Ուկրաինայի Հայ համայնքից երեք զոհ է եղել

By Asbarez | Thursday, 08 May 2014

 

 


Վարեց՝ ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ

 

Մեր զրուցակիցն է Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Գրիգորիս արք. Բունիաթեանը:

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Սրբազան, վերջին մի քանի ամիսներին Ուկրաինայում ծաւալուող պատերազմական իրավիճակից որքանո՞վ տուժեց հայ համայնքը: Արդեօք հայ համայնքում արտագաղթ գրանցուե՞ց:
ԳՐԻԳՈՐԻՍ ԱՐՔ. ԲՈՒՆԻԱԹԵԱՆ.- Մեր ունեցած տեղեկութիւններով՝ հայ համայնքից երեք զոհ է եղել. մէկը Դնեպրոպետրովսկից՝ Սերգէյ Նիգոյեանը, որ այդ ժամանակ Կիեւում էր, միւսը՝ Ռովնօ քաղաքից Գէորգի Յարութիւնեանը եւ երրորդը՝ Ռուբէն Աւանեսեանը՝ Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սլաւեանսկ քաղաքից: Իսկ մեր ժողովուրդը վնաս կրեց այն պատճառով, որ երկիրը տնտեսական ճգնաժամի մէջ յայտնուեց, բոլորի աշխատանքը պակասել է, ոմանք իրենց գործերն ամբողջովին դադարեցրել են: Ում հետ խօսում էք, բոլորն էլ տնտեսական վիճակից բողոքում են, քանի որ բոլորն էլ վնաս են կրել:

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Իսկ հայերի ո՞ր մասը մասնակցեց այդ իրադարձութիւններին: Այս առումով հայ համայնքում կա՞ր պառակտում, թէ ոչ:
ԳՐԻԳՈՐԻՍ ԱՐՔ. ԲՈՒՆԻԱԹԵԱՆ.- Հայ համայնքում պառակտում որպէս այդպիսին չկայ, չկայ հակամարտութիւն, չկայ բաժանում երկու խմբի: Ընդհանրապէս հայ համայնքը շատ ներգրաւուած չէ քաղաքական խնդիրներում, ամէն մէկն իր կեանքով է ապրում: Բայց երկու կողմերում էլ կան հայեր, ովքեր այնտեղ ոչ թէ հայ համայքն են ներկայացնում կամ ելոյթ ունենում համայնքի անունից, այլ իբրեւ Ուկրաինայի քաղաքացի են ներկայանում:

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Ուկրաինայի յետագայ ճակատագիրը դեռ անորո՞շ է:
ԳՐԻԳՈՐԻՍ ԱՐՔ. ԲՈՒՆԻԱԹԵԱՆ.- Բաւական բարդութիւններ կան, մանաւանդ վարչական մասով: Արդէն գիտէք՝ ինչ եղաւ Ղրիմի հետ, հիմա մեծ քաղաքական բանավէճ է ընթանում Արեւմուտքի եւ հարաւի վարչական փոփոխութիւնների համար, այս անգամ շեշտը դրւում է վարչական ապակենտրոնացման վրայ: Սա հիմա ակտիւօրէն քննարկւում է, եւ դրանով թէ՛ ուկրաինացիներն են շատ մտահոգ, թէ՛ միջազգային ուժերը՝ մի կողմից Ռուսաստանը, միւս կողմից Արեւմուտքը: Անշուշտ, դա հարց է, եւ դեռ չգիտենք ինչպէս կը լուծուի: Առաջիկայում նաեւ նախագահական ընտրութիւններն են:

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Հայ համայնքի նկատմամբ Ուկրաինայում վերաբերմունք չի՞ փոխուել արդեօք: Մի քանի շաբաթ առաջ Ուկրաինայի հեռուստաընկերութիւններից մէկի «թոք շօու»ի ժամանակ վիրաւորական արտայայտութիւններ հնչեցին հայերի հասցէին:
ԳՐԻԳՈՐԻՍ ԱՐՔ. ԲՈՒՆԻԱԹԵԱՆ.- Բացարձակապէս նման բան չկայ, հայերի նկատմամբ վերաբերմունք չի փոխուել: Լրատուամիջոցները կարող էին տարբեր հաշուարկներով նման բան անել, բայց հայերի նկատմամբ ոչ մի բան չկայ: ՀՀ նախագահի կողմից Ղրիմի հարցում ՌԴին աջակցելու յայտարարութիւնից յետոյ հայերը մտահոգ էին, մտածում էին՝ կարող են թշնամական վերաբերմունք ունենալ հայերի հանդէպ, բայց մարդիկ այնքան դեմոկրատ եւ ժողովրդակավարական պատկերացումներ ունեն, որ բացարձակապէս նման բան տեղի չունեցաւ: Գուցէ տեղական միջավայրում քննարկել են՝ բա ինչու ձեր պետութիւնը հակաուկրաինական քայլ արեց, բացատրել ենք, որ ոչ մի հակաուկրաինական քայլ չկայ, ոչ էլ ռուսամէտութեան հարց է, այլ գործնական կապերի խնդիր է եւ ինչ որ աշխարհաքաղաքական առանձնայատուկ շահեր կան, որ Հայաստանինը երբեմն համընկում է Ռուսաստանի հետ, այլապէս ոչ մի հակաուկրաիանական բան չկայ: Ուկրաինայի հայերի նկատմամբ որեւէ ժխտական բան չի փոխուել:

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Ի՞նչ ակնկալիքներ կան առաջիկայ ընտրութիւններից:
ԳՐԻԳՈՐԻՍ ԱՐՔ. ԲՈՒՆԻԱԹԵԱՆ.- Բոլորն անհամբեր սպասում են, որ ի վերջոյ ընտրութիւնները կը կայանան, որ աւելի արդիւնաւէտ կերպով հիմնական փուլ թեւակոխեն: Հարցեր են կուտակուած, որ ժամանակի ընթացքում պէտք է լուծուեն, բայց նախագահական ընտրութիւնները աւելի կայունացում կը բերեն:

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Ինչո՞ւ է Հայոց թեմի դիրքորոշումը համընկնում ՀՀ իշխանութիւնների դիրքորոշմանը: Արդեօք քննադատութիւն չի հնչում այս կապակցութեամբ:
ԳՐԻԳՈՐԻՍ ԱՐՔ. ԲՈՒՆԻԱԹԵԱՆ.- Բոլոր առողջ մտածող հայերն էլ, ուկրաինացիներն էլ գիտեն, որ եկեղեցին չի կարող որեւէ կողմնակցութիւն դրսեւորել: Իւրաքանչիւրը իբրեւ Ուկրաինայի քաղաքացի՝ իր դիրքորոշումն ունի, եւ այդտեղ եկեղեցին որեւէ դեր չունի: Իբրեւ հայ համայնք, իբրեւ հաւաքականութիւն՝ մենք ոչ լաւ կը նկատենք այս կամ այն կողմին ասել սխալ է, կ՛ասեն ձեր ի՞նչ գործն է, սա մեր խնդիրն է, գնացէք ձեր Հայաստանի գործերով, եթէ իբրեւ հայ էք մօտենում: Իսկ իբրեւ Ուկրաինայի քաղաքացի, ամէն հայ ինքը ազատօրէն կարող է իր դիրքորոշումն արտայայտել եւ անում է: Իսկ ընդհարապէս, 80 տոկոսով հայկական համայնքը քաղաքական հարցերին չի խառնւում:


comments

Advertisement