ԱՄՆը Ղարաբաղի Հարցում Կրակի Հետ Է Խաղում

By Asbarez | Thursday, 08 May 2014

 

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

ԱՄՆը փորձում է միակողմանի վառել Ղարաբաղեան կարգաւորման ծխացող գործընթացը: Երէկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ æէյմս Ուորլիքը «Քարնեգի» հիմնադրամում կրկին շարադրել է 2011թ. համաձայնեցուած, բայց դրանից յետոյ առ այսօր հանդիպումից հանդիպում անպտուղ թափառող՝ կարգաւորման Մադրիդեան սկզբունքները: Դրանց առանցքը, յիշեցնենք՝ նախկին ԼՂԻՄի յարակից, ներկայումս ԼՂՀի անբաժանելի մասը հանդիսացող շրջաննները Ադրբեջանին վերադարձնելու դիմաց ԼՂի մնացած տարածքին միջանկեալ կարգավիճակի շնորհումն է՝ վերջնական կարգավիճակը յստակեցնելու հարցը մատնելով լիակատար անորոշութեան:


Հայաստանում ԱՄՆ դեսպան æոն Հեֆերնը յաջորդ օրը «Թուիթըր»ում գրեց, թէ ԼՂին յարակից շրջաննները պէտք է վերադարձնել Ադրբեջանին: Նա ոչ միայն հասկանալի դարձրեց Մադրիդեան սկզբունքները վերահրապարակելու՝ Ուորլիքի քայլի հիմնական նպատակը, այլեւ տեղեկատուական խայծ-թեմա գցեց հանրային քննարկումների համար: Եթէ սա Ուաշինգտոնի կողմից իսկապէս մշակուած դիւանագիտական արշաւի դրսեւորում է, ապա պէտք է սպասել, որ առաջիկայում նմանատիպ մի տեղեկատուական «ռումբ» էլ ադրբեջանական հասարակութեան մէջ կը նետի այդ երկրում ԱՄՆ դեսպանատունը՝ նպատակ ունենալով հանրային ընկալում ձեւաւորել ԼՂին, այսպէս կոչուած, միջանկեալ կարգավիճակ տրամադրելու անխուսափելի հեռանկարի վերաբերեալ:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ յանկարծ ԱՄՆը սկսեց շտապել, այն էլ՝ սիրիական, ուկրաինական խորացող ճգնաժամերի, Ռուսաստանի հետ դէպի նոր սառը պատերազմ տանող առճակատման ներկայիս խառնակ ժամանակներում: Ուորլիքի արած այն շեշտադրումը, թէ ներկայացնում է ոչ թէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միասնական տեսակէտը, այլ միայն պաշտօնական Ուաշինգտոնինը, ակնարկ է, որ ԱՄՆը ոչ միայն չի հաւատում հակամարտութիւնը կարգաւորելու հարցում միւս համանախագահող երկրների, աւելի կոնկրետ՝ Ռուսաստանի անկեղծութեանը, այլեւ առաջնորդւում է այն համոզուածութեամբ, որ Մոսկուան վարում է այն տորպեդահարելու (թորփիլահարելու-Խմբ.) թաքնուած քաղաքականութիւն: Այս նախաձեռնութեամբ ԱՄՆը փորձում է Ռուսաստանին զրկել, ղարաբաղեան հանգոյցն օգտագործելով, Հարաւային Կովկասում Արեւմուտքի հետ առճակատման, լարուածութեան նոր գօտի ստեղծելու հնարաւորութիւնից: Դա ստիպում է Ուաշինգտոնին միջնորդական ջանքերում առաջ ընկնել Մոսկուայից եւ նրա ձեռքերն ու ոտքերը կապել ուկաինական հիմնահարցի հետ Ղարաբաղեան կոնֆլիկտը, այսպէս կոչուած, փաթեթային, կոմպլեքս լուծելու ճանապարհով: Տրամաբանութիւնը շատ պարզ է՝ եթէ Ռուսաստանը Ուկրաինայի հարցում Արեւմուտքի տնտեսական ու քաղաքական ճնշումների ազդեցութեամբ գնալու է զիջումների, ապա ինչո՞ւ այդ կաշկանդումը չօգտագործել նրա դիրքերը նաեւ Հարաւային Կովկասում թուլացնելու եւ ԼՂ հակամարտութեան կարգաւորման բանալիները նրա ձեռքից վերցնելու համար:

