Սոչիում այսօր կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում ամենաշատ գործածված արտահայտությունները "փոխզիջում, խաղաղ կարգավորում" ձեւակերպումներն էին։ Անգամ նախօրեին Twitter-ում հիսունից ավելի ռազմակոչ գրառում թողած Ադրբեջանի նախագահ Ալիեւն էր սեւծովյան հանգստավայրում խաղաղության դրոշ պարզել։
Տպավորություն է, թե անցնող տասնօրյակի զինված ընդհարումները, ադրբեջանական դիվերսիոն փորձերը, տասնյակ սպանվածները, մեր 6 զոհերը չեն եղել։ Չի եղել անգամ խաղաղ գերեվարված հայ բնակչի սպանությունը։ Մինչեւ վերջին պահը հարցականի տակ եղած եռակողմ հանդիպումը բացվել է Պուտինյան խաղաղասիրական ներածականով։ Ռուսաստանի նախագահը հանդիպման մեկնարկին միանգամից քննարկման համար նախանշել է նույն այդ սցենարը։
Նրա խոսքն ուղղված էր երկու երկրների նախագահներին։ "Մենք երեկ հնարավորություն ունեցանք խոսել երկկողմ հարաբերությունների մասին ե՛ւ Հայաստանի Նախագահի, ե՛ւ Ադրբեջանի նախագահի հետ: Երեկոյան նաեւ ոչ պաշտոնական շփում ունեցանք, իհարկե, փառք Աստծո, մենք երեկ երեկոյան չանդրադարձանք գործնական բնույթի հարցերի, բայց, այնուամենայնիվ, հնարավորություն կար խոսել միմյանց հետ տարբեր թեմաներով: Իմ կարծիքով, դա որոշակի մթնոլորտ է ստեղծում, որպեսզի բացեիբաց խոսենք ամենադժվար, ամենածանր հարցերի մասին՝ կապված տարածաշրջանային կարգավորման հետ: Բնականաբար, գոյություն ունեն այդ խնդիրների լուծման ղարաբաղյան կարգավորման միջազգային ձեւաչափեր եւ, անկասկած, մենք հարգանքով ենք վերաբերում այդ բոլոր միջազգային ձեւաչափերին եւ շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների հետ:
Բայց, ելնելով նրանից, որ մեզ մոտ ամեն դեպքում յուրահատուկ սերտ հարաբերություններ են, այնպիսի խոր նախապատմություն է, որը թույլ է տալիս բացեիբաց մտքեր փոխանակել, թե որտեղ ենք մենք գտնվում եւ ինչ պետք է անել, որպեսզի առաջ շարժվենք անցյալից մեզ հասած այդ խնդիրների լուծման համար",- ասել է Պուտինը։ Ռուսական ծովափնյա հանստավայրում Ադրբեջանի նախագահը նման չէր երկու օր առաջ սոցցանցերում Արցախին սպառնացող, պատերազմի կոչ անող ու քաղաքներն ավերելու խոստում տվող Իլհամ Ալիեւին։
Բաքվում Սոչիից տեսան այլ նախագահ, ով թերեւս ազդվել էր նաօրեին ռազմական սամբոյի մրցումները դիտելուց։ Ալիեւյան գերդաստանի տասնամյակների ավանդական ոճով, հատուկ շնորհակալությունը Պուտինին անպակաս էր։ "Հույս ունեմ, որ Ձեր անձնական մասնակցությունն այս գործընթացին նոր զարկ կտա բանակցային գործընթացին։ Կարծում եմ, որ Ռուսաստանը իբրեւ մեր մոտ դաշնակից, գործընկեր եւ հարեւան, կարգավորման գործում ունի հատուկ դերակատարություն։ Հույս ունենք, որ առաջիկայում խաղաղ բանակցությունների միջոցով, խաղաղությամբ մենք կգտնենք լուծում, որը կհամապատասխանի միջազգային սկզբունքերին եւ արդարությանը",- ասել է Ալիեւը։ Սակայն Ալիեւը չէր լինի Ադրբեջանի նախագահ, եթե չհիշեր իրենց սովորական դարձած բանաձեւումները։ Արդեն գործում է բանակցային ձեւաչափ, գործում է նաեւ հակամարտության կարգավորման իրավական հենք։
