Միացեալ Նահանգներ համաձայնութիւն տուած է իր երկրին մէջ Տիգրան Սարգսեանի դեսպան նշանակման

By Asbarez | Wednesday, 25 June 2014

 

 


ԵՐԵՒԱՆ.– «Հրապարակ» թերթին տեղեկութիւններուն համաձայն՝ Միացեալ Նահանգները արդէն Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան փոխանցած է նախկին վարչապետ Տիգրան Սարգսեանը Միացեալ Նահանգներու մէջ դեսպան նշանակելու առնչութեամբ իր համաձայնութիւնը։ Ըստ թերթին՝ կ՛ակնկալուէր, որ 24 Յունիսին Սերժ Սարգսեան հրամանագիր ստորագրէր՝ զայն Միացեալ Նահանգներու մէջ դեսպան նշանակելու մասին:

«Հրապարակ»ը կը գրէ. «Թէեւ, որպէս օրինաչափութիւն, Միացեալ Նահանգները շատ երկար է ձգում ագրեմանի տրամադրումը, սակայն այս անգամ զարմանալի արագ եղաւ: Անգամ սեփական դեսպանների նշանակումն այլ երկրներում ԱՄՆում տեւում է երկար, ինչպէս եղաւ Հայաստանի, նաեւ Ադրբեջանի դէպքում: Ի դէպ, Տիգրան Սարգսեանն արդէն դուրս է եկել կառավարական ամառանոցից եւ ապրում է Չարենցի իր բնակարանում, սակայն շարունակում է հանդիպել Սերժ Սարգսեանի հետ, քանզի, ինչպէս ասել է Սերժ Սարգսեանը լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ, «իրենք մնում են լաւ ընկերներ»: Օրերս էլ Սերժ Սարգսեանը Տիգրան Սարգսեանի ընկերակցութեամբ մասնակցել է Ս. Էջմիածնի տօնին, հանդիպել կաթողիկոսին, լսել Նաւասարդ Կճոյեանի տուած պատարագը»:

 


comments