By Asbarez | Thursday, 07 August 2014
ԵՐԵՒԱՆ.- Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեան վերջին տասը օրերուն ընթացքին սահմանի վրայ ստեղծուած իրավիճակին մասին զեկոյց ներկայացուց՝ կառավարութեան երէկուան նիստին: Նախարարի ելոյթը կը ներկայացնենք ամբողջութեամբ.
«Մեծարգոյ պարոն վարչապետ, յարգելի գործընկերներ, ընդհանուր առմամբ 2014 թուականը Հայաստանի, Արցախի, հայկական բանակի համար լարուած ժամանակահատուած էր: Ադրբեջանի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան ռազմական հռետորաբանութեան արդիւնք էին հրադադարի ռեժիմի խախտումը, դիւերսիոն-հետախուզական գործողութիւնները, սպառազինութիւնների մրցավազքը, որոնք յանգեցրին նրան, որ 2014 թուականին, ի տարբերութիւն 2013 թուականի, հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 18 հազար դէպքեր եղան՝ այն դէպքում, երբ 2013 թուականին միայն ամբողջ տարուայ ընթացքում՝ 13 հազար խախտում է եղել: Հակառակորդի կողմից այս ժամանակահատուածում եղել են նաեւ 26 դիւերսիոն-հետախուզական գործողութիւններ կամ փորձեր, որոնց շուրջ 65 տոկոսը, այսինքն՝ 15 դէպքը, Յուլիսի 25ից մինչեւ հիմա, այս ժամանակահատուածում էր:
Լարուած իրավիճակը դեռեւս պահպանւում է: Ադրբեջանական կողմն իրականացնում է իր ծաւալներով եւ բնոյթով աննախադէպ ռազմական բնոյթի գործողութիւններ, այդ թւում՝ հրադադարի ինտեսիւ խախտումներ եւ խաղաղ բնակավայրերի գնդակոծութիւններ մեծ տրամաչափի զինատեսակներով, դիւերսիոն-հետախուզական ակտիւ գործողութիւններ, ինչպէս նաեւ շփման գծում եւ թիկունքում զօրքերի տեղաշարժեր, տեղեկատուական եւ քարոզչական ակտիւ գործունէութիւն: Ինչպէս ցոյց է տալիս վերլուծութիւնը, Օգոստոսի 1ից սկսած՝ հակառակորդի կողմից հրադադարի խախտման ինտենսիւութիւնը չի նուազել: Բացի հայկական դիրքերի ուղղութեամբ կրակոցներից, մշտական գնդակոծութեան տակ են գտնւում սահմանամերձ խաղաղ բնակավայրերը, հիմնականում Տաւուշի մարզում: Հակառակորդի կողմից օգտագործւում են մեծ տրամաչափի զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային եւ հաստոցային աւտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր:
Նշուած ժամանակահատուածում իրականացուած դիւերսիոն-հետախուզական ներթափանցման գործողութիւնները եւ փորձը թոյլ են տալիս ասելու, որ այդ գործողութիւնները դժուար է որակել որպէս զուտ դիւերսիոն բնոյթի՝ իրենց ինտեսիւութեամբ եւ ծաւալներով, քանի որ շատ անգամ իրականացուել են նաեւ ցերեկային պայմաններում, մեծ խմբերով՝ բացայայտ կերպով ուղղուած հայկական յենակէտերի գրաւմանը, ինչը նրանց հաղորդում է ակնյայտ յարձակողական մարտական գործողութիւնների բնոյթ: Ինչպէս գիտէք, այդ բոլոր փորձերը ձախողուել են: Ցաւօք սրտի, մենք ունեցել ենք կորուստներ. մարտական գործողութիւնների ժամանակ հայկական կողմից զոհուել են զինծառայողներ Զօրիկ Ժիրայրի Գէորգեանը, Գոռ Բաբկէնի Գրիգորեանը, Արարատ Վաչիկի Խանոյեանը, Սարգիս Արմէնի Մովսիսեանը, Ազատ Արթուրի Ասոյեանը, Խաչատուր Լեւոնի Բադասեանը, Արամ Մկրտչի Գրիգորեանը: Նրանք յետ մահու արժանացել են Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պետական պարգեւների: Ես գտնում եմ, որ նշուած զինծառայողների, ինչպէս նաեւ զինուած ուժերի հրամանատարական կազմի եւ դիւերսիոն-հետախուզական գործողութիւնները հետ մղած համազօրային ստորաբաժանումների եւ նաեւ պատժիչ գործողութիւններ իրականացրած յատուկ նշանակութեան ստորաբաժանումների գործունէութեան արդիւնք է, որ մենք կարողացանք արժանապատուօրէն այդ մարտահրաւէրից դուրս գալ եւ բարձրացնելով զինծառայողների մարտական ոգին՝ Հայաստանի Հանրապետութիւնում նաեւ ստեղծել ընդհանուր միաբանութեան, միասնականութեան, համախմբման ոգի:
Հակառակորդի կողմից իրականացւում են այս ժամանակահատուածում նաեւ այլ գործողութիւններ. յայտարարուել է ողջ անձնակազմի հաւաք, բերուել են ծառայութեան ուժեղացուած ռեժիմի, մտցուել են զօրանոցային վիճակներ, արձանագրուել են անձնակազմի զինտեխնիկայի տեղաշարժեր գրեթէ բոլոր զօրամիաւորումների պահպանութեան գօտիների դիմաց, իրականացւում է աւիացիայի՝ ինքնաթիռների եւ ուղղաթիռների ակտիւութիւն առաջնային գծի երկայնքով, որոշ ստորաբաժանումներ՝ խոցման եւ նաեւ երկրորդ շարակազմի, բերուել են մարտական պատրաստականութեան բարձր աստիճանի, հրամանատարական կէտերի բացազատում, առաջնագծում ակտիւացել են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի թռիչքները, տեղեկատուական եւ քարոզչական միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը շարունակում է ապատեղեկատուութեան տարածումը:
Ինչպէս գիտէք, ադրբեջանական մի քանի ԶԼՄներում նրանք ներկայացնում են այնպէս, որ յաղթանակն իրենք են տարել, եւ հայկական կողմը մեծ կորուստներ է տուել: Կորուստների յարաբերակցութիւնը, եթէ այսօր համեմատենք, 1/8 եւ 9, այսինքն՝ 8-9 անգամ նրանք աւելի շատ կորուստներ են ստացել: Որոշ սահմանամերձ բնակավայրերում, շրջաններում իրավիճակի սրումը Ադրբեջանի Հանրապետութեան գիւղի բնակիչների մօտ առաջացրել է խուճապ եւ արտահոսք: Այդ կապակցութեամբ սահմանամերձ նորակառոյց բնակավայրերում ուժեղացուել է վարչական եւ ոստիկանական ռեժիմը: Նաեւ որոշակի քայլեր են իրականացնում զօրահաւաքային պլանների ճշգրտման, զգուշացման ուղղութեամբ: Հակառակորդի կողմից նման գործողութիւններն աննախադէպ են 1994 թուականից յետոյ: Տուեալ գործողութիւնների վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ ադրբեջանական կողմը չի սահմանափակւում զուտ հրադադարի խախտումներով եւ իրականացնում է աւելի լայնամասշտաբ գործողութիւնների նախապատրաստական աշխատանք: Այս ամէնը, կարծում եմ, հետեւանք է նրանց հռետորաբանութեան եւ նպատակ ունի բանակցային գործընթացի վրայ ազդելու եւ նաեւ ներքին լսարանի համախմբման եւ պարտուածի թերարժէքութեան վերացման եւ զինուած ուժերի ոգու բարձրացման:
Պաշտպանութեան նախարարութեան կողմից իրականացուել են մի շարք միջոցառումներ. առաջին հերթին զինուած ուժերն առանց մարտական պատրաստականութեան բարձր աստիճանի բերելու ուժեղացրել է իր ծառայութիւնը ե՛ւ սահմանամերձ հատուածում, ե՛ւ ռեզերվային բոլոր զօրամասերում: Հրամանատարական կէտերը, ղեկավարման ամբողջ համակարգը, միջոցներն ու օրգանները գործում են շուրջօրեայ ռեժիմով, խոցման, ահազանգման, երկրորդ շարակազմի շատ-շատ ստորաբաժանումներ բերուել են մարտական պատրաստականութեան եւ գտնւում են անմիջապէս առաջին գծում միանգամից ահազանգելու համար: Յատկապէս գիշերային պայմաններում ծառայութեան ռեժիմն ուժեղացուած է: Զինուած ուժերի մարտական ոգին չափազանց բարձր է՝ առաջին հերթին արտայայտուած այդ յաջողութիւններով, երկրորդը՝ մեր բնակչութեան, յատկապէս կառավարութեան, Ազգային ժողովի, հասարակութեան լայն խաւերի եւ նաեւ մեր մարտական ընկերների, ազատամարտիկների, երկրապահների, վետերանների աջակցութեամբ, որոնք մասնակցում են մարտական հերթապահութեան եւ իրենց փորձի փոխանակմամբ ոգեւորում են զինուած ուժերի ստորաբաժանումներին:
Իրադրութեան ապակայունացմանն ուղղուած Ադրբեջանի զինուած ուժերի գործելակերպը ամբողջովին գտնում ենք, որ հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտութեան կարգաւորման բանակցութիւնների ոգուն եւ տրամաբանութեանը: Հայաստանի Հանրապետութիւնը, հաւատարիմ մնալով հակամարտութիւնը բացառապէս խաղաղ ճանապարհով լուծելուն, բարձր գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի պետութիւնների կառուցողական ջանքերը, միջազգային հանրութեան՝ իրադրութեան վերաբերեալ պաշտօնական յայտարարութիւնները, միջազգային կառոյցների, օտարերկրեայ պետութիւնների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում իր պաշտօնական յայտարարութիւններում պարբերաբար կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի յետագայ սրմանն ուղղուած քայլերից եւ ջանքեր գործադրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրութիւնը կայունացնելու ուղղութեամբ:
Ստեղծուած իրավիճակում իրադրութեան յետագայ թէժացումը կանխելու նպատակով մեր զինուած ուժերը եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակն ստիպուած են լինում խստօրէն պատժելու խախտման ցանկացած դէպք, որի հետեւանքով, ինչպէս ես ասացի, հակառակորդը կրում է զգալի մարդկային կորուստներ: Գտնում եմ, որ այդ մարդկային կորուստները եւ թափուած արիւնն ընկնում է Ադրբեջանի ռազմական, ռազմաքաղաքական ղեկավարութեան խղճի վրայ: Այս իրավիճակում, կարծում եմ, որ իրենք իրենց իսկ ստի զոհը դարձան, որովհետեւ տարիներ ի վեր իրենց ժողովրդին քարոզում էին, որ հզօր բանակ ենք, անընդհատ համալրում ենք սպառազինութեամբ եւ ռազմական տեխնիկայով, անպարտելի ենք, բայց գտնում եմ, որ, այսպէս պէտք է ասեմ, թուրքը մնում է թուրք եւ մենք նրա հետ գործելու ենք այն կանոններով, որով ինքն ուզում է մեր հետ գործել: Առկայ լարուածութիւնը սաստկացնելուն ուղղուած ադրբեջանական կողմի գործողութիւնների շարունակման դէպքում հայկական զինուժն ստիպուած կը լինի իրականացնելու համարժէք գործողութիւններ, է՛լ աւելի խստացնելու Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան ղեկավարութեան՝ ռազմական տրամաբանութիւնից զուրկ եւ անմիտ վրէժխնդրութեան դրսեւորումների նկատմամբ պատժամիջոցները:
Ես գտնում եմ, որ, պարոն վարչապետ, իրենք այս իրավիճակում չեն հանգստանալու մինչեւ Օգոստոսի 9ը եւ դրանից յետոյ, եւ Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերը պատրաստ են իրականացնելու իրենց առջեւ դրուած խնդիրը: Այս պահին ես պարզապէս նաեւ ուզում եմ իմ շնորհակալութիւնը յայտնել ե՛ւ կառավարութեան բոլոր անդամներին, ե՛ւ հասարակութեանը: Անհրաժեշտութեան դէպքում աջակցութիւնը զինուած ուժերին, մեր զինուորին, յատկապէս զոհուած եւ վիրաւոր ազատամարտիկների եւ զինծառայողների ծնողներին, հարազատներին, այցելութիւնները պէտք է մեր հանրութեան կողմից շարունակուեն, եւ նրանք մեր ուշադրութեան կենտրոնում պէտք է լինեն»:
comments
ԵԽԽՎի Համազեկուցողները Կոչ Ըրին Պաքուին՝ Հայաստանէն Դուրս Բերելու Զօրքերը Եւ Ազատ Արձակելու Գերիները
Խրիմի Կամուրջի Պայթումին Գործով Ձերբակալուած Են 5 Մեղադրեալներ, Որոնցմէ Երեքը Հայ Են
Իրան Դարձեալ Յիշեցուց Ալիեւին, Թէ Պատմական Սահմաններու Փոփոխութիւնը Անընդունելի Է
Ալիեւ Հայաստանը Կը Զգուշացնէ Սադրանքներու Դիմելէ
Պրիւքսէլ Ուշադիր Կը Հետեւի Հայ-Ատրպէյճանական Սահմանագօտիի Կացութեան
Ատրպէյճան Կը Ծրագրէ Բերձորի Եկեղեցին Մզկիթի Վերածել
Անգարա Դատապարտեց ՄԱԿի Ընդհանուր Ժողովի Նախագահին Ծիծեռնակաբերդ Այցելութիւնը
Սուրիա Պիտի Դիմադրէ Իր Հողերուն Վրայ Որեւէ Թրքական Գործողութեան. Ասատ