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է չորս բանաձեւ, որոնք պահանջում են Ադրբեջանի բռնագրավված տարածքներից հայկական զորքերի դուրս բերում։ Ցավոք, անցել է 20 տարի եւ այդ բանաձեւերը մնացել են միայն թղթի վրա։ Սերժ Սարգսյանի պատասխանը կենտրոնացել է հենց ՄԱԿ-ի բանաձեւերին Ալիեւի հղումին պատասխանելու վրա։ "Մենք համարում ենք, որ, իրոք, հիմնախնդիրը կարելի է լուծել, պետք է լուծել փոխզիջման եւ այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են մեզ Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձեւերի վրա, բայց այսպիսի հռետորական հարց պարոն Ալիեւին՝ այդ բանաձեւերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Միայն Հայաստանն է, որ կատարել է այդ բանաձեւերի կետերը, որն օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները: Եթե մենք վերադառնանք 90-ական թվականների սկզբների իրադարձություններին, ապա ես կարծում եմ, որ մի կողմից լավ կլինի, մյուս կողմից էլ կարող է ինչ-որ բան էլ ձգձգվել: Լավ կլինի այն առումով, որ մենք այն ժամանակ եկանք այն եզրահանգման, որ հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, իսկ եթե մենք նորից մեղադրենք միմյանց, ես կարծում եմ, որ բավական երկար ժամանակ այդ հիմնախնդիրը չի լուծվի: Ես շնորհակալ եմ Ձեզ, որ Դուք տրամադրված եք հիմնախնդրի լուծմանը, եւ այդ հարցի լուծումը ելնում է Հայաստանի ազգային շահերից",- նշել է Սարգսյանը: Եռակողմ հանդիպմանը Պուտինը կարծես հասավ իր նպատակին։
Կրեմլի համար կարեւորվեց գործընթացը, լոկ փաստը։ Պուտինը բավարված է, որ վերջին շրջանի խիստ լարված փուլից հետո մեկ սեղանի շուրջ կարողացել է հավաքել Հյաաստանի եւ Ադրբեջանի նախագահներին եւ ստանալ խաղաղ կարգավորում արտահայտությունը։ "Ուրախությամբ փաստում եմ, որ Ադրբեջանի նախագահն ուշադրություն է հրավիրել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության վրա, եւ Դուք քիչ առաջ նույնը հաստատեցիք: Իրականում դա ամենակարեւորն է, քանի որ մարդկանց մահից առավել ողբերգություն չկա։ Մենք պետք է համբերություն, իմաստնություն եւ փոխադարձ հարգանք ցուցաբերենք, որպեսզի կարողանանք լուծում գտնել: Իհարկե, ցանկացած դժվար իրավիճակներ կարող են լուծում ստանալ, եթե լինի բարի կամք: Իսկ ինձ թվում է, որ նման կամք ադրբեջանցի, ինչպես նաեւ հայ ժողովրդներն ունեն"։
Առնվազն հրապարակային զրույցում այդպես էլ հայկական կողմից չքննարկվեց Ադրբջանի վերջին օրերի պահվածքը, ինչպես հայտարարել էր նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը, ով սոցիալական ցանցերում գրառում էր թողել, թե "Ալիեւը պետք է բացատրի վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական արկածախնդրության եւ իր այլատյաց հռետորաբանության իմաստը"։ Բացատրություններ հանրության առաջ չհնչեցին, փոխարենը եղան խաղաղ ճանապարհով հարցը լուծելու հրամայականի մասին հայտարարություններ։ Չի խոսվել նաեւ Ադրբեջանին ծավալուն ռազմական տեխնիկա վաճառելու փաստերի մասին, ինչը դժվար թե քննակված չլինի նաեւ ռուս-ադրբեջանական բանակցություների ընթացքում։ Քանզի ինչպես շատերը նկատեցին, Ալիեւի հետ բանակցություններում Պուտինին ընկերակցում էր նաեւ Ռուսական ռազմ-արդյունաբերական համալիրը ղեկավարող փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։