Ալիեւը յոխորտում է, որ Հայաստանից յետ է ստանալու իր դիւերսանտներին

By Asbarez | Thursday, 07 August 2014

 

 


ԵՐԵՒԱՆ, «Հետք».- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ինչպէս հաղորդել է haqqin.az-ը, երէկ եղել է Աղդամի շրջանում, որտեղ հանդիպել է տեղի բնակիչներին ու առաջնագծում ծառայողներին: Ալիեւը յայտարարել է, թէ պաշտօնական Բաքուն փորձելու է հայրենիք վերադարձնել Քարվաճառում հայկական ուժերի կողմից ձերբակալուած Շահբազ Գուլիեւին, Դիլհամ Ասկերովին եւ սպանուած Հասան Հասանովի դիակը: Յիշեցնենք, որ այս խմբին է վերագրւում 17ամեայ քարվաճառցի տղայի առեւանգումն ու սպանութիւնը, հայ սպայի սպանութիւնը, ինչպէս նաեւ վերջինիս հետ գտնուած կնոջ վիրաւորուելը: Դիւերսանտների հանդէպ յարուցուած է քրգործ, նրանք համարւում են ոչ թէ ռազմագերիներ, այլ յանցագործներ, սակայն Ալիեւը յիշեցրել է մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան ու նշել, որ նման կերպ փորձելու են լուծել նաեւ այս հարցը:

«Ես այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ կ՛ասեմ. Ադրբեջանն իր սպային վերադարձրել է հայրենիք: Եւ վերջ: Ով ինչ ուզում է, թող ասի: Ինձ դա չի մտահոգում: Մենք դա արեցինք: Եւ ճիշդ արեցինք: Կը փորձենք, որ այս հարցն էլ լուծուի: Մէկ անգամ չէ, որ ասել եմ. աշխարհի ադրբեջանցիները գիտեն, որ իրենց թիկունքին ուժեղ ադրբեջանական պետութիւն է կանգնած: Պետութիւն, որն իր քաղաքացուն չի թողնի դժուար դրութեան մէջ», ցինիկաբար յայտարարել է Ալիեւը:

Հետաքրքիր է, թէ եթէ Հունգարիայի հետ ստուերային բանակցութիւնների արդիւնքում Բաքուն կարողացաւ յետ ստանալ իր մարդասպանին, ապա ինչ պիտի անի հակառակորդ երկրից երկու յանցագործների ու մէկի դիակը ստանալու համար: Դրա համար Բաքուին, թերեւս, փոխանակման պայման պէտք է ստեղծել:

Պատահական չէ, որ այս օրերի դիւերսիաների շարքը ԼՂՀում կապում են հէնց յանցագործ դիւերսանտներին յետ ստանալու հետ: Ալիեւը փաստօրէն բացայայտ յայտարարում է, թէ ինչ նպատակ է հետապնդում հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով Բաքուի սանձազերծած ագրեսիան: Վաղը Սոչիում կայանալու է ՌԴ, ՀՀ եւ ԱՀ նախագահների հանդիպումը, ինչը Ալիեւի համար առիթ է՝ «ռազմագերիների» հարցը բարձրացնելու համար:

Վերադառնալով սահմանամերձ գօտի կատարած այցելութեանը՝ նշենք, որ Ալիեւին ուղեկցել է պաշտպանութեան նորաթուխ եւ, կարելի է ասել, արդէն տապալուած նախարար Զաքիր Հասանովը, որը զեկուցել է շփման գծում իրավիճակի մասին: Ալիեւը պարգեւատրել է մի շարք զինծառայողների ու զինուորական հրամանատարութեան հետ անցկացրած օպերատիւ խորհրդակցութեան ընթացքում տուել համապատասխան ցուցումներ:

Քմծիծաղ է առաջացնում Ալիեւի այցելած դիրքի կամ հրամանատար կէտի կահաւորանքը, որտեղ նոյնիսկ խրամատները, ինչպէս երեւում է կադրերում, յատուկ հանդերձանքով են պատուած՝ ըստ էութեան, հայ դիպուկահարներից պետութեան գլխին պաշտպանելու համար: Բայց է՛լ աւելի ծիծաղելի է այն շքեղ սենեակը, որը հէնց առաջնագծում է տեղակայուած, ու որտեղ պարտուած բանակի գերագոյն գլխաւոր հրամանատարը գեներալիտետի հետ խորհրդակցում է, զեկոյցներ լսում:
Հէյդարօղլուն, ինչպէս եւ նրա հրամանատարական կազմը, սեփական ժողովրդի առաջ յոխորտալուց, ռազմական ու դիւանագիտական յաղթանակներ տանելու մասին հռետորաբանելուց առաջ լաւ կ՛անէին մտածել բոլոր այն զինուորների մասին, որոնք այդ շքեղ սենեակներից արձակուած հրամանների արդիւնքում, սեփական կամքին հակառակ, հերթական անգամ գրոհում են հայկական դիրքերն ու կրկին յետ շպրտւում՝ իրենց հետ տանելով նորանոր դիակներ, որոնց մայրերին յետոյ պիտի սփոփի Իլհամը՝ ինչ որ երկաթի կտորով յետմահու պարգեւատրելով:

 


comments