Հայաստան-Թուրքիա. Զգուշաւոր արձագանգ Երեւանում Թուրքական թերթի՝ փակ սահմանի հնարաւոր բացման մասին հաղորդմանը

By Asbarez | Monday, 07 July 2014

 

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ
«ԱրմինիաՆաու»ի Թղթակից

Անցեալ շաբաթ թուրքական «Թարիֆ» թերթը մի նիւթ էր հրապարակել, որում հաղորդւում էր, որ գործող վարչապետ եւ նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրել է սկսել այս տարուայ Սեպտեմբերին հայ-թուրքական սահմանի բացման նախապատրաստումը: Թերթը նման քայլը գնահատել է որպէս նախընտրական քայլ եւ եզրակացրել, թէ Էրդողանը ցանկանում է նման կարգադրութեամբ ստանալ արեւմտեան հանրութեան աջակցութիւնը, որը պահանջում է սահմանը բացել:


Նորութիւնը հետաքրքիր մեկնաբանութիւններ առաջացրեց հայկական միջավայրում: Թուրքիայում լոյս տեսնող «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկեանը, օրինակ, կարծում է, որ այս տեղեկութիւնը հրապարակուել է այն նպատակով, որ այս տարուայ Օգոստոսին Թուրքիայում անցկացուելիք նախագահի ընտրութիւնների նախաշեմին Էրդողանին նեղ վիճակում դնեն: Նա տեղեկութիւնը մտացածին է համարում եւ հաղորդում, որ Թուրքիայի ԱԳՆը իր թերթի հարցմանն ի պատասխան հերքել է «Թարիֆ»ի տեղեկատուութիւնը:


Հայաստանում այս տեղեկատուութեանը զուսպ արձագանգեցին: Վկայակոչումներ են արւում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դաւութօղլուի յայտարարութիւններին, ով բազմիցս հայ-թուրքական սահմանը բացելու նախապայմաններ է առաջադրել՝ Ղարաբաղում թէկուզ 1-2 շրջան յանձնելը: Սակայն թէ՛ հայկական կողմը եւ թէ արեւմտեան միջնորդները յայտարարել են, որ հայ-թուրքական կարգաւորումը չպէտք է կապուի ղարաբաղեան հիմնախնդրի հետ:

«Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸի, որը համարւում է «Հայկական երկաթուղիներ»ի հաւատարմագրային կառավարիչը, տնօրէն Վլադիմիր Եակունինը վերջերս Երեւան կատարած այցի ընթացքում յայտարարել էր, որ ներկայումս Կարս-Գիւմրի չօգտագործուող հատուածը ամբողջութեամբ վերանորոգուած է եւ պատրաստ է սահմանը բացելու քաղաքական որոշմանը: Այս քայլն ամբողջութեամբ տեղաւորւում է սխեմայում, որը, ինչպէս ենթադրում են հայ վերլուծաբանները, փորձում են իրականացնել Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը:

Սխեմայի էութիւնն այն է, որ Ռուսաստանը «համոզում» է Հայաստանին Ղարաբաղ կա՛մ Ռուսաստանի, կա՛մ ՀԱՊԿի խաղաղապահ ուժեր մտցնել, նրանց այնպէս տեղակայել, որ շրջանների մի մասն անցնի Ադրբեջանին՝ այդկերպ Ադրբեջանին գրաւելու Եւրասիական միութիւն եւ Թուրքիային առիթ տալ բացելու Հայաստանի հետ սահմանը: Սա կարող է տապալել Հայաստանի տարածքով տարանցիկ կոմունիկացիաներ անցկացնելու կառուցուող ծրագրերը, այն դէպքում, եթէ Իրանը եւ Արեւմուտքը պայմանաւորուեն համագործակցութիւնը վերականգնելու շուրջ:

Սակայն Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը կտրականապէս հերքեց ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Նիկոլայ Բորդիւժային, որը Երեւանում խաղաղապահ թեմատիկայով համաժողով էր կազմակերպել: Ռուսաստանցի փորձագէտներն անթաքոյց խօսում են այն մասին, որ Ռուսաստանը կարող էր զօրքեր մտցնել հայ-ադրբեջանական հակամարտութեան գօտի, սակայն Սէյրան Օհանեանը ասել է, որ մենք երկար տարիներ ինքներս ենք պահպանում խաղաղութիւնը, եւ մեր բանակն ի վիճակի է հետագայում էլ այն պահպանել, առանց խաղաղապահների օգնութեան:

Այս ամէնից յետոյ արդեօք կը բացուի՞ հայ-թուրքական սահմանը՝ դժուար է ասել, առաւել եւս, որ Իրանն աւելի յամառօրէն առաջարկում է Հայաստանի հետ հարեւան Նախիջեւանը վերածել ազատ առեւտրի գօտու, ինչը կարող է էապէս պարզեցնել Հայաստանի տարածքով Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ հաղորդակցութիւնը, եւ այդ դէպքում հայ-թուրքական երկաթուղին ամբողջութեամբ կը կորցնի իմաստը:

Ռոբերտ Քոչարեանի կառավարութիւնում արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանը, խօսելով Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին, նշել է, որ Թուրքիայի կողմից շրջափակումը ոչ միայն չի խանգարել Հայաստանին զարգանալու, այլեւ խթանել է փոքրածաւալ տեխնոլոգիական արտադրութեան առաջանցիկ աճը: Սերժ Սարգսեանի կառավարութիւնը 2009ին փորձեց պայմանաւորուել Թուրքիայի հետ եւ նոյնիսկ ստորագրեց հայ-թուրքական արձանագրութիւններ, որոնցում չկան Ղարաբաղի խնդրով «նախապայմաններ»: Սակայն այդ արձանագրութիւնները Թուրքիան մինչ օրս չի վաւերացրել, եւ նա նախկինի պէս խօսում է նախապայմանների մասին:

2015 թուականի Ապրիլի 24ին՝ Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի օրը, Սերժ Սարգսեանը հրաւիրեց Թուրքիայի յաջորդ նախագահին այցելել Երեւան՝ յարգելու 1.5 մլն. զոհերի յիշատակը: Մինչ այդ տարածաշրջանում շատ բան կարող է փոխուել. չի բացառւում Քրդական պետութեան ստեղծումը: Քրդերն այսօրուայ Թուրքիայի որոշ տարածքներ իրենց հողերն են համարում եւ կը ցանկանային դրանք տեսնել որպէս իրենց պետութեան մի մաս:

 


comments

Advertisement