Իբրեւ զէնք՝ Ուաշինգտոնը փորձում է օգտագործել դեռ 2011թ. համաձայնեցուած մադրիդեան փաստաթուղթը, որին չորս տարի շարունակ միւս համանախագահող երկրների՝ ԱՄՆի, Ֆրանսիայի հետ համաձայնութիւն է տուել նաեւ Ռուսաստանը: Սակայն Ուկրաինայից յետոյ Հարաւային Կովկասը փաստացի մնում է Ռուսաստանի միակ առանցքային յենակէտը: Մոսկուան կը փորձի ատամներով այն պահել՝ գուցէ շատ աւելի ագրեսիւ ու անզիջում վարքագիծ դրսեւորելով, քան այն, ինչին բախւում է Արեւմուտքը Ուկրաինայում: Ուաշինգտոնն այս տեսակէտից պարզապէս կրակի հետ է խաղում:

Բանակցութիւնների՝ նման միակողմանի, ճնշման ակնյայտ տարրեր պարունակող արագացման արդիւնքում յանկարծ կարող է մի օր յայտնագործել, որ պատերազմը շփման գծում արդէն վերսկսուել է, եւ Ռուսաստանը ՀԱՊԿ իր գործընկերոջ՝ Հայաստանի անվտանգութիւնը պաշտպանելու կամ խաղաղութեան ռեժիմը վերադարձնելու անուան տակ սկսել է զօրք տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, աւելին՝ ներկայիս ԼՂ տարածքում: Այս իրավիճակում ԱՄՆին կը մնայ կա՛մ ընդունել տարածաշրջանը նոր դիմակայութեան թատերաբեմի վերածելու մարտահրաւէրը, կա՛մ հաւաքել ճամպրուկները Հարաւային Կովկասից:

Հետաքրքրական է, որ Հայաստանը դեռեւս որեւէ մակարդակով չի արձագանգել ԱՄՆի այս նոր քաղաքական ուղեգծին, Ուորլիքի «բացայայտումներին»: Սա աւելի անհանգստացնող է, եթէ նկատի ունենանք, թէ ինչպիսի փութաջանութեամբ էր մինչեւ վերջերս նմանատիպ իւրաքանչիւր յայտարարութիւնից յետոյ պաշտօնական Երեւանը շտապում մի առանձին հրճուանքով հանգստացնել, թէ ամբողջութեամբ կիսում է ԼՂ հիմնահարցի կարգաւորման՝ միջազգային հանրութեան տեսակէտը:

Ինչո՞ւ նոյնը տեղի չի ունենում հիմա: Ինչի՞ց է զգուշանում Երեւանը, որը, ըստ Ուորլիքի, արդէն տուել է 2011թ. համաձայնեցուած սկզբունքներին իր համաձայնութիւնը: Պատճառը, թերեւս, այն է, որ Երեւանը սպասում է հէնց Մոսկուայի ուշացող արձագանգին: Մինչդեռ առկայ իրավիճակում աւելի խորամուխ լինելու դէպքում կարելի էր նոյնիսկ այս իրավիճակից որոշակի դիւիդենդներ (շահոյթներ-Խմբ.) ստանալու յոյս ունենալ:

Ուորլիքի բացայայտումները ցոյց են տալիս, որ Ուաշինգտոնը չի դիտարկում ԼՂՀն, որպէս հակամարտութեան լիարժէք կողմ, բանակցութիւններում ներգրաւելու հնարաւորութիւնը: Սակայն այդ դէպքում հարց է առաջանում, թէ ինչպէ՞ս է Ուաշինգտոնը պատկերացնում, իր ձեւակերպմամբ, ԼՂի յարակից, այսպէս կոչուած «օկուպացուած» տարածքների վերադարձը Ադրբեջանին: Դրանք Հայաստանի տարածքները չեն, որ Երեւանը վարուի «միջազգային հանրութեան կարծիք»ի հետ համաձայն լինելու տրամաբանութեամբ: Ուզեն, թէ չուզեն, առնուազն այս հարցով Ստեփանակերտի հետ բանակցելու հարց է առաջանալու: Խնդիրն այն է՝ ո՞ր փուլում դա տեղի կ՛ունենայ: Երեւանը պէտք է օգտագործի այս հանգամանքը՝ պահանջելով օր առաջ ԼՂն ներգրաւել բանակցութիւններում: Թերեւս հէնց այս հեռանկարից խուսափելու համար է Բաքուն յամառօրէն պնդում սկզբունքների համաձայնեցման գործընթացը մի կողմ դնելու եւ խաղաղութեան մեծ, համապարփակ պայմանագրի շուրջ բանակցութիւններ սկսելու տարբերակը: Եւ դա նրան կը յաջողուի, եթէ այսպիսի նիրվանային հանգստութիւնն է լինելու Երեւանի դիւանագիտութիւնը նաեւ յետայսու:


comments