Դեսպանուհի Մէրի Եովանովիչի Հրապարակային Ելոյթին Առիթով

By ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ - Asbarez | Wednesday, 08 July 2009

Չզարմացայ։ Իր արտայայտութիւններով անակնկալի չեկայ։ Անցեալում էլ զգայացունց հարցերին պատասխանել էր խուսափողական մօտեցմամբ, փաստօրէն՝ շրջանցելով իրեն տրուած հարցերը։ Այս անգամ էլ նոյնն արեց։ Հայոց Ցեղասպանութեանն առնչուող հարցերին, որոնք մեծապէս յուզում էին Էնսինոյի «Ֆերահեան» վարժարանի սրահում Յունիսի 24ին համախմբուած ներկաներին, Հայաստանում Միացեալ Նահանգների դեսպանուհի Մարի Եովանովիչը պատասխանեց՝ ծանրանալով Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների բարելաւման առաւելութիւնների վրայ։

Ամերիկահայութեանը յուզող հարցերին ուղղակիօրէն չանդրադառնալու դեսպանուհու սոյն ելոյթաձեւը ակնյայտ դարձաւ անցեալ տարուան Յուլիսի վերջերին, երբ նա նախագահ Պուշի կողմից նշանակուեց դեսպանի պաշտօնին եւ ունկնդրութիւններ ունեցաւ Միացեալ Նահանգների Քոնկրէսում՝ շրջանցելով ամերիկեան սենատորների կողմից տրուած հարցերը, որոնց հիմնական մասը վերաբերում էր Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը եւ արցախեան ժողովրդի ինքնորոշման իրաւունքին։ Պետական գանձարանից վճարուող ամերիկեան պետական պաշտօնատարների (այդ թւում նաեւ դեսպանուհու) աշխատավարձերի գումարները գոյանում են ամերիկեան հարկատուներից, որոնց թւում ամերիկահայութեան տուրքերից։ Հետեւաբար, որպէս Հայաստանի հանրապետութիւնում Միացեալ Նահանգների դեսպանուհի, ակնկալւում է, որ նա եթէ ոչ պաշտօնական ու իրաւական, բայց գոնէ բարոյական իմաստով որոշ պարտաւորութիւն դրսեւորի՝ գոհացում տալու ամերիկահայ հարկատուներին յուզող հարցերին։ Իսկ որո՞նք են այդ հարցերը։ Հիմնականում Հայոց Ցեղասպանութիւնը «սպանութիւններ» կամ լաւագոյն դէպքում՝ «զանգուածային սպանութիւններ» չանուանելը, իր կարողութեան եւ իրաւասութեան սահմաններում ամերիկեան պետական շրջանակներին համոզելը, որ չնուազեցնեն Հայաստանին ու Արցախին տրուող ամերիկեան օգնութիւնը եւ ընդհանրապէս Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցերում ամերիկահայութեան տեսակէտներն ու պահանջները հաշուի առնելը։

Չնայած այն իրողութեան, որ դեսպանուհին իր համալսարանական կրթութիւնը ստացել է պատմութեան բնագաւառում, այնուամենայնիւ, իր նախկին Boss-ի՝ Քոնտոլիզա Ռայսի նման, որը եւս աւարտել էր պատմաբանութեան ճիւղը, խուսափեց պատմական ճշմարտութիւնները անուանել պատմաքաղաքական ճշգրիտ եզրերով՝ «Ֆերահեան» վարժարանի սրահում ունեցած իր շուրջ մէկ ու կէս ժամուայ ելոյթում։ Անտեսելով սրահից բարձրաձայնուող ներկաների յիշեցումները՝ դեսպանուհին Ցեղասպանութեան փոխարէն շարունակեց գործածել «սպանութիւններ» կամ լաւագոյն դէպքում՝ «զանգուածային սպանութիւններ» արտայայտութիւնները։ Փաստօրէն վերահաստատեց, որ ինքը Միացեալ Նահանգների արտաքին գործոց նախարարութեան տիպիկ պաշտօնատար է եւ ներկայացնում է նախարարութեան որդեգրած քաղաքական ուղին։

