Ատրպէյճան պակաս կը ներկայացնէ իր զոհերու թիւը

By Asbarez | Wednesday, 06 August 2014

 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան մամլոյ ծառայութիւնը երէկ յայտարարութիւն մը տարածած է, ուր կը բացայայտուի ատրպեճանական իշխանութեանց մարտավարութիւնը՝ իրենց տուած զոհերու թիւը պակաս ներկայացնելու հանրութեան:

Ստորեւ Արցախի բանակի մամլոյ ծառայութեան յայտարարութեան բնագիրը.

Ադրբեջանական քարոզչամեքենան, յենուելով այդ երկրի պաշտպանութեան նախարարութեան կողմից՝ վերջին շրջանում հակամարտ զօրքերի շփման գծում տեղի ունեցած զարգացումների մասին տարածուող պաշտօնական հաղորդագրութիւնների վրայ, շարունակում է հանրութեանը մատուցել շինծու եւ իրականութեան հետ ոչ մի կապ չունեցող ապատեղեկատուութիւն:

Խօսքը, մասնաւորապէս, վերաբերում է վերջին օրերին շփման գծում արձանագրուած ընդհարումների արդիւնքում ադրբեջանական բանակի կորուստների թուաքանակին, որը կանխամտածուա՞ծ, թէ սովորական թուաբանական հաշուարկների չիմացութեան պատճառով Բաքուի կողմից շարունակ ներկայացւում է 13 չարաբաստիկ թիւը: Այնինչ, Յուլիսի 28ից մինչեւ Օգոստոսի 5ը հակամարտութեան գօտում տեղի է ունեցել 13 ընդհարման դէպք, որոնցից միայն օգոստոսի 1ի լոյս 2ի գիշերը արձանագրուած մէկ ընդհարման ժամանակ՝ նոյն ադրբեջանական քարոզչութեան կողմից սեփական կորուստների քանակը՝ սկզբում ներկայացուել է 9 զոհ, 7 վիրաւոր, այնուհետեւ՝ 11 զոհ, 5 վիրաւոր, իսկ արդէն օրուայ վերջում՝ դարձել է 13 զոհ…

Հարց է առաջանում, իսկ ո՞ւր մնացին միւս 12 ընդհարման դէպքերի արդիւնքում ադրբեջանական կողմի կրած կորուստները … Ո՞ւր մնաց նոյն՝ Օգոստոսի 1ի լոյս 2ի գիշերը Մարտունու ուղղութեամբ Պաշտպանութեան բանակի կողմից իրականացուած կանխարգելիչ գործողութեան արդիւնքում ադրբեջանական բանակի տուած 3 զոհի եւ 4 վիրաւորի փաստը, որի մասին հէնց նոյն Բաքուի քարոզչամեքենան խոստովանել է Օգոստոսի 2ին տարածած իր պաշտօնական հաղորդագրութեան մէջ… Կամ ինչո՞ւ է Ադրբեջանը «մոռանում», իր կողմից անընդհատ նշուող 13 թուին աւելացնել նոյն Օգոստոսի 1ի լոյս 2ի գիշերը Մարտակերտի ուղղութեամբ ձեռնարկած հետախուզադիւերսիոն գործողութեան ժամանակ կրած 6 զոհի եւ 7 վիրաւորի քանակական տուեալները, որոնց մասին եւս առանձին հրապարակումներ են եղել հէնց ադրբեջանական մամուլում…

Կարելի է այս հարցերի շարքը շարունակել եւ մատնացոյց անել միւս 10 ընդհարումների ժամանակ ադրբեջանական կողմի ունեցած կորուստների փաստացի վիճակագրութիւնը…

Զարմանալի է, որ Բաքուի ագիտպրոպը (քարոզչական մեքենան-Խմբ.) գրեթէ ամէն օր առանձին-առանձին իր քարոզչամիջոցներով ներկայացնում է ադրբեջանա-ղարաբաղեան ընդհարումների ժամանակ կրած սեփական կորուստների մասին հաղորդագրութիւններ, սակայն չգիտես ինչու՝ այդ չարաբաստիկ 13 զոհերի թիւը տակաւին շարունակում է մնալ անփոփոխ ու քարացած: Չլինի՞ ադրբեջանական քարոզչութիւնը թեւակոխել է մարտավարութեան այնպիսի փուլ, որը նպատակաուղղուած է սեփական հանրութեանը յարմարացնելու ճանապարհով՝ պարտակել տարածաշրջանի «ամենահզօր» յորջորջուող բանակի անճարակութիւնը:

 


comments

Advertisement