արհեստակցական միութիւնները նաեւ վճռորոշ դեր ունեն քաղաքական գործընթացներում: Ինչպէ՞ս է այն դրսեւորւում:

ԱՍԹԻՆԷ ՍՈՒԼԷՅՄԱՆԵԱՆ.– Արհեստակցական միութիւնների դերն իսկապէս  մեծ է քաղաքական համակարգում: Միութեան ներքոյ գործող քաղաքական յանձնաժողովն է համակարգում աշխատանքները, որի գործառոյթներից է օրինակ այն, որ ընտրութիւններում աջակցութիւն տրուի այն թեկնածուին, ով իր քաղաքական գործունէութեան ընթացքում սատարել է մեր անդամների իրաւունքների պաշտպանութեան մեր կողմից առաջադրուած հարցերին: Նոր թեկնածուի դէպքում` նախապատուութիւնը տալիս ենք նրան, ով իր ծրագրում նախատեսում է աշխատանք արհմիութեան հետ: Միութիւնների բազմահազար անդամների ձայնը եւ տարբեր ձեւերով ընտրարշաւներին մասնակցութիւնը վճռորոշ նշանակութիւն ունի այս կամ այն թեկնածուի ընտրութեան հարցում` թէ՛տեղական, եւ թէ համապետական ընտրութիւններում:

Արհմիութիւնների դերակատարութիւնը մշտապէս փորձում են նուազեցնել գործատուները, մեր դէպքում` հիւանդանոցները: Եթէ նրանց յաջողուի թուլացնել արհմիութեանը, մենք այլեւս հնարաւորութիւն չենք ունենայ լաւագոյնս պաշտպանելու մեր անդամների շահերը: Այս առումով կարեւոր է, որ անդամներն էլ աշխոյժ լինեն: Ցաւօք, հայերը շատ ներգրաւուած չեն արհմիութիւններում, եւ հիմնականում կարծում եմ, պատճառն այն է, որ լաւ չեն պատկերացնում, թէ ինչպէս է աշխատում արհեստակցական միութիւնը: Միաժամանակ, այլ հասարակարգերում ապրած մեր հայրենակիցները ունեն վստահութեան խնդիր: Հայերը չեն միանում, որովհետեւ չեն պատկերացնում միութեան ուժը, հնարաւորութիւնները, օգուտները, եւ դա նաեւ տեղեկատուութեան պակասից է:

Միութեան անդամներն անդամավճար են մուծում, եւ իրենք էլ կարող են պայքարել իրենց շահերի պաշտպանութեան համար, բարելաւել իրենց աշխատանքային պայմանները: Մենք տալիս ենք բոլոր հնարաւորութիւնները դրա համար: Յորդորում եմ ամերիկահայ աշխատակիցներին օգտագործել Միութեան կողմից տրամադրուած ուժը, զօրացնելու համար մեր ձայնը արհմիութիւնների ներսում, ու ստեղծելով նոր հնարաւորութիւններ մեր հայրենակիցների համար, ինչպէս օրինակ` մեծացնել հայերի թիւը աշխատակազմում: Միաժամանակ, մենք կարող ենք եւ որոշիչ ձայն ունենալ նաեւ քաղաքական գործընթացներում:

Տեղեկանք․- Աշխատանքային արհմիութիւնը կազմակերպութիւն է, որը ձեւաւորուել է որոշակի ընկերութեան աշխատողների կողմից` աշխատավարձի, նպաստների եւ աշխատանքային պայմանների բարելաւման նպատակով: Կոչւում է նաեւ արհեստակցական միութիւն, որի ներկայացուցիչները գործատուների հետ վարում են հաւաքական բանակցութիւններ: Սակարկութեան արդիւնքում, սովորաբար ձեռք է բերւում համաձայնագիր, որը նախատեսում է աշխատանքային պայմաններ որոշակի ժամկէտով:

Սպասարկման Ոլորտի Աշխատակիցների Միջազգային Միութիւնը (SEIU) ներկայացնում է աւելի քան 100 մասնագիտութիւնների շուրջ 1․9 միլիոն աշխատողների շահերը Միացեալ Նահանգներում եւ Կանադայում:

Արհեստակցական այս միութիւնը համակարգում է երեք ոլորտներ`  առողջապահութիւն, որ ներառում է հիւանդանոցի, տնային խնամքի եւ ծերանոցի աշխատողներին, հանրային ծառայութիւններ, որ ներառում է պետական ծառայողներին, ներառեալ իրաւապահ մարմինների աշխատակիցներին, եւ գոյքային ծառայութիւններ, որի մաս են կազմում անվտանգութեան եւ սննդի սպասարկման աշխատողները:

SEIU-ի միջազգային կենտրոնակայանը գտնւում է Վաշինգտոնում եւ այն երկրի ամենամեծ արհմիութիւններից մէկն է` աւելի քան 150 տեղական մասնաճիւղերով:

comments

Advertisement