Դեսպանուհին Միացեալ Նահանգների դեսպանութեան երեւանեան կայքէջում (http://www.usa.am) տեղադրել է բազմաթիւ զեկոյցներ՝ Հայաստանում մարդու իրաւունքների ոտնահարումների, ինչպէս նաեւ խօսքի եւ մամուլի ազատութեան խախտումների վերաբերեալ, ցոյց տալով, որ Հայաստանում չկայ խօսքի, մամուլի եւ հեռուստածրագրերի լիակատար ազատութիւն։ Այնուամենայնիւ, «Ֆերահեան» վարժարանի սրահում դեսպանուհու կողմից չարտօնուեց տեսագրել իր ելոյթը եւ սրահում ներկայ հայկական հեռուստածրագրերի երկու նկարահանողների հրահանգուեց դադարեցնել նկարահանումները։ Նրանցից մէկը աւելի ուշ պատմեց, որ սրահում ներկայ եղած անվտագութեան պաշտօնեաներից մէկը նոյնիսկ մօտեցել է իրեն եւ ստուգելով իր պայուսակին մէջ դրուած նկարահանման սարքը՝ ուզել է վստահանալ, որ այն անջատուած է...։

Ինչպէ՞ս բացատրել այս երեւոյթը՝ Միացեալ Նահանգների նման մի երկրում, ուր սահմանադրութեամբ ամրագրուած են խօսքի ու մամուլի ազատութիւնները, իսկ հրապարակային միջոցառումներում, լրագրողները, տեսալրագրողները, մինչեւ իսկ շարքային, սովորական քաղաքացիները իրաւունք ունեն քննադատել կամ նկարահանել որեւէ ելոյթ ունեցողի արտայայտութիւնները։ Այնուամենայնիւ, դա տեղի չունեցաւ Յունիսի 24ի միջոցառման ժամանակ, որը հրապարակային բնոյթ ունենալով հանդերձ, ենթարկուեց անհասկանալի սահմանափակումների։ Ելոյթի նկարահանումը եւ հայկական հեռուսակայաններով հաղորդումը հնարաւորութիւն պիտի ընձեռէին, որ Քալիֆորնիայում ապրող բազմահազար հայեր, ովքեր Յունիսի 24ին չկարողացան ներկայ գտնուել միջոցառմանը, կարողանային գոնէ հեռուստատեսութեամբ դիտել ու լսել դեսպանուհու խօսքերը։ Իսկ դրանում ի՞նչն էր սխալ կամ անպատշաճ։ Չհասկացանք։ Փաստօրէն մեր համայնքի անդամներից շատ ու շատերը զրկուեցին այդ հնարաւորութիւնից:

Միջոցառման աւարտին դեսպանուհին խոստացաւ Ուաշինկթընում նախագահ Օպամային հանդիպելիս, արծարծի ամերիկահայութեանը յուզող այն բոլոր հարցերն ու մտահոգութիւնները, որոնք յանձնուել են իր ուշադրութեանը՝ Պոսթըն եւ Լոս Անճելըս կատարած իր այցելութիւնների ընթացքում։ Անկատար ու սին խոստումներ շատ ենք լսել ամերիկեան բարձրաստիճան պաշտօնատարների, ընդհուպ մինչեւ նախագահական թեկնածուների կողմից։ Իսկ արդեօ՞ք Օպամայի հետ հանդիպումից յետոյ դեսպանուհին ամերիկահայութեանը կը զեկուցի կամ հրապարակաւ կը տեղեկացնի, թէ նախագահը ինչ պատասխաններ տուեց այդ հարցերին ու մտահոգութիւններին։ Կասկածում եմ։
Յամենայնդէպս, սպասենք ու տեսնենք։

comments

Advertisement